Ադրբեջանական երկաթուղին արդեն գրեթե մեկ տարի է՝ բաց է հայկական բեռների համար. Փաշինյան

«Ադրբեջանական երկաթուղին գրեթե մեկ տարի է, ինչ բաց է հայկական բեռների փոխադրման համար»։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ երկու երկրների միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածի սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվել է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է. ՀՀ վարչապետ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է»:

Այս մասին Թուրքմենստանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

ՀՀ վարչապետը մեջբերել է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը.«Կողմերը, 1-ին հոդվածին լիովին համապատասխան, հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ պլանավորում, նախապատրաստում, խրախուսում կամ աջակցում, որն ուղղված է մյուս կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության լրիվ կամ մասնակի բաժանմանը կամ խախտմանը»։

Փաշինյանը հայտարարել է, որ այս դրույթները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։

«2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում ես կցանկանայի հատկապես ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հաստատման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մենք չկարողացանք հասնել խաղաղության»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ կենսունակ տարբերակ կար, և այս ճարտարապետությունը կառուցվել է Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։

«Երեսուն տարուց ավելի հակամարտությունը շարունակվել է Ալմաթիի հռչակագրի հովանու ներքո, և թվում էր, թե այս փաստաթղթի գոյությունը աննկատ է մնացել։ Լիարժեք խաղաղություն հաստատելու համար փոխաբերական իմաստով անհրաժեշտ էր վերակենդանացնել Ալմաթիի հռչակագիրը։ Մենք դա արեցինք Ադրբեջանի նախագահի հետ միասին»,- ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո, կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին։

«Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է։ Այսօր մենք կարող ենք նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև կրակոցների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Չնայած փաստին, որ երեսուն տարուց ավելի՝ սկսած 1990-ական թվականներից, ամեն տարի զոհեր և վիրավորներ են եղել երկու կողմերից էլ, այժմ խաղաղություն է»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

ԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերը

Ադրբեջանցիների ներթափանցման մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Radar Armenia-ին հայտնել են ԱԱԾ-ից։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱԿԳ դեղատուն» ՍՊԸ-ի ցանցում բացահայտել է էական խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ համաձայն՝

  • «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
  • «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
  • «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթերի։

Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ ընկերության ներմուծած համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանը արձակել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

ԱԺ նախագահը հաստատել է «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կարգադրություն է ստորագրել, որով հաստատվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը»։

Հանձնաժողովը կազմված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից։

Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը, անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Արշակյանը։

Նշենք՝ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են՝ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ 

Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Սկուտասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սկուտասին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված Հայաստան-Հունաստան հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու և հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համապարփակ իրագործման համատեքստում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը:

Առանձնահատուկ շեշտադրվել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի առաջմղումը:

Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմինների նախագահությունը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի Ուզբեկստանին։

Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ԱՊՀ ղեկավարների խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

«Տեղի է ունեցել Պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որի ընթացքում որոշվել է, որ Ուզբեկստանի Հանրապետությունը 2027 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԱՊՀ նախագահությունը», – ասել է Բերդիմուհամեդովը։

Թուրքմենստանը մինչ այդ՝ 2026 թվականին կնախագահի ԱՊՀ մարմիններում։

ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունեցել Թուրքմենբաշիի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում, մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս:

Միջոցառմանը առաջին անգամ մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

ԱՊՀ նախագահությունը 2028 թվականին կստանձնի Ադրբեջանը

Ադրբեջանը
2028 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը և նույն տարվա աշնանը կկազմակերպի ԱՊՀ
պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Ցանկանում
եմ երախտագիտություն հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահելու
որոշմանը աջակցելու համար։ Մենք սա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր
վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների
իրագործմանը»,- ասել է նա։

2027
թվականին ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին։

 

Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Պուտինի և Տոկաևի հետ

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ 2029 թվականին ԱՊՀ նախագահությունը կստանձնի Հայաստանը

Բելառուսի
նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել Բաքվի որոշումը՝ 2028 թվականին
ԱՊՀ-ում նախագահելու վերաբերյալ, և հույս է հայտնել, որ Հայաստանը նույնպես
կստանձնի այս դերը 2029 թվականին։

«Մեր
կազմակերպության զարգացման նոր փուլ է (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Հեյդարովիչի
(Ալիևի) որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու (ԱՊՀ-ի)
նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է»,- «Բելտա» լրատվական
գործակալությունը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը ԱՊՀ գագաթնաժողովում։

Բելառուսի
նախագահը հույս է հայտնել, որ «2029 թվականին Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել
այս պատվավոր գործառույթը՝ հերթագայության համաձայն»։