Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է․ 2026-ի թեման սնունդն է

Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է․ 2026-ի թեման սնունդն է

Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է։ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 77-րդ նստաշրջանում ընդունեց բանաձև, որով մարտի 30-ը հռչակվեց Զրոյական թափոնների միջազգային օր։

2026 թվականին օրվա թեման կենտրոնանում է սննդի վրա՝ ինչ ենք ուտում, ինչ ենք թափում և ինչպես կարող ենք շարժվել դեպի շրջանաձև տնտեսություն։

«Պայքարը զրոյական թափոններով աշխարհի համար սկսվում է ձեր ափսեներից», – օրվա կապակցությամբ նշում է ՄԱԿ-ը։

Ամեն տարի թափվում է մոտ 1 միլիարդ տոննա սնունդ, ինչը կազմում է ամբողջ արտադրած սննդի գրեթե մեկ հինգերորդը։

Տնային տնտեսություններն արտադրում են սննդային թափոնների 60%-ը, հանրային սննդի ոլորտը՝ 28%-ը, իսկ մանրածախ առևտուրը՝ 12%-ը։

Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2050 թվականը կոշտ կենցաղային թափոնների առաջացումը կաճի՝ հասնելով տարեկան 3.8 միլիարդ տոննայի։

Սննդային թափոններն առաջացնում են համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումների 8-10%-ը, ինչը գրեթե հինգ անգամ ավելի է, քան ավիացիոն ոլորտի արտանետումները։

Ըստ ՄԱԿ-ի՝ սա պայմանավորված է սննդային համակարգերի անարդյունավետությամբ՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Որպես լուծում առաջարկվում է վերափոխել այս համակարգերը՝ անցնելով ավելի կայուն, շրջանաձև մոտեցման, որը հիմնված է արդյունավետության, դիմակայունության և բնապահպանական կայունության վրա։

ՄԱԿ-ը նշում է, որ կառավարությունները կարող են սննդային թափոնների կրճատման միջոցները ներառել կլիմայի և կենսաբազմազանության ռազմավարություններում։ Մասնավոր հատվածը կարող է սկսել չափել կորուստները և քայլեր ձեռնարկել դրանց նվազեցման ուղղությամբ։ Իսկ սպառողները կարող են ավելի լավ պլանավորել իրենց սնունդը, կատարել գիտակցված գնումներ, ճիշտ պահպանել սնունդը և ամբողջությամբ օգտագործել գնված մթերքները։

Նշենք, որ Հայաստանում առաջանում է միջինում օրական 1,887 տոննա կամ տարեկան շուրջ 700 000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Թափոնների 46%-ը խոհանոցային թափոններ են։

Մարտ 30, 2026 at 16:55

Երևանը միացավ «Երկրի ժամը» նախաձեռնությանը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ դառնալու COP17-ի գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող

Երևանը միացավ «Երկրի ժամը» նախաձեռնությանը՝  վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ դառնալու COP17-ի գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող

2026թ․ մարտի 28-ին` ժամը 20:30-21:30-ը, մեկ ժամով մարվեց Երևանի Հանրապետության հրապարակի լուսավորությունը։ Մայրաքաղաք Երևանը միացավ «Երկրի ժամը» նախաձեռնությանը, որն աշխարհում իրականացվում է 20-րդ անգամ։ Այդ օրը աշխարհի հազարավոր քաղաքներ, համայնքներ և միլիոնավոր մարդիկ  իրենց աջակցությունն են հայտնում Երկիր մոլորակին՝ մեկ ժամով անջատելով լույսերը կամ կատարելով շրջակա միջավայրի համար որևէ օգտակար քայլ։  

Նախաձեռնության հեղինակը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղն էր, որը Candlenight Concerts-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպել էր բացօթյա երաժշտական միջոցառում։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների, կայուն կենսակերպի և բնությունը պահպանելու ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոնն Աղասյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն նշելու «Երկրի ժամը», այլ վերահաստատելու մեր պատասխանատվությունը մեր ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի հանդեպ։ Այս պահին աշխարհը միավորվում է մեկ գաղափարի շուրջ` դառնալով մեկ ամբողջություն` անկախ սահմաններից, մշակույթներից և տարբերություններից։

«Երկրի ժամը» նախագիծը մեկնարկել է 2006թ․, առաջին անգամ լույսեր մարելու սիմվոլիկայով միջոցառումն իրականացվել է 2007թ․ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ակտիվ մասնակցում է նախաձեռնությանը 2008թ․-ից։ Նախաձեռնության հիմնական ուղերձն այն է, որ մենք պետք է ոչ միայն մեկ օր կամ մեկ ժամ հիշենք մեր մոլորակի մասին, այլ ամեն օր ապրենք այդ գիտակցությամբ։ Մեր առօրյա վարքագիծը, ապրելակերպն ու ընտրությունները ձևավորում են այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։

Ուզում եմ հորդորել բոլորին լինել ավելի գիտակից, ընտրել առողջ և էկո ապրելակերպ։ Յուրաքանչյուր փոքր քայլ՝ էներգիայի խնայողություն, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, իրականում մեծ ներդրում է մեր մոլորակի ապագայի համար։

Հայաստանի համար այս միջոցառումն ունի առանձնահատուկ նշանակություն։ Մենք մի երկիր ենք, որտեղ կենսաբազմազանությունը ոչ միայն բնական հարստություն է, այլ նաև մեր ինքնության կարևոր մաս։ Եվ հենց այդ պատճառով մենք պետք է պահպանենք և փոխանցենք այն ապագա սերունդներին։

Այս տարի կարևոր է մեր համախմբվածությունը, քանի որ Երևանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը` Միավորված ազգերի կազմակերպության Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող»։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանն ասաց․ «Այսօր Երևանի քաղաքապետարանը միացել է Բնության համաշխարհային հիմնադրամին։ Հիմնական գաղափարը մեր բոլորիս ընդհանուր տան՝ երկրի մասին ևս մեկ անգամ մեր հոգատարությունը արտահայտելն է։ Լույսերի մարման այս արարողությունը խորհրդանշական է։ Եվ այս փոքրիկ քայլը միտված է ավելի մեծ ընդարձակ օրակարգի ձևավորմանը, որը վերաբերում է պատասխանատու վերաբերմունքին և գիտակցված ընտրությանը՝ յուրաքանչյուրիս կողմից ցանկացած խնայողաբար քայլ, որը մենք կկիրառենք, ցանկացած բարի գործ, որը մենք կանենք, կարծում եմ, որ արտացոլվում է բնության պահպանության բուն էության մեջ։ Թող սա դառնա ոչ միայն մեկժամյա գործողություն, այլ՝ շարունակական պարտավորություն կառուցելու ավելի կանաչ և ավելի դիմակայուն համայնքներ»։ 

Ողջույնի խոսքերին հաջորդեցին Candlenight Concerts-ի երաժշտական կատարումները։ 

Լուսանկարները՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղի







Մարտ 30, 2026 at 17:12

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ին նշվում է Թռչունների միջազգային օրը։ Թռչունները կարևոր դեր են խաղում էկոհամակարգերում, և նրանց պաշտպանությունը կենսաբազմազանության պահպանության կարևոր մաս է։ Թռչունները ծառայում են որպես շրջակա միջավայրի վիճակի ցուցիչներ։ Թռչունների թվաքանակի նվազումը հաճախ վկայում է բնության մեջ առկա խնդիրների մասին՝ աղտոտում, կլիմայական փոփոխություններ, կենսամիջավայրի ոչնչացում։

Թռչունների անհետացման պատճառներից են որսագողությունը, անտառային տարածքների կրճատումը, կերային բազայի կրճատումը, լճերի չորացումը, ուրբանիզացիան, շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Հայաստանում հանդիպում է ավելի քան 350 թռչնատեսակ։ Տարբեր գործոններ ազդում են թռչունների պոպուլիացիայի վրա։ ՀՀ Կարմիր գրքում ներառված է 96 թռչնատեսակ:

Ապրիլ 01, 2026 at 16:37

ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիային կից Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

Ազգային ժողովը 2026թ․ մարտի 25-ին 94 կողմ, 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ 

Արձանագրությունը միտված է գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխման ապահովմանը, ինչը կարևոր նշանակություն ունի Հայաստանի բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման համար։

Արձանագրությունն ընդունվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 29-ին Նագոյայում, ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայում այն վավերացրել է 142 պետություն, ստորագրել, սակայն դեռևս չեն վավերացրել 14 պետություն: 

«2026․ Երևանը կհյուրընկալի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և երկու տարի ժամկետով կստանձնի կոնվենցիայի շրջանակում ընթացող գործընթացների նախագահությունը։ Արձանագրության վավերացումից հետո COP17-ի շրջանակում նախատեսում ենք անցկացնել նաև Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց, որ արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը բնական պաշարների կառավարման ոլորտում, միջազգային համագործակցության ակտիվացմանը և նոր ներդրումների ներգրավմանը», – նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է հետևյալ եզրակացությունը․ «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությանը Հայաստանի Հանրապետության միանալը կարևորվում է 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման (COP17) հյուրընկալման և համաժողովի նախագահության ստանձման լույսի ներքո: Այն կհանդիսանա լրացուցիչ դրական ուղերձ միջազգային հանրությանը բնապահպանական խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ բարձր հանձնառության և համապատասխան քայլերի ձեռնարկման պատրաստակամության առնչությամբ:

Արձանագրությանը միանալը նաև հնարավորություն կտա Հայաստանին ապահովելու համաժողովի լիարժեք նախագահությունը, քանի որ Արձանագրությանը չմիանալու պարագայում վերջինիս կողմերի հանդիպման նախագահությունը անհրաժեշտ է լինելու փոխանցել արձանագրության կողմ հանդիսացող մեկ այլ երկրի ներկայացուցչի:

Միևնույն ժամանակ, գենետիկ ռեսուրսների հասանելիության և դրանցից ստացված օգուտների արդարացի բաշխման վերաբերյալ արձանագրության դրույթների կիրառումը հնարավորություն կտա Հայաստանին տվյալ ոլորտում համագործակցություն ծավալել տարբեր երկրների և դրանցում գործող գիտահետազոտական, դեղագործական և այլ կազմակերպությունների հետ՝ նպաստելով ոլորտի վերաբերյալ ՀՀ գիտելիքների, կարողությունների և դրանց կիրառմամբ գիտահետազոտական ներուժի զարգացմանը»:

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Գենետիկական ռեսուրսներին հասանելիության և դրանց օգտագործումից բխող օգուտների արդար ու հավասար բախշման մասին Նագոյի արձանագրությունը միտված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են հետևյալ օգուտները.

1. Ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն և իրավական պաշտպանություն

Ըստ արձանագրության 6-րդ հոդվածի (Գենետիկական ռեսուրսներին հասանելիություն)՝ արձանագրությունը ճանաչում է պետությունների ինքնիշխան իրավունքը սեփական գենետիկական ռեսուրսների նկատմամբ և սահմանում է նախնական իրազեկ համաձայնության և փոխադարձ համաձայնեցված պայմանների սկզբունքները:

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը ստանում է միջազգային մակարդակով ճանաչված գործիքներ՝

–  իր կենսաբանական ռեսուրսների օգտագործումն արտասահմանյան սուբյեկտների կողմից վերահսկելու համար,

–  կենսագողության դեմ պայքարելու համար,

–  օտարերկրյա սուբյետների հետ (դեղագործական, կոսմետիկ, գյուղատնտեսական և այլ ընկերություններ) շահավետ պայմանագրեր կնքելու համար:

2. Տնտեսական օգուտներ

Արձանագրության 5-րդ հոդվածը (Օգուտների արդար և հավասար բաշխում) պարտադրում է օգտատերերին կիսվել ստացված օգուտներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ձևով (տեխնոլոգիաներ, վերապատրաստում, համատեղ հետազոտություններ և այլն): Սա թույլ է տալիս՝

– ներգրավել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում,

– ստանալ եկամուտներ տեղական գենետիկական ռեսուրսների առևտրային օգտագործումից,

– զարգացնել կենսաբանական տնտեսությունը և տեղական համայնքների ավանդական գիտելիքները:

3. Տեղական և բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն

Արձանագրության 7-րդ և 12-րդ հոդվածները վերաբերում են գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքներին հասանելիությանը և այդ գիտելիքները կրող համայնքների իրավունքների պաշտպանությանը: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝

–  իրավական ճանաչում և պաշտպանություն ապահովել այդ գիտելիքներին,

–  ապահովել դրանց ընդգրկումը որոշումների կայացման գործընթացներում,

–  ստանալ միջազգային աջակցություն և ընդգրկվել համապատասխան ծրագրերում:

4. Միջազգային հեղինակության բարձրացում և գլոբալ մեխանիզմներին մասնակցություն

Արձանագրության կողմ չհանդիսացող պետությունները չեն մասնակցում դրա շրջանակներում որոշումների քննարկման և հաստատման գործընթացին:

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը հնարավորություն է ստանում՝

– լիարժեքորեն մասնակցել գենետիկական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միջազգային կանոնների և ստանդարտների մշակմանը,

– օգտվել գլոբալ տեղեկատվական համակարգերից, այդ թվում՝ ABS Clearing-House-ից (արձանագրության 14-րդ հոդված),

– ամրապնդել իր դիրքերը որպես պատասխանատու և ակտիվ կողմ՝ բնապահպանական միջազգային քաղաքականության շրջանակում:

5. Հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն

Արձանագրությունը կապված է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և այլ դոնորների գործունեության հետ: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝

– դառնալ նպատակային հասանելիության և օգուտների բաշխման (ABS) մեխանիզմների ստեղծման համար դրամաշնորհների շահառու,

– ամրապնդել արձանագրության ինտեգրումը ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում (NBSAPs) և կլիմայական ծրագրերում:

6. Գիտատեխնիկական համագործակցության խթանում

Արձանագրության 22-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրությունը հիմք է ստեղծում տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ հետազոտությունների և գիտելիքի փոխանակման համար, ինչը կենսաբազմազանությամբ հարուստ, սակայն գիտական և տեխնիկական ռեսուրսներով սահմանափակ պետությունների համար ունի առանձնահատուկ նշանակություն:

Միջուկային անվտանգության ապահովման կարողությունների զարգացում՝ COP17-ին ընդառաջ

Միջուկային անվտանգության ապահովման կարողությունների զարգացում՝ COP17-ին ընդառաջ

Հայաստանում հոկտեմբերի 18-ից 30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում առանցքային ուշադրություն է դարձվում անվտանգության բոլոր բաղադրիչներին։ Արդեն իսկ նշանակվել են անվտանգության պատասխանատուներ և համակարգողներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

«Միջոցառումն իր հնչեղությամբ և մեծածավալությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետության համար։ Միջոցառման միջուկային անվտանգության ապահովման համակարգող է հանդիսանում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը », – նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։

Համաժողովին մասնակցելու են մի շարք պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը պահանջում է միջոցառման ճիշտ պլանավորում և բարձր մակարդակի պատրաստվածություն։

«Փրկարար ծառայության կողմից հրավերներ են ուղարկվել միջազգային փորձագետներին՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու, կարողությունների գնահատում իրականացնելու, փորձով կիսվելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության գնահատում իրականացնելու համար», – նշել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։

Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ աշխատաժողովներ անցկացնելու նպատակով մարտի 30-ից Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը։ Կարիքների գնահատում իրականացնելու համար խումբն այցելելու է նաև համաժողովի անցկացման հիմնական վայրեր։

Աշխատաժողովների օրակարգում են միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, նախապատրաստման և ռիսկերի գնահատման հարցեր։ Մասնակիցներին ներկայացվել են համապատասխան տեխնիկական միջոցների կիրառման առանձնահատկություններն ու մարդկային ռեսուրսների արդյունավետ ներգրավման մեխանիզմները․ փորձագետները կիսվել են Մարոկկոյում, Սաուդյան Արաբիայում և Ֆրանսիայում խոշոր միջոցառումների ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման մոդելներով։

Նման ձևաչափով հանդիպումների և միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը շարունակում է ամրապնդել կարողությունները՝ ապահովելու COP17 համաժողովի անվտանգ և արդյունավետ անցկացումը։



Ապրիլ 06, 2026 at 15:38

Ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Արդյունքները ներկայացվում են Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։ 

Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի՝ «Խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չունենք»։

Հայաստանում կա 22 պոչամբար, որոնք միասին զբաղեցնում են 1176 հեկտար տարածք։ 22 պոչամբարից 12-ը գտնվում են Սյունիքում, 7-ը՝ Լոռիում, 1-ական էլ Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ 22 պոչամբարից գործում են 7-ը,  ռեկուլտիվացված են 6-ը, իսկ 9-ը պետք է ռեկուլտիվացվեն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը պարզաբանում է՝ ինչու են ստուգումներն իրականացվել 2025 թվականին․ «Որովհետև առնվազն 2025 թվականին տեսչական մարմինն ունի այն մասնագիտական ներուժը և տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ է տալիս այդ ուսումնասիրությունն իրականացնել առավել ճշգրիտ և ստուգաչափած տվյալների հիման վրա։ Արձանագրել ենք որոշակի խնդիրներ, որոնք կարող են հետագայում առաջացնել ինչ-որ իրավիճակներ։ Աշխատանքային խմբի առաջ խնդիր է դրված եղել վեր հանել այդ խնդիրները և տալ առաջարկություններ՝ ինչ միջոցառումներ է պետք իրականացնել հետագայում հնարավոր առաջացող ռիսկերը կանխարգելելու համար»։

Աշխատանքային խմբում ներգրավված են Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և Երկրաբանների միությունը։  

«Ուսումնասիրում ենք հատուկ ջրամեկուսիչ նյութ ստեղծելու ուղղությամբ, որով կպատենք պոչամբարի ամբողջ այն մակերեսը և կթողնենք այնքան ֆիլտրացիոն ելքեր, որ անհրաժեշտ է պոչամբարի հետագա կայուն գոյատևման համար։ Նյութն իրենից ներկայացնում է բնական պոլիմերահանքային ծագում ունեցող նյութ, որը մեծացնում է պաշտպանական շերտը, այսինքն, փոքրացնում է ֆիլտրացիայի գործակիցը։ Նոյեմբերից սկսած մենք անում ենք կոնկրետ պոչերի վրա՝ ուսումնասիրելով պոչի ագրեսիվության ազդեցությունն այդ նյութով ստեղծված տեխնոլոգիաների վրա։ Բացարձակապես ազդեցություն չունի այս պահի դրությամբ, և բոլոր փորձարկման արդյունքները, որոնք հրատարակվել են բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում, ցույց են տալիս, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլին», – ասաց Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը։ Հաջորդ փուլը նյութը բնական միջավայրում փորձարկելն է։

«Առաջարկելու ենք մեր գործընկերներին՝ փորձնական ընտրենք որևէ տարածք և փորձնական այդ նյութն օգտագործենք, որոշ ժամանակ հետո կհասկանանք՝ ինչ արդյունքներ ենք ստացել։ Այդ նոր մեթոդը, իմ կարծիքով, կա հնարավորություն պոչերի ռեկուլտիվացման մեջ սահմանել որպես նոր ստանդարտ, որը պարտադիր կլինի բոլոր պոչերի ռեկուլտիվացման համար», – նշեց Հովհաննես Մարտիրոսյանը։



Ապրիլ 07, 2026 at 13:20

5 ամսով ՀԱԷԿ-ը կանգնել է պլանային վերանորոգման համար

5 ամսով ՀԱԷԿ-ը կանգնել է պլանային վերանորոգման համար

Ապրիլի 1-ից դադարեցվել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումը պլանային վերանորոգման նպատակով։ Պլանային աշխատանքները կտևեն 5 ամիս։ Այս ընթացքում նախատեսվում է էներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի արտադության բացը լրացնել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին։

«Եթե հաշվի առնենք, որ 2026թ. ընթացքում, շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված, Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից 5 ամսով դուրս է եկել շահագործումից, ամենայն հավանականությամբ, 2026թ. մեր արևային կայանները արտադրած կլինեն այնքան էներգիա, որքան Մեծամորի ատոմակայանը», – ապրիլի 2-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ավելի վաղ՝ մարտ ամսին նախարար Խուդաթյանը Ֆեյսբուքյան իր եթերով հայտնել էր, որ 2025թ․ ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է ընկնում արևային կայաններին:

«Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ: Սա 2030թ․ համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 ՄՎտ-ով, և այս թիվը շարունակաբար աճում է»,- ասել է նա։

Ապրիլ 07, 2026 at 13:24

Ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Ուշադրություն

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Ապրիլ 07, 2026 at 14:01