Մինչև 2030թ․ նախատեսվում է 30%-ով նվազեցնել Սևանի աղտոտվածությունը և մաքրել առնվազն 10 գետ

Մինչև 2030թ․ նախատեսվում է 30%-ով նվազեցնել Սևանի աղտոտվածությունը և մաքրել առնվազն 10 գետ

Մինչև 2030թ․ Հայաստանում նախատեսվում է առնվազն 30%-ով նվազեցնել Սևանա լճի ֆոսֆորով և ազոտով աղտոտվածությունը, ինչպես նաև պլաստիկ և այլ կոշտ թափոններից մաքրել առնվազն 10 գետ և դրանց ափամերձ տարածքները։

Այս գործողություններն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում՝ 8-րդ և 9-րդ թիրախներում։

Փաստաթուղթը ներառում է 5 նպատակ և 30 թիրախ, որոնք ուղղված են մինչև 2030թ․ կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման ապահովմանը։

Սևանա լճի էկոհամակարգի ֆոսֆորով և ազոտով աղտոտվածության նվազեցման համար նախատեսվում է ներդնել մշակաբույսերի աճեցման էկոլոգիապես մաքուր, կլիմայակայուն և ռեսուրսախնայող գործելակերպեր, ինչպես նաև 30%-ով կրճատել Սևանա լիճ մերձափնյա բնակավայրերից և ձեռնարկություններից թափվող կենցաղային կեղտաջրերի ծավալը։

Նախատեսվում է նաև մինչև 1905 մետր բացարձակ նիշում գտնվող ջրածածկման ենթակա մերձափնյա տարածքների մաքրում, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի կառուցված շենք-շինությունների փուլային գույքագրում և դրանց քանդման իրավական գործընթացի նախաձեռնում։

Ծրագրով նախատեսվում է  նվազեցնել Հայաստանի գետերի՝ թունաքիմիկատներով, վտանգավոր քիմիական նյութերով և պլաստիկով աղտոտման ռիսկերը։ 2026-2027թթ․ պետք է գնահատվի Հայաստանի ջրային էկոհամակարգերի՝ պեստիցիդներով, քիմիական նյութերով և պլաստիկ թափոններով աղտոտման ռիսկերը, վերլուծվի առկա վիճակը և մշակվի մաքրման ու կանխարգելիչ գործողությունների ծրագիր։ 

Հուլիս 30, 2026 at 14:30

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար կտրամադրվի 20,1 միլիարդ դրամ բյուջետային վարկ

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար կտրամադրվի 20,1 միլիարդ դրամ բյուջետային վարկ

2026թ․ հուլիսի 9-ի կառավարության նիստում հաստատվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով տրամադրվող բյուջետային վարկի պայմանները։ Նախատեսվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036թ․։

Կառավարության որոշմամբ՝ Հայկական ԱԷԿ-ին նախատեսվում է տրամադրել 20 միլիարդ 111 միլիոն 798 հազար դրամի չափով բյուջետային վարկ։ Վարկի մարման ժամկետը սահմանվել է 10 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։ Հիմնական գումարի մարումները նախատեսվում է իրականացնել կիսամյակային հավասարաչափ վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին։

Ֆինանսավորումը նախատեսված է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգման և արդիականացման ծրագրի (ՇԺԵ-2) շրջանակում իրականացվող աշխատանքների համար։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ից դադարեցվել է ՀԱԷԿ-ի շահագործումը՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Նախատեսված է աշխատանքներն ավարտել 5 ամսում։

Հուլիս 30, 2026 at 12:08

Կենսաբազմազանության ազգային ծրագրով Երևանում կանաչ տարածքները՝ 1 բնակչի հաշվով պետք է ավելացվեն 2 քմ-ով

Կենսաբազմազանության ազգային ծրագրով Երևանում կանաչ տարածքները՝ 1 բնակչի հաշվով պետք է ավելացվեն 2 քմ-ով

«Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030թթ․ գործողությունների ծրագրով» նախատեսվում է խթանել քաղաքների և բնակավայրերի կանաչ զարգացումը։ 30 թիրախ ունեցող փաստաթղթի 14-րդ թիրախը ուղղված է այս միջոցառմանը։

Այս թիրախի ներքո միակ գործողությամբ մինչև 2030թ․ նախատեսված է ընդլայնել Երևան քաղաքի կանաչապատ տարածքները՝ յուրաքանչյուր բնակչի հաշվարկով առնվազն 2 քմ-ով։

Նշենք, որ 2024թ․ ընդունված Երևանի գլխավոր հատակագծի համաձայն՝ 2024թ. դրությամբ Երևանում բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը ﬔկ բնակչի հաշվով 8,3 քմ էր:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողﬕց սահմանված 1 շնչին բաժին ընկնող նվազագույն կանաչ տարածքի նվազագույն արժեքը՝ 9 քմ է, իսկ օպտիմալը համարվում է 50 քմ:

Հուլիս 30, 2026 at 16:56

Էկոլուրը հրապարակել է CBD COP17-ին քաղաքացիական հասարակության մասնակցության ուղեցույց

Էկոլուրը հրապարակել է CBD COP17-ին քաղաքացիական հասարակության մասնակցության ուղեցույց

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն մշակել և հրապարակել է «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (CBD COP17) քաղաքացիական հասարակության մասնակցության» ուղեցույց՝ որպես աշխատանքային գործիք, որը կնպաստի CBD COP17-ին քաղաքացիական հասարակության տեղեկացված մասնակցությանը։

Ուղեցույցի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության իրազեկվածությունը CBD COP17-ի վերաբերյալ՝ տրամադրելով CBD COP17-ի նշանակության, կազմակերպման և մասնակցության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։

Ուղեցույցը ներկայացնում է CBD-ի նպատակները, արձանագրությունների, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նշանակությունը, Կոնվենցիայի հիմնական կառավարման և օժանդակ մարմինների գործառույթները, COP-ի նշանակությունը, մասնակցության ընթացակարգերը, գրանցման եղանակները, Հայաստանում անցկացվելիք CBD COP17-ի նախնական օրակարգը և մասնակցության ձևաչափերը։

Ուղեցույցը պատրաստվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում։

Ուղեցույցին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հուլիս 30, 2026 at 15:58

Հրապարակվել է «Անտառների դերը Հայաստանի  զարգացման  գործընթացում» տեղեկատվական թերթիկը

Հրապարակվել է «Անտառների դերը Հայաստանի  զարգացման  գործընթացում» տեղեկատվական թերթիկը

Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտը (WSL) մշակել է տեղեկատվական թերթիկ «Անտառների դերը Հայաստանի զարգացման գործընթացում» վերնագրով։

Տեղեկատվական թերթիկը մշակվել է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն (FORACCA)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ և նպատակ ունի բարձրացնել Հայաստանի կլիմակայունությունը ու բարելավել բնական ռեսուրսների կայուն կառավարումը՝ ազգային և տեղական մակարդակներում՝ հիմնվելով հզորացված գիտելիքների և ընդգրկուն գործընթացների վրա և նվազեցնել խոցելիությունն ու աղքատությունը Հայաստանի համայնքներում՝ խթանելով բազմաֆունկցիոնալ անտառտնտեսությունն ու կլիմակայուն զարգացումը։ 

Տեղեկատվական թերթիկը հասանելի է հետևյալ հղումով՝ Անտառների դերը Հայաստանի զարգացման գործընթացում

Հուլիս 28, 2026 at 11:39

Հայաստանը «Էմերալդ» թեկնածու տարածքների վերանայումը կիրականացնի փուլերով

Հայաստանը «Էմերալդ» թեկնածու տարածքների վերանայումը կիրականացնի փուլերով

Հայաստանը նախատեսում է վերանայել «Էմերալդ» թեկնածու տարածքները։ ««Էմերալդ» ցանցի վերանայումը ինքնանպատակ քարտեզագրում չէ, այն պետք է ապահովի պահպանվող տեսակների և կենսամիջավայրերի գիտականորեն հիմնավորված, կառավարելի և հանրային վստահություն ունեցող տարածքային պաշտպանություն»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ալիկ Բադալյանը` «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախաշեմին» աշխատաժողովի ժամանակ։ Աշխատաժողովը կազմակերպել էր «էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ։

1989թ․«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվեցիայի (Բեռնի կոնվենցիա) պայմանավորվող կողմերը նախաձեռնեցին Եվրոպայի բնական միջավայրի պահպանության մի առանձնահատուկ միջոց՝ «Էմերալդ ցանցի» (Զմրուխտե ցանցի) ստեղծումը։ Այն էկոլոգիական ցանց է՝ կազմված բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից։ Սրանք կենսական նշանակություն ունեցող տարածքներ են, որոնք ունեն ներուժ շահեկան իրավիճակում պահպանելու և վերականգնելու տեսակները և բնական միջավայրը: Հայաստանն Էմերալդ ցանցում իր տարածքներն ունենալու համար Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի կողմից ընդունման համար ներկայացրել է թեկնածու տարածքներ: 2016թ. Հայաստանն առաջարկել է 23 էմերալդ թեկնածու տարածք, որոնք ընդգրկել են 1.033.719,5 հա տարածք, կամ երկրի տարածքի 34,7%-ը: Արդեն մի քանի տարի է՝ տեղի է ունենում այդ տարածքների վերանայման  գործընթաց:

«Էմերալդ» թեկնածու տարածքները դիտարկվում են որպես Հայաստանի կենսաբազմազանության 2026-2030թթ. գործողությունների ծրագրի 3-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ թիրախների իրականացման կարևոր գործիք։

Միջազգային «Էմերալդ» ցանցը (Զմրուխտե ցանցը) գործում է Բեռնի կոնվենցիայի ներքո։ Սա էկոլոգիական ցանց է՝ կազմված բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից։

Հայաստանը «Էմերալդ» ցանցում իր տարածքներն ունենալու համար Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի կողմից ընդունման համար ներկայացրել է թեկնածու տարածքներ:

2016թ. Հայաստանն առաջարկել է 23 «էմերալդ» թեկնածու տարածք՝ 1.033.719,5 հեկտար կամ երկրի 34,8%-ը: Սակայն արդեն մի քանի տարի է՝ տեղի է ունենում այդ տարածքների վերանայման  գործընթաց:

«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment) ծրագրի» շրջանակում Համաշխարհային բանկը պատրաստել է «Հայաստանում Էմերալդ ցանցի

թեկնածու տարածքների վերանայման առաջարկություններ», ըստ որոնց առաջարկվում է  30 թեկնածու տարածք 23-ի փոխարեն, որոնց ընդհանուր տարածքը կկազմի 707,739.22 հեկտար կամ երկրի 23.8%-ը։

««Էմերալդ» տարածքների վերանայումը պետք է դիտարկվի որպես կենսաբազմազանության պահպանության որակի բարձրացման գործընթաց, այլ ոչ թե որևէ մեկ առանձին շահի կամ դիրքորոշման սպասարկում։ COP17-ի համատեքստում սա նաև հնարավորություն է ցույց տալու, որ Հայաստանը միջազգային պարտավորությունները կապում է ներպետական գործնական բարեփոխումների հետ։

Վերանայումը պետք է ապահովի պահպանվող տեսակների և կենսամիջավայրերի գիտականորեն հիմնավորված, կառավարելի և հանրային վստահություն ունեցող տարածքային պաշտպանություն։ Հիմնական գաղափարն է դիտարկել «Էմերալդ» տարածքները որպես տարածքային պահպանության և մասնակցային կառավարման գործիք։ Թվերը կարևոր են, բայց վերջնական նպատակը տարածքների որակն ու պահպանության արդյունավետությունն է։ Եվ վերանայման առաջարկը չի դիտարկվում որպես վերջնական պետական որոշում, այն քննարկման, ճշգրտման և շահագրգիռ կողմերի դիրքորոշումների համադրման նյութ է։ Այն պետք է կառուցվի ոչ թե միայն քարտեզային համընկնումների, այլ տեսակների, կենսամիջավայրերի, իրավական ռեժիմների և շահագրգիռ կողմերի դիրքորոշումների համադրության վրա», – ասաց Ալիկ Բադալյանը։

Նա ներկայացրեց «Էմերալդ» տարածքների կապը 2026-2030թթ. ազգային թիրախների հետ՝ նշելով, որ 3-րդ թիրախը տարածքային պահպանության հիմքն է, 28-30-րդ թիրախները՝ դրա սոցիալական և կառավարման հենարանը։

Ալիկ Բադալյանն ասաց, որ «Էմերալդ» տարածքների ձևավորմամբ հստակ կսահմանվեն պահպանության ենթակա տեսակների և կենսամիջավայրերի տարածքային կարիքները, կճշգրտվեն պահպանության առումով ոչ էական կամ կառավարման տեսանկյունից խնդրահարույց հատվածները։

2026-2030թթ. կենսաբազմազանության պահպանման  գործողությունների թիրախներին համահունչ նախատեսվում է․

  • Էմերեալդ թեկնածու տարածքների գիտական վերանայում՝ թիրախային տեսակների, կենսամիջավայրերի, բավարարության ցուցանիշների հստակեցում
  • GIS և սահմանների՝ տարածական տվյալների, համընկնումների ճշգրտում, կենսամիջավայրերի քարտեզագրում
  • հանրային քննարկումներ, ՀԿ-ների, համայնքների, գիտական կառույցների հետ, առաջարկների ամփոփում
  • իրավական և կառավարման կապ ԲՀՊՏ-ների, OECM-ների, կառավարման պլանների և պահպանության ռեժիմների միջև
  • մշտադիտարկում, տեսակների և կենսամիջավայրերի վիճակի պարբերական գնահատում։

«Վերանայման գործընթացը հնարավոր է առաջ տանել միայն քննարկումների և փաստարկված դիրքորոշումների հիման վրա։ Մոտեցումը հետևյալն է՝ սկզբում համեմատաբար ցածր հակասականություն ունեցող տարածքների մասով քննարկումներ, ապա՝ ավելի բարդ հարցերի փաստարկված և առանձին դիտարկում։ Այս գործընթացը պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլև հասարակության կողմից հասկանալի և ընդունելի։ Սա նշանակում է ոչ միայն տեղեկացնել, այլև լսել, փաստարկված պատասխանել և հնարավորինս ներառել տեղական ու քաղաքացիական փորձը», – ասաց Ալիկ Բադալյանը։

Նա շեշտեց՝ «Էմերալդ ցանցը» կարող է դառնալ Հայաստանի 2030թ. կենսաբազմազանության օրակարգի կարևոր հենարան, եթե այն զարգանա՝

  • գիտականորեն հիմնավորված և թարմացված տվյալներով
  • ազգային իրավական և կառավարման գործիքների հետ ներդաշնակ
  • հանրային վստահություն ստեղծող, թափանցիկ և ներառական ընթացակարգով։

Ալիկ Բադալյանն ասաց, որ ՀՀ ազգային օրենսդրությամբ «էմերալդ» տարածքները սահմանված ռեժիմներ չունեն, սակայն վերանայումից հետո կա նպատակ կազմելու այդ տարածքների կառավարման պլանները․ «Արդյունավետ պահպանում առանց կառավարման պլանների հնարավոր չէ, և երբ կլինի հստակ գոտիավորումը վերանայված սահմաններով, այդ ժամանակ կմշակվեն կառավարման պլանները»։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Հուլիս 24, 2026 at 12:16

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել 2026 թվականի հունիսի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան բնակավայրում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի թիվ 10 և 12 հասցեների հարակից լանջին գտնվող չշահագործվող հանքավայրի տարածքից դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով։

Վարչական վարույթի շրջանակում իրականացվել են տեղանքի ուսումնասիրություններ՝ աերոհետազոտության, ինչպես նաև հողի և անձրևաջրի նմուշների լաբորատոր հետազոտություններ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը վարչական վարույթի նյութերի հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հուլիս 22, 2026 at 14:09

Արմաշը՝ կենսաբազմազանության եզակի գանձարան․ իրազեկման հանդիպում՝ COP17-ին ընդառաջ

Արմաշը՝ կենսաբազմազանության եզակի գանձարան․ իրազեկման հանդիպում՝ COP17-ին ընդառաջ

Արարատի մարզի Արմաշ բնակավայրն առանձնանում է իր խոնավ տարածքներով և հարուստ կենսաբազմազանությամբ, հատկապես՝ թռչնաշխարհով։ 1970-ականներից  Արմաշում ձկնաբուծության համար ձևավորված հողային հունով լճակները կարևոր ջրաճահճային կենսամիջավայր են  ստեղծել թռչունների համար։

Այստեղ հանդիպում են Հայաստանում հանդիպող 353 թռչնատեսակներից ավելի քան 200 տեսակը` դարձնելով Արմաշը կենսաբազմազանության եզակի գանձարան, որի պահպանությունը կարևոր նշանակություն ունի։

Արմաշի ջրաճահճային տարածքները «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» (Ռամսարի) կոնվենցիայի շրջանակում պահպանության ներուժ ունեցող տարածք են։ Արմաշը նաև Հայաստանի 23 Էմերալդ թեկնածու տարածքներից մեկն է։ Էմերալդ ցանցի տարածքները պահպանվում են «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիայի շրջանակում։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ (CBD COP17)։ Համաժողովը կարևոր հարթակ է նաև Արմաշի կենսաբազմազանությունը, դրա պահպանության խնդիրներն ու հնարավորությունները ներկայացնելու և քննարկելու համար։

Այս նպատակով «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հուլիսի 16-ին Արմաշի վարչական ղեկավարի նստավայրում իրազեկման հանդիպում անցկացրեց։ Հանդիպմանը մասնակցեցին «Էկոլուրի» թիմը, Արմաշ բնակավայրի վարչական աշխատակազմի ներկայացուցիչները, տեղի ակտիվ քաղաքացիական հասարակության անդամներն ու բնակիչները։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները, Արմաշի ջրաճահճային տարածքների առանձնահատկությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության խնդիրներն ու հնարավորությունները։

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ներկայացրեց տեղացիներին մտահոգող բնապահպանական խնդիրները։

Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեցին տեղի ակտիվ բնակիչների՝ COP17-ի գործընթացներին մասնակցելու և իրենց համայնքի բնապահպանական խնդիրները միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորությունները։

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Հանդիպման մանրամասները՝ «Էկոլուրի» հաջորդ հրապարակումներում։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Հուլիս 21, 2026 at 14:41

Մինչև 2030թ․ Հայաստանում նախատեսվում է ընդլայնել կենսաբազմազանությանը նպաստող գյուղատնտեսական պրակտիկաները

Մինչև 2030թ․ Հայաստանում նախատեսվում է ընդլայնել կենսաբազմազանությանը նպաստող գյուղատնտեսական պրակտիկաները

Մինչև 2030թ․ Հայաստանում նախատեսվում է ներդնել կենսաբազմազանությանը նպաստող գյուղատնտեսական կառավարման մոտեցումներ, ապահովել արոտավայրերի կայուն կառավարումը, ընդլայնել օրգանական գյուղատնտեսությունը և զարգացնել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունները։

Այս նպատակներն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում։

Գյուղատնտեսության բաղադրիչն արտացոլված է Գործողությունների ծրագրի 12-րդ թիրախում։ Թիրախի շրջանակում նախատեսվում է մինչև 2030թ․ ապահովել արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարումն առնվազն 150 հազար հեկտար տարածքում։

Բացի այդ, 2026-2028թթ․ նախատեսվում է վերլուծել և լրամշակել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական փաստաթղթերում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները։

Ծրագրով նախատեսվում է նաև մինչև 2030թ․ ապահովել վարելահողերի առնվազն 0.04 տոկոսի օրգանական մշակումը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի առնվազն 0.01 տոկոսի կառավարումը կենսաբազմազանությունը խթանող օրգանական գյուղատնտեսության սկզբունքներով՝ ներառյալ ագրոանտառաբուծության զարգացումը։

Թիրախի շրջանակում նախատեսվում է նաև մշակել թվային հարթակ և բջջային հավելված, ինչպես նաև առնվազն մեկ խոշորացված համայնքում իրականացնել պիլոտային ծրագիր՝ Հայաստանում գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության փորձարկման և զարգացման նպատակով։ Ծառայությունը միտված է խթանելու կենսաբազմազանությանը նպաստող գյուղատնտեսական պրակտիկաների կիրառումը։

Հուլիս 20, 2026 at 14:00

Լարված հանրային լսումներ Ստեփանավանում՝ Արմանիսի հանքային դաշտի ուսումնասիրությունների վերաբերյալ  

Լարված հանրային լսումներ Ստեփանավանում՝ Արմանիսի հանքային դաշտի ուսումնասիրությունների վերաբերյալ  

2026թ. հուլիսի 17-ին Լոռու մարզում անցկացվեցին «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումները։

Հանրային քննարկումները նախատեսված էին երեք բնակավայրերում՝ ժամը 12։00-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում, ժամը 14։00-ին՝ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, իսկ ժամը 15։30-ին՝ Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Լսումներն անցան լարված և թեժ մթնոլորտում։ Քննարկումներին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ և տեղի բնակիչներ, որոնք դեմ են Ստեփանավան համայնքն ու հարակից բնակավայրերը որպես հանքարդյունաբերական գոտի դիտարկելուն։ Մասնակիցները նշում էին, որ իրենց ապագան կապում են զբոսաշրջության և կայուն գյուղատնտեսության զարգացման հետ։ Լսումներին ներկա էին նաև բնակիչներ, ովքեր նշում էին, որ կողմ էին հանքարդյունաբերությանը։ Լսումների ընթացքում առանձին պահերի լարվածություն էր առաջանում հանքային ծրագրին դեմ և կողմ դիրքորոշում ունեցող մարդկանց միջև, և իրավիճակի սրումը վերահսկում էին ոստիկանները։

«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին երեք բնակավայրերում էլ դիմավորեցին բողոքի ակցիաներով, պաստառներով և վանկարկումներով։ Մասնակիցները հանդես էին գալիս «Դեմ ենք մետաղական հանքերին», «Ես ընտրում եմ էկո Ստեփանավանը» ուղերձներով։

Քննարկումների ընթացքում բնակիչները բարձրաձայնում էին իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները ծրագրի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը լսումներից մեկի ժամանակ նշել էր, որ բնակիչների առաջարկություններն ու դիրքորոշումները կներառվեն հանրային լսումների արձանագրության մեջ, նաև բոլոր շահագրգիռ անձինք կարող են իրենց դիտարկումներն ուղարկել նաև Շրջակա միջավայրի նախարարություն։

Լուսանկարները և տեսանյութերը՝ cvmedia.am

























Հուլիս 17, 2026 at 17:34