Հրապարակվել է Էկոլուրի նոր զեկույցը՝ «ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները համայնքներում»

Հրապարակվել է Էկոլուրի նոր զեկույցը՝ «ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները համայնքներում»

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման նախադրյալները Հայաստանի համայնքներում և ամփոփել արդյունքները զեկույցի տեսքով։

«ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները համայնքներում» զեկույցի նպատակն է բացահայտել թափոնների կառավարման խնդիրները ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքների օրինակով, նպաստել ԱԸՊ համակարգի ներդրմանը համայնքներում։

Համայնքների ընտրությունը պայմանավորված է սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման փորձով, վերամշակման ընկերությունների առկայությամբ, 2 համայնքի՝ Հրազդանի սանիտարական աղբավայրի շահառու լինելով։

Զեկույցում ուսումնասիրվել են Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած՝  թափոնների կառավարման հինգաստիճան հիերարխիայի և ԱԸՊ համակարգի ներդրման պարտավորությունները։

Զեկույցի պատրաստման համար տեղեկատվական հիմք են թափոնների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, միջազգային համաձայնագրերը, միջազգային զեկույցները, պետական մարմիններին և տեղական մարմիններին ուղղված հարցումների պատասխանները, ոլորտի փորձագետների հետ անցկացված հարցազրույցները, թիրախ համայնքներում քննարկումների արդյունքներ։

«ԱԸՊ համակարգի ներդրման նախադրյալները համայնքներում» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հուլիս 17, 2026 at 15:59

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Գործարկվել է 2026թ․ աշնանը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պաշտոնական կայքը:

COP17-ը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, կանցկացվի Երևանում 2026թ․ հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովը համարվում է կենսաբազմազանության պահպանության ոլորտում կարևորագույն միջազգային հարթակներից մեկը և կանդրադառնա Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացին։

Կայքը նախատեսված է որպես COP17-ի վերաբերյալ հիմնական տեղեկատվական հարթակ՝ համաժողովի մասնակիցների, պատվիրակությունների, դիտորդների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և բոլոր հետաքրքրված անձանց համար։

Պաշտոնական կայքում ներկայացված են տեղեկություններ COP17-ի, Հայաստանի, «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի, համաժողովի երկու հիմնական տարածքների՝ «Կապույտ» և «Կանաչ» գոտիների, ինչպես նաև մասնակցության, վիզաների, հավատարմագրման, ճանապարհորդության, օրակարգի և նիստերի վերաբերյալ բաժիններ։

Կայքում առանձին բաժիններ են նախատեսված նաև լրատվամիջոցների համար, որոնք կներառեն մամուլի հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ուղիղ հեռարձակումներ, ինչպես նաև COP17-ի լոգոյի և բրենդավորման նյութեր։

COP17-ի «Կանաչ գոտին» նախատեսված է որպես հանրության համար բաց տարածք, որտեղ կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, մշակութային և կրթական միջոցառումներ՝ ներգրավելով երիտասարդներին, հասարակական կազմակերպություններին, գիտական շրջանակներին, արվեստագետներին և այլ շահագրգիռ խմբերի։

Իսկ «Կապույտ գոտին» կլինի համաժողովի պաշտոնական բանակցային տարածքը՝ նախատեսված հավատարմագրված պատվիրակությունների, միջկառավարական մարմինների, դիտորդների, փորձագետների և լրատվամիջոցների համար։ Կապույտ գոտում կանցկացվեն COP17-ի պաշտոնական բանակցային գործընթացները՝ ներառյալ գլխավոր նիստերը, կոնտակտային խմբերի հանդիպումները, բարձր մակարդակի և նախարարական հանդիպումները, թեմատիկ կլոր սեղաններն ու ճեպազրույցները, ինչպես նաև որոշումների նախագծերի քննարկումները, հաշվետվությունների ներկայացումն ու առաջընթացի գնահատումը։

Հուլիս 16, 2026 at 11:04

Մինչև 2030թ․ Հայաստանը նախատեսում է վերականգնել 15 հազար հեկտար դեգրադացված անտառային էկոհամակարգ

Մինչև 2030թ․ Հայաստանը նախատեսում է վերականգնել 15 հազար հեկտար դեգրադացված անտառային էկոհամակարգ

Հայաստանը մինչև 2030թ․ նախատեսում է վերականգնել դեգրադացված անտառային էկոհամակարգերը, ավելացնել անտառածածկ տարածքները և բարձրացնել անտառների դիմակայությունը կլիմայի փոփոխության նկատմամբ։ Այս նպատակներն ամրագրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում։

Հայաստանի ազգային նպատակներն ու թիրախները մշակվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախների հիման վրա, որոնք նախատեսված են կենսաբազմազանության կորստի դադարեցման, վերականգնման և կայուն օգտագործման համար։

Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը ներառում է 5 նպատակ և 30 թիրախ։

Անտառների առնչությամբ, մասնավորապես 2-րդ թիրախը, որը վերաբերում է դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, նախատեսվում է մինչև 2030թ. առնվազն 15 հազար հեկտար դեգրադացված անտառների վերականգնման աշխատանքների իրականացում։  

10-րդ թիրախով նախատեսված է մինչև 2030թ․ վերականգնել անտառային լանդշաֆտները և բարձրացնել դրանց կլիմայական դիմակայությունը՝ կենսաբազմազանության վրա կլիմայական ազդեցությունները մեղմելու և ածխածնի պահեստավորումը խթանելու նպատակով։

Այս թիրախի շրջանակում նախատեսվում է՝

  • ավելացնել անտառածածկ տարածքները 12․500 հեկտարով
  • խթանել անտառային լանդշաֆտների կլիմայական դիմակայությանն ուղղված անտառկառավարումը
  • նվազեցնել համայնքների վառելափայտի պահանջարկը առնվազն 30 տոկոսով։

«Խթանել կայուն անտառտնտեսությունը և գյուղատնտեսությունը» 12-րդ թիրախով նախատեսված է․

  • ներդնել և գործարկել կայուն անտառկառավարման գլոբալ ցուցիչների և չափորոշիչների համակարգը՝ 2026-2029թթ․,
  • խթանել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հիվանդությունների դեմ պայքարի ոչ քիմիական մեթոդների կիրառումը՝ 2026-2028թթ․։

Շարունակելի

Հուլիս 15, 2026 at 12:14

3 միլիոն դրամի տուգանք՝ մթնոլորտային օդի պահպանության խախտումների համար

3 միլիոն դրամի տուգանք՝ մթնոլորտային օդի պահպանության խախտումների համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2026թ․ հունիսի 22-ից հուլիսի 10-ը մայրաքաղաքում և մի շարք մարզերում իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել է մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման 45 դեպք։

Վերահսկողական միջոցառումները միտված էին բացահայտելու հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ) և շինարարական աղբի փոխադրման, ինչպես նաև` շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների չպահպանման դեպքերը։

Արձանագրված 45 իրավախախտման համար նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3 միլիոն 150 հազար դրամի չափով։

Ամենաշատ խախտումները գրանցվել են առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման մասով։ Երևանում արձանագրվել է նման 12 դեպք, Արմավիրի մարզում՝ 13, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 4, իսկ Արագածոտնի մարզում՝ 1 դեպք։

Շինարարական աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտումներ արձանագրվել են Երևանում՝ 5, Կոտայքի մարզում՝ 4 և Արագածոտնի մարզում՝ 1 դեպքով։

Բացի այդ, Կոտայքի մարզում հայտնաբերվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 2 դեպք։

Հուլիս 14, 2026 at 12:21

Թեղուտի հանքը նոր սեփականատեր ունի

Թեղուտի հանքը նոր սեփականատեր ունի

www.azatutyun.am

Մկրտիչ Կարապետյան

Թեղուտի պղնձի, մոլիբդենի հանքավայրը վաճառելու գործարքը ՎՏԲ-ն ավարտել է, հանքն ունի նոր սեփականատեր։ Շուրջ 8 տարի չկատարած վարկային պարտավորությունների դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերն անցել էին ռուսական բանկին։ Գարնանը ռուսական կողմը հայտնել էր, որ մոտ է պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքին։ Հայաստանի բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը վերջերս բանկից ըստ էության ժառանգել է «Թեղուտ»-ի պարտքը ու վաճառել այլ անձի, ում անունը չի հրապարակվում։

Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։

Այս տարվա ապրիլի 22-ին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարեց, թե բանկը պղնձի հանքավայրի վաճառքի վերջին փուլում է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների՝ «Թեղուտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված էր Կոնստանտին Սոկոլովը, ով հայկական բիզնեսում ավելի հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի սեփականատեր։

ՄՊՀ-ն հավանություն է տվել Թեղուտի գործարքին

Հունիսի 11-ին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով է դիմել «Կուպրար ՌԱ» ընկերությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումով (իրավաբանորեն գործընթացը կոչվում է համակենտրոնացման թույլտվություն)։ Հուլիսի 7-ին հանձնաժողովը բավարարել է դիմումն ու թույլատրել է «Կուպրար ՌԱ»-ի ու «Թեղուտ»-ի համակենտրոնացումը։ Հանձնաժողովը չի հրապարակել տեղեկություններ «Կուպրար ՌԱ»-ի բաժնետերերի, ընկերության ակտիվների, հասույթի չափի մասին։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Կուպրար ՌԱ»-ն դեռ չի ներկայացրել իրական շահառուի մասին տեղեկություններ։

Ըստ ռեգիստրի՝ ընկերությունը հիմնադրել է այս տարվա փետրվարին Սերգեյ Վիրաբյանը, ով եղել է նաև ընկերության տնօրենը, վերջինս մինչև հունիսի 5-ը եղել է նաև «Կուպրար ՌԱ»-ի միակ բաժնետերը։ Սերգեյ Վիրաբյանը 2011-2014 թվականներին աշխատել է Կառավարությունում՝ հանդիսանալով «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» ղեկավար։ Նա նաև բանկային համակարգում աշխատանքի փորձ ունի, եղել է «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ դեպարտամենտի տնօրենը, «Արդշինինվեստբանկ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահը, ինչպես նաև «ԱյԴի բանկ»-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրենը։ Վիրաբյանի կողմից հանքարդյունաբերական ընկերություններ ղեկավարելու, բաժնետեր հանդիսանալու մասին տվյալներ չկան։ Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ նա նաև ագրոարտադրությամբ զբաղվող «Էյ սի գարդեն» ընկերության սեփականատերն է։

Վիրաբյանը վերցրել է ՎՏԲ-ի պարտքն ու վաճառել

«Ազատություն»-ը մի քանի հարց ուղղեց Սերգեյ Վիրաբյանին.

«Ազատություն». – Պարոն Վիրաբյան, Դու՞ք եք «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր սեփականատերը։

Սերգեյ Վիրաբյան. – Ոչ։

«Ազատություն». – Բայց «Կուպրար ՌԱ» ընկերության սեփականատերը Դուք եք, այնպես չէ՞:

Վիրաբյան. – Ոչ։

«Ազատություն». – Ըստ որոշ փաստաթղթերի՝ Դուք եղել եք ընկերության տնօրենը, բայց նաև սեփականատերն եք։

Վիրաբյան. – Եղել եմ, ոչ թե հիմա ես եմ։

«Ազատություն». – Մասնակցությունից դու՞րս եք եկել։

Վիրաբյան. – Այո։

«Ազատություն». -Ե՞րբ։ Մեր տվյալները հունիսի են։

Վիրաբյան. – Դրանից հետո։

«Ազատություն». – Իսկ ու՞մ եք փոխանցել բաժնեմասը։

Վիրաբյան. – Դա արդեն գաղտնիք է, չեմ կարող Ձեզ բացահայտել, առևտրային գաղտնիք է։ Ինձ հարցրիք, ես ասացի՝ եղել եմ, փոխանցել եմ։

«Ազատություն». – Այսինքն «Կուպրար ՌԱ»-ն ևս մի անգամ պիտի դիմի հանձնաժողով համակենտրոնացման, քանի որ Դուք դո՞ւրս եք եկել ընկերությունից։

Վիրաբյան. – Չեմ կարող ասել, իրավաբաններն են զբաղվել դրանով, ոչ ես։

«Ազատություն». – Այսինքն՝ Դուք շատ կարճ ժամանակ եք եղել ընկերության սեփականատեր ու տնօրեն։

Վիրաբյան. – Այո, ճիշտ եք։

«Ազատություն». – Դուք հանքարդյունաբերության հետ կապ ունեցող անձի՞ եք փոխանցել Ձեր բաժնեմասը։

Վիրաբյան. – Ես Ձեզ ասում եմ, որ դա չեմ կարող ասել։ Գործարար է։

«Ազատություն». – Կոնստանտին Սոկոլո՞վն է գնորդը։

Վիրաբյան. – Չեմ կարող ասել, առևտրային բաներ եք հարցնում։

«Ազատություն». – Ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչո՞ւ եք վերցրել, հետո վաճառել այլ անձի։

Վիրաբյան. – Դա բիզնես է, ի՞նչ է նշանակում «ինչու եք վերցրել»։

«Ազատություն». – Ըստ էության, Դուք ՎՏԲ-ից «Թեղուտ»-ի պարտքն եք վերցրել, հետո դա վաճառե՞լ եք։

Վիրաբյան. – Այո, այո։

«Ազատություն». – Իսկ այդ պարտքը որքա՞ն է այսօրվա դրությամբ։

Վիրաբյան. – Չեմ կարող ասել։

«Ազատություն». – Դուք այս գործարքներն անձնապե՞ս եք իրականացրել, թե՞ ինչ-որ այլ անձի ներկայացուցիչ եք։

Վիրաբյան. – Ոչ, անձնապես։

«Թեղուտ»-ի նոր բաժնետեր «Կուպրար ՌԱ»-ի գլխավոր տնօրենը հունիսի 9-ից իրավաբան Արտյոմ Գեղամյանն է։ Վերջինս 2014-ին, մի կարճ ժամանակ, եղել է նաև արդարադատության փոխնախարար, Tabia Legal Solutions իրավաբանական ընկերության հիմնադիրն է։ Գեղամյանը նոր մարդ չէ «Թեղուտ»-ում, նա երկար տարիներ եղել է «Թեղուտ»-ի բաժնետեր «Վալլեքս գրուպ»-ի իրավաբանական տնօրենը։

«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ (դոլարով արտահայտված՝ 440 մլն դոլար)։ 2022-ի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ նախաձեռնած հարձակումներից հետո, պայմանավորված պատժամիջոցներով ու լոգիստիկ խաթարումներով, հանքավայրի շահագործումը դադարեցվեց, ապա մաս-մաս վերականգնվեց։ Ընկերությունը 2024-ի վերջին պղնձի խտանյութի արտադրությունը հասցրել էր 88 հազար տոննայի՝ արտահանելով խտանյութը Չինաստան, Ռուսաստան ու Շվեյցարիա։

Հուլիս 13, 2026 at 14:34

Նոր կյանք` հին տեքստիլին – Ecolur

Նոր կյանք` հին տեքստիլին

Սուսաննա Ամիրխանյանը շուրջ 6 տարի առաջ ստեղծել է «ԼԱԹԵ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը տեքստիլի թափոնին երկրորդ կյանք է տալիս՝ ստեղծելով նոր հագուստներ, մինդարներ, խաղալիքներ, նկարներ։ Որոշ քանակ էլ վերամշակում են՝ վերածելով երկրորդային տեքստիլ հումքի։ Այս աշխատանքներում ներգրավված է ավելի քան 30 կին։

«Մեր նպատակն է ցույց տալ, որ տեքստիլի թափոնը ռեսուրս է, տեքստիլի թափոնը, հին հագուստը պետք չէ դեն գցել։ Այդ ամենը կարող է դառնալ շատ գեղեցիկ արվեստի գործ կամ ինչ-որ մեկի համար ֆինանսների հնարավորություն», – նշում է Սուսաննա Ամիրխանյանը, ում բնակարանը վերածվել է տեքստիլի թափոնի հավաքագրման կետի։ Մարդիկ այստեղ բերում են հագուստ, կտոր, կոճակներ, պայուսակներ։

«Լաթե»-ն տարեկան շուրջ 2 տոննա տեքստիլ թափոն է ընդունում՝ այդպիսով կրճատելով աղբավայր ուղղվող տեքստիլ թափոնի ծավալը, որում պարունակվող արհեստական նյութերը վտանգավոր են։ Աջակցության դեպքում «Լաթեն» կարող է տարեկան 25 տոննա տեքստիլի թափոն հավաքագրել։

Այս գործունեությունն ամբողջությամբ համահունչ է շրջանաձև տնտեսությանը, և Սուսաննա Ամիրխանյանն ակնկալում է պետական մարմինների աջակցություն՝ ընդլայնելու և զարգացնելու տեքստիլի վերամշակման իր գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հուլիս 08, 2026 at 15:32

Էլեկտրական ավտոբուսներ, մետրոյի արդիականացում և ջրամատակարարման ցանցի բարելավում՝ Երևանի առաջիկա ծրագրերը

Էլեկտրական ավտոբուսներ, մետրոյի արդիականացում և ջրամատակարարման ցանցի բարելավում՝ Երևանի առաջիկա ծրագրերը

Երևանի քաղաքապետարանում հուլիսի 6-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մայրաքաղաքում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրերը, որոնց թվում են հանրային տրանսպորտի արդիականացումը, էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը և ջրամատակարարման համակարգերի բարելավումը։

Մասնավորապես՝ ՀՀ կառավարության ֆինանսական հանձնառությամբ Երևանի համար հաստատվել է 650 միլիոն դոլարի ներդրումային փաթեթ, որն ուղղվելու է մայրաքաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ենթակառուցվածքների զարգացմանը։ Ներդրումային փաթեթն ուղղված է երեք խոշոր ծրագրերի իրագործմանը։ Առաջին ծրագիրն «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումն է։ Ներդրումային փաթեթի շրջանակում երկրորդ ծրագրով նախատեսվում է արդիականացնել Երևանի մետրոպոլիտենը՝ ավելացնելով շարժակազմը և փոխարինելով ու թարմացնելով ռելսերը, վագոններն ու համակարգի հիմնական ենթակառուցվածքները։ Երրորդ ծրագրով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ: 

Քննարկման ժամանակ նաև կարևորվել է Դալմայի այգիների կառուցումը։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ավարտել բանակցությունները: 

Ջրային համակարգերի բարելավում

Բնապահպանական ենթակառուցվածքների շարքում առանձնանում են նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրերը։

Կառավարության աջակցությամբ Երևանում 29 հասցեներում նախատեսվում է կառուցել կոյուղատար և հեղեղատար համակարգեր։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանորոգել է 4,7 կմ ջրագիծ և շուրջ 2 կմ կոյուղագիծ։ Բացի այդ, ՀՀ Ջրային կոմիտեն իրականացնում է մայրաքաղաքի 118 կմ ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիր, որը ներառում է չորս վարչական շրջան։

Հուլիս 10, 2026 at 11:05

Ապօրինի արդյունահանում Ջերմուկում – Ecolur

Ապօրինի արդյունահանում Ջերմուկում

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Եղնիկի սար» կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

«Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր, առանց լիցենզիայի և թույլտվության, արդյունահանում է բազալտի հանքաքար և այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։

Հուլիսի 8-ին, ապօրինի արդյունահանում կատարելիս, տվյալ հանդամասում ձերբակալվել և Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։ Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են» ,- նշված է հաղորդագրության մեջ։



Հուլիս 10, 2026 at 10:45

Հայաստանում նախատեսվում է վերամշակել էլեկտրական մեքենաների, արևային կայանների և կենցաղային սարքերի մարտկոցները

Հայաստանում նախատեսվում է վերամշակել էլեկտրական մեքենաների, արևային կայանների և կենցաղային սարքերի մարտկոցները

2026թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա «Մել Մետալ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արտաշատ բնակավայրի արդյունաբերական գոտում էլեկտրական ավտոմեքենաների և էլեկտրատեխնիկական կենցաղային սարքերի մարտկոցների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։

«ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել բանեցված կապարաթթվային մարտկոցների արտադրության վերազինման, գործող արտադրության ընդլայնման, ինչպես նաև բանեցված լիթիումային մարտկոցների վերամշակման հոսքագծի տեղադրման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ 

Նախաձեռնությունը ներառում է նոր սարքավորումների ձեռքբերում, որոնք թույլ կտան վերամշակել կապարաթթվային, ինչպես նաև էլեկտրական ավտոմեքենաների, տարբեր էլեկտրական և էլեկտրատեխնիկական կենցաղային սարքերի մարտկոցները։ Այդ նպատակով գործող արտադրական տարածքում առկա մասնաշենքում նախատեսվում է տեղադրել տարբեր տեսակի մարտկոցների վերամշակման երկու փակ հոսքագիծ։ Նոր արտադրամասերում կապարաթթվային, լիթիում-իոնային և այլ կարգի մարտկոցների վերամշակումը և մետաղների առանձնացումը նախատեսվում է իրականացնել մեխանիկական և մագնիսական եղանակով՝ առանց մետաղների վերամշակման և ձուլման գործընթացների։

Հոսքագծերի առավելագույն արտադրողականությունը էլեկտրական մեքենաների և արևային էլեկտրակայանների չոր մարտկոցների ու կուտակիչների համար տարեկան կկազմի մինչև 20 հազար տոննա, իսկ կենցաղային էլեկտրատեխնիկական սարքերի չոր մարտկոցների համար` 8-10 հազար տոննա տարեկան։ Ընդհանուր արտադրողականությունը կկազմի 28-30 հազար տոննա տարեկան։ Սկզբնական փուլում նախատեսվում է վերամշակել 4-6 տոննա էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցներ՝ հետագայում ծավալների ավելացմամբ։

Կապարաթթվային մարտկոցների վերամշակման արտադրողականությունը, ըստ օգտահանված կապարի, նախատեսվում է մինչև 6 հազար տոննա տարեկան։ Ընկերությունը նախատեսում է հավաքել միայն ավտոտրանսպորտային միջոցների կապարաթթվային մարտկոցներ։

Հաշվետվության համաձայն՝ բոլոր տեսակի բանեցված մարտկոցների վերամշակումը նախատեսվում է իրականացնել փակ հոսքագծերում, որոնք տեղադրվելու են փակ շինության մեջ։ Նշվում է նաև, որ լիթիում-իոնային չոր մարտկոցների վերամշակման ընթացքում ջուր չի օգտագործվելու, և արտադրական արտահոսք չի առաջանալու։

Ծրագրի իրականացման տարածքը գտնվում է Արտաշատ քաղաքի արդյունաբերական գոտում, որտեղ գործում են նաև այլ արտադրական կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ և պահեստային տարածքներ։ Մոտակա բնակելի տները գտնվում են ավելի քան 304 մետր հեռավորության վրա։

Գործունեությունը նախատեսվում է իրականացնել «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ին պատկանող արտադրական տարածքում։ Տարածքի մակերեսը կազմում է 1.2346 հեկտար։ Այստեղ առկա են արտադրական, պահեստային և վարչական շինություններ, իրականացվում են գունավոր և սև մետաղների ընդունում, պահեստավորում և վաճառք։ 

Գործող արտադրամասի առավելագույն տարեկան արտադրողականությունը, ըստ վերամշակվող բանեցված մարտկոցների, կազմում է 2000 տոննա։ Այս գործունեության համար ընկերությունը 2022թ․ դեկտեմբերին ստացել է ԲՓ №0192-22 դրական փորձաքննական եզրակացությունը։

Նախաձեռնության շրջանակում ընկերությունը նախատեսում է նորակառույց մասնաշենքի երկու առանձնացված հատվածներում տեղադրել՝

  • էլեկտրական ավտոմեքենաների, տարբեր տեսակի արևային էլեկտրակայանների կուտակիչների և կենցաղային էլեկտրատեխնիկական սարքերի չոր տեսակի մարտկոցների վերամշակման փակ հոսքագիծ
  • կապարաթթվային մարտկոցների վերամշակման արդիական տեխնոլոգիական լուծումներով նախագծված փակ հոսքագիծ։

Ըստ փաստաթղթի հեղինակների՝ նախաձեռնության կարևորությունը պայմանավորված է հանրապետությունում տրանսպորտային միջոցների քանակի նկատելի աճով, հատկապես էլեկտրական ավտոմեքենաների թվաքանակի կտրուկ ավելացմամբ, որի արդյունքում մեծ ծավալներով առաջանում են կապարաթթվային, լիթիում-իոնային և այլ տեսակի չոր մարտկոցներ: 

Հուլիս 10, 2026 at 15:25

Ստեփանավանում կանցկացվեն Արմանիսի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ երկրորդ հանրային լսումները

Ստեփանավանում կանցկացվեն Արմանիսի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ երկրորդ հանրային լսումները

2026թ․ հուլիսի 17-ին Լոռու մարզում կանցկացվեն «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումները։ 

Հանրային քննարկումները տեղի կունենան երեք բնակավայրերում՝ ժամը 12:00-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում, ժամը 14:00-ին՝ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, իսկ ժամը 15:30-ին՝ Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշված է, որ ներկայացված փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Ստեփանավանի համայնքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում)։ Սակայն նախարարության կայքում ՇՄԱԳ հաշվետվությունը հասանելի չէ ներբեռնման համար։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

Իսկ Ստեփանավանի համայանքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է միայն առաջին՝ հունվարին կայացած լսումների մասին հայտարարությունն ու նախատեսվող գործունեության միայն համառոտ նկարագիրը։ 

Հուլիս 10, 2026 at 11:35