Առաջիկա ընտրություններում գործող նախագահին չեն աջակցի

Նոր Զելանդիայի Ֆուտբոլային ասոցացիան (NZF) որոշում է կայացրել չաջակցել Ջանի Ինֆանտինոյին՝ ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում։ Այս մասին հայտնում է կառույցի Մամուլի ծառայությունը։ Միաժամանակ, NZF-ը կոչ է արել անկախ հետաքննություն սկսել, կապված Ինֆանտինոյի այն առաջարկի հետ, որ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը կարելի է վաճառել մասնավոր ներդրողներին։

Նոր-Զելանդական ֆուտբոլային կառույցում գտնում են, որ Ինֆանտինոն իր գործողություններով ու հայտարարություններով խաթարել է վստահությունը եւ խորացրել պառակտումը գլոբալ ֆուտբոլային կառույցի ներսում եւ անհրաժեշտություն է առաջացրել սկսելու անկախ հետաքննություն։ Միաժամանակ՝ կառույցը կողմ է արտահայտվել, որ խստացվի ՖԻՖԱ-ի կառավարման համակարգը եւ վերահսկողությունը, որպեսզի ՖԻՖԱ-ի ղեկավարը ստիպված լինի կառույցի անդամների առաջ էլ ավելի թափանցիկ, հաշվետվողական լինելու, այդ կերպ վերականգնելով վստահությունը։

ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը զգուշացրել է «Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի ռիսկի մասին և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրը ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։

Նա այս հայտարարությունն արել է Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ Ալիևի, «ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ»։

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը չի հետաձգի այս հարցի լուծումը և նշել ՝ «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կարող է անհրաժեշտ լինել, առաջին հերթին, հենց Հայաստանի համար»։ Ալիևը հերթական անգամ բարբաջել է, թե Մեծամորի ատոմակայանը «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»՝ վերահնչեցնելով Բաքվի և Անկարայի համապատասխան ցնդաբանական թեզերը։ «Եթե այս աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Հետևաբար, լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից», – հավելել է Ադրբեջանի նախագահը։

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին և այն հանգամանքին, որ հայ հանրությունը նման տեղեկությունները իմանում է ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ Ալիևի հայտարարություններից, ասում է. «Շատ վտանգավոր է, որ թվացյալ ժողովրդավարության և տեղեկատվական թափանցիկության պայմաններում մենք մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իմանում ենք հարևան բռնապետի հարցազրույցից։
Սա վտանգավոր է թե՛ քաղաքական առումով, թե՛ մեր հանրության դեմ մի քանի կետից, այդ թվում՝ Ադրբեջանից մղվող տեղեկատվական և հոգեբանական պայքարի տեսանկյունից։ Ալիևն առաջին անգամը չէ, որ հայտարարություն է անում Հայաստանի ատոմակայանի մասին, բայց երբեք ՀՀ-ի կողմից չի հնչում համապատասխան հայտարարություն, որ սա միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի։

Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, դա ինչ ռիսկեր է պարունակում, որքա՞ն բաներ միգուցե կան, որ Ալիևը կարող է ասել ու Նիկոլ Փաշինյանին նեղը գցել։ Իրենք ուղիղ գործիքներ են դնում Ալիևի ձեռքում՝ հայ հանրության վրա ներազդելու հարցում։ Դե ՀՀ-ն էլ, ըստ իրենց, առանց Ադրբեջանի որոշման ներքին գործեր չի կարող ունենալ։ Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, ով պետք է լինի մեր եկեղեցու առաջնորդը, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Դրա հնարավորությունը Ադրբեջանի ղեկավարին տվել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի, Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Իսկ առավել ուշագրավ դրվագն այն է, որ Փաշինյանը, ի պատասխան Ալիևի հայտարարության, նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների շուրջ երկկողմ աշխատանք է իրականացվում։ Իր ընկալմամբ, երկկողմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք անում են Հայաստանի հետ․․․»

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները՝ Իրանի դեմ պատերազմում, ըստ Վենսի

Միացյալ Նահանգների համար Իրանի դեմ պատերազմում ներկայումս գլխավոր առաջնահերթություն է հանդիսանում ոչ թե միջուկային ծրագիրը, այլ ամերիկացի սպառողների համար վառելիքի գների նվազեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իր հերթին, Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ անխուսափելի են նոր սանկցիաները Իրանի դեմ, որոնք միտված են լինելու տնտեսապես թուլացնելու Թեհրանին։ Այս մասին հայտնում է Agence France Presse պարբերականը։

Հոդվածում ասված է, որ այն, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նման մեկնաբանություններ են անում, վկայում է այն մասին, որ Թեհրանը շատ լուրջ լծակ է ստացել, փակելով Հորմուզի նեղուցը։ Ամենայն հավանականությամբ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը, որի անթույլատրելիության մասին մշտապես խոսում է նախագահ Թրամփը, արդեն երկրորդ պլան է գնացել՝ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովման համեմատ։

Նիկոլենց ձիով քայլը – Հրապարակ

Նոր սահմանադրության նախագծի տեքստը, ըստ պաշտոնյաների, պետք է հրապարակվեր այս տարվա մարտին: Այնուհետեւ ժամկետը երկարաձգվեց մինչեւ տարեվերջ, ինչը պայմանավորված էր հասարակության արձագանքի անորոշության առումով վախով, քանի որ դժվար էր ընկալելը, թե ինչպիսի բնույթ կկրի այն: Նախագիծը կհրապարակվի այն ժամանակ, երբ Նիկոլը վստահ լինի, որ ԱԺ-ում «մարդագողությունը» հաջողություն է ունենալու, որովհետեւ հրապարակումից հետո անորոշ երկար ժամանակ հարցը բաց պահելը բացասաբար է ազդելու դրսում իր հեղինակության վրա, ինչը, բնականաբար, իրեն ձեռք չի տալիս: Հետաձգումն էլ վկայում է այն մասին, որ իրավապահները դեռեւս չեն կարողացել գտնել «մարդագողության» համար հարմար մի քանի հոգու:

Մի փոքր շեղվեմ թեմայից: Չգիտեի, որ «սրիկայաբար» բառը խորհրդարանում բարեվարքության այն ծայրահեղ խախտումն էր, որը կարող է հանգեցնել Էդգար Ղազարյանի կողմից մանդատ վայր դնելու հարց քննարկելուն: Փաստորեն, այսօր մենք ապրում ենք գերբարեկրթության ժամանակաշրջանում, բայց դրա առումով մինչեւ այս պահը տեղյակ չենք եղել: Բայց ինձ զարմացնում է ոչ թե Նիկոլենց, այլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի արձագանքը: Հարց է ծագում, թե 9-րդ գումարման ԱԺ-ն իսկապե՞ս միտք ունի վերածվելու բարեվարքության բաստիոնի: Ու, որքան էլ զարմանալի հնչի, դրան հավատո՞ւմ է արդյոք Նարեկ Կարապետյանը, որը, ինչպես երեւաց, որոշել է համապատասխան վերաբերմունք ցույց տալ «սրիկայաբար» բառի արտասանմանը: Այլապես ինքը կպատասխաներ, որ ոչ մի խնդիր չի տեսնում դրանում՝ հաշվի առնելով նախընտրական շրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նույն Ռուբինյանի եւ այլ ՔՊ-ականների օգտագործած բառամթերքը:

Իսկ հիմա ասեմ այն, հանուն ինչի կատարվեց այս շեղումը սահմանադրության նախագծի թեմայից: Հեռու լինելով դավադրապաշտությունից՝ չեմ կարող չենթադրել, որ այդ հարցում առկա է մի քանի քայլանի կոմբինացիա: Բնականաբար, մշակված Նիկոլենց կամ հենց անձամբ Նիկոլի կողմից: Որովհետեւ ողջ քարոզարշավը քաղաքական կոռեկտությունից կիլոմետրերով հեռու անցկացրած Նիկոլը միանգամից չէր կարող վերափոխվեր 180 աստիճանով, հատկապես որ չկարողացավ հասնել իր գերնպատակին՝ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ունենալուն: Ուրեմն չէր կարող լինել նաեւ որեւէ հիմք, որպեսզի փողոցային բառապաշարը վերափոխվեր քաղաքակրթականի: Ասվածը նշանակում է, որ որոշում է ընդունվել ինչ-ինչ նպատակով ԱԺ-ում ձեւավորել կեղծ բարեվարքության մթնոլորտ: Մնում է հարցը, թե ինչ նպատակով:

Ահա, այստեղ էլ օգնության է գալու թեմայից մի փոքր շեղվելը: Այդ կեղծ մթնոլորտը պետք է լիներ այն պատրանքային իրականությունը, որը պետք է պարուրեր Նարեկ Կարապետյանին: Այս մի քանի ամիսը բավարար էր, որպեսզի գիտակցեի, թե ինչպիսի բարեկիրթ ու փափուկ բնավորության տեր անձ է նա: Չխաբվենք թեկնածուների մասնակցությամբ կլոր սեղանի շուրջ նրա, այսպես կոչված, տղամարդկային ելույթին: Վստահ եմ, որ մի քանի րոպե այդպես խոսելու համար նա պարապել է բավական երկար ժամանակ: Ես դա բացասական առումով չեմ ասում, ընդամենը արձանագրում եմ այդ անձի խառնվածքը: Եվ այդպիսի ղեկավարի պարագայում Նիկոլենց կողմից պետք է օգտագործվեր Էդգար Ղազարյանի բարձրաձայնած «սրիկայաբար» բառը, ինչը հանգեցնելու է եթե ոչ մանդատի կորստի, ապա առնվազն խմբակցության ներսում տհաճ խոսակցության, ինչն արդեն ճեղք է դառնալու ընդհանրապես ընդդիմության մեջ եւ ինչը վաղ թե ուշ կարող է մեծանալ, ավելի ճիշտ՝ Նիկոլն ամեն ինչ անելու է, որպեսզի այն մեծանա: Իսկ դրանից հետո մի քանի հոգի խմբակցությունից դուրս հանելը կլինի արդեն տեխնիկայի հարց, ինչին հիանալի տիրապետում է Նիկոլը՝ ձեռքում ունենալով անհրաժեշտ բոլոր լծակները:

Կարող է հարց առաջանալ հոդվածի վերնագրի առումով, թե Նիկոլը որտեղից իմանար, որ Էդգար Ղազարյանի առումով կարող էր ծագել նման խնդիր: Նիկոլը, իհարկե, չէր իմանում՝ ինքը ո՛չ Նոստրադամուս (1503-1566) էր, ո՛չ Էդգար Քեյսի (1877-1945) եւ ո՛չ էլ Վանգա (1911-1996) եւ ո՛չ էլ մեկ այլ պայծառատես: Նա պրակտիկ քաղաքական գործիչ է ու, ըստ այդմ, Էդգարին մղեց իրենից դուրս գալուն: Մղեց 2024-ին հայ սակրավորի վերաբերյալ՝ համատեքստից դուրս հանած նրա արտահայտության շուրջ պատմություն սարքելով: Եվ կարթը գործեց, եւ ոչ միայն Էդգարի, այլեւ դրանից առաջ Նարեկ Կարապետյանի առումով, որն Էդգար Ղազարյանի վրա հարձակման ընթացքում ոչ թե պաշտպանեց իր ղեկավարած խմբակցության անդամին, այլ խոստացավ քննարկել հարցը: Այնինչ, ընդամենը պետք է պատասխաներ, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, ու կպատասխանի ճշտելուց հետո:

ՀԳ. Անկեղծ ասած, ես էլ էի մոռացել, թե ինչի մասին է խոսքը, քանի որ իշխանության կողմից Էդգար Ղազարյանին մեղսագրվող խոսքի բովանդակությունը բացարձակ հարիր չէ նրա էությանը: Դիմեցի ԱԲ-ին, ու պարզվեց իշխանական մեղադրանքի մանիպուլյացիոն մեխանիզմը: Մի խոսքով, Էդգարին «փչացնելու» (ներողություն եմ խնդրում նրանից այդ բառն օգտագործելու համար) ձիով քայլը կատարեց իր դերը: Թե ինչով կավարտվի այդ պատմությունը՝ դժվարանում եմ պատկերացնել:

Всё хорошо, прекрасная маркиза – Հրապարակ

Երբ լսում եմ Նիկոլ Փաշինյանին` կառավարության նիստ լինի, դրան հաջորդած բրիֆինգ, թե որևէ այլ առիթ, ամեն անգամ հիշում եմ «Всё хорошо, прекрасная маркиза» Ուտյոսովի հայտնի երգը (ի դեպ, սա ֆրանսիական երգի թարգմանություն է):

Փաշինյանը ծառայի դերում է, մեր ժողովուրդը` մարքիզայի: Երգի մեջ, եթե հիշում եք, ծառան մարքիզային փորձում է ներկայացնել, որ ամեն ինչ հրաշալի է, հետո ի՞նչ որ ձին է սատկել, ձիանոցն ու տունն են հրդեհվել, ամուսինը սնանկացրել է իրեն ու ինքնասպան եղել, այդ փոքրիկ «տհաճ անակնկալներից» բացի` ամեն ինչ հրաշալի է:
Մեր «երգում» ժողովրդի «ծառան» ամեն օր մեզ ասում է` ոչինչ, որ հազարներով զոհեր ու վիրավորներ ենք տվել, Արցախն ենք հանձնել, թշնամու զորքը մեր տարածքում դիրքավորվել է, թշնամուն առանց մի կրակոցի ամբողջական շրջաններ ու միջպետական ճանապարհ ենք նվիրել, գյուղերի միջով պատ ենք շարել, վարելահողերը հանձնել, ականազերծել անվտանգության գոտին ու զիջել թշնամուն, իսկ հիմա արդեն ադրբեջանցի չափագրողներն անարգել մտնում են մեր երկիր ու սահման են գծում, էլեկտրական սյուների տեղորոշում անում, որ մեր ատոմակայանը փակեն ու ստիպեն իրենցից հոսանք գնել:

Ոչինչ, որ Ալիևը մեզ ստիպում է Սահմանադրություն փոխել, Անկախության հռչակագրից հրաժարվել ու պարբերաբար հայտարարում է, որ չկա Հայաստան, այլ կա «Արևմտյան Ադրբեջան»…
Всё хорошо, прекрасная маркиза, ոչինչ, որ քննարկվում է Տիգրանաշենը և Հայաստանից նոր կտորներ ագրեսորին հանձնելու հարցը, և մեր «խաղաղասեր» հարևանն ուզում է դեպի Վրաստան գնացող մեր միջպետական ճանապարհն էլ զավթել (իսկ սրանք ոչ թե դիմադրում են, այլ ահռելի գումարներ են հատկացրել ու շտապ -շտապ շրջանցող ճանապարհ են կառուցում):

Մյուս ոլորտներում էլ` всё хорошо, прекрасная маркиза, հետո ի՞նչ, որ Հայաստանից արդեն քանի ամիս է գյուղմթերք, ծաղիկ, ձուկ չի արտահանվում Ռուսաստան և լիքը մարդ կոցրել է եկամտի միակ աղբյուրը: Իսկ այլ շուկաներ հայկական ապրանքների համար բացելը դժվար գործ է և այս իշխանության խելքի բանը չի:
Հետո ի՞նչ, որ շուտով կարող է ԵԱՏՄ շուկան լրիվ փակվի մեզ համար, կամ թռիչքները` Ռուսաստանից Հայաստան չեղարկվեն, կամ` գազի գինը թանկանա, կամ` հայերին դեպորտ անեն:

Հետո ի՞նչ, որ Ծառուկյանի բիզնեսները խլելուց հետո ոչ մի ներդնող այլևս Հայաստան ոտք չի դնի: Իսկ եթե Ռուսաստանի հետ ավելի լարվեցին հարաբերությունները` զբոսաշրջիկների հոսքն էլ խիստ կնվազի:
Հետո ի՞նչ, որ բուհ դիմողների քանակը 8 տարում 2 անգամ կրճատվել է, ծնելիությունն ընկել է, երեխաների նկատմամբ սեռական և այլ բռնության դեպքերն ու թմրամոլությունն աճել է, բանակում խաղաղ պայմաններում ինքնասպանություններն են շատացել…

Էս բոլորը մանրուքներ են, прекрасная маркиза, ամեն ինչ հրաշալի է, քանի դեռ…ինքը նստած է այդ աթոռին, վայելում ու տնօրինում է բյուջեն, որը մեր բոլորիս հարկերից է ձևավորվում, քանի դեռ բացարձակ կամայականորեն մարդ է նշանակում ու ազատում, ճակատագրեր տնօրինում, արտոնություններ բաշխում…անգամ «արդարադատությունն» ինքն է իրականացնում…

Չէ որ ոչ ձեռքը բռնող կա, ոչ որևէ կառույցից պատժվելու վախ ունի (անգամ Աստծու դատաստանից), ոչ հասարակական վերաբերմունքից է զգուշանում, ոչ մարդկային տարրական ամոթ ու պարկեշտություն ունի, ոչ հայրենիքի համար ցավ ու ափսոսանք է զգում…

Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել

Էդգար Ղազարյանն ասել է, որ ՔՊ-ականները «սրիկայաբար փորձում են շահարկել» զոհված զինվորի հիշատակը։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատգամավորը գնահատական տվեց արարքին («ինչպես են շահարկում»)։ Նա ուղիղ կերպով սրիկա չանվանեց ՔՊ-ականներին, այլ գնահատական տվեց արարքին։ Ինչու՞ ՔՊ-ականների կողմից նման աղմուկ բարձրացավ, որն անսպասելի էր անգամ տեսարանների սովոր հանրության համար։ Սրիկա և սրիկայաբար բառերի մեջ իրավաբանական ու հռետորական նշանակալի տարբերություն կա։ Առաջինը կարելի է համարել մաքուր անձնական վիրավորանք, երկրորդը՝ կոշտ քննադատություն։ Բայց ինչու՞ հենց այս արտահայտությունը դարձավ «թատրոն»։

Թեման զգայուն, չափազանց զգայուն էր ՔՊ-ի համար։ Եթե հիշենք 44-օրյա պատերազմն իր տասնյակ հազարավոր զոհերով ու հաշմանդամներով, անհայտ կորածներով ու գերիներով, եթե հիշենք պարկերում լցված ու անփութորեն գետնին թափված զոհերի հարազատների տառապանքը, ոչ մարտական շրջանում անսպասելի հանգամանքներում զոհվածներին, դա ռումբ էր ՔՊ-ի ոտքերի տակ։ Սա իշխանության համար շատ ավելի ծանր մեղադրանք էր, քան սովորական քաղաքական վիրավորանքը։

Եվ հենց այստեղ է թաքնված իրական տրամաբանությունը։ Ղազարյանի ասածը վիրավորանք չէր, դա կոնկրետ մեղադրանք էր՝ ուղղված իշխանության քաղաքականությանը։ Իսկ մեղադրանքին կա երկու ձև պատասխանելու. կամ հերքել բովանդակությունը (ապացուցել, որ իրենք չեն շահարկում զոհերի հիշատակը), կամ վիճարկել ձևակերպումը («ինչպե՞ս համարձակվեցիք այդպիսի բառ օգտագործել»)։ Երկրորդ ճանապարհն ավելի հեշտ է, որովհետև այն թույլ է տալիս խուսափել բուն հարցից՝ միևնույն ժամանակ մնալով «վիրավորված կողմի» դիրքում։ Սա հայտնի քաղաքական հնարք է. երբ չես կարող հերքել ասվածը, հարձակվում ես ասողի վրա։

Ուստի իշխանության կողմից ընտրվեց երկորդ ճանապարհը՝ արձագանքել, բայց ոչ թե բովանդակությանը, այլ ձևին։ Իշխանությունն անմիջապես զգաց վտանգը և շրջանցեց՝ կենտրոնացնելով հանրության ու ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը վիրավորանքի վրա. տեսեք, տեսեք՝ մեզ վիրավորել է։ Հենց որ քննարկման կենտրոնում հայտնվեց «ո՞վ ինչ բառ օգտագործեց», բնականաբար հետին պլան մղվեց «ի՞նչ է իրականում արվում պատերազմի զոհերի հիշատակի հետ» հարցը։ Իշխանությունն անբարկիրթ անվանեց Էդգար Ղազարյանին՝ շրջանցելով բուն թեման, որը կարող էր խորանալ այնքան, որ վեր հաներ հանրության մեջ կուտակված ողջ լռության աղմուկը։ Մոռացվեց զոհերի հիշատակը շահարկելու գործողությունը։

Բայց այս ռազմավարությունն աշխատում է միայն այն դեպքում, երբ հանրությունը ընդունում է առաջարկված շրջանակը։ Երբ թեման այնքան անձնական և ցավոտ է, դժվար է հասարակությանը համոզել անտեսել բովանդակությունը՝ ձևի հաշվին։ Եվ հենց այստեղ ռազմավարությունը տվեց հակառակ էֆեկտը. նույնիսկ այս դեպքում հանրության գնահատականը առավել քան բնորոշիչ էր։ Հանրությունը կանգնեց Էդգար Ղազարյանի կողքին և, սոցիալական գրառումների գերակշիռ մասը ճիշտ համարեց, որ նա ներողություն չխնդրեց։ Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել… Սոցիալական հարթակում զայրույթ կար «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ, ով ուշ կողմնորոշվեց, բայց և այնպես ճիշտ վճիռ կայացրեց՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրի։ Եվ իրոք, ինչի՞ համար։ Ընդամենը քննադատել է պետական քաղաքականությունը, կանգնել ժողովրդի կողքին։

Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները տարել են Մերձավան. Ինչ է կատարվել

Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի մայրը Հայաստան է վերադարձել առանց ամուսնու և որդու, ովքեր արտերկիր մեկնելուց հետո անհետացել են Մոլդովայում։

«Հրապարակ»-ին Մերձավանից ասացին, որ վերջերս Ախտոյանների մայրը կրկին եկել է գյուղ` ոստիկանների ուղեկցությամբ, մի քանի իրեր վերցրել եւ ոստիկանները նրան հեռացրել են գյուղից։

Մեր զրուցակցի խոսքով` նրան տեղափոխել են այն վայր, որտեղ այժմ պետության հոգածության տակ են գտնվում Գրիգորյանի սպանության ենթադրյալ մեղավորներ Հարությունյանի եւ Օհանյանի ընտանիքները։ Վերջինս` Նարեկ Օհանյանը, Մհեր Ախտոյանի հետ ազգակցական կապ ունի, եւ կասկած կա, Մ.Ախոտյանը եւս խառնված է եղել Գրիգորյանի սպանությունը պլանավորելու գործին։

Թուրք հյուպատոսի գնդակահարությունից մինչեւ Հուդայի մասին վեպ․ մի կյանքի պատմություն


Գուրգեն Յանիկյանի գրական ժառանգությունը վերադառնում է ընթերցողին․ լույս են տեսել վեցհատորյա ժողովածուի առաջին երկու հատորները: Գուրգեն Յանիկյանի անունը հայ ի…

Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու փոխարեն ավելի է վատացրել

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողները մի քանի հարց տվեցին Ռուսաստանի հետ հարաբերություններից, արտահանումների կարգավորումից: Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ «ունքը շինելու տեղը աչքն էլ է հանել»: Մեզ ասացին, որ բրիֆինգում արված որոշ արտահայտություններ ռուսական իշխանություններին զայրացրել են, մանավանդ այն, որ Փաշինյանը փորձում է հայ-ռուսական հարաբերությունների վատացման մեղքը բարդել հայկական ընդդիմության վրա, իսկ Ռուսաստանին ուղղված քննադատությունը կամ անզուսպ խոսքը` ի պատասխան ինչ որ գործարարների կողմից կոնյակի մատակարարումներին միջամտության, ալկոհոլի հետ կապված նոր սահմանափակումներ կիրառելու միտք է առաջացրել Ռուսաստանում: Առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կհայտարարվի այդ մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին ճեպազրույցում ասել էր.

«…ԵԱՏՄ շրջանակում եղած խնդիրները ծագում են Հայաստանում գործող պատերազմի եռագլուխ կուսակցություններից, դա ակնհայտ փաստ է եւ հիմա առավել եւս, որովհետեւ կամ նրանց են ինչ-որ բան խոստացել, կամ իրենք են ինչ-որ բան խոստացել, հիմա էնտեղ կա որոշակի լարում, ես չգիտեմ՝ ով ում ինչ ա խոստացել, բայց ակնհայտորեն էդ խոստումները չեն կատարվել եւ հիմա էդ խոստումների չկատարման պարզաբանումների կոնտեքստում է, որ էս պրոբլեմները առաջանում են, ինչը լուրջ չի….»։

Հայրն անհետացել է, որդուն տարել են հիվանդանոց․ ինչ վիճակում են արմավիրցի տղամարդիկ

Երեկվանից համացանցը ցնցել է արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում է, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած է, չի կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում է, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ Նրանց մասին պատմող տեսանյութ էր հրապարակել «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։

Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ տեսանյութն իրեն է ուղարկել քաղաքացիներից մեկը, ահազանգելով տղամարդկանց՝ անմարդկային պայմաններում գտնվելու մասին։ «Ես անձամբ հաջորդ օրը գնացել եմ Արմավիր, քանի որ ահազանգը եղել է կեսգիշերին մոտ, իսկ ես Գյումրիում եմ բնակվում։ Կեսօրին արդեն տարածքային սոցիալական աշխատողները պետի գլխավորությամբ տեղում էին, շտապ օգնություն էին կանչել և նրանց տեղափոխել էին Արմավիր ԲԿ։ Այնտեղ անալիզներ վերցրեցին, գնահատեցին վիճակը, ասացին, որ ջրազրկված է ու սովամահ վիճակում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ Արմավիր ԲԿ-ում մեզ ստիպում էին որ հանենք, ասում էին տարեք մասնավոր խնամքի կենտրոն։ Ասում էին ընդունարանի աշխատանքը խաթարված է, տեղում անալիզը վերցրել են ու դուրս են գրել։ Մինչև ժամը 16։00 ես էլ եմ եղել հիվանդնոցում, դեռ այնտեղ էին, բայց հետո տեղեկացա որ դուրս են գրել, չգիտեմ թե ուր են տարել»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Տեսանյութում երևացող ընտանիքի դեպքը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Մեր սոցաշխատողը կատարել է տնայց, որից հետո կանչվել է շտապօգնություն, որպեսզի իրականացվի նշված անձանց առաջին բուժօգնության ցուցաբերումը: Այս պահին նշված անձինք գտնվում են հիվանդանոցում, ինչից հետո անհապաղ կտեղափոխվեն խնամքի հաստատություն, որտեղ առաջիկա օրերին կազմակերպվելու է վերջիններիս անհրաժեշտ բուժօգնությունն ու խնամքը, ինչից հետո անդրադարձ կկատարվի նաև վերջիններիս երկարաժամկետ կեցության և սոցիալական վիճակի բարելավման հարցերին»:

Նախարարությունից չհայտնեցին սակայն, թե որ հիվանդանոցում են այս պահին գտնվում տղամարդիկ, նշելով, որ հարցը գտնվում է Առողջապահության նախարարության տիրույթում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ, սակայն կարողացանք պարզել, որ 57-ամյա որդուն Արմավիրից տեղափոխել են Երևան, հիմա գտնվում է Երևանի 8-րդ հիվանդանոցում։
Արկադի Կիրակոսյանը հայտնեց, որ Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունից իր հետ կապ են հաստատել, փորձել տեղեկություն ստանալ տարեց տղամարդու մասին, քանի որ այս պահին նրա գտնվելու վայրը անհայտ է։