Ինչու են հեռուստադիտողները դժգոհ «Գոյամարտ» սերիալից

Հայկական հեռուստաեթերով հեռարձակվող սերիալների մասին շատ է խոսվել. որովհետեւ ասելիք շատ կա ու՝ քննադատական ասելիք։ Ընդհանուր խնդիրները հասկանալի են՝ սցենարից մինչեւ դերասանական խաղ, անկախ այն հանգամանքից, որ արդարացում է հնչում, թե սերիալները գրավիչ ու դիտվող լինելու խնդիր ունեն եւ նկարահանվում են սահմանափակ բյուջեով։ Ամեն դեպքում, մի քանի դիտարկում անենք այժմ հեռարձակվող սերիալներից մեկի օրինակով։
«Արմենիա» հեռուստաընկերությամբ արդեն բավական ժամանակ է՝ հեռարձակվում է «Գոյամարտ» սերիալը։ Ենթադրում եմ, որ բարձր դիտողականություն ունեցող վարկանիշային սերիալ է։ Սցենարը ստանդարտ է՝ ընտանիքների միջեւ հին թշնամություն, անցյալի խնդիրներ, հանցաշխարհի հետ կապված բացասական հերոսի առկայություն, սիրո համար պայքար եւ այլն։ Բացասական հիմնական հերոսը՝ Հունան Մակունցը, ենթադրաբար, Ռուսաստանից բերում ու իր տանն է բնակեցնում սիրուհուն եւ իրենից ու սիրուհուց ծնված դստերը՝ այն տանը, որտեղ ապրում է իր օրինական կինը՝ Իննան։

Ես կարդացի յութուբյան ալիքում գրված մեկնաբանությունները եւ պետք է ասեմ, որ կա դժգոհություն։ Հեռուստադիտողները, ովքեր այդ սերիալը դիտում են՝ ապահովելով նրան վարկանիշ, դժգոհ են պարզ մի բանից՝ այդ արարքի մեջ տեսնում են հասարակության մեջ անբարոյականության սերմանում, ընտանիքի ինստիտուտի դեմ ոտնձգություն ու հարված։ Գուցե մեկնաբանություններն էմոցիոնալ են, գուցե՝ մի փոքր չափազանցված, բայց դժգոհություններն անհիմն չեն։ Ու «Արմենիան», թերեւս իր հեռուստադիտողի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով, պետք է ականջալուր լինի։ Չի կարելի սերիալի դիտելիությունն ապահովելու համար ինտրիգային այնպիսի թեմա խաղարկել, որի հանդեպ լսարանը զգայուն է։ Մանավանդ՝ եթե հայկական հեռուստաաշխարհում դիրքավորվում ես որպես առաջատար, նույնիսկ հավակնում ես մրցակցությունից դուրս հեռուստաալիք լինել, ստեղծել ես սեփական մեդիադպրոցդ, որտեղ նաեւ սցենարական գործ ես ուսուցանում։ Սա լավագույն օրինակը չէ ապագա սցենարիստների համար։ Բացի այդ, ի դեմս բացասական հերոս Հունան Մակունցի կերպարի՝ գործ ունենք չարիքի եւ բացասականության ամենակարողության հետ։ Որքանով է ճիշտ ներկայացնել (խուսափում եմ ասել՝ քարոզել) չարիքի ամենակարողության գաղափարը, որը մարմնավորողը հազար ու մի հանցագործություն է արել եւ անում է ու մարսում։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի բերել հանգուցալուծման՝ չխորանալով սցենարի սխալ ընթացքի մեջ, կամ սցենարը որոշակի կորեկցիայի ենթարկել ու բալանսավորել՝ խուսափելով լսարանի համար նվիրական թեմաները տրորելուց։

Ես մի քանի անգամ փորձել եմ օգնել կանգնեցնել պատերազմը, բայց մեծամտությունը խանգարեց այս մարդուն


Ես մի քանի անգամ փորձել եմ օգնել կանգնեցնել պատերազմը, բայց մեծամտությունը խանգարեց այս մարդուն

Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը:
Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի:

Նարեկ Կարապետյան

Ո՞րն է Փաշինյանի համար ավելի վտանգավոր՝ պատժամիջոցնե՞րը, թե՞ բալեստիկ հռթիռները

Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իր և իր իշխանության համար ամերիկյան վերադասի կարգադրություններն օրենք են, նույնիսկ եթե դրանք կարող են աղետի հասցնել Հայաստանը: Փաշինյանին հարցնում են, թե նա ինչպես է վերաբերվում ամերիկյան կողմի հնչեցրած կարգադրությանը, ըստ որի բոլոր երկրների օդանավակայանները չպետք է ընդունեն և սպասարկեն իրանական օդանավեր, նա պատասխանում է. «Մենք թափանցիկ ենք բոլոր գործընկերների հետ: Հատկապես բարեկամական երկրների պարագայում ասում ենք, որ կանենք առավելագույնը բարեկամ լինելու համար: Բայց կա մի սահման, որն ինքներս չենք կարող անցնել: Դա այն ռիսկի սահմանն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ: Այսինքն՝ քանի դեռ պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկ չկա, մենք մնալու ենք բացառապես բարեկամության տրամաբանության մեջ: Բայց եթե տեսնենք, որ ինքներս ենք ընկնում պատժամիջոցների տակ, ի՞նչ արած, պետք է որոշում կայացնենք»:

Փաշինյանի ասածը հետևյալն է․ քանի դեռ ամերիկացիները թույլ են տալիս, որ մենք բարեկամություն անենք Իրանի հետ, մենք բարեկամություն կանենք, բայց եթե կոշտ հրահանգեն դադարեցնել բարեկամությունը և անցնել թշնամական ռեժիմի, բնական է, որ մենք կենթարկվենք այդ հրահանգին, քանի որ ամերիկյան հրահանգը կարմիր գիծ է, որը մենք չենք կարող անցնել, այլապես կենթարկվենք պատժամիջոցների: Առայժմ Հայաստանն ընդունում է իրանական մի քանի ավիաընկերությունների օդանավեր և երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը դադարեցված չէ:

Բայց սպառնալ կարողանում են և գիտեն ոչ միայն ամերիկյան իշխանությունները: Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցային քաղաքականության, հայտարարել է, որ իրանական ավիացիայի սահմանափակումները կարող են հետևանքներ ունենալ տարածաշրջանում ավիափոխադրումների համար։ «Տարածաշրջանում թռիչքները կամ բաց են բոլորի համար, կամ՝ ոչ մեկի։ Եթե սահմանափակվեն Իրանի թռիչքները և օդանավակայանային ծառայություններից օգտվելու հնարավորությունը, ապա տարածաշրջանի ոչ մի այլ երկիր չի ունենա նման հնարավորություն, – հայտարարել է Մոհամմադ Մոխբերը։ Սրանից ավելի պարզ հնարավոր չի զգուշացնել, եթե դուք պատարաստ եք կատարել ամերիկյան հրահանգները, ապա իմացեք, որ դրանք ունենալու են հետևանքներ, այդ թվում շատ դաժան:
Իրանը ոչ միայն սպառնում է, այլև իրականացնում է իր սպառնալիքները: Բահրեյնի, Քաթարի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն ու հասարակությունները զգացել են իրանական բալիստիկ հրթիռների ուժն ու ավերիչ ազդեցությունը: Նրանք թույլ էին տվել ԱՄՆ-ին զորք և ռազմական տեխնիկա տեղակայել իրենց տարածքում և իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար:

Հիմա Փաշինյանի իշխանությունը փաստացի պետք է ընտրություն կատարի՝ ո՞րն է իր համար ավելի կարևոր կամ եթե կուզեք՝ ավելի վտանգավոր, ամերիկյան վերադասի հրահանգները չկատարելը և ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվե՞լը, թե՞ ամերիկյան վերադասի հրահանգները հնազանդորեն կատարելը և իրանական բալեստիկ հրթիռների հարվածների տակ հայտնվելը: Դատելով Փաշինյանի հայտարարությունից, կարելի է հասկանալ, որ նա արդեն կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ ամերիկյան վերադասի հրահանգը կատարելու, քանի որ համոզված է, որ ամերիկյան հրահանգը չկատարելու դեպքում ինքը կարող է տուժել անձնապես, իրեն կարող են զրկել իշխանությունից և ունեցվածքից, իսկ իրանական հարվածների դեպքում, կարող է տուժել Հայաստանը և հասարակությունը: Իսկ երբ ընտրությունն իր անձնական և Հայաստանի պետական շահի միջև է, Փաշինյանը միշտ նախապատվությունը տալիս է անձնական շահին:

Արդեն նշել ենք, որ ամերիկացիները մտադիր են Իրանը ոչ միայն օդային, այլ նաև ցամաքային շրջափակման ենթարկել, և գուցե հենց դրա համար է իրականացվում, այսպես կոչված․ ԹՐԻՓՓ կոչվող նախագիծը, որի իրական նպատակը հայ-իրանական սահմանը ամերիկյան վերահսկողությանը հանձնելն է, որ ամերիկացիները որոշեն այնտեղով ով անցնի կամ չանցնի: Իսկ երբ այդ սահմանը հայտնվի ամերիկյան փաստացի հսկողության տակ, այն անմիջապես կփակվի Իրանի համար: Դրա համար էլ իրանցի բազմաթիվ պաշտոնյաներ արդեն հասցրել են հայտարարել, որ իրենք ոչ մի ամերիկյան ներկայություն իրենց սահմանին չեն հանդուրժելու:

Հայ հասարակությանը խոստանալով խաղաղություն, Փաշինյանն իրականում Հայաստանը ներքաշում էիր հարևան և բարեկամ երկների հետ հակամարտության և հավանական պատերազմների մեջ: Բայց դա այն գինն է, որ մենք բոլորս վճարում ենք նրա իշխանության դիմաց:

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել․ 2026 թվականին Երկրի բնակչության գրեթե 40%-ը ենթարկվել է գետնամերձ օզոնի չափազանց բարձր կոնցենտրացիաների ազդեցությանը։ Եվ միայն մոտ 5%-ն է ապրել այնպիսի վայրերում, որտեղ դրա մակարդակը, ԱՀԿ-ի առաջարկությունների համաձայն, համապատասխանել է «լավ» կատեգորիային։

Խոսքը մոլորակն ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող օզոնային շերտի մասին չէ։ Գետնամերձ օզոնը տրոպոսֆերայի ստորին հատվածում է՝ մեր շնչած օդում, և թունավոր աղտոտիչ է։
Ընդ որում, ո՛չ ավտոմեքենաները, ո՛չ գործարանների ծխնելույզներն օզոն անմիջականորեն չեն արտանետում։ Այն առաջանում է մթնոլորտում․ տրանսպորտից և արդյունաբերությունից արտանետվող ազոտի օքսիդներն արևի ճառագայթման ազդեցությամբ քիմիական ռեակցիաների մեջ են մտնում ցնդող օրգանական միացությունների հետ։ Որքան շոգ, արևոտ և անհողմ է եղանակը, այնքան ավելի նպաստավոր են պայմաններն այդ գործընթացների համար։
Հետևաբար, փողոցը կարող է բոլորովին սովորական տեսք ունենալ՝ առանց ծխի և բնորոշ հոտի, մինչդեռ օդն արդեն վնասակար լինի։ Օզոնի բարձր կոնցենտրացիաները գրգռում են շնչուղիները, վատացնում ասթմա և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վիճակը, նվազեցնում թոքերի գործառույթը։ Միաժամանակ օզոնը վնասում է բույսերը և կարող է նվազեցնել բերքատվությունը։

Հատկապես ծանր է եղել իրավիճակն Ասիայում․ տարածաշրջանի բնակչության 60%-ը ենթարկվել է օզոնի չափազանց բարձր մակարդակների ազդեցությանը, իսկ «վատ» և «շատ վատ» կատեգորիաները միասին ներառելու դեպքում այդ մասնաբաժինը հասել է 90%-ի։ Հյուսիսային Ամերիկայում «վատ» կամ ավելի վատ որակի օդ է շնչել բնակչության ավելի քան երկու երրորդը, Եվրոպայում՝ մոտ կեսը։ Ամառային ջերմային ալիքներն այստեղ նպաստել են տրանսպորտային և արդյունաբերական արտանետումներից լրացուցիչ օզոնի առաջացմանը։
Սակայն օզոնն ընդհանուր պատկերի միայն մի մասն է։ Եվրոպական «Կոպեռնիկուս» ծառայության պատրաստած CAMS Atmosphere Watch առաջին համաշխարհային ակնարկում ուսումնասիրվել է օզոնի, ծխի և անապատային փոշու տեղաշարժը 2026 թվականի առաջին ութ ամիսներին։ Դրա համար օգտագործվել են արբանյակներից, վերգետնյա կայաններից և օդանավերից ստացված միլիոնավոր դիտարկումներ՝ դրանք համադրելով մթնոլորտի ավելի քան 50 քիմիական բաղադրիչների մոդելավորման արդյունքների հետ։
Գլխավոր եզրակացությունը պարզ է․ օդի որակն այլևս հնարավոր չէ բացատրել միայն ձեր քաղաքում տեղի ունեցող գործընթացներով։

Կանադայի անտառային հրդեհների ծուխն այս տարի հազարավոր կիլոմետրեր է անցել Հյուսիսային Ամերիկայի վրայով, հասել Գրենլանդիա և Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հատել Ատլանտյան օվկիանոսն ու Եվրոպայում բարձրացրել մանր՝ PM2.5 մասնիկների կոնցենտրացիաները։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից առաջ օդի աղտոտվածության մասին նախազգուշացումներ են տարածվել անգամ Նյու Յորքում և Նյու Ջերսիում, թեև հրդեհները դրանցից շատ հեռու էին։

Եվրոպայում Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի խոշոր հրդեհների ծուխը վատացրել է օդի որակը հրդեհներից հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր կիլոմետրեր հեռու։ Հարավարևելյան Ասիայում սեզոնային հրդեհների հետևանքով ծխածածկույթ է ձևավորվել միաժամանակ մի քանի երկրների, այդ թվում՝ Ինդոնեզիայի, Թաիլանդի և Լաոսի տարածքներում։

Ընդ որում, ծուխը միայն տեսանելի մոխրագույն քողը չէ։ Այն պարունակում է մանր մասնիկներ, ազոտի օքսիդներ և ցնդող օրգանական միացություններ։ Վերջին երկուսը հետագայում կարող են մասնակցել գետնամերձ օզոնի առաջացմանը։ Ստացվում է կրկնակի ազդեցություն․ սկզբում օդն աղտոտվում է այրման արգասիքներով, այնուհետև շոգն ու արևի լույսը նպաստում են լրացուցիչ քիմիական ռեակցիաների ընթացքին։

Անապատային փոշին նույնպես կարող է տարածվել մեծ հեռավորությունների վրա։ 2026 թվականին փոշու խոշոր ամպերը Սահարայից բազմիցս տեղափոխվել են Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի Կաբո Վերդե, Կանարյան կղզիներ և Կարիբյան ավազան, իսկ Միջերկրական ծովի վրայով՝ դեպի Եվրոպա։ Երկինքը մշուշոտվում է, մայրամուտները դառնում են տպավորիչ, ավտոմեքենաները պատվում են շիկավուն փոշու շերտով։ Սակայն այդ գեղեցիկ գույների հետ մեկտեղ օդում ավելանում է շնչուղիներ ներթափանցող մասնիկների պարունակությունը»։

Ադրբեջանցի զինվորի Հայաստան մտնելը՝ պատերազմի սադրա՞նք

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում հայ կնոջ ու նրա երեք անչափահաս երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորին երկու ամսով կալանավորել են: Հանրության շրջանում ակտիվ քննարկումների առարկա է դարձել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականի՝ Հայաստանում գտնվելու մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ նա մի քանի օր թափառել է ՀՀ տարածքում, ապա իր մոտ եղած ավտոմատով կրակահերթ է բացել հայ կնոջ ու նրա երեխաների ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ դեռ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունն իրենց տեղեկացրել էր, որ իրենց բանակից զինվոր է փախել ու սահմանն անցել: Այսինքն, տեղեկացված են եղել, որ Հայաստանի տարածքում արդեն քանի օր է զինված ադրբեջանցի զինվորական է շրջում: Իհարկե, այստեղ մի շարք հարցեր են առաջանում, թե այն մասին, որ սահմանները պատշաճ չեն վերահսկվում, թե ԱԱԾ-ն իր գործառույթները չի իրականացնում, և անվտանգային լուրջ սպառնալիքներ կան:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ ադրբեջանցի զինվորականը զորամասից փախուստի է դիմել ու փորձել է հայկական բանկելի տարածքներում պատսպարվել, սակայն իրեն զարմացնում է այն հանգամանքը, որ վերջինս կարողացել է ներթափանցել մեր տարածք՝ 15-20 կմ խորությամբ:

«Ես 30 տարվա մեջ չեմ տեսել, որ դիվերսիան 15-20 կմ խորությամբ ներթափանցի հայկական տարածք: Չեմ բացառում, որ դիվերսիոն խումբ էլ եղած լինի, այս մեկը ճանապարհից շեղված լինի: Դիվերսիոն խումբը սկսում է 5-6 հոգուց: Բայց բանակն այնքան բարձիթողի վիճակում է, որ հակառակորդը երբ ուզում մտնում է, դա խոսում է բանակի վատ վիճակի, բանակում բարդակ լինելու մասին է վկայում»,-ասաց Մախսուդյանը:
Ադրբեջանական կողմն է մեր կողմին տեղեկացնում, որ մեր տարածքում քանի օր է զինված ադրբեջանցի զինվորական է պտտվում, սա նշանակում է, որ մեր սահմանները պատշաճ չե՞ն վերահսկվում: Զինվորականը կարծում է, որ մարտական դիրքերի միջև հեռավորություններն այնքան մեծ են, որ դիրքեր ունենք, հակառակորդը կարող է անցնել՝ չնկատեն:

«Երբևիցե չի եղել, որ հակառակորդը 15-20 կմ խորությամբ ներթափանցեր Հայաստանի տարածք: Այն, ինչ ասում են` խաղաղություն է, խաղաղությունը եկել, տեղ է հասել, տեսնում ենք, որ հակառակորդի, թուրքի հետ երբևիցե խաղաղություն չենք կարող ունենալ: Հակառակորդը կյանքում մեզ հետ խաղաղության չի գնալու, թուրքը մնում է թուրք, նա չի կարող փոխվել իր բնավորությամբ: Ծիրանի ծառը չի կարող խնձորի բերք տալ, թուրքն էլ չի կարող երբևիցե խաղաղ լինել»,-ասաց Մախսուդյանը:

Պահեստազորի գնդապետը չի բացառում, որ այս միջադեպը կարող է ծրագրված սադրանք լինել Ադրբեջանի կողմից՝ պատերազմ հրահրելու համար:

«Չեմ բացառում նաև այս տարբերակը, այն, որ զորավարժություն է անցկացնում՝ դա էլ պատահական չի: Այս զինվորի անցումը Հայաստան ևս կարող է պատահական չլինի, օրինակ, փորձեն հրահրել պատերազմ, պրովոկացիա` Սյունիքի մասով գործողությունների դիմելու համար: Նման բաներ կարող են լինել, մեծ է հավանականությունը: Իրենք միջանցքի հարցը չեն կարողանում լուծել՝ ռուսը դեմ է, փորձեն պատերազմով լուծել այդ հարցը, իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են համերգներով, խնջույքներով, քեֆերով»,- շեշտեց պահեստազորի գնդապետը:
Մախսուդյանը հավելեց, որ ադրբեջանցի այս զինվորականին Բաքու պետք է ուղարկեն միայն մեկ պարագայում՝ նրան պետք է փոխանակեն Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ: Եթե վերջինիս ուղարկեն Արդբեջան, ու դիմացը մեր գերիներին հետ չպահանջեն, նշանակում է, որ այս իշխանությունները Ադրբեջանի կամակատարներն են՝ եզրափակեց Միհրան Մախսուդյանը:

Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախճաշերով»․
Չի կարելի արագ մոռանալ Շաքիի «դեպքը» և իշխանությանը դուրս թողնել խորը վերահսկողության ու պատասխանատվության դաշտից՝ նորից տրվելով նրա թելադրած հերթական նարատիվներին ու օրակարգերին։ Այսօր դա կարող է լինել «աղոթքի նախաճաշը», վաղը՝ մեկ այլ թեմա։ Բայց Շաքին պետք է մնա հանրային ու քաղաքական ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա ոչ միայն կատարվածը, այլև պետության չարածի քաղաքական ամբողջ պատկերը։

Շաքին մեկ ադրբեջանցի զինծառայողի պատմություն չէ։ Այն պետական կարողության թեստ էր, որի վերջում ունենք ամենադաժան արդյունքը՝ զինված ադրբեջանցի զինծառայող, հայկական գյուղ, ընտանիքի տուն, մայր, երեխաներ և կրակոց։ Կառույցները կան, լիազորությունները կան, պաշտոնյաները կան, հաղորդագրությունները կան, ամենը կա, բայց չկա արդյունքը՝ պաշտպանված մարդը։

Անվտանգային համակարգը հենց նրա համար է համակարգ, որ մի օղակի բացթողումը կարողանա փակել մյուսը։ Սահմանին չկանգնեցված վտանգը պետք է հայտնաբերվի երկրի ներսում, ստացված տեղեկությունը պետք է վերածվի սպառնալիքի գնահատման, գնահատումը՝ համադրված գործողության, իսկ գործողությունը՝ պաշտպանության։ Շաքիում այդ շղթայի վերջում եղել է ոչ թե չեզոքացված վտանգը, այլ սեփական տանը զինված ադրբեջանցի զինծառայողի հանդիպած, պատանդառված և գնդակահարված ընտանիքը։
Առավել ծանր է այն, որ ենթադրենք, թե պետությունը, իր իսկ պաշտոնական վարկածով, հնարավոր վտանգի մասին նախապես տեղեկացված է եղել։ Ուրեմն այստեղ խոսքը միայն սահմանային վերահսկողության մասին չէ։ Խոսքը նախապես հայտնի հնարավոր սպառնալիքը կառավարելու պետական կարողության մասին է։ Տեղեկությունը եղել է, որոնումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է, բայց վերջնական արդյունքը եղել է կրակոց հայկական ընտանիքի տանը։

Այստեղ է հիմնական քաղաքական չափանիշը․ անվտանգության ապահովմամբ իսկապես մտահոգ պետությունը նախապես ստացված տեղեկությունը կվերածեր իրական պաշտպանական կարողության, կաշխատեր վատագույն սցենարի հաշվարկով, վտանգի հնարավոր գոտում կբարձրացներ պաշտպանվածության մակարդակը և քաղաքացուն չէր թողնի որպես անվտանգության վերջին օղակ։

Մեզ մոտ ստացվեց հակառակ հերթականությունը՝ նախ վտանգը հասավ մորն ու երեխաներին, հետո պետությունը սկսեց հանրությանը պատմել, թե մինչ այդ ինչ գիտեր այդ վտանգի մասին, իսկ վերջին ակորդը «ֆեստիվառային» քաղաքականության պատանդ գյուղապետի գնահատականներն էին:

Սա այլևս պարզապես վատ հաղորդակցություն չէ։ Սա կառավարման մտածողության խնդիր է։ Օպերատիվ գաղտնիությունն անհրաժեշտություն է, բայց օպերատիվ գաղտնիությունն ու անվտանգային լռությունը նույն բանը չեն։ Երբ պետությունը գիտի հնարավոր զինված ներթափանցման մասին, հանրությունը դրա մասին տեղեկանում է արդեն վտանգի իրացումից հետո, այն էլ ոչ պետական խողովակներով, իսկ պետական բացատրությունը գալիս է որպես կատարվածի մեկնաբանություն, առաջանում է շատ ավելի խոր խնդիր՝ անվտանգության ապահովման փոխարեն պետության համար փաստորեն ավելի կարևոր է բացակայող անվտանգության տեղեկատվական կառավարումը։

Եվ հենց այստեղ է Շաքին միանում այն բանաձևին, որով բնութագրվում է այս կառավարման քաղաքական տրամաբանությունը՝ «ֆեստիվառ»՝ անվտանգության փոխարեն, պոպուլիզմ՝ գիտահեն կառավարման փոխարեն։
«Ֆեստիվառը» այստեղ պարզապես հեգնական բառ չէ։ Դա կառավարման մտածողություն է՝ իրականությունը փոխելու փոխարեն կառավարել դրա հանրային ընկալումը, պետական կարողության պակասը փոխհատուցել լավատեսական պատմությամբ, իսկ քաղաքական արդյունավետությունը չափել հասարակության տրամադրությունները կառավարելու կարողությամբ։

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրայինով Թաթայի համերգ ցուցադրելը, որը կարելի էր համարել ընդամենը խայտառակ խմբագրական որոշում իրականում հանրային ուշադրության և զգացմունքների թեստ էր, բայց հասարակության արձագանքը շատ ավելի կարևոր բան ցույց տվեց՝ մարդիկ մերժեցին իրենց առաջարկված «ֆեստիվառային» իրականությունը։

Շաքիում նույն մտածողությունն արդեն հեռուստաեթերի մասին չէ։ Այստեղ դրա գինը անվտանգությունն է։
Երբ «խաղաղության» մասին խոսքը արտաքին քաղաքական նպատակից աստիճանաբար վերածվում է նաև հասարակության հոգեբանական վիճակը կառավարելու միջոցի, իշխանության համար առաջանում է վտանգավոր գայթակղություն՝ անվտանգ լինելու փոխարեն գերակայություն տալ անվտանգ զգալուն։ Բայց բարձր տրամադրությունը սահման չի պաշտպանում, տոնական եթերը վտանգ չի չեզոքացնում, «խաղաղություն» բառի ամենօրյա կրկնությունը պետական կարողություն չի ստեղծում, սահմանը PR չի կարդում, զինված ադրբեջանցին քարոզչական տրամադրությանը չի ենթարկվում։
Հենց այստեղ է ավարտվում «ֆեստիվառը» և սկսվում պետությունը։

Առանձին ու շատ լուրջ խնդիր է ադրբեջանական նախազգուշացման պատմությունը։ Ես չեմ պնդում, որ այն չի եղել։ Բայց դրա ամբողջական ներկայացման նկատմամբ լուրջ վերապահում ունենալու քաղաքական հիմք կա, որովհետև այդ դրվագը չափազանց հարմար հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի քաղաքական դեմքը փրկելու համար։
Առանց այդ դրվագի քաղաքական պատկերը պարզ է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը զենքով հայտնվել է Հայաստանի տարածքում, հասել հայկական բնակավայր և կրակել խաղաղ բնակչի վրա։ Նախազգուշացման դրվագը փոխում է պատմության քաղաքական շրջանակը․ Ադրբեջանն այլևս միայն այն պետությունը չէ, որի զինված զինծառայողը ներթափանցել է Հայաստան, այն միաժամանակ ներկայանում է որպես Հայաստանին նախազգուշացրած և համագործակցած կողմ։ Փաստը չի փոխվում, փոխվում է փաստի քաղաքական մատուցումը։
Զինված ներթափանցման կողքին կառուցվում է երկու երկրների ծառայությունների «համագործակցության» պատմություն, որը Բաքվին հնարավորություն է տալիս մեղմել միջադեպի քաղաքական գինը և այն ներկայացնել որպես մեկ զինծառայողի արարք, այլ ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների համար ծանր անվտանգային միջադեպ։

Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այս կառուցվածքը քաղաքականապես հարմար է ոչ միայն Բաքվին, այն հարմար է նաև Երևանին։ Բաքուն հնարավորություն է ստանում փրկելու իր քաղաքական դեմքը, Փաշինյանի իշխանությունը՝ իր «խաղաղության» պատկերը։ Զինված ներթափանցումը տեղավորվում է հանգստացնող՝ «տեղեկացրել են, փնտրել ենք, գտել ենք» պատմության մեջ, որից հետո արդեն կարելի է փորձել հնարավորինս արագ փոխել անվտանգային օրակարգը և շարունակել «ապանյարդայինացման» օրակարգը:

Հետևաբար ադրբեջանական նախազգուշացման պատմությունը պետք է ստանա ոչ այնքան օպերատիվ մանրամասների հրապարակային քննություն, որքան քաղաքական ու ինստիտուցիոնալ ամբողջական գնահատական։ Հասարակությունը պետք է հասկանա՝ նախապես հայտնի սպառնալիքի պայմաններում որքանով է աշխատել Հայաստանի անվտանգության համակարգը, ի՞նչ պաշտպանական արդյունք է տվել այդ տեղեկությունը և ինչ պատասխանատվություն է ենթադրում այն փաստը, որ վերջնական արդյունքում վտանգը հասել է հայկական ընտանիքի տուն։ Ոչ թե որովհետև նախապես հայտարարում ենք պաշտոնական վարկածը կեղծ, այլ որովհետև այդ վարկածը միաժամանակ քաղաքական խնդիր է լուծում և՛ Բաքվի, և՛ Երևանի համար։

Իսկ իշխանության համար այստեղ երկու տարբերակն էլ ծանր են։ Եթե ներկայացված պատմությունն ամբողջական չէ, գործ ունենք պաշտոնական տեղեկատվության արժանահավատության խնդրի հետ, եթե այն ամբողջությամբ ճիշտ է, վիճակն ավելի ծանր է՝ Հայաստանը նախապես տեղեկացված է եղել հնարավոր զինված ներթափանցման մասին և այդ տեղեկությամբ հանդերձ չի կարողացել կանխել, որ զինված ադրբեջանցի զինծառայողը հասնի հայկական ընտանիքի տուն և կրակի մոր վրա։

Հետևաբար մեկ զինծառայողի կալանքով այս պատմությունը փակել չի կարելի։ Նրա քրեական պատասխանատվությունը մի հարց է, Հայաստանի պետական համակարգի պատասխանատվությունը՝ մեկ այլ։ Քաղաքական գնահատման առարկան պետք է լինի ամբողջ անվտանգային շղթայի գործունակությունը՝ սպառնալիքի գնահատումից մինչև պետական կառույցների փոխգործակցությունը, բնակչության պաշտպանվածությունն ու ղեկավար օղակների պատասխանատվությունը։ Իսկ այդ համակարգի պատրաստվածության և գործունակության քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հենց դրա համար էլ Շաքին չի կարելի արագ մոռանալ։ Չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը հերթական նոր թեմայով հանրությանը դուրս բերի այս պատմությունից, իսկ մենք մի քանի օր անց արդեն քննարկենք նրա թելադրած հաջորդ օրակարգը։ Այսօր՝ «աղոթքի նախաճաշ», վաղը՝ մեկ այլ «ֆեստիվառ», մեխանիզմը նույնն է՝ փոխել թեման ավելի արագ, քան կհասցնի ձևավորվել պատասխանատվության հանրային պահանջը։

Քաղաքական ընդդիմության, մեդիայի և հանրության խնդիրը հիմա իշխանությանը Շաքիի թեմայով վերահսկողության և պատասխանատվության դաշտում պահելն է, մինչև պետական համակարգի գործողություններն ու բացթողումները ստանան ամբողջական քաղաքական գնահատական։

Ամենավտանգավորը միայն այն չէ, որ զինված ադրբեջանցի զինծառայողը հասել է հայկական ընտանիքի տուն։ Ամենավտանգավորը կլինի, եթե դրանից մի քանի օր անց իշխանությանը հաջողվի մեզ վերադարձնել հերթական «ֆեստիվառ»՝ այնպես, կարծես այդ տունը, այդ մայրը, այդ երեխաներն ու այդ կրակոցը չեն եղել։
Օրակարգը կարելի է փոխել, պատասխանատվությունը՝ ոչ, տրամադրությունը կարելի է կառավարել, իրականությունը՝ ոչ, քարոզչությամբ կարելի է ստեղծել անվտանգության զգացողություն, բայց ոչ անվտանգություն։ Հենց սրանով է «ֆեստիվառապետությունը» տարբերվում Հանրապետությունից։ Հենց սրանով է իր պետության համար պատասխանատու հանրությունը տարբերվում «ֆեստիվառների» բերման ենթարկված վարչական ռեսուրսից»։

Ժողովուրդն ավելի խոր ընկղմվեց կեղծ խաղաղության ու իրական պատերազմի հորձանուտը

ՊՆ Պապիկյան Սուրենի զորամասային և հատկապես ճաշարանային ստուգումներն անհեթեթ քարոզչական ակցիաներ են: Գրեթե նույն բնույթի էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից օլիգարխիական մասնավոր ինքնաթիռի սալոնում «նասկիներ, տապոչկեք կամ լոսյոն» ցուցադրելու պահը: Իշխանության իններորդ տարում Նիկոլենք վարվում են այնպես, ինչպես անում էին իշխանափոխության առաջին ամիսներին: Երբ դեռևս «դուխով» Նիկոլը ֆեյսբուքյան լայվեր էր անում նախագահական պալատից կամ Կոնդի կառավարության առանձնատնից, ցուցադրում էր առանձնատան սանհանգույցն ու խոհանոցը: Ինչը ժամանակին հսկայական ազդեցություն էր թողնում կիսագրագետ զանգվածների վրա: Բայց նրա վարչապետությամբ երկրին պատուհասած այդքան արհավիրքներից հետո նույնը կամ նման բան անելն ընդամենը հիմարության նշան է: Քանի որ վաղուց պատմության գիրկն են անցել թե՛ «դուխով» գրությամբ կեպին և թե՛ դրա ազդեցությունը զանգվածների վրա:

Այսօր մեր ժողովրդի թե՛ գրագետ ու թե՛ կիսագրագետ հատվածներին առաջին հերթին հուզում է անվտանգության խնդիրը: Ինչը գեներացվեց «չշշկռվելիք» գերագույնի հրամանատարությամբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությամբ: Ու ծայրահեղ լարվածության հասցվեց կրկին վերջինիս կողմից ԱԺ ընտրությունների քարոզչության ժամանակահատվածում: Ինչի համար ինքն ամենամեծ պատժի է արժանի իշխանափոխությունից հետո՝ եթե նույնիսկ վերացարկվենք մնացած ողբերգություններից: Որովհետև, ինչը բազմիցս եմ ասել, երբեմնի «դուխով» Նիկոլը, որպես խայտառակ պարտության խորհրդանիշ, ԱԺ քարոզչության օրերին ջարդեց այն ամենի մնացորդը, ինչը ձևավորվել էր Արցախյան հաղթական պատերազմի շնորհիվ: Այսինքն, 100 տարի առաջվա ցեղասպանվածի հոգեբանության աստիճանական վերացմանը հայ մարդու միջից:

Չգիտեմ, գիտակցում էր նա դա, թե ոչ: Եթե գիտակցում էր, ինչն ավելի է ճշմարիտ է թվում, ապա գիտակցորեն փորձում էր ձևավորել խեղճ ու կրակ հավաքականություն: Որը պետք է անմռունչ կրեր բոլոր հալածանքներն ապագա «արևմտյան Ադրբեջանում»: Բայց այդ դեպքում ինքը ևս դժվար թե մնար իր պաշտոնին: Իսկ այդ անձի համար պաշտոնն ու կյանքը գտնվում են նույն հարթության վրա: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ ինքը դա չէր անում գիտակցորեն: Որովհետև նրա ուղեղը մթագնվել էր իշխանությունը կորցնելու սպառնալիքից: Ու ամեն ինչ անում էր դա թույլ չտալու համար՝ առանց հետևանքների մասին մտածելու: Այսօր դժվար է ասելը, թե որ տարբերակն է, այնուամենայնիվ, համապատասխանում իրականությանը: Սակայն հստակ է մի բան՝ նախընտրական քարոզչությունն էլ ավելի խեղճացրեց պարտությամբ խեղճացված ողջ հասարակությանը: Ու առօրեական իրադարձություններից դուրս եկող յուրաքանչյուր դիպված ծանր հարված է հասցնում մարդկանց հոգեվիճակին:

Դրա վերջին դրսևորումը զենքով զորամասը լքած ադրբեջանական զինվորի պատմությունն է: Այն ցուցադրեց, թե որքան վախեցած և անպաշտպան է իրեն զգում հանրությունը, որքան էլ նրա կին անդամը համարձակորեն փորձեր դանակով պաշտպանվել ավտոմատավոր թշնամուց: Ով կմնա թշնամի, քանի Ադրբեջանի ղեկավարը հայատյացություն սերմանող Իլհամն է՝ թեկուզ Նիկոլը վերածվի իսկական խաղաղության աղավնու: Էլ չասած, որ պարտված հարևան երկրի տարածք փախած՝ զորամասը լքած ադրբեջանցին իրեն չի պահում փախստականի նման:
Այդ պատմությունը միաժամանակ վկայեց, որ ադրբեջանական զորամասից փախած մեկ ավտոմատավոր զինվորը Փաշինյանի վարչապետության պատճառով հայաստանյան երկու ռազմական գերատեսչություն՝ ԱԱԾ և ՊՆ, արժե: Այդ պատմությունը նաև հերթական անգամ վկայեց, որ հայաստանյան ուժայինների գաղտնապահությունը քոռ կոպեկի արժեք չունի: Եվ իբր թե հանրությանն անհիմն չանհանգստացելու պրակտիկան ավելի շատ հակառակ ազդեցություն է գործում: Այնպես որ, հունիսի 7-ին կրկին Նիկոլ, բայց այս անգամ «խեղճ ու հարիֆ» Նիկոլ, ընտրելով՝ մեր ժողովուրդը «տեր չեղավ խաղաղությանը», ինչպես վարչապետի աթոռից կառչած անձն էր քարոզում: Այս անգամ ավելի մեծ խորությամբ ընկղմվեց կեղծ խաղաղության ու իրական պատերազմի հորձանուտը:

Վառելիքային ճգնաժամը խորանում է․ ԵՄ-ում անհանգիստ են

ԵՄ անդամ պետությունների դեսպանները արտահերթ հավաք են նախաձեռնել՝ վառելիքային շուկայում, մասնավորապես՝ դիզվառելիքի շուկայում եղած ճգնաժամի խորացման հարցով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, քննարկումները կծավալվեն Համաշխարհային շուկայում դիզվառելիքի շուկայում եղած թանկացումները մեղմացնելուն ուղղված միջոցառումների հետ կապված հարցերի շուրջ։

Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի

Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղ մուտք գործած ադրբեջանցի զինծառայողը կրակել էր 39-ամյա կին բնակչի ոտքին, իր երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը եւս մարմնական վնասվածքներ են ստացել։ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ադրբեջանցի Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել եւ 5 հոդվածով մեղադրանք առաջադրվել։

Ադրբեջանի իրավապահ կառույցների փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևն անհետացել է սեպտեմբերի 26-ին: Արդյո՞ք նա հենց այդ օրն է ներթափանցել Հայաստանի տարածք և 5 օր շարունակ գտնվել այստեղ, հստակ չէ։ Հայաստանի իրավապահներն ադրբեջանցուն հայտնաբերել են միայն հանցագործություն կատարելուց հետո` գյուղից ստացված ահազանգով։

Հայ հասարակությունն այս օրերին քննարկում է ադրբեջանցու հանդեպ քայլերի հավանականությունը եւ հիշում են, թե ինչպես են նախկինում սահմանն ապօրինի հատած և հանցանք գործած ադրբեջանցիները արտահանձնվել Ադրբեջանին, անգամ առանց մեր գերիների հետ փոխանակման։ Մարդիկ այս օրերին մտահոգություն են հայտնում, որ ադրբեջանցու Հայաստան ներխուժման, և անօգնական կնոջ վրա կրակելու հանգամանքը վտանգավոր նախադեպ է: «Հրապարակը» զրուցել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի հետ:

– Ադրբեջանցու ներխուժումից հետո Անգեղակոթում ի՞նչ տրամադրություններ են: Գյուղացիները ի՞նչ են մտածում կատարվածի մասին:

– Մարդիկ այդ փաստը շատ վատ են ընդունել, շատ բարկացած են, բայց դե ունենք այն, ինչ ունենք:

– Ադրբեջանցի զինված տղամարդը կրակել է անօգնական կնոջ ոտքին: Հանցագործը անակնկալի է բերել հայ ընտանիքին: Այս ամենից հետո սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պաշտպանվելու համար: Փաստորեն մեր իրավապահները ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդին:

-Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում:

– Իսկ եթե զինված թշնամիները նաև շան վրա կրակեն: Շուն պահելը բավակա՞ն է թշնամուց պաշտպանվելու համար:

– Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան: Համ էլ ադրբեջանցին հո չի իմացել, որ էդ տանը, որտեղ ներխուժել ա մարդիկ են ապրում: Տեսել ա էդ տան դուռն ա բաց, ըտեղ ա մտել:

– Իսկ ինչպե՞ս է հնարավոր հատել սահմանը, 15-20 կիլոմետր խորանալ ու աննկատ մնալ:

– Սարեր ա լրիվ: Ինչ կարգի էլ, որ զգոն լինես, տարբեր խնդիրներ կան: Մառախուղ ա, հազար ու մի հարց: Փոսեր կան, զինվորը ուշ ժամերին կարա էդ փոսերով գա մտնի հայկական սահման: Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու:

– Այդ ադրբեջանցի զինվորը մի քանի օր շարունակ կարողացել է հայաստանյան իրավապահներին մատների վրա խաղացնել, մինչև որ ի վերջո կրակել է հայ կնոջ վրա ու նոր բռնվել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Թաքնվելու շա՞տ տեղեր կան ձեզ մոտ:

– Իրավապահները մի քանի օր թռչող սարքերով, «ռազվեդչիկներով» լավ սանրել են տարածքը, բայց ոչ մի հետք չեն գտել, մտածել են Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում: Ես կարծում եմ, որ Շաքի գյուղը հատուկ չի ընտրել, ուղղակի դա է մոտ եղել, չնայած Շաքիից վերև ուրիշ ավելի մոտիկ գյուղ էլ կա: Միգուցե դրա տեղը չի իմացել: Կամ էնտեղ փակ դուռ չի գտել: Սահմանամերձ գյուղերում պետք ա բոլորը շուն պահեն: Վախենալ պետք չի ամեն դեպքում: Կարա ադրբեջանցի չլինի, ուրիշ խուլիգան լինի, պետք ա զգոն լինել միշտ: Դռները փակ պահել ու շուն պահել:

– Իսկ ի՞նչ կասեք այն պնդումների մասին, որ Ադրբեջանի հետ վերջապես խաղաղություն է հաստատել Հայաստանը, և ադրբեջանցի զինվորի արարքը կապ չունի Ադրբեջանի վարած քաղաքականության հետ:

– Ամեն դեպքում մի հատ թուրքի լակոտի պատճառով չի կարելի հարաբերություններ փչացնել, մանավանդ, որ հիմա էն տարբերակն ա գնում, որ ուզում են խաղաղություն հաստատել: Մի հատ լակոտ փախել, եկել ա, հո չենք սարքելու քաղաքական հարց ու կապենք միջազգային հարցերի հետ: Թե չէ մեր բանակը ինչ անի: Մեր զինվորներն էլ որ ուզեն, Ադրբեջանի սահման կանցնեն: Էդ լակոտը անիմաստ իր կյանքը վտանգեց:

– Նման դեպքեր հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցի ներխուժեր ՀՀ տարածք:

– Ես սա ներխուժում չեմ էլ համարում: Մի հատ լակոտ մի բան ա արել: