Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել

«Հրապարակի» հետ զրույցում Շաքիի հարևան բնակավայրի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը մի արտահայտություն էր արել, որը բավականին աղմուկ բարձրացրեց։ Ասել էր․ «Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում: Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան»։

Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը նեղվել է այն փաստից, որ այս արտահայտությունը լայն տարածում է գտել եւ ինքը դարձել է ծաղրի ու վիրավորանքների թիրախ, իր հասցեին վիրավորական գրառումներ են տարածում: Եւ ուզում է պարզաբանել, որ նման արտահայտություն անելով ինքը նկատի է ունեցել ոչ թե սահմաններն ու դիրքերը դատարկ ու անվերրահսկելի թողնել եւ դրա փոխարենը շուն պահել, այլ իր խոսքը վերաբերվել է գյուղացիներին, ովքեր շուն պահելով իրենց ու իրենց ընտանիքների անվտանգությունը կարող են ապահովել:

Սակայն իր դեմ ատելության մեծ ալիք է ուղղվել․ «Քֆուր, քյաֆար, ծաղրի առարկա են սարքել: Մի խելացի միտքը կարելի է վերածել ծաղրուծանակի։ Ես ծառայել եմ 1985-1987 թթ-ին, Գերմանիայում: բազմաթիվ դեպքեր են եղել, երբ զինվորները փախուստի էին դիմում ու մի պրիմիտիվ քայլ էին անում՝ դիմում էին շուն վարժեցնող գերմանացիներին, շունը հոտոտում էր անկողնու վերմակն ու բարձը, ու հետո այդ շան միջոցով հայտնաբերում էին փախուստի դիմած զինվորին: Հիմա այս դեպքում ադրբեջանցիներն ասել էին, որ հնարավոր է ձեր սահմանն անցած լինի: Այդ խնդիրը ընդամենը մեկ ժամում կարելի էր լուծել ու այդ շունն այնքան արագ այդ թուրքին կբռներ, որ այդ թուրքը չէր հասցնի որևէ բնակավայր մտնել: Հայտնի նյութում ես խոսել եմ սահմանների մասին, ասել եմ, որ այդ հատվածում սարեր են, ձորակներ, քարքարոտ տեղեր, ականապատված են այդ տարածքները, բայց դե եսիմ, ոնց է դրա բախտը բերել: Կարող է մառախուղ է եղել, անցել է՝ չեն նկատել»,- ասում է Մարկոսյանը:

Նույնիսկ զենք ունեցող գյուղացին անպաշտպան է թշնամու առաջ, որովհետև քնած վիճակում չի կարող դիմակայել թշնամուն, իսկ շան առկայության պարագայում, շունը հաչալով կզգուշացնի տիրոջը՝ մոտեցող վտանգի մասին: Մարկոսյանին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ 1995 թվականից համայնքի ղեկավար է և վիրավորանքների ու ծաղրանքի թիրախ է դարձել հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր իրեն բացարձակապես չեն ճանաչում: «Մարդ եմ, կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել, հո ես պետական եսիմ ինչ խոշոր չինովնիկ չե՞մ, պաշտպանության նախարար չեմ, որ այդ կարգի հարձակում են սկսել իմ դեմ: Ես իմ բնակավայրի պատասխանատուն եմ, իմ բնակավայրն այսօր ծաղկում է, իմ բնակավայրում ոչ շինարար կարող եք գտնել ազատ, ոչ վարչապետ, որովհետև այնքան շատ է գործը, բոլորը աշխատում են՝ մեկ էլ սովետի ժամանակ է այդպես եղել: Ես ունեմ երկու շուն տանը, նույնիսկ իմ եղբայրը, որ մեր գյուղի բնակիչ է, մինչև ես չգամ՝ մեր տուն մտնել չի կարող: Ես մարդկանց տրամաբանության վրա եմ զարմանում, ինչպե՞ս են ընդունել: Իսկ վատ կլինի՞, որ սահմանապահն ունենա վարժեցրած շուն իր կողքին, շան հոտառությունը 10,000 անգամ ուժեղ է մարդու հոտառությունից, տեսողությունն էլ, լսողությունն էլ անհամեմատ ուժեղ են»,-ասում է Մարկոսյանը:

Վերջինս շեշտում է, մասնակցել է թե քառօրյա, թե 44-օրյա պատերազմներին, ռազմական գործողություններին մասնակցելու համար մեդալներ է ստացել ու իր ասածի ամբողջ իմաստն այն է եղել, որ հատկապես վարժեցրած շների առկայությունը կարող է նախազգուշացնող գործառույթ կատարել, ինչպես նաև արդյունավետ որոնողական աշխատանքներ իրականացնել, ինչի շնորհիվ հնարավոր է արագ հայտնաբերել ներխուժած թշնամուն ու կանխարգելել հնարավոր վտանգները, որ կարող է լինել:

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

ԱԺ-ում թեժ բանավեճ ծավալվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև՝ եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովի իրավական հիմքերի շուրջ։

Գրիգորյանը, դիմելով Ռուբինյանին, նախ քննադատեց նրա՝ հայերենի իմացության շուրջ նախկինում հնչեցված շեշտադրումները՝ հակադրելով լեզվական գիտելիքը իշխանության կառավարման արդյունքներին։

«Ձեր հայերենի գերազանց իմացությունն ի՞նչ նշանակություն ունի, եթե ձեր կառավարման տարիներին Արցախը հանձնվել է, իսկ ադրբեջանցին գալիս ու վնասում է մեր հայրենակցին»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Այնուհետև Գրիգորյանն անդրադարձավ օրակարգում ընդգրկված՝ եկեղեցու ներքին հարցերին առնչվող քննիչ հանձնաժողովի թեմային։ Նրա գնահատմամբ՝ նման հանձնաժողովի ձևավորումը հակասում է Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը, քանի որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։

Ընդդիմադիր պատգամավորը պահանջեց իշխանությունից հիմնավորել, թե իրավական ինչ հիմքով է Ազգային ժողովը քննարկում եկեղեցու ներքին հարցերը։ Նա վկայակոչեց կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության համապատասխան դրույթը, ըստ որի՝ եկեղեցին անջատված է պետությունից, իսկ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին։

Գրիգորյանի խոսքով՝ այդ պայմաններում եկեղեցու ներքին հարցերի ուսումնասիրության նպատակով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի գործունեությունը դուրս է Ազգային ժողովի իրավասության շրջանակից։

«ԱԺ-ի ո՞ր իրավասության մեջ է մտնում եկեղեցու ներքին հարցերի քննարկումը»,- հարցրեց նա։

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ԱԺ ամբիոնից կոշտ ուղերձ հղեց իշխանական պատգամավորներին՝ հայտարարելով, որ իշխանության կողմից սահմանված «կարմիր գծերի» հատումը ընդդիմության կողմից համապատասխան արձագանք է ստանալու։

Գևորգյանը, մասնավորապես, հորդորեց խորհրդարանի ամբիոնը չօգտագործել այնպիսի հայտարարությունների համար, որոնց հետևանքների համար հետագայում ստիպված չեն լինի պատասխանատվություն կրել։

Պատգամավորը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին նույնպես անդրադարձավ խորհրդարանում ստեղծված իրավիճակի համար։ Նրա խոսքով՝ թե՛ տեղի ունեցող գործընթացների, թե՛, իր բնորոշմամբ, իշխանության ցուցադրած կեղծ բարեկրթության պատասխանատուն հենց խորհրդարանի նախագահն է։

Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցած դեպքերին՝ ընդդիմադիր պատգամավորը դրանք որակեց Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից «կարմիր գիծ»։ Միաժամանակ նա քննադատեց իշխանությանը՝ նշելով, որ անվտանգության և սահմանների պաշտպանության հարցերին առաջնահերթություն տալու փոխարեն ՔՊ-ն զբաղված է, իր գնահատմամբ, եկեղեցու շուրջ ձևավորված կեղծ հակասահմանադրական օրակարգով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը իշխանական պատգամավորներին կոչ արեց ուշադրություն դարձնել երկրի անվտանգությանը և պետական պաշտոնյաների գործողություններին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն ու հասարակությունը չեն կարող անտեսվել։

«Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է, կեղծ բարեկրթույան ու, ընդհանրապես, ինչ կատարվում է, պատսխանատվությունը ձեր վրա է»,- ասել է նա:

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը վերագրեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ քննադատելով նրա վարքագիծն ու նիստը վարելու մոտեցումները։

Ղազարյանի խոսքով՝ նիստը նախագահող անձից էապես կախված է խորհրդարանի աշխատանքային մթնոլորտը, մինչդեռ Ռուբինյանի գործողությունները, իր գնահատմամբ, ոչ թե նպաստում են իրավիճակի հանդարտեցմանը, այլ հակառակը՝ ավելացնում են լարվածությունը։

Պատգամավորը հատկապես անդրադարձավ իր ելույթն ընդհատելու հանգամանքին՝ հարց բարձրացնելով, թե ինչու էր անհրաժեշտ միջամտել իր խոսքին և ինչն էր պատճառը, որ իր ելույթը խանգարում էր նիստը նախագահողին։

Ղազարյանը նաև արձագանքեց Ռուբինյանի կողմից իրեն արված՝ Սամվել Կարապետյանի հետ «թելադրություն գրելու» վերաբերյալ դիտարկմանը։ Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ այդ արտահայտությունը որևէ առնչություն չի ունեցել իր բարձրացրած հարցի հետ և այն համարեց իրավիճակն ավելի սրող քայլ։

Նա նաև սուր հեգնանքով անդրադարձավ ՔՊ խմբակցությանը՝ Ռուբինյանին առաջարկելով, եթե ցանկանում է թելադրություն գրել, նախ ստուգել՝ արդյոք իր խմբակցության բոլոր անդամները տիրապետո՞ւմ են հայերենին և կարողանո՞ւմ են նման աշխատանք կատարել։

«Թելադրությո՞ւն ես ուզում գրել, գնա տես խմբակցությանդ մեջ հայերենի տառերը բոլորը գիտե՞ն»,- նշել է նա:

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի Շեյխ Շամիլի անվան ավագ դպրոցում տեղի է ունեցել արտակարգ դեպք, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Աշակերտուհիներից մեկը դանակով հարձակվել է իր դասընկերների վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հինգ աշակերտ վիրավորվել է։

Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մնացած բոլոր աշակերտները տարհանվել են դպրոցից։

Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 8:40-ին տեղի ունեցած միջադեպը պայմանավորված է աշակերտների միջև ծագած վեճով։

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։

Ավելի վաղ Մանիսա նահանգի Թուրգութլու քաղաքում անհայտ զինված անձը կրակ է բացել մասնագիտական ​​ավագ դպրոցի մոտ՝ վիրավորելով չորս աշակերտի։

Փաստորեն, լավ լուր էլ կա

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքը, ըստ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի, այս պահին չի կարելի դիտարկել որպես Ադրբեջանի կողմից կազմակերպված ներխուժում։ Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հատել սահմանը՝ ինքնակա՞մ է լքել դիրքը, թե՞ պարզապես մոլորվել է։

Ռուբինյանը հիշեցրել է, որ դեռ 1990-ականներից տարբեր ժամանակներում եղել են դեպքեր, երբ երկու կողմերի զինծառայողներ տարբեր պատճառներով հայտնվել են հակառակ կողմի տարածքում։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներում, հատկապես վերջին շրջանում՝ հաստատված խաղաղության պայմաններում, կողմերը սովորաբար միմյանց փոխանցել են նման զինծառայողներին։

ԱԺ խոսնակը, սակայն, ավելի հակված է կարծելու, որ այս դեպքում գործ ունենք դասալքության հետ։ Միևնույն ժամանակ նա բացառել է դիվերսիայի տարբերակը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել է հայկական կողմին իր զինծառայողի անհետանալու մասին:

Լավ լուրն այն է, որ մենք գործ չունենք Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ»,- ասել է նա:

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական մեդիայում արած գրառմամբ հայտնել է, որ Թուրքիան արտահանման ոլորտում գրանցել է ռեկորդային ցուցանիշներ: Տարվա առաջին ինը ամսում արտահանումը հասել է 211 մլրդ դոլարի, ինչը 5.2%-ով գերազանցում է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Էրդողանը շեշտել է այն իրողությունը, որ չնայած տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմներին և ճգնաժամերին, Թուրքիան շարունակում է առաջ շարժվել զարգացման և աճի իր ուղով:

«Մենք հասել ենք պատմական հաջողության՝ գերազանցելով արտահանման ռեկորդը 2026 թվականի առաջին հինգ ամսում։ Մեր տարեկան արտահանումը հասել է մինչ օրս ամենաբարձր մակարդակին՝ 287.3 մլրդ դոլար»,- գրել է Էրդողանը։

Ըստ Էրդողանի՝ սեպտեմբերյան արտահանումը ևս հասել է ռեկորդային մակարդակի։
«Սեպտեմբերին մենք հասել ենք Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սեպտեմբեր ամսվա ամենաբարձր արտահանման ցուցանիշին՝ 26 մլրդ դոլար»։

Ըստ A Haber-ի, որին վկայակոչում է Ermenihaber-ը, հրապարակած վիճակագրության՝ Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 24.8%-ով։ Ներկայումս այն կազմում է 5.232 մլրդ դոլար: Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը նախկինում կազմում էր 76.4%, իսկ այժմ՝ 83.2%: Ընդհանուր աճը կազմել է 6.8%:

Ծառայողական քննություն կսկսվի․ ում է սպառնում Ռուբինյանը

Ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք «փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ» ու «մասնակցել միջադեպին»

Այս մասին հայտարարել է Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ում սադրիչ պահվածքի պատճառով խորհրդարանում կրքերն այսօր շիկացան եւ պատգամավորները գործի դրեցին բռունցքները։

Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու

Փաշինյանն ինքն է իրեն հասցրել այն վիճակին, որ այսօր մի բառ անգամ չի կարող ասել Շաքիի ողբերգական դեպքի մասին։ Ի՞նչ ասի, ո՞նց ասի, որ Ադրբեջանը չբարկանա։ Շաքիի ողբերգության մասին չի խոսում ոչ թե որովհետև չգիտի՝ ինչ ասել, այլ որովհետև վախենում է՝ ասածի գինը իշխանության պահպանման համար վտանգավոր լինի։ Ձևը գտել է․ դեպքից մի քանի օր հետո իր նազիր-վեզիրներին հրահանգել է հեռվից մոտենալ հարցին։ Երեկ, օրինակ, Պետրոսը Նարեկ Կարապետյանին մոտավորապես այսպիսի բան էր ասում․
-Որ ադրբեջանցուն չհանձնենք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու։ Պատասխանատվություն վերցնո՞ւմ եք։

Այսինքն՝ ողբերգության մեջ առաջին հարցը ոչ թե այն է, թե ինչ է եղել մեր քաղաքացիների հետ, այլ՝ ինչ կլինի, եթե ադրբեջանցուն չհանձնենք։ Փաստորեն Փաշինյանը Պետրոսի բերանով խոսում է։

Արամ Սարգսյանն էլ նույն աշխատանքը կատարում էր ավելի դրամատիկ ձևով՝ ադրբեջանցի զինվորին, հավանաբար, սեռական բռնության են ենթարկել։
Մյուսների մասին էլ չասեմ։

Իսկ մոր՝ երեխաների աչքի առաջ գնդակահարվելու, մի ամբողջ ընտանիքի ահաբեկման, մարդկանց կրած ֆիզիկական ու հոգեբանական տառապանքի մասին՝ լռություն։

Որովհետև խնդիրը ժողովուրդը չէ։ Խնդիրը Փաշինյանի իշխանությունն է։

Նա հիմա ոչ թե ժողովրդին է պաշտպանում հնարավոր հետևանքներից, այլ ինքն իրեն՝ քաղաքական հետևանքներից։ Աթոռը հանկարծ չկորցնի։ Ոչ թե մտածում է՝ ինչպես պաշտպանել այդ ընտանիքի արժանապատվությունը, այլ՝ ինչպես չփչացնել իր խաղաղության հեքիաթը։ Ոչ թե՝ «Ի՞նչ եղավ մեր քաղաքացիների հետ», այլ՝ «Ի՞նչ կասի Ադրբեջանը, եթե սա բարձրաձայնենք»։
Նրա գործողությունների տրամաբանությունը պարզ է․

Ադրբեջանին չնեղացնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Խաղաղության միֆը չփլեցնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Հասարակությանը վախեցնել՝ իշխանությունը չվտանգելու համար։
Ու դա պիտի անեն իր նազիր-վեզիրները։

Ադրբեջանցուն պետք է հնարավորինս արագ կարմիր բանտիկով փաթեթավորել ու հանձնել, որպեսզի Փաշինյանի իշխանությունը անվտանգ մնա։

Ի վերջո, նա հասել է այն վիճակին, երբ խաղաղությունը պահպանելու անունով ստիպված է առաջին հերթին սեփական իշխանությունը պահպանել։ Նրա համար այսօր ամենավտանգավորը ոչ թե այն է, ինչ կարող է պատահել ժողովրդին, այլ այն, ինչ կարող է պատահել իր իշխանությանը։

«Ովքե՞ր են Սրբազանի մասին խոսում»

ԱԺ-ում հերթական բանավեճն է ծավալվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև՝ եկեղեցու և հոգևորականների քաղաքական գործունեության թեմայով։

Ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությանը, քննադատել է իշխանության ներկայացուցիչների գնահատականները Սրբազանի վերաբերյալ։

Վարդևանյանը հայտարարել է, որ Սրբազանի մասին նման գնահատականներ են հնչեցնում այն մարդիկ, որոնք, իր պնդմամբ, նախկինում մի քանի կարգալույծ հռչակված հոգևորականների ուղղորդել են Վեհարանի դռները ջարդելու գործողություններին։

Նշենք, որ Արման Եղոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետության բարձր դաս ունեցող արքեպիսկոպոսի կողմից քաղաքական շարժում սկսելը և այն «Սրբազան» անվանելը խնդրահարույց է։