«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը, որը 2021թ. ընտրություններին աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի թիմին եւ ակտիվ քննադատում էր իշխանություններին, ճամբարափոխ է եղել եւ հունիսի 7-ի ընտրություններին Սոթք համայնքում լծվել իշխանության օգտին ձայներ հավաքելու գործին։ Տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին Վարդենիս խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններն են նշանակված, եւ Հակոբ Ավետյանն այս ընտրություններին կրկին ՔՊ-ի օգտին է աշխատելու, եւ չի բացառվում, որ իր թեկնածությունը եւս առաջադրի:

Հակոբ Ավետյանին հարցրինք՝ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Չէ, հաստատ՝ չէ: Քաղաքական դաշտ չեմ ուզում մտնել: Նամանավանդ՝ ընտրությունների ժամանակ իմ մոտ բերքահավաք է լինելու, ես իմ բերքահավաքով կզբաղվեմ»:

– Պարոն Ավետյան, հունիսի 7-ին Սոթքում՝ ընտրությունների ժամանակ, փորձում էիք հարյուրավոր զինվոր ներս տանել ընտրատեղամաս, որ ՔՊ-ի օգտին քվեարկեին: ՔՊ-ն Ձեր արարքի դիմաց կարծես թե վարձահատույց չեղավ` պաշտոն չստացաք: Ակնկալիք ունեի՞ք ՔՊ-ից, որ այդպես լծվել էիք ՔՊ-ին սատարելու գործին:
– Եթե ինձանով հետաքրքրվեք, կզգաք, որ ես բոշա մարդ չեմ, որ ինչ- որ բանի դիմաց ինչ-որ գործողություն անեմ, բացառապես: Եթե ես որոշում եմ, որ այդպես է պետք, ես անում եմ: Նույնիսկ եթե ինձ որեւէ բան առաջարկեն, ես ինձ վատ կզգամ, դա կդառնա, որ փողով ծառայություն եմ անում: Ես իմ տնտեսությունն ունեմ, ես կարում եմ գումար վաստակել: Ասեմ՝ ինձ առաջարկել են պաշտոն, եւ ես հրաժարվել եմ, ասել եմ, որ կաբինետային գործ չեմ ուզում:

– Հունիսի 7-ի ընտրություններից հետո՞ են առաջարկել:

– Հարցրել են, ասել են՝ ի՞նչ կուզես, ասել եմ՝ ոչ մի կաբինետային գործ, ես որեւէ ակնկալիքով չեմ արել, ինձ ճանաչողներն էլ այդ հարցում վստահ են:

– Ամեն ընտրություններին մի նոր կուսակցության եք սատարում, ՏԻՄ ընտրություններին հնարավո՞ր է «Ուժեղ Հայաստանին» սատարեք, եթե նա թեկնածու ունենա:

– Ես ոչ մեկի հանդեպ ո՛չ պարտավորվածություն ունեմ, որ ասեմ՝ ստիպված գնացել եմ այդ քայլին: Բայց իմ մոտ կա սկզբունք, երբեւիցե մեկի մոտ էն կարգավիճակի մեջ ինձ չեմ պահում, որ ասեմ՝ իր հանդեպ պարտական եմ: Ես միշտ ազատ կողմնորոշվելու իմ դիրքը պահում եմ, զգում եմ, որ այդ պահին ճիշտը դա է՝ անում եմ: Պատերազմից հետո ես մտածեցի, որ դրանով գնում ենք երկիր փրկելու: Եթե տեղյակ չեք, ես Փաշինյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել մինչեւ 2021 թիվը, բայց 21 թվին այս ամենի վրա խաչ քաշեցի եւ ասեցի, որ ես գտնում եմ, որ մեզ լավ բանի չի տանում, մենք պետք է լրիվ ուրիշ կուրս ընդունենք, գնում ենք երկիր փրկելու: Այստեղ շահի հարց չի: Եթե ես ուզենայի պատգամավոր լինել կամ ցանկացած բարձր դիրք, մեկից մեկ էր, որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնը ունենալ, հաստատ՝ դա կունենայի: Ես աջակցելու եմ ՔՊ-ին առանց որեւէ ակնկալիքի: Ընտրություններից հետո էլ շատ մարդիկ մտածում էին, որ դա անում եմ ինչ-որ պաշտոն զբաղեցնելու համար, բայց հունիսի 8-ից հետո ես զբաղվում եմ իմ դաշտերով:

– Նշեցիք, որ 2021-ին սատարել եք Ռոբերտ Քոչարյանին, որ երկիրը փրկվի: Հիմա մեր երկիրը փրկելու կարիք չունի՞, թե՞ արդեն փրկվել է:

– Այս երկիրը փրկելու համար այնքան անելիքներ կան, էնպես չի, որ մի հատ գործողություն արեցիր եւ ասեցիր՝ երկիրը փրկվեց, եւ մենք դրախտում ենք ապրում: Ամեն օր խնդիրը կա, ամեն օր խնդրի դեմ պայքար պետք ա լինի, ու էնպես չի, որ ես աշխարհի փրկիչն եմ, բայց ես իմ տեսակետն ունեմ: Որը գտնում եմ` ճիշտ է, դրան աջակցած լինեմ: Իմ հնարավորություններն ու տեսակետները օգտագործում եմ իմ սկզբունքների հիման վրա:

«Հրապարակ»․ Հայաստանից կամավորներ են հավաքագրում

Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական բանակի գործող զինծառայողներին, որ նրանք մեկնեն ռազմաճակատ եւ բարձր վարձատրության դիմաց կռվեն օտար հողում:

Թեկնածուներ ընտրելու հարցում, մեզ հասած տեղեկություններով, Ռուսաստանին որոշակի ծառայություններ են մատուցում նաեւ Խորհրդային Միությունից ժամանակին Հայաստան եկած որոշ սպաներ, որոնք դեռ շարունակում են աշխատել պաշտպանության համակարգում: Նրանց աշխատանքը, բնականաբար, «վարձատրվում» է: Ընտրությունը կատարվում է ե՛ւ վետերանների, ե՛ւ պահեստազորի զինծառայողների թվից: Հավաքագրմանը մասնակցում են նաեւ ռուսական բանակի «հայկական գումարտակի» ներկայացուցիչները։

Ուկրաինական կողմը մի փոքր այլ կերպ է աշխատում` կամավորներ ներգրավում է էթնիկ հայերից, որոնք ապրում են Ուկրաինայում: Հայաստանում էլ են կռվող տղերք փնտրում։ Այս հարցում կարեւոր դերակատարում ունեն Ուկրաինայի ազգային գվարդիայի 23-րդ`«Խարտիա» գնդի հրամանատար Համլետ Ավագյանը եւ մի խումբ հայազգի սպաներ, որոնք Հայաստանում իրենց կապերն են օգտագործում՝ կամավորների հավաքագրման համար։ 2026 թվականի մարտից ի վեր, մեր տեղեկություններով, 10 անձ է հավաքագրվել ուկրաինական ճակատի համար։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է այս մասին, նա ուժայիններին հրահանգել է հնարավորինս ընդարձակ տեղեկատվություն տրամադրել իրեն, բայց որեւէ կերպ չմիջամտել այդ գործընթացներին: Հնարավոր է, որ այդ տեղեկատվությունը հետագայում օգտագործվի նշված երկրների հետ հարաբերությունների «կարգավորման» ժամանակ:

«Հրապարակ»․ Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ իր գրառմամբ հաստատեց մեր լուրը, որ բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում` ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչկանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ, զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում, որոնք ավարտվում են զինվորի մահով:

Զինվորներին կա՛մ հասցնում են ինքնասպանության, կա՛մ սպանում են, եւ դա վատ վերահսկողության, վատ հրամանատարական աշխատանքի պատճառով է: Մենք նաեւ գրել էինք, որ արդեն իսկ 1-2 ամսով որոշ բարձրաստիճանների գործուղել են սահման՝ կարգուկանոն հաստատելու: Մեր աղբյուրը հաղորդում է, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն զինվորական տղամարդկանց, այլեւ՝ կանանց: Կին բարձրաստիճաններին եւս կարող են գործուղել դիրքեր:

«Հրապարակ»․ Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 1-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երեւանի Տիչինայի փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում 5 անձ վիճաբանել են անվադողեր վերանորոգող աշխատակցի հետ, քաշքշել նրան եւ սպառնալիքներ հնչեցրել։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Ալիկ Բանդուրյանը։ Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը հերքել էր Բանդուրյանի առնչությունը դեպքին եւ նշել, որ իր պաշտպանյալը որեւէ կարգավիճակ չունի։ Սակայն «Հրապարակ»-ին Քննչական կոմիտեից այլ տեղեկություն են հայտնել։ Ըստ ՔԿ-ի՝ Ա. Բ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ներգործության, եւ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանության հատկանիշներով։ «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 20 մլն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը՝ հայտնել են ՔԿ-ից։ Քննչական կոմիտեն ի սկզբանե դատարան էր ներկայացրել Ալիկ Բանդուրյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է այն։

«Հրապարակ»․ Հանձնաժողովը սկանդալային ՔՊ-ական համայնքապետի վարքագիծն անթույլատրելի է ճանաչել

Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է․ «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը պարգեւատրվել է «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Հովհաննես Թումանյան-150» մեդալով։ Պարգեւը համայնքի ղեկավարին հանձնվել է կրթամշակութային ոլորտում ցուցաբերած աջակցության, մշակույթի զարգացմանն ու պահպանմանն ուղղված նախաձեռնություններին նպաստելու եւ համայնքի մշակութային կյանքի ակտիվացման գործում ունեցած ավանդի համար։ «Հովհաննես Թումանյան-150» մեդալը խորհրդանշում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգության արժեւորումն ու նրա հիշատակի նկատմամբ հարգանքը։ Սպիտակ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամներին՝ բարձր գնահատանքի եւ վստահության համար»։

Քաջայր Նիկողոսյանն ի՞նչ առնչություն ունի մշակույթի եւ Հովհաննես Թումանյանի հետ։ Նրան բնութագրում են այն սկանդալները, որոնց մեջ նա պարբերաբար հայտնվել է։ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, տեսնելով, որ նա ինչ-որ բան է փնթփնթում քթի տակ, հարց է ուղղել Սպիտակ համայնքի ղեկավարին. «Բան ունե՞ք ասելու, պարոն Նիկողոսյան», ինչին նա պատասխանել է. «Քեզ՝ առավել եւս՝ ոչ, Ձեզ՝ առավել եւս՝ ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարույթ է հարուցել։ Հանձնաժողովից տեղեկացա, որ արձանագրել են՝ Սպիտակ համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ հաղորդակցվելու ընթացքում, նրա դրսեւորած վարքագիծն անհամատեղելի է հանրային պաշտոնյայի վարքագծին։ Համապատասխան եզրակացությունն ընդունվել է 2026 թ․ օգոստոսի 5-ին՝ վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, այն ուղարկվել է Քաջայր Նիկողոսյանին:

Իսկ 2025 թվականին համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյանը նարդու առաջնություն էր կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրել, դրա համար համայնքի բյուջեից ինքն իրեն պարգեւատրել էր 90 հազար դրամով։ Ք. Նիկողոսյանը ԿԿՀ-ում իր նկատմամբ հարուցված վերջին վարույթից եւ որոշումից հետո որոշել է պարզաբանում խնդրել այդ հին իրադարձության հետ կապված: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրել է՝ կա՞ արդյոք շահերի բախում, որ իր անվան մրցաշարին մասնակցել ու իր ղեկավարած համայնքի բյուջեից 90 հազար դրամ դրամական պարգեւ է ստացել: Հարցման տեքստում նաեւ պատրաստակամություն է հայտնել՝ վերադարձնել գումարը, եթե հանձնաժողովը հաստատի շահերի բախումը։ Հանձնաժողովի պատասխանում նշված է՝ համայնքի ղեկավարը տեղական բյուջեից գումար է նախատեսել մրցույթի համար ու հենց ինքն էլ դրամական պարգեւ ստացել, ինչը շահերի ակնհայտ բախում է: Ապա Ք․ Նիկողոսյանը համայնքի բյուջե է վերադարձրել 90 հազար դրամը:

«Հրապարակ»․ ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանն իր ենթականերից երկուսին պարգեւատրել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Մեկը Աննա Մանուկյանն է, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբում որպես գլխավոր մասնագետ է աշխատում եւ այս աշխատանքին ընդունվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Իսկ մյուս աշխատակիցը՝ Ժեննի Ստեփանյանը, որը ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ավագ օպերլիազոր է, աշխատանքի է անցել կրկին 2025-ին։ Նրանց պարգեւատրման համար որպես հիմք նշվում են 2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Կանանց պարգեւները հանձնել են հուլիսի 29-ին, դրանք 52 հազար դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցներ են։

«Հրապարակ»․ Քեռին մրցում է քրոջ որդու հետ

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ վերջին տարիներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր, նախօրեին ազատվել է պաշտոնից, սակայն մտադիր է ակտիվ կյանքով ապրել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ուզում է համոզել մարզի ՔՊ-ականներին, որ իր թեկնածությունն առաջադրեն աշնանը Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուների թվում է նաեւ նրա քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը ներկայում Տեղ համայնքի ղեկավարն է, իսկ Տեղը միացվելու է Գորիսին: Սակայն Մելիքսեթ Պողոսյանը ՔՊ-ականներին փորձում է համոզել, որ իր թեկնածությունն ավելի մրցունակ է, իրեն Տեղում սիրում են` ի տարբերություն քրոջ որդու, ու եթե ինքն առաջադրվի, ապա Առուշ Առուշանյանը դժվար թե ջախջախիչ հաղթանակ տանի։ Բնականաբար, իշխանությունների հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Առուշանյանն էլ է առաջադրվելու, թեպետ ՔՊ-ն դեռ որոշակիորեն զգուշանում է նրանից եւ «յուրային» չի համարում, ուստի շատ կուզենար այնպիսի թեկնածու ունենալ, որ հաղթեր Առուշին։ Բանն այն է, որ ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ թեկնածու են առաջադրելու միայն կուսակցականներին, իսկ Առուշանյանը պատրաստ չէ հիմնահատակ խայտառակվել` ՔՊ-ին անդամագրվելով։ Մելիքսեթ Պողոսյանն առաջադրվելու դեպքում չի կարող Առուշանյանին տապալել, բայց կարծում է, որ չի թողնի՝ նա մեծ տոկոսներով հաղթանակ տանի։ Արդյո՞ք ՔՊ-ն նրա վրա խաղադրույք կկատարի, մեր աղբյուրները չկարողացան պատասխանել։

«Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում

Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում գտնել արտահոսքի աղբյուրը եւ զեկուցել իրեն, որ հարցերը լուծեն։ Տիգրան Ավինյանը, փոխանակ թաղապետարանում կարգուկանոն հաստատի, այդ մասին մամուլին տեղեկացնողներին է ուզում բացահայտել` միանգամայն ապարդյուն:

Ի դեպ, մենք իրավիճակի մասին մեր ստացած տեղեկատվության մի չնչին հատվածն ենք ներկայացրել` Արաբկիր վարչական շրջանում լիակատար անտերության վիճակ է: Օրինակ, քաղաքաշինության բաժնի պետը` սեւանցի Դավիթը (նրան այդպես են ասում), մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել, աշխատակիցներն ասում են` առանց թույլտվության մեկնել է արձակուրդ։ Թաղապետի մեկ այլ «լյուբիմչիկ»` Վահեն, երկու շաբաթ իբր բյուլետենի մեջ է եղել, բայց այդ օրերին Սեւանի ափին գտնվող՝ իրեն պատկանող հանգստի գոտուն է տիրություն անելիս եղել։

Թաղապետ Վարոսյանն էլ, փոխանակ աշխատանքից բացակայողներին պատժի, ասում են` մտադիր է պատժել թաղապետարանի կոմունալ բաժնի 3 աշխատակիցներին, որոնք չեն պատասխանել թաղապետի հեռախոսազանգերին։ Այս 3 աշխատակիցները նման տույժի դեպքում մեկ տարի ժամկետով զրկվելու են պարգեւավճարներից։

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ավելի քան մեկ ամիս է՝ այդ պաշտոնը թափուր է: ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Մենք մի քանի հրապարակում ենք արել՝ տեղեկացնելով, որ պատգամավորներից որեւէ մեկը հանձն չի առնում՝ ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։ Իրավիճակը փորձել էին իրենց ձեռքը վերցնել արցախցի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, նախորդ շաբաթ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի եւ հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցն են ներկայացուցչությունում քննարկել, սակայն պատգամավորները դեմ են երկուսին էլ ու որոշել էին, որ օգոստոսի 18-ին ներկայացուցչությունում նորից կհավաքվեն ու իրենց միջից՝ որեւէ խմբակցությունից Արցախի ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրեն։

Տեղեկացանք, սակայն, որ հավաքը չի կայացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի վաղ են փորձել հավաքվել, սակայն դաշնակցական Արթուր Մոսիյանը երկրից բացակայել է, սպասել են նրան: Հիմա էլ վերադարձել է, բայց, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցին չի հաջողվել պատգամավորներին իրար գլխի հավաքել։ Խորհրդարանականների անպատասխանատու պահվածքից փորձում են օգտվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։ Նախօրեին անանուն մի հաղորդագրություն էին տարածել, թե Արցախի նախագահի լավագույն թեկնածուն քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է։

Փաստորեն, արցախցի պատգամավորները որոշել են տեղի տալ Փաշինյանի ճնշումներին եւ սեփական անգործությամբ նպաստում են նրա նպատակների իրականացմանը` Արցախի պետական ինստիտուտների ոչնչացմանը։

Թուրքական լողափին զինամթերք է հայտնաբերվել

Թուրքիայում լողափներից մեկում հայտնաբերվել է զինամթերք։ Ծագումն ու պատկանելիությունը անհայտ է։ Զինամթերքը հայտնաբերվել է Ստամբուլի Արնավութքյոյ շրջանում՝ Սեւ ծովի ափամերձ շրջանում։ Դեպքի վայր ժամանած իրավապահները զինամթերքը տեղափոխվել են հատուկ կենտրոն՝ հետագա ուսումնասիրության համար։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։ Նշենք, որ օրեր առաջ էլ Ստամբուլի նույն շրջանում դրոնի մնացորդներ էին հայտնաբերվել, որը սակայն պայթուցիկ չէր ունեցել։ ԱԹՍ-ի ծագումը կամ պատկանելիությունը եւս դեռ պարզված չէ։