Կոչ է արել վերջ տալ Մերձավոր-Արեւելյան հակամարտությանը

Իրանը գտնվում է ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում եւ դրա համար՝ հիմա լավ հնարավորություն կա ձեռնտու պայմաններով ավարտել Մերձավոր-Արեւելյան հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։ «Պատերազմը պետք է ավարտվի մի որոշակի պահի։ Ավելի լավ է, որ դա լինի այսօր, երբ մենք գտնվում ենք ուժեղ դիրքերում, վայելում ենք հարգանք եւ երբ ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն են, որ ի հակառակ բոլոր կանոնների, հարփակվում են մեր ենթակառուցվածքների, դպրոցների եւ հիվանդանոցների վրա»,- ասել է Փեզեշկիանը։

Ռազմիկ Թեւոնյանը պատրա՞ստ է Ադրբեջանին տալ 200 հազար դոլարանոց կալվածքը․ նրա արձագանքը

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Տիգրանաշենի (Քյարքի) և այլ տարածքների պատկանելության վերաբերյալ, մեծ աղմուկ է բարձրացրել հանրային և քաղաքական դաշտում։

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատումն իրականացնում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և առաջնորդվում են այդ պահին գոյություն ունեցող քարտեզներով։ «Հիմա այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի. սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- հայտարարել է վարչապետը։ Վարչապետի այս հայտարարությունից հետո սոցիալական հարթակներում քննադատության մեծ ալիք է բարձրացել: Օգտատերերը համատարած հիշեցնում են իշխանական տարբեր պաշտոնյաների նախկին պնդումները, թե Տիգրանաշենը հանձնման ենթակա չէ։ Նմանօրինակ հայտարարությամբ 2023 թվականին հանդես էր եկել նաև Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Վերջինս «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում վստահեցրել էր, թե «որևէ պարագայում Տիգրանաշենը թուրքին չի հանձնվելու»։

Նախկին մարզպետի շահագրգռվածությունը Տիգրանաշենի հարցում միայն քաղաքական չէ։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս համայնքում Թևոնյանը տիրապետում է շքեղ երկհարկանի առանձնատան, հեկտարներով ընդարձակ այգիների և խոշոր բիզնեսների։ Ըստ մամուլի հրապարակումների և հենց իր՝ նախկին պաշտոնյայի խոստովանությունների, նա անձամբ է հիմնադրել այդ տնտեսությունը՝ կատարելով շուրջ 200 000 դոլարին համարժեք հսկայական ներդրում։

Այս առանձնատունը տարիներ շարունակ ծառայել է որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էլիտայի յուրօրինակ հավաքատեղի։ Լրատվամիջոցների և տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այստեղ պարբերաբար կազմակերպվել են իշխանական ճոխ խնջույքներ ու կուլիսային քաղաքական քննարկումներ, ինչի պատճառով գույքը ստացել էր «իշխանական նստավայրի» համբավ։

«Հրապարակ»-ը փորձել է կապ հաստատել Ռազմիկ Թևոնյանի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը վարչապետի վերջին հայտարարության և սեփական գույքը կորցնելու վտանգի վերաբերյալ։ Առաջին հարցին, թե ինչպես է վերաբերվում «Քյարքին Հայաստանի տարածք չէ» պնդմանը, նախկին մարզպետը կարճ պատասխանել է, թե զբաղված է և իրեն հարմար չէ խոսել։ Հաջորդ հարցին՝ արդյո՞ք չի մտահոգվում սեփական առանձնատունը կորցնելու հեռանկարով, Թևոնյանը, հարցը լսելուն պես, անմիջապես անջատել է հեռախոսազանգը։

Օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա – Հրապարակ

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112։

Պահանջվում է կառուցողական ընդդիմություն – Հրապարակ

Գործող իշխանությունը, դրա աջակիցները եւ թաքնված կողմնակիցները խոսում են ԱԺ կառուցողական ընդդիմության անհրաժեշտության մասին: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է ընդդիմությունը լինել կառուցողական, եթե իր ամբողջության մեջ համարում է, որ երկիրը գլորվում է անդունդը: Որովհետեւ այդ պարագայում կառուցողական լինելը նշանակում է աջակցություն այդ գործընթացին: Եվ քանի որ դա գիտակցվում է, ու քայլեր չեն արվում այդ ուղղությամբ, ապա ընդդիմությունն իշխանության կողմից հռչակվում է ծայրահեղական:
Իսկ ի՞նչ է նշանակում ծայրահեղական ընդդիմություն: Ես, օրինակ, դրա իմաստը չեմ հասկանում, չնայած հասկանալու հետ խնդիր չունեմ: Բացատրեմ, թե ինչու չեմ հասկանում: Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի անընդհատ քննադատի իշխանությանը ու դրա շնորհիվ հաջորդ ընտրություններին գա իշխանության: Այդպես է շարժվում պառլամենտարիզմը սկզբնավորող երկրի՝ անգլիական ընդդիմությունը: Այդպես է շարժվում ժողովրդավարության ջահակիր համարվող ամերիկյան ընդդիմությունը: Այդ երկրներում որեւէ մեկը չի համարում, որ տվյալ պահին իշխանություն չունեցող քաղաքական ուժը, եթե քննադատում է իշխանություններին, ուրեմն ծայրահեղական է: Այդպես չի համարում նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որն անընդհատ ժողովրդին խորհուրդ է տալիս հեղափոխություն անել, եթե համաձայն չէ կառավարության հետ ու չի ընդունում դրա գործունեությունը:

Եթե ժողովրդավարության կայացման երկարամյա փորձ ունեցող երկրներում, որոնք նաեւ չունեն գոյաբանական խնդիրներ, ընդդիմության «ապակառուցողականությունը» նորմալ է դիտարկվում, ապա ինչո՞ւ չպետք է այդպես լինի Հայաստանում, այն երկրում, որի իշխանությունը 2018-ին ինքնահռչակվել է «ժողովրդավարության բաստիոն», չնայած իրականում արդեն մոտեցել է ծայրահեղ ավտորիտարիզմին, եւ որն ամբողջովին վայելում է արեւմտյան ժողովրդավարության աջակցությունը: Ուրեմն գոյաբանական խնդիրներ ունեցող Հայաստանում ընդդիմությունն իրավունք ունի չլինել կառուցողական: Եվ տվյալ դեպքում ոչ կառուցողականությունը չի կապակցվում քանդման, ավերման գործընթացների հետ: Որովհետեւ դա հենց այն է, ինչն անում է գործող իշխանությունը՝ անընդհատ կատարելով թշնամական մայրաքաղաքից շարունակ հնչող պահանջները՝ դրանք, ի դեպ, ներկայացնելով որպես սեփական նախաձեռնություններ: Դրանց տիպիկ օրինակն էլ խայտառակ պարտությունից հետո Գորիս-Կապան ճանապարհահատվածը թշնամուն զիջելն էր, ինչը կատարվել էր բանավոր պայմանավորվածությունների հիման վրա:
Իսկ հայաստանյան ընդդիմությունը, ընդհակառակը, փորձում է պահպանել մեր ինքնությունը եւ, վերջին հաշվով՝ մեր պետականությունը, պետության իրական ինքնիշխանությունը: Պահպանել իրականության մեջ եւ ոչ թե խոսքի մակարդակում: Փորձում է ոչ թե ընդամենը հայտարարել, այլ պահպանել իրապես հավասարակշռված փոխհարաբերություններ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ արեւմտյան երկրների հետ, ի տարբերություն գործող իշխանության, որ ձեւականորեն պահպանել է ՌԴ-ի հետ 1997-ին կնքված փոխօգնության պայմանագիրը, սակայն փոխհարաբերություններն աստիճանաբար դարձրել է թշնամական՝ ուղղորդվելով Արեւմուտքի կողմից: Ինչը, որքան էլ զարմանալի թվա, ներկայացվում է որպես հավասարակշռման ու հավասարակշռված փոխհարաբերությունների ձեւավորում:

Ինչ վերաբերում է կեղծ կառուցողականության վերջին դրսեւորմանն Ազգային ժողովում, ապա դրա համար պարտական ենք նախկիններին, ավելի ճիշտ՝ ժողովրդի կողմից մերժված Սերժին, որը 2015-ին որոշեց, որ Հայաստանն արդեն եվրոպական երկիր է, ու ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները որոշեց խմբակցությունների միջեւ համամասնորեն բաշխել՝ ըստ իրենց մանդատների թվի: Բայց քանի որ մեջը կասկած մնաց, թե որքանով է ժողովրդավարական մեր երկիրը, ամբողջովին չպահպանեց եվրոպական ավանդույթը, այն է՝ ԱԺ ազդեցիկ հանձնաժողովներն ընդդիմությանը տրամադրել օրենսդրորեն, ինչպես դա, բայց իրենց դեպքում ավանդույթի ուժով, կատարվում է Արեւմուտքում: Գերմանիայի խորհրդարանում դա բյուջետային հանձնաժողովն է, Անգլիայում՝ հանրային հաշիվների հանձնաժողովը, Կանադայում՝ պետական ծախսերի արդյունավետության վերահսկման հանձնաժողովը եւ այլն:

Նիկոլական «ժողովրդավարության» օրոք Հայաստանում ընդդիմությանը տրամադրվում է այն, ինչը չի վերցնում գործող իշխանությունը: Այսինքն, գործում է մնացորդային կանոնը՝ խորհրդային կարգերից, այլ ոլորտների առումով, մտածողությամբ ժառանգված: Դա՝ մեկ, եւ երկրորդ. քանի որ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների պաշտոնների համար անհրաժեշտ են իշխող խմբակցության ձայները՝ Նիկոլենք կուզեն, ձայն կտան, չեն ուզի՝ ձայն չեն տա: Ու ընդդիմությունն էլ ստիպված ընդունելու է խաղի կանոնները՝ պարտադրված նրանց կողմից: Հատկապես որ, դասեր քաղելով 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեությունից, երբ ընդդիմությունը նույն անձին կարող էր անսահման անգամ ներկայացնել որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու, օրենսդրորեն արգելեցին այդ պրակտիկան: Ու նույնիսկ այդ հարցում եթե ընդդիմությունն ընդունեց իշխանության պարտադրանքը, դառնում է կառուցողական, եթե չընդունեց, վերածվում է ծայրահեղականի: Փաստորեն այն, ինչ արվում է թշնամու կողմից իրենց հետ, նույնն իրենք անում են ընդդիմության հետ: Փորձելով «դաստիարակել» ճիշտ այնպիսի կառուցողական ընդդիմություն իրենց աչքում, ինչպիսին իրենք են թշնամու աչքում:

Նոր պատերազմ հանուն իշխանության մնալու՞․ ինչու են դժգոհ Նեթանյահուից

Իսրայելի բարձրաստիճան զինվորականները մտավախություն ունեն, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է օգտագործել ռազմական գործողությունների նոր փուլը՝ «ընտրությունները խափանելու կամ հետաձգելու» համար, գրում է Maariv-ը:

Հրատարակության համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ Նեթանյահուն հետաքրքրված չէ առկա հակամարտությունները դադարեցնելով և կարող է փորձել «հակամարտություն հրահրել տարածաշրջաններից մեկում, հավանաբար՝ Գազայում, ընտրությունները խափանելու կամ հետաձգելու համար»:

Իսրայելի պաշտպանության բանակի ներսում որոշ դժգոհություններր վերաբերում են կառավարության քաղաքականությանը Սիրիայի և Թուրքիայի նկատմամբ:

Maariv-ի տվյալներով՝ մոտ մեկ տարի առաջ Իսրայելի պաշտպանության բանակը խորհուրդ էր տվել Նեթանյահուին անվտանգության համաձայնագիր կնքել Դամասկոսի հետ, սակայն վարչապետը մերժել էր այս առաջարկությունը: Արդյունքում, Իսրայելը հայտնվել է Թուրքիայի հետ աճող լարվածության մեջ:

Տարիներ շարունակ հերքում էին Տիգրանաշենի հանձնման մասին լուրերը

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տիգրանաշենի (Քյարքիի) և այլ տարածքների պատկանելությանը՝ հիշեցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատումն իրականացնում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներով են առաջնորդվում։ «Հիմա այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չի. սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ կան տարածքներ, որոնք քարտեզներում և գետնի վրա փոխադարձաբար այլ կերպ են արտահայտված՝ բերելով Ջերմուկի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի օրինակները։ Փաշինյանը բացառեց հարցի լուծումը ռազմական ճանապարհով՝ այն անվանելով «անցյալ և փակված էջ»։

Վարչապետն ընդգծեց, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կմ է, որտեղ Արծվաշենը ներառված է որպես էքսկլավ, իսկ Հայաստանի տարածքում գտնվող անկլավները ներառված չեն․ «Ոնց էլ անենք սահմանազատումը, Հայաստանի տարածքը պետք է լինի, լինելու է և է 29,743 քառակուսի կիլոմետր»։ Բայց ՔՊ-ական որոշ պաշտոնյաներ սովորության համաձայն մշտապես հերքել են Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի պատրաստակամության մասին, ինչպես որ նախաքան 2020 թվականը հերքում էին, որ իշխանության են եկել Արցախը հանձնելու համար: Այժմ ընթերցողին ենք ներկայացնում ՔՊ-ականների այն գրառումներն ու հայտարարությունները, որոնք բացահայտ, կամ ըստ էության հերքում են, որ Փաշինյանը Տիգրանաշենը պատրաստվում է հանձնել: Հատկապես Արարատի նախկին մարզպետ, այժմ պատgամավոր Գարիկ Սարգսյանն է քանիցս իր հարցազրույցներում պնդել, որ Տիգրանաշենին ոչինչ չի սպառնում:

Սարգսյանը 2021-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ցավի ու կորստի քաղաքական կապիտալիզացիայի շրջանակներում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հիմարությունն է բստրել, հիմա էլ պնդում է, թե Քյարքին տալիս են, Սյունիք գնալ չի լինելու։

Իհարկե, մարդկանց ամենօրյա ռեժիմով խաբելու, վախի ու տեռորի մթնոլորտում պահելու համար Բագրատյանն ու մնացած 16-ը ոչնչի, անգամ բացահայտ ստի առաջ կանգ չեն առել և կանգ չեն առնելու, բայց ես վստահ եմ, որ նրանց գործողությունները ինչպես հարկն է գնահատում են մեր քաղաքացիները։
Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում։

Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու։

Չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժե գնալ»»:

Բոլորովին վերջերս «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ռուբեն Ռուբինյանին ուղիղ հարցրել էր՝ երաշխավորո՞ւմ է, որ իրենց իշխանության օրոք Տիգրանաշենը չի հանձնվելու։ Ռուբինյանը պատասխանել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,743 քառ. կմ-ը «լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է», և որ Հայաստանի այդ սահմանների ներսում գտնվող տարածքները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո»:

Ռուբինյանը պատասխանել էր. « Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է»:

2025-ի նոյեմբերին Ալեն Սիմոնյանը խոսելով Տիգրանաշենի մասին, ասել էր, որ իշխանությունը հայտարարել է՝ սահմանը պետք է վերականգնվի Ալմա-Աթայի հռչակագրով, և հարցրել էր.
«Այս ժամանակահատվածում Տիգրանաշեն կար՞, թե՞ չկար»։
Նա նաև պնդել էր, որ կոնկրետ տարածքները որոշվելու են սահմանազատման գործընթացում։

Արարատի նախկին ՔՊ-ական մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ևս Տիգրանաշենի հանձնման լուրերը բազմիցս հերքել է: Նա մասնավորապես ասել է. «Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի»։

Անդրանիկ Քոչարյանն էլ 2023-ին իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսելով Տիգրանաշենի մասին, պնդել էր. .

«Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած, մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով»։

Նա դա ասել է այն հարցին ի պատասխան, թե Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման մասին հայտարարությունը արդյո՞ք վերաբերում է Տիգրանաշենին և անկլավներին: Քոչարյանը նշել էր, որ իրենց գործողությունների հիմքում պետական սահմանի քարտեզներն են, այդ թվում՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի օգտագործած քարտեզները։

ՌԴ-ում խաղաղ բնակիչներ են վիրավորվել, զոհ ևս կա․ Ուկրաինայի նոր գրոհը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Բելգորոդի մարզում հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա, կան տուժածներ: Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։

«Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդատար ավտոբուսի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժել է 3 խաղաղ բնակիչ։ Տարբեր աստիճանի վնասվածքներով տղամարդուն և կնոջը շտապօգնությունը տեղափոխել է Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Երրորդ տուժածը տեղափոխվել է մարզային կլինիկական հիվանդանոց», – ասվում է շտաբի՝ MAX հարթակում տարածած հաղորդագրության մեջ։ Վնասվել են նաև տրանսպորտային միջոց և ավտոկանգառի ապակիները։

Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնն էլ հայտնել է, որ անցած օրվա ընթացքում մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ:

«Բելայայի շրջանի Պեսչանոյե գյուղում 69-ամյա տղամարդ է մահացել, վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 4-ը` Կուրսկի շրջանում, 1-ը՝ Բելայայում, ևս մի կին՝ Սուջանսկում», – MAX հարթակում հայտնել է Խինշտեյնը։
Բրյանսկի մարզպետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկն իր հերթին հայտնել է, որր մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով Կուբանում 2 երեխա է զոհվել, կան տուժածներ. այս մասին էլ հայտնել է Կուբանի մարզպետը։

Ուժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության

Ուժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության՝ Սլովակիայում։ Այս մասին հայտնում է Dennik N-ը։ Էներգահամակարգի օպերատորները հայտնել են, որ քամու հետեւանքով ավելի քան 400 վթար է տեղի ունեցել նախորդ գիշերվա ընթացքում։ Քամուց հատկապես տուժել է մայրաքաղաք Բրատիսլավան, ինչպես նաեւ՝ Նիտրան եւ Դունայսկա-Ստրեդա քաղաքները։ Քամին տապալել է ծառեր, գովազդային վահանակներ, պոկել է էլեկտրականության հաղորդալարեր։ Տապալված ծառերն ընկել են տրանսֆորմատորային կայանների վրա, փակել որոշ ավտոմոբիլային ճանապարհներ։

Դատախազության «գրոհը» Պապիկյանի նախկին խորհրդականի դեմ շարունակվում է

Այս տարվա ապրիլին մենք գրել էինք, որ գլխավոր դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։ Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։

Բացի Տոնոյանից նույն հայցի շրջանակում դատախազությունը նույն պահանջը ներկայացրել էր նաեւ Սասուն Մանուկյանին եւ Խաչատուր Գևորգյանին, որոնք մեզ համար անծանոթ անձինք են։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ նույնաբովանդակ երկրորդ հայցն է դատախազությունը ներկայացրել, այս անգամ միայն Արտակ Տոնոյանի դեմ։ Դատախազությունը պահանջում է պետությանը պատճառված վնասը համապարտության կարգով Տոնոյանից բռնագանձել։ Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, հիշեցնենք, նախորդ տարի էր ազատվել Պապիկյանի խորհրդականի պաշտոնից, ՊՆ-ից պատճառաբանել էին, թե դա պայմանավորված է կենսաթոշակի անցնելով, սակայն մամուլը գրել էր, որ ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում իր որդու կալանավորումն է պատճառ հանդիսացել հապճեպ եւ ինքնակամ հեռանալու։ Հիմա, փաստորեն, գտել են, որ նա նաեւ պետությանը վնասներ է պատճառել։

Բաց նամակ Աբելյանի անվան թատրոնի տնօրենին

Տիկին Սահակյան, հիմա Ձեր խոսքի ժամանակը չէ՞

Օգոստոսի 18-ին «Հրապարակ»-ում «Վանաձորի Աբելյանի անվան թատրոն․ ոչնչացնե՞լ պատմությունն ու վանաձորցու հիշողությունը, թե՞ կառուցել ժամանակակից թատրոն» վերնագրով հոդվածում մի շարք հարցեր էի բարձրացրել, որոնց մի մասն ուղղված էր պետական կառույցներին: Նաեւ դիմել էի ԿԳՄՍ նախարարությանը, Լոռու մարզպետին՝ խնդրելով փաստաթղթեր, մասնագիտական եզրակացություններ տրամադրել, որպեսզի հասկանանք` ինչքանով է հիմնավորված թատրոնի հին շենքը քանդելու եւ նորը կառուցելու որոշումը: Բայց այս պատմության մեջ կա մի մարդ, որի խոսքը, կարծում եմ, առանձնահատուկ կարեւորություն ունի` դա Դուք եք։ Դուք պարզապես պաշտոնատար անձ չեք, այլ այն մարդկանցից եք, որի պաշտոնավարման տարիներին որոշվում է թատրոնի շենքի հետագա ճակատագիրը։

Ուզում եմ Ձեզ մի քանի հարց տալ՝ ոչ թե որպես մեղադրանք, այլ որպես մի մարդու, որը վաղը կարող է կանգնել նույն թատրոնի պատմության առաջ եւ պատասխանել՝ ես ի՞նչ արեցի այն ժամանակ, երբ դեռ հնարավոր էր հարցեր տալ եւ ինչ-որ բան կանխել:

Ասվում է, որ շենքը պետք է քանդվի։ Բայց Դուք տեսե՞լ եք սեյսմիկ ուսումնասիրությունը, որի հիման վրա այդ եզրակացությունն է տրվել։ Տեսե՞լ եք տեխնիկական վիճակի գնահատականը, այն հաշվարկը, որն արվել է գործող շենքի ամրացման, հիմնանորոգման եւ նորի կառուցման ծախսերի համար։ Տեսե՞լ եք մասնագիտական փաստաթուղթը, որն ասում է՝ այս շենքը հնարավոր չէ փրկել։ Եթե տեսել եք՝ ասեք հանրությանը, եթե չեք տեսել՝ գուցե հենց հիմա ճիշտ ժամանակն է տեսնելու։

Նոր թատրոնի գաղափարին ո՞վ է դեմ

Ես՝ ոչ։ Վանաձորին ժամանակակից թատրոն պետք է, որն ունենա լավ բեմ, տեխնիկական անհրաժեշտ հնարավորություններ, հարմարավետ դահլիճներ, դերասանների համար արժանապատիվ պայմաններ, լուծումներ, որոնք համապատասխանում են 21-րդ դարի թատրոնի պահանջներին։ Այդ հարցում մենք համակարծիք ենք։ Հարցն այլ է` նոր թատրոն ունենալու համար պարտադի՞ր է ոչնչացնել հին թատրոնի շենքը։
Իսկ ի՞նչ է նշանակում «պահպանել շենքի ճակատը»

Սա հարց է, որի պատասխանը պետք է հետաքրքրի ղեկավարին։ Եթե շենքի ճակատն արժեքավոր է, ապա ի՞նչ պատճառով` միայն այն, որ գեղեցի՞կ է, թե՞ որովհետեւ այդ ճակատի ետեւում եղել է թատրոն, ուր տասնամյակներ աշխատել են դերասաններ, բեմադրիչներ, նկարիչներ, որտեղ հանդիսատես է մտել, ներկայացումներ են ծնվել, որը կապված է քաղաքի մի քանի սերնդի մշակութային հիշողության հետ։ Եթե վաղվա շենքը նույն ճակատն ունենա, բայց դրա հետեւում այլեւս չլինի այսօրվա պատմական շենքը, կստացվի` մենք պահպանեցի՞նք պատմությունը, թե՞ պահպանեցինք արտաքին պատկերը։ Սա մանրուք չէ։

Դուք ի՞նչ դիրքորոշում եք ունեցել, երբ քննարկվել է թատրոնի շենքի ապագան

Ասե՞լ եք, որ ուզում եք տեսնել մասնագիտական եզրակացությունները, ուզում եք հասկանալ՝ հնարավո՞ր է պահպանել շենքը։ Ասե՞լ եք՝ եթե քանդելն անխուսափելի է, ուզում եմ իմանալ՝ ինչու։ Ասե՞լ եք՝ թատրոնի հանրույթի ձայնը պետք է լսվի, հանրույթը պիտի հասկանա՝ ինչ որոշում է կայացվում եւ ինչու։ Եթե ասել եք, խնդրեմ` հրապարակեք Ձեր դիրքորոշումը։ Եթե չեք ասել՝ դեռ ուշ չէ։

Այսօր կարող է թվալ, թե ամեն ինչ պարզ է։ Որոշումը կարող է ներկայացվել որպես բնական եւ անհրաժեշտ քայլ: Բայց պատմությունը որոշումներն այլ կերպ է հիշում։ Մի օր նոր թատրոնի մոտ մարդիկ կհարցնեն՝ իսկ նախկին շենքն ո՞ւր է։ Այդ ժամանակ նրանք չեն հիշելու միայն ճարտարապետին, շինարարին կամ պետական մարմնի անունը, հիշելու են նաեւ թատրոնի ղեկավարին, այն դերասաններին, ովքեր այդ ժամանակ աշխատում էին թատրոնում։ Հարցնելու են՝ արդյոք նրանք հարցեր տվեցի՞ն, փորձեցի՞ն հասկանալ՝ ուրիշ ճանապարհ չկա՞ր։ Ասացի՞ն՝ «մենք ուզում ենք նոր թատրոն, բայց ուզում ենք համոզվել, որ հինն իսկապես հնարավոր չէ պահպանել»։

Եվ մի կարեւոր հարց. Տիկին Սահակյան, Դուք համոզվա՞ծ եք, որ այն մարդիկ, ովքեր որոշում են թատրոնի շենքի ճակատագիրը, ուսումնասիրել են բոլոր տարբերակները։ Համոզվա՞ծ եք, որ պահպանելու տարբերակն անհնար է եղել, որ հանրային քննարկումները տեղի են ունեցել այն փուլում, երբ հանրային կարծիքը դեռ կարող էր ազդել որոշման վրա։ Համոզվա՞ծ եք, որ վաղը ոչ ոք չի ասելու՝ «կարելի էր այլ կերպ»։ Եթե այո՝ ասեք դա։ Եթե ոչ՝ հարցրեք։ Որովհետեւ թատրոնի տնօրեն լինելը միայն ներկայացումներ կազմակերպել կամ թատրոնի ընթացիկ աշխատանքը ղեկավարել չէ։ Երբ թատրոնի տունն է վտանգի տակ, տնօրենը նաեւ այդ տան հիշողության պատասխանատուն է։
Ես Ձեզ չեմ կոչում պայքարել պետական ծրագրի դեմ։ Չեմ ասում՝ անպայման պահպանել հին շենքը, գուցե մասնագետներն իսկապես ճիշտ են։ Գուցե շենքն իսկապես հնարավոր չէ անվտանգ դարձնել, եւ նոր շենքն իսկապես լավագույն լուծումն է։ Բայց եթե այդպես է, թող մեզ համոզեն սեյսմիկ ուսումնասիրությամբ, տեխնիկական եզրակացությամբ, պահպանման եւ նորակառույցի տարբերակների հաշվարկներով։ Եթե պարզվի, որ նոր թատրոն կառուցելը միակ ողջամիտ լուծումն է, կարծում եմ՝ շատերը կընդունեն այդ որոշումը։
Եվ վերջում՝ մի խնդրանք. տիկի՛ն Սահակյան, մի ասեք՝ «մեր ձեռքին ոչինչ չկա»։

Գուցե իրավական առումով որոշումը Դուք չեք կայացնում, բայց Ձեր ձեռքում կա մի բան, որն այս պահին շատ կարեւոր է՝ Ձեր ձայնը։ Դուք կարող եք հարցնել, պահանջել մասնագիտական պարզաբանում։ Կարող եք ասել՝ «Ես ուզում եմ հասկանալ՝ հնարավո՞ր էր պահպանել այս շենքը», «եթե ամեն ինչ հիմնավորված է, եկեք դա ցույց տանք Վանաձորի բնակչությանը»։ Դա հակադրվել չէ։ Գուցե հենց այդպիսի համագործակցությունն է հիմա պետք՝ պետական կառույցների, թատրոնի, մասնագետների եւ քաղաքի բնակիչների միջեւ։ Լռությունը նույնպես դիրքորոշում է։ Տիկին Սահակյան, Դուք այս ամենի վերաբերյալ ասելիք չունե՞ք։ Եթե որոշումը ճիշտ է՝ օգնեք մեզ հասկանալ դա։ Եթե կան չպատասխանված հարցեր՝ միասին բարձրաձայնենք։ Իսկ եթե դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել, գուցե հիմա է այն պահը, երբ պետք է փորձել։ Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել։ Վաղը հարցը կարող է դառնալ՝ «Ինչո՞ւ այն ժամանակ, երբ դեռ կարելի էր հարցնել, մենք չհարցրինք»։