Ասում են՝ նրանց տարածքն ա, բայց կարող ա փոխանակում ա Արծվաշենի հետ․ Տիգրանաշենի բնակիչ

Օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով հայտարարեց, որ Տիգրանաշենը (իր խոսքով` Քյարքին) հայկական տարածք չէ․ «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Մենք կապվեցինք համայնքի բնակիչներից մեկի՝ Արմենի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքում խուճապ չկա։ «Սա երկրի հարց է, մենք շատ փոքր մարդ ենք, որ երկրի հարցերը լուծենք կամ քննարկենք, իհարկե մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ լինի, ճիշտ լինի, մեր երկիրը բարգավաճի։ Հիմա որ մենք Տիգրանաշենից չփախնենք, նրանց չեն տա։ Հիմա ասում են, որ նրանց տարածքն ա, բայց կարող ա փոխանակում ա անում Արծվաշենի հետ։ Ամեն դեպքում երևույթը լավ երևույթ չէ, բայց կարող ա մարդը խոսում ա, փոխանակում ա, որովհետև ինչքան անկլավ ունենք Արծվաշենը երկու անգամ մեծ ա դրանցից։ Իհարկե 30 տարի էստեղ ապրել ենք, սիրուն բան չէ, որ մեր տներից հանեն, բայց կգա օրը մեզ համար էլ պարզ կլինի։ Մարդ առնվազն ուղեղի խնդիր պիտի ունենա, որ Տիգրանաշենը նրանց տալու համար ուրախանա։ Ոչ մեկիս կողմից էլ ընդունելի չէ, որ կարող ա էդ հողակտորը տանք իրենց»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե տիգրանաշենցիներին գումար են հատկացնում, որ իրենց տները լքեն, նա նշեց․ «Չկա նման բան, ես դա ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, նման խոսացություն որևէ պաշտոնյայի հետ չի եղել, նման հարց այս պահին չի քննարկվում»։

Ի դեպ Տիգրանաշենը Արծվաշենի հետ փոխարինելու մասին խոսակցությունները լայնորեն տարածված են Տիգրանաշենում։ Մեզ հետ զրույցում հույսեր հայտնեցին այլ տիգրանաշենցիներ ևս։ Բնակիչներից մեկն էլ ընդգծեց, որ որ Տիրգանաշենի վերջին հույսը Արծվաշենն է մնացել։

Ինչ արժե գազը Եվրոպայում, ըստ բորսայական տվյալների

Գազի բորսայական գինը Եվրոպայում՝ այս տարվա մարտի 19-ից հետո առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը հազար խորանարդ մետրի համար։ Այս մասին հայտնում է Trading Economics-ը։ Համաձայն բորսայական սակարկությունների, Նիդերլանդական TTF հանգույցում բնական գազի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 2,25 տոկոսով՝ 1000 խմ դիմաց հասնելով 820 դոլարի։ Թանկացումը պայմանավորված է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճով, ինչը ենթադրում է, որ կարող են լինել դժվարություններ Պարսից ծոցի ավազանի երկրներից սեղմված/հեղուկացված գազի մատակարարումների հետ կապված։

Բացի այդ, անհանգստացնող է նաեւ, թե որքանով է Եվրոպան պատրաստ դիմավորելու առաջիկա ձմեռը՝ Մերձավոր Արեւելքում լարվածության ներկայիս փուլում։

Փաշինյանի «Վարչաֆեստի» մասսովկան թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել

Սևանի ափին անցկացվող «Վարչաֆեստ 2026»-ը, որը ներկայացվում է որպես երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն, այս օրերին ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ ներկայությամբ։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մուտքը փառատոնի տարածք ազատ է, սակայն տարածքում սննունդի, ջրի ու գիշերակացի համար այցելուները պարտավոր են վճարել։

Միջոցառման հյուրերի հետ կապված ուշագրավ տեղեկություններ են մեզ հասել։ Մասնավորապես մեր աղբյուրի փոխանցմամբ Երևանի վարչական շրջանների մի շարք աշխատակիցների շաբաթ օրը հրահանգվել է մեկնել Սևանի ափ և մասնակցել «Վարչաֆեստին»։

Ավելին՝ ըստ մեր աղբյուրի՝ վարչական շրջանների աշխատակիցները հավաքվել են և սեփական ավտոմեքենաներով շարժվել դեպի Սևան՝ իրենց հետ վերցնելով նաև այն գործընկերներին, որոնք մեքենա չունեն։ Ընդ որում տարբեր վարչական շրջաններից մեքենաները շարժվել են խմբերով՝ ձևավորելով ավտոշարասյուներ։ Մենք փորձեցինք կապ հաստատել վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն պայմանավորված ոչ աշխատանքային օրով մեր զանգերն անպատասխան մնացին։

«Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․«Ռուսաստանից հեռու՝ առանց Արևմուտքի երաշխիքների․
Հայաստանի կառավարության 2026–2031 թվականների ծրագիրն արտաքին քաղաքականության ոլորտում առաջարկում է նոր բանաձև՝ «հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն»։ Դրա ռազմավարական նպատակը ձևակերպված է առավել հավակնոտ կերպով՝ տարածաշրջանում, այսինքն՝ «սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնել»։

Նման ձևակերպումները միայն առաջին հայացքից են Հայաստանի սուբյեկտության մեծացման կամ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տպավորություն ստեղծում։ Նոր ծրագիրն, ըստ էության, Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխության անոնս է։

2021–2026 թվականների ծրագրում Ռուսաստանը գլխավորում էր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժինը։ Հայ-ռուսական հարաբերությունները բնութագրվում էին ռազմավարական դաշինքի տրամաբանությամբ, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունը դիտարկվում էր Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչ։
Հինգ տարի անց այդ հայեցակարգից գրեթե ոչինչ չի մնացել։

2026–2031 թվականների ծրագրում Ռուսաստանը հիշատակվում է ի թիվս արտաքին քաղաքական այլ ուղղությունների՝ միայն ութերորդ հորիզոնականում՝ տարածաշրջանի հարևաններից, Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից հետո։ Փոխվել է նաև Մոսկվայի հետ հարաբերությունների բնութագիրը։ Այժմ կառավարությունը խոստանում է շարունակել Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հարաբերությունների «վերափոխման, զարգացման և խորացման» նպատակով։
«Ռազմավարական դաշինքից» հարաբերությունների «վերափոխման» անցումը Հայաստանի ստրատեգիական վերակողմնորոշման հայտ է։

Խոսուն է նաև ՀԱՊԿ-ի լիակատար բացակայությունը։ Հայաստանը շարունակում է իրավաբանորեն անդամակցել կազմակերպությանը՝ քաղաքական մակարդակում սառեցրած լինելով իր մասնակցությունը, սակայն կառավարության ծրագրում ռազմական այդ դաշինքը որևէ կերպ չի հիշատակվում։

Փոխարենը կառավարությունը խոստանում է Եվրասիական տնտեսական միությունում «ծավալել արդյունավետ համագործակցություն»։ Բայց այստեղ ևս հարաբերությունները հարթ չեն․ հայկական գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը ռուսական շուկայում բախվել է սահմանափակումների, իսկ Հայաստանի եվրոպական հավակնությունները հարցեր են առաջացնում ԵԱՏՄ-ում երկրի հետագա կարգավիճակի վերաբերյալ։
Եվրամիության մասով կառավարությունը հղում է կատարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքին և խոստանում դրա հիմքով բարեփոխումներ իրականացնել։ Սակայն ծրագրում չկան ո՛չ անդամակցության ժամկետներ, ո՛չ հստակ ճանապարհային քարտեզ, ո՛չ էլ, առավել կարևոր է, Հայաստանի անվտանգության արևմտյան ինստիտուցիոնալ երաշխիքներ։

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խարտիան և Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը ստեղծում են որոշակի դիվանագիտական լծակներ, սակայն դրանք չեն փոխարինում կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներին։

Ըստ էության, գալիս ենք Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կոնտրաստին։ Երևանը հետևողականորեն հեռանում է Ռուսաստանի շուրջ ձևավորված անվտանգային համակարգից՝ առանց արևմտյան անվտանգային համակարգին ինտեգրվելու հստակ հեռանկարի կամ երաշխիքի։
Այս հանգամանքը կարևոր է նաև այն պատճառով, որ իշխանությունը տարիներ շարունակ արտաքին քաղաքական բանավեճը ներկայացրել է «Ռուսաստան–Արևմուտք» ընտրության համատեքստում։
Բայց կառավարության ծրագիրն ակնհայտորեն այդ դիլեմայի մասին չէ։

«Սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության» հարմարավետ ապրելու նպատակը կարող է ընկալվել որպես Հայաստանի ոչ բլոկային կամ արտաբլոկային կարգավիճակի ձևավորման հայտ։
Տեսականորեն նման մոդելը կենսունակ է, սակայն պահանջում է առնվազն երեք նախապայման՝ բավարար ռազմական և տնտեսական ինքնաբավություն, տարածաշրջանային ուժերի կառավարելի հավասարակշռություն և այնպիսի միջավայր, որտեղ հարևանները ճանաչում ու հարգում են տվյալ պետության ինքնիշխանությունն ու կենսական շահերը։ Հայաստանի պարագայում դժվար է արձանագրել այս պայմանների առկայությունը։ Երկիրը գտնվում է ակնհայտ ուժային անհավասարակշռության պայմաններում, ունի սահմանափակ ռազմական և տնտեսական ռեսուրսներ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Երևանի նկատմամբ առաջադրել քաղաքական և ռազմավարական պահանջներ։

Իհարկե, Փաշինյանի թիմը իր արտաքին քաղաքական կուրսը հիմնավորում է ռուսական անվտանգային համակարգի անկատարությամբ՝ վկայակոչելով 2020- 2023թթ-ի իրադարձությունները: Սակայն եթե նույնիսկ Ռուսաստանին հասցեագրված շատ քննադատություններ օբյեկտիվ են, ինչքանո՞վ է ռացիոնալ գոյություն ունեցող անկատար անվտանգային համակարգը համեմատել ոչ թե դրա իսպառ բացակայության, այլև ինչ-որ վերացական, գոյություն չունեցող իդեալական համակարգի հետ:

Ըստ այդմ, եթե Հայաստանը հեռանում է նախկին անվտանգային համակարգից և միաժամանակ չի ինտեգրվում նորին, ապա ի՞նչն է լրացնելու առաջացող անվտանգային վակուումը։
Կառավարության ծրագրի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի կաբինետը Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը մտադիր է կառուցել առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման և փոխադարձ տնտեսական շահերի ձևավորման վրա։
Իրատեսակա՞ն է նման ձգտումը։

Խաղաղությունը կարող է անվտանգության հիմք դառնալ, երբ կառուցված է ուժերի հարաբերական հավասարակշռության, փոխադարձ շահերի և պարտավորությունների վրա։ Երբ կողմերից մեկը զգալիորեն թույլ է, իսկ մյուսն ունի պայմաններ թելադրելու հնարավորություն, խաղաղությունը կարող է վերածվել ոչ թե անվտանգության երաշխիքի, այլ ուժային անհավասարության քաղաքական ամրագրման։ Բաքուն և Անկարան այսօր ոչ թե հավասարակշռված տարածաշրջանային համակարգ են առաջարկում, այլ փորձում են ձևավորել իրենց գերակայությամբ կառուցված նոր ստատուս քվո։ Ուժային ներկա հարաբերակցության պայմաններում նրանց առաջարկած «խաղաղությունը» կարող է հիշեցնել վերսալյան մոդել, երբ ուժեղ կողմը ավելի թույլ կողմին պարտադրում է հետպատերազմյան իր պատկերացումները։

Տնտեսական փոխկապակցվածությունը (սահմանների բացում, էներգետիկ և տրանսպորտային կապեր) կարող է որոշակի զսպող ազդեցություն ունենալ, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների համար նման մեխանիզմները հազվադեպ են արդյունավետ, երբ ուժային անհավասարությունը խորն է։
Այսպիսով, Հայաստանը կանգնում է սկզբունքային ռիսկի առաջ՝ հեռանալ նախկին անվտանգության համակարգից՝ առանց նորի ձևավորման և սեփական անվտանգությունը կապել հենց այն պետությունների հետ, որոնց առավելապաշտական օրակարգերից պաշտպանվելու անհրաժեշտություն ունի։

Այս պարագայում՝ «առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման՝ Հայաստանը միայնակ թողնելով մի տարածաշրջանում, որտեղ ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն նրա օգտին չէ։

ՔՊ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն` Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հրապարակ-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ գործը դատարան է մուտքագրվել օգոստոսի 21-ին և մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին:

Ըստ մեղադրական եզրակացության, Շանթ Բագրատյանը ստեղծել և փոխկապակցված դրածո անձանց միջոցով, փաստացի, ղեկավարել է համապատասխանաբար՝ 09.03.2021թ., 30.05.2022թ., 10.03.2021թ., 06.10.2020թ., 23.09.2019թ., 24.03.2016թ. պետական գրանցում ստացած՝ «Բեսթ Ինվեսթ» ՍՊ (տնօրեն՝ Դավիթ Հովհաննիսյան), «Գրիգորյան 1997» ՍՊ (տնօրեն՝ Ազատ Գրիգորյան), «Սաք Օիլ» ՍՊ (տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Սարգիս Օիլ» ՍՊ (տնօրեն՝ Սարգիս Պետրոսյան), «Պրոգրեսս 1» ՍՊ (տնօրեն՝ Ռաֆիկ Հակոբյան), «Եվրո Օյլ» ՍՊ (տնօրեն՝ Օլեգ Հակոբյան) ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև, հանդիսացել է 23.10.2018թ. պետական գրանցում ստացած «Էկո Օյլ» ՍՊ ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք է բերել տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք, յուղեր, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ և նպատակով, կազմակերպել և իրականացրել է՝ առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը, հարկման օբյեկտները թաքցնելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը չներկայացնելը, հարկային մարմին ներկայացված օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելը, ինչպես նաև, կանխամտածված ստեղծել է «Եվրո Օյլ» և «Էկո Օյլ» ՍՊ ընկերությունների անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը՝ 1.314.520.530 ՀՀ դրամի վնաս:

Մեղադրանք է առաջադրվել նաև Սարգիս Պետրոսյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Ազատ Գրիգորյանին:

Շանթ Բագրատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է երաշխավորությունը, մյուսների նկատմամբ` գրավ, բացակայելու արգելք:

Քրեական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռ հրապարակված չէ:

Ցանկացել է դառնալ սենատոր – Հրապարակ

Մեգան Մարքլի թեկնածությունը դիտարկվել է որպես սենատոր, ով Միացյալ Նահանգների Սենատում կարող էր փոխարինել Քամալա Հարիսին 20 թվականի ընտրություններից հետո։ Դրանով պայմանավորված՝ նա եւ ամուսինը՝ արքայազն Հարին, փորձել են մի քանի անգամ հանդիպում ունենալ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ՝ Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։

Համաձայն հաղորդման, Բայդենի՝ նախագահական ընտրություններում հաղթանակից մի քանի շաբաթ առաջ՝ Մարքլը հանդիպում է խնդրել Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի հետ, քանի որ ցանկացել է հայտնել, որ կուզենար գրավել Քամալա Հարիսի տեղն ամերիկյան Սենատում, երբ վերջինս դառնա փոխնախագահ։ Սակայն Նյուսոմը նրան չի նշանակել եւ Հարիսին Սենատում փոխարինել է Ալեքս Պադիլյան։ 21 թվականի ընթացքում էլ փորձել են հանդիպում ունենալ նախագահ Բայդենի հետ՝ Սպիտակ տանը, սակայն ամերիկյան այն ժամանակվա վարչակազմից հայտնել են, որ հանդիպում չի կարող կայանալ, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկա-բրիտանական հարաբերությունների վրա։ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին նույնիսկ փորձել են Սպիտակ տանը նախկինում՝ Բարաք Օբամայի ժամանակ աշխատած նախկին պաշտոնյաներին ներգրավել իրենց շահերը սպասարկելու համար, սակայն որեւէ արդյունք չի եղել։

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը

Վերջին ամենակուրիոզ դրվագներն ԱԺ-ից. ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանն իր ելույթն «անվանակնքեց» «թքած ունենալու նուրբ արվեստը», կարդաց Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունը։ Սա կարող է հերթական քաղաքական բանավեճը թվալ, բայց բանաստեղծության իմաստն ընդդիմախոսին «թքի մեջ շաղախելը» չէ, այն ազգային անտարբերության, շահով առաջնորդվելու մասին քննադատություն է։ Կոմիզմը հենց այս է․ օրենսդիր մարմնում երկրի խնդիրների քննարկման փոխարեն քաղաքական բանավեճը հասնում է ..․ երկրի խնդիրների վրա «թքելու նուրբ արվեստին»։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արեգա Հովսեփյանին հարց է ուղղվել՝ ընդդիմությունը պատրաստվում է այդ բառապաշարո՞վ շփվել եվրոպացի գործընկերների հետ։ Պատասխանեց, որ եթե իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները սկսեն մեջբերել, բարեկրթությունից կմնա «բ» տառը, իսկ կառուցողականությունից՝ «կ»-ն։ Սա քաղաքական սատիրայի ժանրից է. իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է կոպիտ բառապաշարի մեջ, ընդդիմությունը պատասխանում է՝ «ձեր ղեկավարի խոսքերը մեջբերենք՝ բարեկրթությունը կվերանա»։ Արդյունքում երկու կողմն էլ քննարկում է, թե ով ումից ավելի վատ բառ է ասել։
Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը «կարգապահական» միջոց կիրառեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ եւ անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս հրավիրել նրան։ Տեսարանն ինքնին աբսուրդային էր. Ազգային ժողով՝ վայր, որտեղ պետք է խոսել, պատգամավոր՝ մարդ, որի հիմնական գործիքը խոսքն է։ Նիստը վարող՝ նա, ով պետք է ընդամենը կազմակերպչական գործառույթ ունենա, անվտանգության աշխատակից, որը չպետք է ներկա գտնվի խորհրդարանում, եւ լուծման միջոցը` ֆիզիկական բռնություն, որը պետք է ողջ երկրում բացառվի։

Էդուարդ Աղաջանյանն Արեգա Հովսեփյանին հարցնում է` եթե հանրաքվե լիներ, նա կողմ կլիներ ԵՄ-ի՞ն միանալուն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն։ Սա արդեն ավելի մեծ աբսուրդ է։ Հանձնաժողովի նախագահի թեկնածուին կարելի է հարցնել՝ ինչ է պատկերացնում եվրաինտեգրում ասելով, ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչ տնտեսական ռիսկեր կան, ինչ հարաբերություն պետք է ունենալ ԵՄ օրենսդրության հետ, ինչ ժամկետներ է պատկերացնում… բայց քննարկումը վերածել` «ԵՄ, թե ԵԱՏՄ» երկընտրանքի, երբ խոսողը եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, անհեթեթ է։
Այս ամենը տեղի է ունենում, երբ երկրում կան անվտանգության, բանակի, տնտեսության, էներգետիկայի, ժողովրդագրության եւ արտաքին քաղաքականության ծանր հարցեր։ Ամենամեծ աբսուրդը ոչ թե առանձին պատգամավորի արտահայտությունն է, այլ այն, որ քաղաքական համակարգը պետական լուրջ հարցերը վերածում է «բառամարտի»:

Օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանին հարց են տալիս. «Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի մասնագետները եղել են Հայաստանի տարածքում»: Հաստատում է՝ եղել են: Իսկ ո՞վ է թույլ տվել, ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ քարտեզներ կամ տեխնիկական տվյալներ են օգտագործել, Հայաստանի պետական ո՞ր մարմինն է ընդունել-վերահսկել։ Պատասխանն է՝ «նոր բան չկա»: Ապա խոսում է, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ, հատկապես AI-ի ոլորտի խոշոր սպառողների պատճառով, եւ «գլխավորը»՝ Հայաստանի ռազմավարությունը 100 տոկոսանոց էներգետիկ անկախությունն է, բայց… հնարավոր է էլեկտրաէներգիա ներմուծել, այդ թվում՝ Ադրբեջանից։ Կրկին հաղորդակցական հնարք։ Հարցը սա էր. «Եթե ԱԷԿ-ը փակվում է, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Ադրբեջանը դառնա մեր էներգետիկ մատակարարը»։ Պատասխանը տեղափոխվում է այլ հարթություն. «Մենք կարող ենք ե՛ւ արտահանել, ե՛ւ ներմուծել, միջազգային առեւտուր է»։ Հարցը մնում է անպատասխան. ինչպիսի՞ կախվածություն կարող է առաջանալ, եւ ինչպիսի՞ անվտանգության երաշխիքներ են նախատեսվում։ Փաշինյանը պատասխանում է տնտեսական տեսանկյունից, մինչդեռ հարցը քաղաքական է` ազգային անվտանգության տեսանկյունից։ «100 տոկոսանոց էներգետիկ անկախությունն» ու Ադրբեջանից ներմուծումն ինչպե՞ս են համադրվում: Նույն պատասխանի մեջ ընդունում է, որ կարող է էլեկտրաէներգիա ներմուծվել Ադրբեջանից։ Իսկ մեզ հետաքրքրում է՝ եթե ներմուծումը անհրաժեշտություն չի լինելու, ապա ինչո՞ւ է Ադրբեջանի էներգետիկ առաջարկը քաղաքական օրակարգում հայտնվում հենց հիմա։

Փաշինյանի «շրջանցելու» մեթոդը հարցին պատասխանելու փոխարեն հարակից հարցին պատասխանելն է։ Տեխնիկան մոտավորապես այսպիսին է. կոնկրետ հարցից վերցնում է դրա մեջ եղած մեկ բառը կամ ենթադրությունը, ունկնդիրը զգում է, որ «պատասխան ստացավ», բայց հարցի ամենակարեւոր մասը մնաց չպարզաբանված։ Սա բավական ուժեղ տեխնիկա է, որովհետեւ մարդը չի ստանում բացահայտ ժխտում՝ «չեմ պատասխանի», ստանում է 15-20 նախադասությամբ պատասխան, որի երկարությունը ստեղծում է պատասխանի պատրանք։
Եզրակացություն. վերջին օրերի ԱԺ-ի տեսարանների եւ վարչապետի հաղորդակցական ոճի միջեւ նույն երեւույթն է՝ բովանդակային հարցի տեղափոխում երկրորդական հարթություն։

«Ի՞նչ քաղաքականություն ենք առաջարկում» հարցն ԱԺ-ում վերածվում է «ով ինչ բառ ասաց»-ի։ Փաշինյանի դեպքում՝ «ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ իրավական հիմքով է գործել»-ը՝ «այդ մասին նախկինում էլ ասել ենք»-ի։
Ժողովրդավարության համար շատ ավելի վտանգավոր է ոչ թե այն, որ քաղաքական գործիչը երբեմն սխալ կամ ծիծաղելի բան է ասում, այլ այն, որ քաղաքացին կարող է լսել երկար պատասխան եւ (չ)նկատել, որ իր հարցը մնացել է անպատասխան։

Էլի դեսպաններ հետ կկանչվեն – Հրապարակ

Օրերս լուր տարածվեց, որ հետ են կանչում Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին: Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրներն ասում են, որ Արսենյանը միակը չի լինելու, մոտ ժամանակներում էլի դեսպաններ են հետ կանչվելու: Նիկոլ Փաշինյանը փորձում է թարմացնել կառավարման օղակների երկրորդ էշելոնը` հույս ունենալով, որ փոխնախարարների փոփոխությամբ պետական չաշխատող ապարատը կսկսի աշխատել: Եվ կարծում է, որ դեսպանների փոփոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության կաթվածահար մեխանիզմը կգործարկի:

Հետ կանչվող դեսպանների մեջ, մեր տեղեկություններով, երեք և ավելի տարի պաշտոնավարած դիվանագետներ են, նաև նրանք, որոնց նվիրվածության հետ կապված կասկածներ կան և որոնց կասկածում են, որ թեկուզ լռում են, բայց ներքուստ չեն կիսում Հայաստանի վերջին տարիների պարտվողական ու անարժանապատիվ արտաքին քաղաքականությունը:

Այս փոփոխությունները հավանաբար մասամբ նաև պայմանավորված են ԱԳՆ-ի անվան և մեր արտաքին քաղաքական կոնցեպցիայի փոփոխությամբ, որի առաջնահերթություններից է դառնում առևտուրը, ի տարբերություն անցյալի վարած քաղաքականության, երբ առաջնահերթություն էր Արցախի և ցեղասպանության ճանաչումը:

Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ


Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ

Գործ տալու ենթամշակույթը – Հրապարակ

Եվ այսպես, «գործ տալ»-ը, ըստ Վահագն Ալեքսանյանի, քրեական ենթամշակույթին հարիր արտահայտություն է: Ինչո՞վ փոխարինել դա… Ալեքսանյանը համարժեք ոչինչ չի առաջարկում: Թե բա՝ հաղորդում տալ… Վերջացրու, պարոն փոխխոսնակ: Հաղորդում տալ կարելի է ամեն ինչի մասին: Օրինակ՝ վարչաբենդի մասին, վարչաֆեստի մասին… Էն ե՞րբ էր՝ մեզ հաղորդում տվեցին, որ Կոնջորյանն ու Ալեքսանյանը փոխխոսնակ են դարձել Ազգային ժողովում: Կարո՞ղ ենք ասել՝ մեզ գործ տվեցին Կոնջորյանի եւ Ալեքսանյանի մասին: Դե ուրեմն անիմաստ գործով ես զբաղված, պարոն «քացիտվան»: Մի բան էլ ասեմ՝ քրեական ենթամշակույթին շատ մի կպեք, որովհետեւ դրա հիմնական շահառուն դուք եք՝ ձեր ողջ կուսակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է «գործ տալ» արտահայտությանը, ապա ո՞վ չգիտի, որ դուք՝ բոլորդ, գործ տվող եք: Դուք գործը տալիս եք՝ դատախազը սարքում է, դուք տալիս եք՝ քննչականն ու հակակոռուպցիոնը սարքում են, դուք տալիս եք՝ ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն սարքում են: Եթե դուք, որպես իշխանություն, գործ չտայիք, երկրում այսքան գործ կլինե՞ր: Դատարանները չեն հասցնում ձեր հետեւից: Ձեզնից ով բերանը բացում է, լեզվից մի գործ թռցնում է: Նիկոլի մասին էլ չեմ խոսում: Էս գլխից մեկին «հանցագործ» է հայտարարում ու իրավապահներին քսի տալիս՝ գնացեք, դրա բիզնեսներն ստուգեք, կապերը պարզեք, թաքցրած փողերը գտեք, գույքը խլեք: Եթե սրան գրական հայերենով «հաղորդում տալ» են ասում, բա «գործ տա՞լը» որն է:
Նախորդ ԱԺ-ն, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանի համահեղինակությամբ մի օրենք ընդունեց, որ լրագրողներն անվանեցին «գործ տալու» օրենք: Մի քանի ամիս անց հասկացան, որ մեծագույն էշություն է այդ օրենքով լրագրողներին լռեցնելու փորձը, եւ չեղարկեցին: Դրանից առաջ էլ քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումների վրայով էին գործեր տալիս: Մեր տուն քանի անգամ են ոստիկաններ եկել, գիտե՞ք: Մի անգամ՝ նույնիսկ հենց Նիկոլ Փաշինյանի գործով: Դուք, ինչ է, մտածում եք, որ ոստիկանները բանուգործ չունեին ու իմ գրառումնե՞րն էին կարդում: Իհարկե՝ ոչ: Նրանց գործ էին տալիս, նրանք էլ գալիս էին այդ գործում նշված հասցեով: Հաճախ չէին էլ իմանում, թե որ օրվա եւ որ գրառման հետքերով են եկել:

ԱԺ նոր ղեկավարությունը, հասկանում ես, զրոյից է սկսել եւ որոշել է բարեկիրթ լինել: Արդեն նույնիսկ «գործ տալ» արտահայտությունը չեն ընդունում: Զարգացածներ… Կարո՞ղ եք ինձ ասել, թե ով է հաղորդում ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «հանցագործությունների» մասին: Լռո՞ւմ եք: Կարող եք, իհարկե, չբացահայտել այդ «ստուկաչին», բայց չեք կարող, չէ՞, հերքել, որ Գագիկ Ծառուկյանի տանը բեմականացված «մասկի շոուն» տեղի է ունեցել բացառապես իմ եւ ձեր իմացած մարդու հրահանգով: Կզըցնեմ, ունեզրկեմ, սատկացնեմ, բոմժ սարքեմ… Մեկը կար՝ այսպիսի բառեր էր օգտագործում: Պակա՞ս քրեական ենթամշակույթ է: Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ, բռնելու ենք շինենք… Փոխխոսնակ Վահագն, պատահաբար ծանոթ չե՞ս այս խոսքերի հեղինակի հետ: Էս բոլոր աղաղակող գործերը, որ տեսնում ես, բոլորն ինքն է տվել: Ուզում ես ասա՝ հաղորդում է ներկայացրել, ուզում ես ուրիշ բառերով ասա: Բոլորը, միեւնույն է, գիտեն, որ նա ոչ երկար-բարակ հաղորդում գրող է, ոչ էլ իր հաղորդումն անձամբ ներկայացնող: Մարդն SMS-ներով է աշխատում, այսինքն՝ գործ տալիս. «սրան բռնեք», «նրան փռեք գետնին», «մյուսին հավքեք», եւ այսպես շարունակ:

Մենք՝ շարքային լրագրողներս, օրական մի քանի հաղորդում ենք տալիս հանցագործության մասին: Հաճախ դա ստացվում է մեր կամքից անկախ: Խոսում ենք մի բանի մասին, ու մեկ էլ պարզվում է, մեջը հանցագործություն կա: Երբեւէ որեւէ իրավապահ կառույց գնացե՞լ է մեր տված հաղորդումների հետեւից: Ոչ, որովհետեւ լրագրողների ասածը դատախազի ու մյուսների համար «ասնավանի» չէ: Բայց երբ Նիկոլն է գործ տալիս, Աննա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը եւ մյուս իշխանավորները, իրավապահներն իսկույն ձգվում են, գործին իրավական տեսք տալիս ու գնում հետեւից: Ու թող փորձեն չգնալ, թող փորձեն չտեսնելու տալ Նիկոլի տված գործը, դատարան չհասցնել: Գլուխներ կթռչեն, հասկանո՞ւմ եք, գլուխներ:

Ալեքսանյան Վահագնը Լեւոն Քոչարյանին համբերատար բացատրում էր, որ «գործ տալը» քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում իր մեջ եւ սիրուն չէ: Համամիտ եմ, «գործ տալ» արտահայտությունը լավագույններից չէ, բայց ոչինչ չես կարող անել, երբ մեր երկրում այսպիսի արդարադատություն է տիրում: Այս իրավիճակում «գործ տալ»-ը «հաղորդում տալ»-ով փոխարինելը նույնն է, թե Ստալին-Բերիայի ժամանակների «մատնություն անել» արտահայտությունը փոխարինես «տեղեկատվություն փոխանցել» բառակապակցությամբ:
Եվ, այնուամենայնիվ, «գործ տալ»՝ նշանակում է գործ, զբաղմունք առաջարկել: Չեմ կարծում, թե շատ վիրավորական է, բայցեւ ընդունում եմ, որ իրավապահներին «գործ տալը» նույնը չէ, ինչ հյուսնին, ուսուցչին, բժշկին եւ մյուսներին: