Հա՛մ սալին, հա՛մ մանգաղին – Հրապարակ

Վաղարշապատի ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախագիծ: Այն հաստատվելու է հոկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու նիստում: Հիշեցնեմ, որ վերջինս «իրական Հայաստանի» 10 «տիրադավ» եպիսկոպոսների խմբից է: Ենթադրվում է, որ պատվավորի կոչում շնորհելը կարող է լինել մոտ ապագայում նրան կաթողիկոսի թեկնածու առաջադրելու առաջին քայլը, եթե, իհարկե, ՀՀ «մեծարգո վարչապետը» հաղթանակ տանի Հայ առաքելական եկեղեցու դեմ նախաձեռնած հակահայկական պատերազմում: Իսկ Վեհափառ հայրապետին պատերազմ հայտարարելը նշանակում է պատերազմ Եկեղեցու դեմ: Ճիշտ այնպես, ինչպես վարչապետի աթոռից կառչած անձի դեմ պայքարն իշխանության կողմից ընկալվում է որպես պայքար պետության դեմ: Չնայած առաջին դեպքում ասվածը ճշմարիտ է եկեղեցական կանոնագրքի տրամաբանությամբ, իսկ երկրորդ դեպքում հակասահմանադրական դիրքորոշում է:

Ասեմ, որ հոգեւորականին որեւէ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու երեւույթը նոր չէ: Հենց նույն Վաղարշապատում Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին 2009-ին շնորհվել է «Էջմիածնի պատվավոր քաղաքացի» կոչումը: 10 «տիրադավներից» Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը 1991-ին ստացել է Օշականի պատվավոր քաղաքացու կոչումը, երբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայրն էր (1991-1996 թթ.)՝ վարդապետի աստիճանով: Նա 1995-ին արժանացել է նաեւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ 1995-ին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր: 2015 թվականին Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին (մահացել է 2020-ին): Երեւի էլի են եղել որեւէ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում ունեցող հոգեւորականներ, բայց ներկայացվածն էլ բավարար է:
Տեղեկանք Վիքիպեդիայից. Ալֆորվիլը 45 հազար բնակչությամբ համայնք եւ քաղաք է Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում: Այն հանդիսանում է Փարիզի հարավ-արեւելյան արվարձաններից մեկը եւ գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը 7.6 կմ հեռավորության վրա:

Առաջին հայացքից նորմալ համայնքային պրակտիկա է հոգեւորականին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն այնտեղ, որտեղ նա ազգանպաստ գործունեություն է ծավալում: Ու եթե Հայ առաքելական եկեղեցու դեմ չնախաձեռնվեր պատերազմ, ապա Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի դեպքը ոչնչով չէր տարբերվի նախորդներից: Սակայն մեր պայմաններում՝ հաշվի առնելով վերջինիս «տիրադավ» լինելը, պարզ է, որ դա ունի հստակ քաղաքական ուղղվածություն, ինչը հերթական անգամ վկայում է, որ գործող իշխանության պարագայում մխտռվում է նույնիսկ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու ինստիտուտը: Դրանով էլ հերթական անգամ արձանագրվում է ինստիտուցիոնալիզմի իբրեւ թե ջատագով անձի վարչապետության հակաինստիտուցիոնալ բնույթը:

Ի դեպ, նորմալ չես կարող բնորոշել նաեւ Արմավիրի թեմի դիրքորոշումը: Երբ հայ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը քննադատեց «տիրադավ» եպիսկոպոսներին ու դրանց թվում արքեպիսկոպոս Ադամյանին, թեմը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ իր լիակատար աջակցությունը հայտնելով թեմի առաջնորդին։ Միաժամանակ, ուշադրություն՝ թեմը դատապարտեց եկեղեցականների նկատմամբ իրականացվող հանրային ու քաղաքական ճնշումները՝ ստեղծված իրավիճակն անվանելով «իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավ»։ Սա ի՞նչ է, եթե ոչ «հա՛մ սալին, հա՛մ մանգաղին» երեւույթի դրսեւորում: Այդ գիծն այսօր շարունակեց նաեւ հենց ինքը՝ թեմի առաջնորդը, հայտարարելով, որ իր «համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։ Իսկ դա նշանակում է, որ նա փորձում է տեղավորվել թե՛ հակաեկեղեցական եւ թե՛ ընդդեմ իշխանության ճամբարներում:

ՀԳ. Ենթադրում եմ, որ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու լավ առաջնորդ, եթե հայ ժողովուրդը պարտվի Փաշինյանին, եւ Հայաստանը զրկվի պետականությունից, որովհետեւ միայն այդ դեպքում ամբողջովին կբացահայտվի նրա՝ հակամարտ կողմերի միջեւ խուսանավելու կարողությունը: Բայց քանի որ ես չեմ կարծում, թե հայ ժողովուրդը պարտվելու է Փաշինյանին, ապա Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի այդ կարողությունն էլ պետք չի գալու ո՛չ նրան եւ ո՛չ էլ հայ ժողովրդին:

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը լայն արձագանք ստացավ: Հանրությունը նախ շոկահարվեց, տեղեկանալով, թե կառավարությունն Անկախության օրվա համերգի համար ինչքան գումար է հատկացրել: Խոսքը` 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամի մասին է, որը համարժեք է շուրջ 3 միլիոն 650 հազար դոլարին: Գումարը տրամադրվել է Կառավարության պահուստային ֆոնդից՝ ԿԳՄՍ նախարարության «Արվեստների ծրագրի» շրջանակում։ Տոնական միջոցառումների աշխարհագրությունը, բացի Երևանից, ընդգրկել էր չորս մարզկենտրոն՝ Վանաձոր, Կապան, Գյումրի, Իջևան։
Նշենք, որ հանրությանն առավելապես զարմացրել էր Անկախության տոնին երգող երգիչների շատ բարձր հոնորարները, օրինակ, Թաթա Սիմոնյանին 3 երգ երգելու համար հատկացվել է 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան 13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ նույնքան, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավար Խորեն Լևոնյանը ստացել է 3 միլիոն 600 հազար դրամ, Լուսինե Թովմասյանը՝ 1 միլիոն 320 հազար դրամ։

Գուցե այս ահռելի գումարների մասին մարդիկ այդքան շատ չխոսեին, և չքննադատեին համերգը, եթե այն ճաշակով լիներ, մինչդեռ Հայաստանի Անկախության օրվա համերգին գերակշռում էին ռաբիս ու անմակարդակ երգերը, տաշի-տուշի կատարումները: Նախկինում Անկախության օրվան նվիրված համերգներին երգում էին բարձրորակ հայրենասիրական երգեր, երգեր, որոնք խորհուրդ ու ասելիք ունեին: Երգիչ Մգեր Արմենիան նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ երգիչները Անկախության տոնին երգելու համար ստանում էին 100-150 հազար դրամ հոնորար, սակայն վերջերս մեր ընթերցողներից մեկը հիշեցրեց մեզ, որ 2013 թվականին երգչուհի Նունե Եսայանը Անկախության օրվա միջոցառմանը երգելու համար կառավարությունից ստացել է 54 միլիոն դրամ:

Համացանցում փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, և պարզվեց, որ 54.6 մլն դրամով կառավարությունը ոչ թե 2013-ի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում կազմակերպված տոնական բոլոր միջոցառումներն է ֆինանսավորել, այլ Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի մենահամերգը: Ի դեպ` այդ ծախսը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն, իսկ համերգի կազմակերպման պատասխանատվությունը դրվել էր այդ տարիներին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Այս ծախսը կառավարության որոշման մեջ հիմնավորվել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

«Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Նունե Եսայանից: Երգչուհին լսելով հարցը միանգամից ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ 54 միլիոն դրամ հոնորարի պատմությունը, և անջատեց հեռախոսը:

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 11-ը:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի 596-Ն որոշման դրույթների:

Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում: Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել ուղեցույցից, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով անձը գրանցվել է։

Դպրոցներում արդեն իսկ աշխատող ուսուցիչներն ունեն իրենց հաշիվները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (my.emis.am)։ Ուսուցիչների օգտանունը նույնն է, ինչ իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային մատյանի օգտանունը, այսինքն՝ նույն էլեկտրոնային հասցեն, որն ուսուցիչը օգտագործում է էլեկտրոնային մատյան մուտք գործելիս։ Եթե ուսուցիչը մոռացել է օգտանունը կամ գաղտնաբառը, կարող է դիմել դպրոցի տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետին (օպերատորին)։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել՝
· դպրոցում դասավանդող ուսուցիչները,
· մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող, ինչպես նաև տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք,
· նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները, որոնք համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ներբեռնեն կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում մինչև 2023 թ․ ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված անձինք (տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցողները)՝ ներկայացնելով նաև բուհի տեղեկանքը՝ կրեդիտների մասին։
Հայտերի լրացման մանրամասները՝ կից ուղեցույցներում․
https://support.emis.am/article/945
https://support.emis.am/article/956

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:
Կամավոր ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայաստանի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» և (տարրական դասարանից սկսած) «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:

1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից:

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, դասվարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով։ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային եղանակով:

«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Ե՛վ հայերենով, և՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով:
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով: Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման օրենքում փոփոխություններ անելու քննարկմանը ՔՊ-ական համահեղինակներից միայն մեկն էր ներկա` Ծովինար Վարդանյանը, այն էլ մոտ 40 րոպե (ֆրակցիայի նիստի էր), իսկ ներկա գտնվելու ժամանակ էլ հարցերի պատասխանները գերակշիռ մասը տալիս էին կառավարության անդամները:

Այսօր IMEI (միջազգային նույնականացուցիչների) մասին քննարկմանը (օրենքի` թերի լինելու պատճառով երկու ամսով հետաձգվեց ԱԺ բերելը) բացի հանձնաժողովի նախագահի խոսքից, քպ-ականների ՄԻԱԿ «բովանդակային» հարցը եղել է, թե ինչու են Ուժեղ Հայաստանի պատգամավորները եկել ու նստել սեղանի շուրջ աշխատելու: ՎԱՐԱԳՈւՅՐ:

Համառորեն չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին: Հենց այսպես էին վերաբերվում օրենքների ընդունմանը, որից տուժում էին մեր քաղաքացինեը: Փոփոխություններ լինելու են: Աշխատելու ենք: Աշխատելու եք»:

Ով է ընտրվել Պետդումայի նախագահ

Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել է 9-րդ գումարման Պետական դումայի նախագահ։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ 9-րդ գումարման Պետդումայի առաջին նիստում իրականացված բաց այլընտրանքային քվեարկության միջոցով:

«Միասնական Ռուսաստան» խմբակցությունից առաջադրված Վյաչեսլավ Վոլոդինի մրցակիցը Կոմունիստական կուսակցության պատգամավոր Դմիտրի Նովիկովն էր: 442 պատգամավորներից 406-ը քվեարկել են Վոլոդինի օգտին, 36-ը` Նովիկովի:

«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական», «Նոր մարդիկ» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունները Պետդումայի նախագահի թեկնածուներ չեն առաջադրել:

Ձեր երեսից են մարդիկ ինֆարկտ ստանում

Էլ ոչ մի պաշտոնյայի նկատմամբ հանրային վստահություն չկա։ Հանրությունը նրանց մեծ մասին այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն գործող պաշտոնյաների։ Դիտարկում է որպես մեկ անձի աթոռը պահող քաղաքական համակարգի գործիքներ։ Ու դրա համար էլ, ինչ էլ ասեն, խոսքը հաճախ լսվում է ոչ թե որպես պետական քաղաքականություն, այլ որպես հերթական «վերևից իջեցված» հայտարարություն։

Օրինակ, երբ առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտն ասում է․ «ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն: 2025 թ. տվյալներով սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդացությունը տղամարդկանց շրջանում 67% է, կանանց մոտ 33: Բնակչության 56% ունի գերճնշումային հիվանդություն: Այս վիճակագրությունը կարող ենք փոխել միասին` սկսելով կենսաձևի փոփոխությունից», մարդիկ չեն ասում՝ էս կնիկը մեր մասին մտածում է, եկեք սկսենք։ Հեծանիվ քշենք, մաքուր օդ դուրս գանք, աղ չօգտագործենք, մի քիչ էլ իր նման Փաշինյանի առաջ թռվռանք։

Կենսաձևից է խոսում, մինչդեռ մարդկանց համար խնդիրը կենսաձևը չէ։ Նրանց պատկերացմամբ՝ վիճակագրությունը ոչ մի կենսաձևով չի փոխվի․ իրե՛նք, իշխանությու՛նը պիտի փոխվի։ Հենց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում են Անահիտի «բուրդը քամուն տալիս»․ «Հաճախ , ձեր երեսից ինֆարկտ են ստանում , որովհետև էսպիսի խայտառակ վիճակ չեն տեսել մեր երկրում , ոնց որ հիմա է …»
Մեկն էլ, հերթից հոգնած, գրում է․

«Տիկին, սա ձեր աշխատանքի արդյունքն է։ Եթե պոլիկլինա այցելելու համար հերթը 2 ամիս է, այդպես էլ կլինի։ Թե՞ չգիտեիք»։
Մի ուրիշն էլ ավելի մասնագիտական զրույց է տանում․

«Եթե սրտանոթային հիվանդությունները այսքան տարածված են, պետք է խոսել ոչ միայն կենսակերպի մասին, այլ նաև կանխարգելման, վաղ ախտորոշման ու բուժման հասանելիության մասին»։

Այսինքն՝ նախարարն ասում է՝ փոխեք կենսաձևը, քաղաքացին ասում է՝ նախ փոխեք այն միջավայրը, որտեղ մարդը պիտի ապրի, կանխարգելվի, ժամանակին հետազոտվի ու բուժվի։

Եվ այստեղ արդեն խնդիրը միայն սրտանոթային հիվանդությունը չէ։ Խնդիրը պետական խոսքի նկատմամբ վստահությունն է։ Երբ իշխանության ամեն ասածը մարդիկ սկսում են կարդալ քաղաքական ենթատեքստով, նույնիսկ աղամանն ու Անոյի պարը դառնում են քաղաքական կատեգորիա։

Որովհետև քաղաքացին այլևս չի հարցնում՝ «Ի՞նչ անեմ, որ առողջ լինեմ», այլ՝ «Իսկ դուք ե՞րբ եք պատրաստվելու ձեր աշխատանքի արդյունքը փոխել»։ Ե՞րբ եք փոխվելու։

«Շատ էկզոտիկ զանգ ունեք». զավեշտալի իրավիճակ

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկումը մի պահ ընդհատվել է զավեշտալի միջադեպի պատճառով։

Նիստի ընթացքում հանկարծ հեռախոս է սկսել զանգել։ Մի քանի վայրկյան շարունակ նիստին ներկա պատգամավորները չեն հասկացել, թե ում հեռախոսն է զանգում, ինչի հետևանքով ներկաներից ոմանք սկսել են միմյանց նայել։

Իրավիճակին արձագանքել է ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ զանգող հեռախոսն իրենը չէ և զուր են նիստի մասնակիցները նայում իր կողմը։

Մի քանի վայրկյան անց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հասկացել է, որ զանգող հեռախոսը հենց իրենն է։ Նա գրպանից հանել է հեռախոսը, սակայն միաժամանակ պնդել է, թե այդ երաժշտությամբ զանգ դրված չէ իր հեռախոսին:

«Շատ էկզոտիկ զանգ ունեք»,- ասել է Մանուկյանը՝ դիմելով Համբարձումյանին:

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում ոչ մի ապահովություն չի լինի

Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ռեգիոնում, որտեղ Իրանն է գտնվում, չեն կարողանալու նավթ վաճառել, ոչ մեկ նավթ չի վաճառելու եւ ոչ մի ենթակառուցվածք ապահով ու անվտանգ չի լինելու՝ առանց Իսլամական Հանրապետության մասնակցության։ Այս մասին հայտնում է İRNA լրատվական գործակալությունը։ Այս կերպ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցի մասին արված վերջին հայտարարություններին։

Նա շեշտել է, որ եթե Իրանի անվտանգությունը չի ապահովվում, ապա ռեգիոնում ոչ մի ենթակառուցվածքի անվտանգություն ապահովել հնարավոր չի լինելու։

Այս գիրքը գերազանցել է բոլորին․ ո՞րն է պատճառը

Մարգարիտա Սիմոնյանի՝ Տիգրան Քեոսայանին նվիրված հուշագրությունը հայտնվել է Մոսկվայի գրախանութների շաբաթական ամենավաճառվող գրքերի ցանկի առաջին հորիզոնականում։

«Ոչ առաջին սեր. վշտի և ուրախության խոստովանություն» գիրքը ներկայացվել է ընթերցողներին օգոստոսի վերջին և կարճ ժամանակ անց դարձել է մայրաքաղաքի գրախանութներում պահանջված հրատարակություններից մեկը։ Սեպտեմբերի 21-27-ի վաճառքների արդյունքներով այն գլխավորել է «Ինչ է ընթերցում Մոսկվան» վարկանիշը։

Սիմոնյանի հուշագրության հիմքում նրա ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ կապված հիշողություններն են։ Հեղինակը գիրքը ներկայացրել է որպես Քեոսայանին նվիրված գրական աշխատանք։ Հետագայում նախատեսվում է հրատարակության աուդիոտարբերակի թողարկումը, որի համար նախատեսվում է արհեստական բանականության միջոցով վերարտադրել ռեժիսորի ձայնը։

Գրքի վաճառքի հետ կապված Սիմոնյանը հայտնել է նաև իր ֆինանսական նախաձեռնության մասին․ հրատարակությունից ստացված ամբողջ հասույթը նախատեսվում է տրամադրել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներից տուժած մարդկանց։