Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե ՆԱՏՕ-ն փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայում ՌԴ դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունում պնդում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է ռուսական տարածաշրջանի օդային և ծովային շրջափակման սցենարը: Այս դեպքում Մոսկվան կարող է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում` միջուկային զենքը` սեփական տարածքը պաշտպանելու համար։

«Առանձին ուշադրության են արժանի Լիտվայի, Լեհաստանի և Ֆրանսիայի «Gallant Boar 2026 համատեղ զորավարժությունները, որոնք հատուկ ուղղված էին Բալթիկ ծովի ափին գտնվող ռուսական Կալինինգրադ անկլավի դեմ։ Տեղեկություն կա, որ ՆԱՏՕ-ն Կալինինգրադի և Կալինինգրադի մարզի օդային ու ծովային շրջափակում է նախապատրաստում», – նշել են դեսպանությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունում կարծում են, որ եվրոպական շրջանակում շրջանառվող խոսակցությունները, թե իբր Ռուսաստանը մտադիր է ռազմական ներխուժում սկսել Եվրոպա, որոշակի նպատակ են հետապնդում՝ հիմնավորել պաշտպանության, Եվրոպայի ընդհանուր ռազմականացման ավելի բարձր ծախսերը, ինչպես նաև նպաստել Կիևի ռեժիմին հետագա ֆինանսական, ռազմական և քաղաքական օգնությանը։

Քաղաքացիների տվյալների հավաքագրում՝ նոր օրենքի անվան տակ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգություն է հայտնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման և վերահսկողության համակարգի ներդրման վերաբերյալ։

Հանձնաժողովում քննարկվում էր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը։ Դրանով առաջարկվում էր Հայաստանում ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկման համակարգ։

Աբրահամյանի խոսքով՝ նման կարգավորումը կարող է հանգեցնել քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը և հետագայում դրանց հնարավոր օգտագործման ռիսկեր ստեղծել քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ։

Միևնույն ժամանակ պատգամավորը դրական է գնահատել այն հանգամանքը, որ այս փուլում որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել։ Նրա կարծիքով՝ նման համակարգի ներդրման անհրաժեշտությունը պետք է մանրամասն քննարկվի՝ հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը։

Աբրահամյանը նշել է, որ եվրոպական մի շարք երկրներում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման պահանջ չի կիրառվում։

«Հրապարակ». Կոկոն արտահանձնվել է Հայաստանին

Մեր տեղեկություններով՝ Կյաժ Աշոտի սպանության մեջ մեղադրվող Կոնստանտին Հունանյանը՝ քրեական հեղինակություն համարվող Կոկոն, արտահանձնվել է Հայաստանին։ Նա 2024 թվականի հոկտեմբերին՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում, փախել էր «Արթմեդ» բժշկական կենտրոնից, հետագայում հայտնաբերվել էր Վրաստանում։ Հունանյանը մեղադրվում է 2020 թվականին Շենգավիթում 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ Կյաժ Աշոտի սպանության մեջ։

Ավելի վաղ նա նաեւ հետախուզման մեջ էր եղել նույն քրեական գործի շրջանակում եւ հայտնաբերվել էր 2021-ին։ Բացի այդ, Կոկոյին նոր մեղադրանք է առաջադրվել՝ նա մեղադրվում է 2022-ին «Արմավիր» ՔԿՀ-ում «դեբոշ» անելուց հետո պատժախուց տեղափոխվելիս իր մոտ արգելված առարկա՝ դանակ պահելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Հունանյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ նա Կյաժ Աշոտի սպանության գործով արդեն իսկ կալանքի տակ էր։

Բաքվում «աշնանային սրացումներ» են․ «Հրապարակ»-ին էլ են հիշել

Ադրբեջան պետության, հասարակության, մեդիահանրության ու այդ երկրին վերաբերելի յուրաքանչյուր կառույցի, ուժի, գործչի կողմից Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ու հայկական որեւէ երեւույթի մասին արված հայտարարությունները, քայլերը եւ այլն, ոչ միայն Հայաստանում, այլեւ, բարեբախտաբար, առաջադեմ, քաղաքակիրթ աշխարհում ընկալվում են որպես քինախնդրության, թշնամանքի հերթական ցցուն դրսեւորումներ։ Հիմա էլ Բաքվում նոր հեքիաթ են հորինել․ «տեղեկատվական կամ հիբրիդային արշավ՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Վերջին թարմ օրինակը, այն էլ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մակարդակով, այն էլ ո՞ւմ հասցեին մեղադրանքների պաշարով, իրենց «մեծ եղբոր»՝ Թուրքիայի։ Օրերս Ադրբեջանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը հայտարարել է, թե Թուրքիայի տարածքից սոցիալական մեդիայի հարթակներով Ադրբեջանի դեմ համակարգված տեղեկատվական արշավ է իրականացվում։ Բաքուն Անկարայից ակնկալում է գործնական քայլեր՝ դա կանխելու համար։ Պարզվում է՝ դարավոր եղբայրությանը, «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարախոսությանը վնասում է Իսրայելը՝ Ադրբեջանի «լավ ընկերն» ու Թուրքիայի «աչքի փուշը»։ Բա՞, ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ է, ամեն մեկը չէ, որ համակրում է մյուսի ծանոթին։ Շահեր էլ կան, եսասիրություն էլ, որ վերջին շրջանում սկսել է բացեիբաց ակնարկել Ալիեւ բռնապետը։ Սա թողնենք իրենց․․․

Անդրադառնալով Բաքու-Անկարա «թեժ գծին»՝ հավելենք, որ ադրբեջանցի օրենսդիրների դժգոհության հիմնական պատճառներից մեկն այն է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ, երբ նա հանդիմանում էր Թուրքիային, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմայով, ադրբեջանական պատվիրակությունը չի լքել դահլիճը (ի տարբերություն թուրքական պատվիրակության), ինչը թուրքական հանրային ու մեդիա շրջանակներում քննադատության ալիք է բարձրացրել Ադրբեջանի դեմ։ «Տեղեկատվական արշավի» մասին հայտարարեց նաեւ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմը՝ ի դեմս կառույցի համակարգող, քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի։ Նա ասաց, թե իբր հայկական կողմը, պաշտոնական Երեւանը եւ, որ տարակուսելի է, այսպես կոչված՝ քաղհասարակության ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում են թե՛ մեր երկրում, թե՛ իրենց, «ջանջիգյար» անում, իրար ծեքծեքուն հարցազրույցներ տալիս եւ այլն, վերջին շրջանում հակաադրբեջանական, ատելության, ռեւանշիստական խոսույթ են խրախուսում։ Այս դեպքում պատճառն Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների խայտառակ այցն էր օկուպացված Արցախ եւ Ալիեւի օգնական Հաջիեւի հակահայկական շոուն՝ Գանձասարի, Դադիվանքի հայկականության հետ կապված նենգ պատմական խեղաթյուրումներով։

Եվ ահա, մեր ժողովրդի հիշողության, տարեգրության օրացույցի նոր «սեւ ու ողբերգական էջի»՝ սեպտեմբերի 27-ի, Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի օրվա հետ կապված, հարեւան երկրում որոշել են թիրախավորել մեր զգացմունքները, ծաղրել մեր ազգային արժանապատվությունը՝ անցնելով բարոյականության բոլոր սահմանները։ Ադրբեջանի իշխանամերձ լրատվականների ու հեղինակների մաղձն այնտեղ է հասել, որ հայության հավաքական սգի օրվա հետ կապված՝ «Հրապարակ»-ի նյութերին են անդրադարձել (իսկ դրանցում դատապարտվել են համազգային վշտի օրը Հ1-ի եթերում խայտառակ տաշի-տուշի աղմուկը՝ Թաթայի համերգի տեսքով, պաշտոնյաների «ալիեւահաճո լռությունը» եւ ալն), եւ մեզ մեղադրել են ռեւանշիզմի մեջ, հետեւյալ թշվառ պատճառաբանությամբ․ «Այս համատեքստում ի հայտ է գալիս հետաքրքիր սյուրռեալիստական պատկեր։ Այսպիսով, ընդդիմադիր լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Հրապարակ» թերթի կողմից ներկայացված ռեւանշիստական ուժերը վրդովմունք հայտնեցին 2020 թվականին պատերազմի սկսվելու տարելիցի կապակցությամբ։ Դրա պատճառն այն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չցավակցեցին, մինչդեռ Հանրային հեռուստատեսությունը նույն օրը հեռարձակեց ժամանցային համերգ»։ Սա բռնապետական ադրբեջանական ռեժիմի դրոշակակիր Մինվալ․ազ-ի հրապարակումն է, որտեղ շարունակում է նույն ցնդաբանական տարերքով․ «Այսօր հայկական լրատվամիջոցները մեղադրում են Փաշինյանի կառավարությանը բոլոր մահացու մեղքերի մեջ։ Հայ երազողները ոչինչ չունեն առաջարկելու իրենց երկրին, բացի հավերժական սգից»։ Հավերժական սգի, կեղեքվելու, նվնվալու, բողոքելու, աշխարհից նեղանալու ու նրա վրա մուննաթ գալու, ցեղասպանվածի կերպարով հանդես գալու հատկանիշները հարատեւաբար ձեր մասին են, ադրբեջանցիներ։ Եվ ձեր դեպքում մեր արձագանքը հանրահայտ առածով կասենք․ «Ում կովը բառաչի, քոնը պիտի սսկվի»․․․ որովհետեւ հայի հանդեպ ատելության ու սերունդներին այդ ոգով դաստիարակելու հարցում մենք դեռ շատ բան ունենք ձեզնից սովորելու։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի դրական կողմերը

Հակիրճ ներկայացնեմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի (Doc. 16486 rev) դրական և բացասական կետերը:
Սկսենք դրականից՝ զեկույցն ընդգծում է հետևյալ հիմնական կետերը, որոնք պաշտպանում են ընդդիմության տեսակետը.

Վարչական ռեսուրսի չարաշահման քննադատություն.
Զեկույցում պաշտոնապես արձանագրված է իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահումը: Մատնանշվում են վերջին պահին իրականացված տնտեսական խրախուսումները և հանրային հատվածի աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները՝ իշխանության քարոզարշավներին ներկայություն ապահովելու համար, ինչը խաթարել է հավասար մրցակցությունը:

Ընտրովի արդարադատության դատապարտում.
Փաստաթղթում նշվում է, որ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործերի ու իրավական գործընթացների ալիքը լռեցրել է ընդդիմության ակտիվությունը և վախի մթնոլորտ ստեղծել նրանց աջակիցների համար:

«Անցողիկ շեմի բախման» հարցում բացահայտ կողմնակալություն.
Ամենակարևորն այն է, որ զեկույցը քննադատական դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու որոշման վերաբերյալ:
Երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումից հետո կուսակցությանը չէր հերիքել ընդամենը 0,011%՝ 4%-ի շեմը հաղթահարելու համար: ԵԽԽՎ-ն բացահայտ հարցականի տակ է դրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ այդ տարածքներում վերաքվեարկություն չանցկացնելու վերաբերյալ՝ դրանով իսկ հիմնավորելով ընդդիմության պնդումները:

Ստացվում է, որ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են: Փոշիացված է նաև 3 ընտրատեղամասերի ընտրողների կամքը:

Հ.Գ. Զեկույցի բացասական կողմերի մասին հաջորդիվ:

Նաիրա Կարապետյան

Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հաճախ մեծ հակազդեցություն են առաջացնում։

ՄԱԿ-ում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսված հանդիպումներից զատ՝ Փաշինյանը որոշեց Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել «Համահայկական ուսանողական միության» (ASA) անդամ հանդիսացող մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ։ Ըստ էության, սա Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գործառույթն է, սակայն վերջինիս չէին խնդրել ուղեկցել վարչապետին ԱՄՆ այցելության ընթացքում։

Հաշվի առնելով հայկական հարցերի վերաբերյալ Փաշինյանի խնդրահարույց դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպության՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլև վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց և չխորհրդակցեց Միացյալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճյուղերի ղեկավարների հետ։

Փաշինյանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական ուսանողական միության» անդամների շրջանում։ Միության Արևելյան տարածաշրջանի փոխտնօրեն Թամարա Գ. Նահապետյանը, դեմ արտահայտվելով այդ հանդիպմանը, հրաժարական տվեց։ Նա ինձ հայտնեց, որ հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք հայտնելով, որ Փաշինյանին հաջողվեց ապակայունացնել և պառակտել Սփյուռքում գործող ոչ կուսակցական ու ապաղաքական այս հայկական կազմակերպությունը։ Միության խորհրդի մեկ այլ անդամ ևս հրաժարական տվեց։ All-ASA-ի առնվազն երեք մասնաճյուղեր հանդես եկան հայտարարությամբ՝ տարանջատելով իրենց Փաշինյանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ Թեև միության անդամներն ազատ են իրենց քաղաքական հայացքներում, All-ASA-ն անկախ հովանոցային կազմակերպություն է, և չափազանց վնասակար է պառակտում մտցնել այն երիտասարդների շրջանում, որոնք դառնալու են ամերիկահայ համայնքի ապագա առաջնորդները։

Սակայն խնդիրն ավելի խորն է, քան պարզապես ASA-ի ներքին տարաձայնությունները կամ սփյուռքահայության շրջանում քարոզչական հաջողություն գրանցելու՝ Փաշինյանի ձգտումը։ Խոսքը Հայաստանի կառավարության՝ Սփյուռքն օտարելու ութամյա քաղաքականության շարունակության մասին է. քաղաքականություն, որին դեմ է սփյուռքահայության մեծ մասը՝ չընդունելով Փաշինյանի զիջողական կեցվածքն ու Հայաստանի թշնամիներին արվող անվերջանալի զիջումները։ Այս գործընթացն սկսվեց 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո Սփյուռքի նախարարության լուծարմամբ, որին հաջորդեցին Սփյուռքից ստացվող մարդասիրական օգնությունից հրաժարվելու մասին բազմիցս հայտարարությունները, ընտրության օրը քվեարկելու նպատակով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների մուտքի արգելափակումը, սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի բարդացումը, օտարերկրացիների ներգաղթի խրախուսումը (երկրի բնակչության «մոնոէթնիկ» պատկերը փոխելու նպատակով), Հայոց ցեղասպանության փաստերը կասկածի տակ դնելը, Արարատ լեռան ու հայկական այլ սրբազան խորհրդանիշների պատմական նշանակության արժեզրկումը, ինչպես նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։

Այլ երկրներում հայ համայնքների հետ նախկինում կայացած հանդիպումների ժամանակ վարչապետը պահանջում էր, որ մասնակիցները մինչև հանդիպման ավարտը հանձնեն իրենց բջջային հեռախոսները։ Այնուհետև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր իր ելույթից միայն կարճ հատվածներ՝ բացառելով ներկաների հնչեցրած որևէ հարց։ Մասնակիցները նախապես ընտրվում էին, որպեսզի ոչ ոք չբարձրացներ վարչապետի դիրքորոշմանը հակասող որևէ անհնարմար հարցադրում։

ASA-ի ղեկավարներն սկզբում խնդրել էին ուսանողներին իրենց հարցերը նախապես գրավոր ներկայացնել։ Ավելի ուշ՝ բողոքներից հետո, նրանք որոշեցին թույլ տալ ուսանողներին ուղղակիորեն հարցեր տալ։ Հանդիպումից հետո ASA-ի ղեկավարները հայտարարություն տարածեցին՝ պատճառաբանելով. «Համայնքից ստացված որոշ արձագանքներից հետո հետադարձ հայացքով գիտակցում ենք, որ թափանցիկության ապահովման նպատակով մեր ներքին հաղորդակցությունը կարող էր ավելի լավը լինել»։ ASA-ի հայտարարությունն ինստագրամյան էջում առայժմ հավաքել 172 մեկնաբանություն, որոնք հիմնականում քննադատական բնույթ են կրում։ Բազմաթիվ դժգոհություններ են հնչել առ այն, որ ուսանողների բացասական մեկնաբանությունները ջնջվել են։ Ոմանք պահանջել են ASA-ի խորհրդի հրաժարականը։

Եթե Փաշինյանն իսկապես մտադիր էր հանդիպել Նյու Յորքի ամերիկահայ համայնքի հետ, ինչո՞ւ նա մեծ դահլիճ չվարձակալեց և համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հնարավորություն չտվեց լսելու իրեն, ինչպես նաև հարցեր ուղղելու և քննադատելու իր հակահայկական քաղաքականությունը։

Հայաստանի կառավարությունը հակասական դիրքորոշում ունի Հայաստանի գործերին Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ։ Մեզ ասում են, թե իրավունք չունենք կարծիք հայտնելու Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի մասին։ Նման անհեթեթ պնդում անողները մոռանում են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակության վայրից։ Սփյուռքահայերին Հայաստանի հարցերով կարծիք հայտնելուց զերծ մնալու կոչերի իրական պատճառն այն է, որ Փաշինյանի անհանդուրժող աջակիցներին դուր չեն գալիս Սփյուռքից հնչող հակադիր տեսակետները։ Վստահ եմ՝ եթե սփյուռքահայերը քննադատելու փոխարեն գովաբանեին Փաշինյանին, Հայաստանում ոչ ոք չէր համարձակվի ասել՝ «Դուք իրավունք չունեք կարծիք հայտնելու»։ Բացի այդ, անկախ կարծիքի բնույթից՝ մարդիկ ամենուրեք արտահայտվելու իրավունք ունեն։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքների խախտումն է, որոնց պահպանման մասին բարձրաձայնում է վարչապետը։

Փաշինյանը չի կարող Սփյուռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ հետո ASA-ի անդամներին հրավիրել իր հետ հանդիպման։ Ավելին, քանի որ Փաշինյանը բազմիցս պնդել է, թե Հայաստանի կառավարությունն ի վիճակի է լիովին հոգալ բնակչության կարիքները և արտաքին օգնության կարիք չունի, ապա ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ամենամյա դրամահավաք կազմակերպում տասնյակ երկրներում։ Հայաստանում տեղակայված այս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը, որին միանում է վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինչպես իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետյանը. «Չի կարելի Սփյուռքին միաժամանակ անտեսել՝ որպես Հայաստանի քաղաքականության համար անկարևոր գործոն, և միևնույն ժամանակ օգտագործել նրան՝ որպես այդ քաղաքականության լսարան»։

Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դեմ արտահայտվեցին Փաշինյանի հակահայկական քաղաքականությանը և մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Արգիշտի Դարբինյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալի պաշտոնում ընտրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արգիշտի Դարբինյանին։

Արգիշտի Դարբինյանը բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ավարտելով «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունը։

Նրա աշխատանքային գործունեությունը ներառում է ինչպես մասնավոր, այնպես էլ էներգետիկ ոլորտում զբաղեցրած մի շարք պաշտոններ։ 2008-2021 թվականներին Դարբինյանը աշխատել է «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերությունում՝ որպես տնտեսագետ։ 2010-2021 թվականներին նա ղեկավարել է «Արգիշտի 1» ընկերության «Արգիշտի» հյուրանոցային մասնաճյուղը։

2021-2022 թվականներին Դարբինյանը աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Աբովյան» էլեկտրական ցանցում՝ զբաղեցնելով էներգաիրացման հարցերով պետի տեղակալի պաշտոնը։ Այնուհետև՝ 2022-2025 թվականներին, ղեկավարել է նույն ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» էլեկտրական ցանցը։

2025 թվականին նա նախ զբաղեցրել է «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի՝ էներգաիրացման հարցերով տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել մասնաճյուղի տնօրեն։

Նույն տարվա ընթացքում Դարբինյանը անցել է նաև Հայ գործարարների ասոցիացիա՝ ստանձնելով ծրագրերի ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցրել է 2025-2026 թվականներին։

2026 թվականի հունիսի 7-ին Արգիշտի Դարբինյանը պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Այժմ նա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում զբաղեցնելու է նախագահի տեղակալի պաշտոնը։

Վեճ, առևանգման ազդանշան՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթում, բացառիկ մանրամասներ

«Flydubai» ընկերության` Դուբայ-Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:

Թռիչքների մոնիտորինգով զբաղվող Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հորդանանի օդային տարածքում և հայտնվել Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ անձնակազմն ակտիվացրել է ինքնաթիռի առևանգման ժամանակ օգտագործվող վթարային կոդը և աղետի ազդանշան փոխանցել։

Իսրայելի ռազմաօդային ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Օդ են բարձրացվել կործանիչներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վերջին տվյալներով` ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել, վիճել են անձնակազմի անդամները, սակայն ինքնաթիռի անվտանգությանը վտանգ չի սպառնում։
Օդանավում ավելի քան 180 ուղևոր է եղել, նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են:

«Հրապարակ». Հո Կոբախիձեն ու Նեթանյահուն ամուսնության առաջարկ չե՞ն անում, որ քննարկենք անկեղծության հարցը

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն է։

– Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից ասաց՝ Էրդողանը բռնակալ է, սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ այլն։ Սա մեծ հիստերիա է առաջացրել Թուրքիայում, բայց, որ տարակուսելի է, նաեւ հայաստանյան որոշ շրջանակներում են սա քննադատում՝ ասելով, թե նա այդ ամենն ասում է սեփական շահերից ելնելով։ Պարզ է, որ Իսրայելը՝ իբրեւ Ադրբեջանի դաշնակից եւ 44-օրյա պատերազմի ու այլնի հետ կապված գործոններով պայմանավորված, որոշակի բացասական ընկալում ունի մեզանում։ Բայց չէ՞ որ նա հնչեցնում է հայ ժողովրդի համար գոնե ականջահաճո ճշմարտություն։

– Ճշմարտության բարձրաձայնումը չի կորցնում իր արժեքն այն պատճառով, որ այն հնչեցնողն ունի քաղաքական շահ։ Բնական է, որ Նեթանյահուն նման հայտարարություն անում է Իսրայելի շահերի գիտակցումով։ Ինքն Իսրայելի վարչապետն է։ Ինքը Հայաստանի վարչապետը չէ։ Մենք պետք է ողջունենք Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ հրապարակավ հնչեցված խոսքերը, հետեւողականորեն բարձրաձայնենք մեր պահանջներն ու տեսլականը եւ աշխատենք, որ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները դառնան ավելի գործնական ու շարունակական։ Միաժամանակ՝ ճշգրիտ լինենք «դաշնակից» որակման մեջ։ Իսրայելն ու Ադրբեջանն ունեն սերտ ռազմական համագործակցություն, եւ իսրայելական զենքի դերն Ադրբեջանի զինման գործում չի կարելի անտեսել։ Սակայն ես հիմք չեմ տեսնում նրանց հարաբերությունները ներկայացնելու որպես ամրագրված դաշնակցություն։ Իսրայելը նման բնույթի փաստաթուղթ չունի ստորագրված Ադրբեջանի հետ։ Նա պարզապես միջազգային շուկայում զենքի վաճառական է, որի գնորդները շատ են՝ Չեխիայից ու Ֆինլանդիայից մինչեւ Թաիլանդ ու Ֆիլիպիններ։ Օրինակ, ի տարբերություն Իսրայելի, Ադրբեջանի հետ դաշնակցային փաստաթղթեր ստորագրել են Ռուսաստանը՝ 2022 թվականին, եւ Թուրքիան՝ 2021 թվականին։ Հայաստանի շահերից է բխում բոլոր երկրների քայլերը գնահատել նույն չափանիշով՝ ընդունելով մեզ համար կարեւոր ճշմարիտ խոսքը։

– Նմանատիպ արձագանքներ Հայաստանում լսեցինք նաեւ այն ժամանակ, երբ Իսրայելի ԱԳ նախարարը կառավարություն ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, որը միաձայն ընդունվեց։ Ավելի վաղ, Նեթանյահուն հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե ինքը եւս ընդունում է այդ փաստը։ Նա, բայց ոչ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանախումբը՝ գոնե որպես պետական առաջնահերթություն։ Որտեղի՞ց է գալիս այս հակընդդեմ ալիքը։

– Այդ հակազդեցության պատճառների արմատները միատեսակ չեն։ Ոմանց համար որոշիչ է Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարված սպառազինությունը, ուրիշների համար՝ Իսրայելի Ղազայում գործողությունների գնահատականը կամ Երուսաղեմում որոշ ծայրահեղ կրոնականների ոտնձգությունները Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դեմ։ Այդ մտահոգությունները կարելի է քննարկել բաց եւ լուրջ։ Սակայն դրանցից ոչ մեկը պատճառ չէ՝ անտեսելու Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հնչած խոսքն ու Իսրայելի կառավարության կայացրած որոշումը։ Նաեւ Հայաստանի եւ Իսրայելի մերձեցումը հակասում է որոշ արտաքին ուժերի շահերին, հատկապես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Հաշվի առնելով այս երկուսի քաղաքական ու քարոզչական դերակատարումը Հայաստանի կյանքում, ինչպես նաեւ՝ ռուսական ավանդական հակասեմիտիզմի եւ Իրանի հակաիսրայելական ազդեցությունը, ապա պարզ են դառնում որոշ հակահրեական տրամադրությունների աղբյուրները։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա չի կարող ողջունել Իսրայելի կամ որեւէ այլ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ դրան դեմ են Բաքուն եւ Անկարան։

– Անգամ Վրաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե հայ ժողովուրդը չի հաղթահարել Հայոց ցեղասպանության ցավը, ու այդ ոճրի միջազգային ճանաչման արշավը չի ընդհատվել։ Եթե վեր կանգնենք հուզականությունից՝ իսկապե՞ս անկեղծ են Նեթանյահուն եւ Կոբախիձեն։

– Վեր կանգնելով հուզականությունից՝ նրանց անկեղծությունը հաստատել կամ հերքել չենք կարող։ Ի վերջո, դրա կարիքը չկա էլ՝ հո ամուսնության առաջարկ չէ՞։ Կարող ենք գնահատել խոսքերի բովանդակությունը, համատեքստը եւ դրանց հետեւող քայլերը։ Սեպտեմբերի 15-ին Կոբախիձեն Հայոց ցեղասպանությունն օգտագործել է Վրաստանի քաղաքական բանավեճում՝ հակադարձելով այն մտքին, թե ժողովուրդը կարող է պարզապես «հաղթահարել» պատմական ցավը։ Նրա դիտարկումը հայերի շարունակվող ճանաչման պայքարի մասին տեղին է։ Բայց այդ խոսքը դեռ Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում չէ։ Նեթանյահուի դեպքում խոսքին հաջորդել է ավելի որոշակի պետական քայլ. 2026 թ․ հունիսին Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն ցանկալի է, որ այն անցնի նաեւ խորհրդարանով։ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը կարող է բացատրել քայլի ժամանակը։ Դա ինքնին չի արժեզրկում ճանաչումը։ Քաղաքական շահն ու համոզմունքը կարող են համընկնել։ Պետք է ողջունենք ասվածը, բայց անկեղծության վերջնական չափանիշ համարենք հետեւողականությունը։ Իսրայելի դեպքում՝ ճանաչման գործընթացի ավարտն ու Հայաստանի նկատմամբ գործնական քաղաքականությունը, Վրաստանի դեպքում՝ արդյոք Կոբախիձեի խոսքին կհետեւի՞ պաշտոնական դիրքորոշում։ Հայկական պահանջների արժեքը նրանց ներքին շարժառիթներից կախված չէ։

– Դուք ասում եք, որ Հայաստանին առաջիկա ամիսներին անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք կավելացնեն նրա անվտանգության գործընկերները, տարածաշրջանային դերակատարումը եւ տնտեսական հնարավորությունները։ Նշվող 3 ուղղությունների թվում առաջարկում եք գործակցությունը խորացնել Իսրայել-Կիպրոս-Հունաստան ձեւաչափի հետ։ Կմանրամասնե՞ք։

– Ի՞նչ կարող է Հայաստանին տալ Իսրայել-Կիպրոս-Հունաստան ձեւաչափի հետ համագործակցությունը։ Հայաստանին այսօր անհրաժեշտ են սպառազինություն եւ զինամթերք, ժամանակակից պաշտպանական ու քաղաքացիական տեխնոլոգիաներ, արհեստական բանականության ոլորտում համագործակցություն, ներդրումներ, ինչպես նաեւ՝ պարենային անվտանգության եւ բժշկության զարգացման ծրագրեր։ Անհրաժեշտ է խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ ընդլայնել այն գործընկերների շրջանակը, որոնք կարող են նպաստել Հայաստանի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը։ Իսրայելն այդ հնարավոր գործընկերներից մեկն է՝ իր տեխնոլոգիական, բժշկական եւ պաշտպանական կարողություններով։ Հունաստանի ու Կիպրոսի հետ Հայաստանի հարաբերություններն էլ հիմք են ավելի լայն գործակցության համար։ Իսրայել-Հունաստան-Կիպրոս ձեւաչափն արդեն գործում է. երեք երկրների 2025 թ․ համատեղ հռչակագիրը նախատեսում է խորացնել նաեւ անվտանգության, պաշտպանության եւ ռազմական համագործակցությունը։ Հայաստանը, իր հերթին, Հունաստանի ու Կիպրոսի հետ եռակողմ համագործակցության փորձ ունի։ Իմ առաջարկն է՝ կապել այդ երկու համագործակցային ուղղությունները։ Հայաստանը կարող է առաջարկել սկզբում սահմանափակ, բայց չափելի ծրագրեր՝ տեխնոլոգիաների համատեղ մշակում, կիբեռանվտանգություն, բժշկական ու ջրային լուծումներ, պարենային անվտանգության նախաձեռնություններ եւ ներդրումային նախագծեր։ Պաշտպանական համագործակցության շուրջ նույնպես պետք է բանակցել՝ հստակ ներկայացնելով, թե ինչ է պետք Հայաստանին, եւ ինչ կարող է առաջարկել Հայաստանը գործընկերներին։ Այստեղ պետք է տարբերել հնարավորությունը կայացած փաստից։ Կարող ենք զգուշավորությամբ պնդել, որ Հայաստանն արդեն Իսրայել-Հունաստան-Կիպրոս ձեւաչափի ընդունված «պակասող օղակն» է։ Կա նաեւ ակնհայտ շահագրգռություն՝ Իսրայելի կողմից, ի հակակիռ Թուրքիայի, ուժեղացնել Հայաստանը։ Դա քաղաքական նպատակ է, բայց որի նյութականացման համար պետք է աշխատել։ Եվ առաջին հերթին պիտի ջանք եւ հետեւողականություն ցուցաբերի Հայաստանը։ Հայաստանը կարող է արժեքավոր կապող օղակ դառնալ ստեղծվելիք դաշինքի մեջ, եթե այդ գաղափարը վերածի գործընկերների համար նույնպես շահավետ առաջարկի։