Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն

Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն

Երևանի «Կասկադ» մշակութային հանգույցն ամբողջական, ֆունկցիոնալ և ավարտուն տեսքի բերելու համար ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
     Կառավարությունը 2025թ. հոկտեմբերին համաձայնություն էր տվել «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն ուղղված ներդրումային ծրագրին։

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ «Կասկադ» համալիրի զբաղեցրած 8 հա մակերեսով տարածքի համար նախատեսվում է բարեկարգման հայեցակարգի մշակում՝ ուղղված նաև ավարտուն տեսքի հասցնելու «Կասկադ» համալիրի բարեկարգումը մինչև Ազատության պողոտա՝ «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի» հուշակոթող։

«Ինչո՞ւ հենց այդ քաղաքացու հետ տեղի ունեցավ այդ դեպքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Ինչո՞ւ հենց այդ քաղաքացու հետ տեղի ունեցավ այդ դեպքը»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ալեն Սիմոնյանի ավտոշարասյան «սանձարձակ» պահվածքը երթևեկության ընթացքում» վերնագրով հրապարակմանը՝ մանրամասներ հայտնելով։

Սիմոնյանի խոսքով՝ ինքը մեքենայի մեջ չի եղել, ավտոշարասյունը բաղկացած է եղել իրեն սպասարկող մեկ մեքենայից և ՊՊԾ մեքենաներից, և տեսնելով իրեն սպասարկող մեքենան՝ ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկը սկսել է իրեն անկանոն պահել, սահմանափակել՝ խոչընդոտելով մեքենաների ընթացքը․ նրանից ճանապարհ է պահանջվել։

«Եվ այդ քաղաքացին, որը և տեսանյութը տրամադրել է «ժողովուրդ» օրաթերթին, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը»։

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Փենթագոնի հասարակայնության հետ կապերի գծով նախարարի օգնական Շոն Փարնելը:

Նա հրաժարականի պատճառները չի նշել և հայտնել է, որ ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա Ֆելանի առաջին տեղակալ Հանգ Ցաոն:

The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին հաղորդում է, որ Ջոն Ֆելանի հրաժարականին նախորդել է Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ ամիսներ շարունակ աճող լարվածություն։ Աղբյուրների հաղորդմամբ՝ Հեգսեթը և նրա առաջին տեղակալ Սթիվեն Ֆեյնբերգը դժգոհ էին Ֆելանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ հարաբերություններից։

Արքայազն Հարրին ժամանել է Կիև (տեսանյութ)

Արքայազն Հարրին ժամանել է Կիև

Արքայազն Հարրին չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։

«Կիև ժամանելով՝ Հարրին ասել է․ «Ուրախ եմ կրկին լինել Ուկրաինայում»։ Նա ITV News-ին հայտնել է, որ ցանկանում է «հիշեցնել մարդկանց իր հայրենիքում և ամբողջ աշխարհում, թե ինչի հետ է առերեսվում Ուկրաինան, ինչպես նաև աջակցել այն մարդկանց ու գործընկերներին, ովքեր ամեն ժամ, ամեն օր իրականացնում են արտակարգ աշխատանք՝ աներևակայելի բարդ պայմաններում»», – նշել է ITV NEWS-ի բրիտանացի լրագրող Քրիս Շիփը։

Հաղորդվում է, որ արքայազն Հարրին կմասնակցի Կիևի անվտանգության ֆորումին։ Սա արքայազնի երրորդ այցն է Ուկրաինա՝ պատերազմի սկսվելուց ի վեր։

«Պահանջում ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի թեմայով հանրային քննարկում»․ ակցիա՝ ԱԺ դիմաց (տեսանյութ)

«Պահանջում ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի թեմայով հանրային քննարկում»․ ակցիա՝ ԱԺ դիմաց

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման և այդ թեմայով ընդլայնված քննարկում կազմակերևպելու պահանջոց պատերազմում անհետ կորածների և զոհվածների հարազատները, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցչներ կրկին ԱԺ դիմաց են։

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ջանքերով այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար այս թեմայով աշխատանքային քննարկում, սակայն մասնակիցներին մերժել են տրամադրել ԱԺ գլխավոր դահլիճը՝ փոխարենն առաջարկելով 70 մասնակցի համար նախատեսված մեկ այլ դահլիճ։ Իսկ կազմակերպիչների խոսքով՝ 190 շահառու է քննարկումին մասնակցելու համար հայտ ներկայացրել, ուստի անհնար է նրանցից որևէ մեկին մերժելը։

«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան

«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։
     Եթե ԵՄ-ից գործուղված մասնագետների նպատակը իշխանության վերարտադրությունն չէ, ապա նրանք շատ պարզ կտեսնեն, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ընդդիմադիր ուժերի շարքեր է գործուղել իր գործակալներին, որոնք ընդդիմադիրի անվան տակ աշխատում են Նիկոլի օգտին, վարկաբեկում են ընդդիմությանը։
     Ընդդիմության նախընտրական ցուցակներում շատ են ՔՊ-ն օրեր առաջ ձևականորեն լքածներ, որոնք սև բիծ են հենց ընդդիմության համար։ Ցավոք, ընդդիմադիր շատ ուժեր դա չեն գիտակցում։
     Միաժամանակ տարածվում են ատելություն պարունակող հրապարակումներ, որոնք վերագրվում են Ռուսաստանի, Իրանի կառավարություններին կամ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, այնինչ իրականում դրանք գրվել են Հայաստանի կառավարությունում։
     Չմոռանանք նաև, որ շուն դոգի, Արամ Զավենի Սարգսյանի, իրեն շնորհապետ կարգած ոմն Գուրգեն Սիմոնյանի, Բոլորին դեմ և նմանատիպ նախագծերի մասնակցությունը ընտրություններին ընդամենը ձայներ փոշիացնելու նպատակ ունի, ինչն օգտակար է միայն Նիկոլ Փաշինյանին։
     Այս ամենը դասական հիբրիդային քաղաքական գործընթաց է, ինչին հատուկ ուշադրություն պետք է դարձնեն Եվրոպայի «ժողովրդավար» ու «անկողմնակալ» ներկայացուցիչները»։

«Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»․ Սերժ Սարգսյան

«Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»․ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հրապարակել է Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ,
     Ես ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից։ Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված և փաստարկված որոշում՝ պատմական որոշում։
     2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար։
     Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։
     Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ։
     Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։
     2018թ. վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան՝ հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով իմ ժողովրդի կողմից մերժում, բայց տարիների հեռավորությունից կարող եմ վստաh ասել՝ նորից կանցնեի այդ քավարանի միջով, որովհետև ես վստահ էի, որ այդպես կկանխենք որևէ աղետ:
     Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ։
     2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ արյունահեղություն։ Իսկ այսօր՝ իմ հրաժարականից ութ տարի անց, ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում «նախկիններն» են։
     Ես ենթարկվում եմ ժողովրդի նաև այս պահանջին. եթե իմ և Հանրապետականի մասնակցությունն անգամ մեկ տոկոսով նպաստելու է այսօրվա վարչակազմի վերարտադրությանը, մենք հետքայլ ենք անում, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք սթափ, առանց էմոցիաների արտահայտել իրենց կամքը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին՝ անխոչընդոտ իրականություն դարձնել ընտրություններով իշխանափոխության իրենց խոստումը։
     Ես իմ ուղին սկսել եմ Արցախի ինքնապաշտպանության ուժերի ձևավորումից և իմ կյանքի ամենամեծ պատիվը համարել եմ մեր ժողովրդի հաղթանակի կերտմանը մասնակից լինելն ու այդ հաղթանակը պահպանելը։ Հանրապետական կուսակցությունն իր կառավարման շրջանում արել է ամեն ինչ՝ հանուն անվտանգ Հայաստանի և հայկական Արցախի՝ վերջին հարյուր տարվա ընթացքում հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակն արժանապատվորեն պահպանելու ու փայփայելու համար։ Անշուշտ, եղել են սխալներ ու հիասթափություններ, բայց, իմ խորին համոզմամբ, այդ սխալները ներելի ու վերականգնելի են, և դրա վկայությունն այն է, որ այսօր մենք բաց ճակատով ու մաքուր խղճով դուրս ենք գալիս մեր ժողովրդի մեջ։
     Գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը չէր ցանկանում մասնակցել նաև 2021 թվականի ընտրություններին, բայց մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Ի տարբերություն ընդդիմության կողմից քարոզվող աներկբա հաղթանակի՝ սոցիոլոգիան այլ բան էր հուշում։ Մենք մասնակցեցինք այդ ընտրություններին, որպեսզի փորձենք կանխել Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը։ Ակնհայտ էր, որ 44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները։
     Ամիսներ առաջ Հանրապետականն առաջարկեց իմպիչմենտի նախագիծը՝ որպես այս իշխանություններից ազատվելու միակ իրատեսական ճանապարհ։ Մեզ համար պարզ էր, որ նրանք և իրենց արտաքին հովանավորներն արդեն սկսել են կեղծել ընտրությունները՝ բանտարկելով այլախոհներին, պետական պարտքի կրկնապատկման հաշվին բյուջեից ընտրակաշառք բաժանելով ու աչք փակելով օրեցօր ահագնացող ապօրինությունների վրա։
     Այս պայմաններում արդար ու մրցակցային ընտրությունները, մեր համոզմամբ, անհնարին էին։ Սակայն, ցավոք, մեր խորհրդարանական գործընկերներն ընտրեցին այլ ուղի՝ սպասելով ընտրություններին։ Ես հաջողություն եմ մաղթում նրանց այդ որոշումն արդարացնելու գործում։
     Ես համոզված եմ, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին։ Հանրապետականը կշարունակի պահպանել իր ծանրակշիռ դերը՝ որպես արտախորհրդարանական ուժ՝ հանուն պատմական հիշողության, արժանապատվության և հայկական երազանքի։
     Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա: Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։
     Արժանապատիվ խաղաղություն, տրամաբանություն ու ներդաշնակություն մեր երկրին ու ժողովրդին»։

ԻՀՊԿ-ն հրապարակել է Հորմուզի նեղուցում կոնտեյներային նավերի կալանման տեսանյութը (տեսանյութ)

ԻՀՊԿ-ն հրապարակել է Հորմուզի նեղուցում կոնտեյներային նավերի կալանման տեսանյութը

ԻՀՊԿ-ն հրապարակել է տեսանյութ, որում, երևում է, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կալանում Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող կոնտեյներային նավերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կալանել և Իրանի ափ են ուղեկցել խախտում գործած երկու նավ՝ MSC-FRANCESCA-ն և EPAMINODES-ը, որոնք առանց թույլտվություն ստանալու վտանգել են նավագնացության անվտանգությունը»։

«Նիկոլ Անհողի շարասյանը կնախանձեն նույնիսկ աշխարհի հզորները»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)

«Նիկոլ Անհողի շարասյանը կնախանձեն նույնիսկ աշխարհի հզորները»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Վախկոտ xzor-ը
     Ժողովրդի ծոցից ելած անվախ, xzorrrr ու prkiccccc հեծանիվասեր Նիկոլ Անհողի շարասյանը կնախանձեն նույնիսկ աշխարհի հզորները…
     Սա ընդամենը շարասյունն է, որտեղ չեն երևում մի քանի ավտոբուս հետը ֆռֆռացող ոստիկանները, շարասյան «մարշրուտի» ողջ երկայնքով ամեն խաչմերուկին կանգնած պարեկային մեքենաներն իրենց էկիպաժներով ու ոստիկանները, դիպուկահարները և այլն…
     Ու այդ ամենը միլիարդներ է նստում պետբյուջեի վրա…
     Զատո այս անգամ Շիրակի մարզ այցելելեւց վախկոտ xzor-ը գոհ կմնա. ինչքան սուպեր քծնող երկրպագու ուներ հանել էին ջրի երես… Դե իրա հետ հանդիպած քայլիստ֊պաշտոնյաների «երանելի էքստազային» վիճակի մասին էլ չասեմ…»։

«Աշխարհագրությունը որոշ ազգերի համար օրհնություն է, որոշների համար՝ պայքար, որոշների համար էլ՝ անեծք»․ Արա Պողոսյան

«Աշխարհագրությունը որոշ ազգերի համար օրհնություն է, որոշների համար՝ պայքար, որոշների համար էլ՝ անեծք»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմության ընթացքը ոչ թե գաղափարներն են վճռում, այլ նորին մեծություն աշխարհագրությունը։
     Քաղաքակրթությունները եկել ու գնացել են, իսկ աշխարհագրական գերիշխանությունը պատմության վրա մնացել։
     Հիմա էլ` պատերազմները արժեքների համար չեն, այլ աշխարհագրության։
     Աշխարհագրությունն է որոշում, թե որևէ պետության կտա՞ դոմինանտության հնարավորություն, թե՞ ոչ։
     Քաղաքական հաշվարկներում անտեսելով աշխարհագրական գործոնի ազդեցությունը, այն անպայման կլուծի իր «վրեժը»:
     Աշխարհագրությունը որոշ ազգերի համար օրհնություն է, որոշների համար պայքար, իսկ որոշների համար էլ անեծք»