«Փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրականացնել իրավաբանական օգնություն»․ ՄԻՊ

«Փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրականացնել իրավաբանական օգնություն»․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում:
     Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
     Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից»:

ՌԴ-ի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ (լուսանկար)

ՌԴ-ի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ

Գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, УНН-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերը տարբեր տեսակի հրթիռների և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ լայնածավալ համակցված հարձակում են իրականացրել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ: Կրակի տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Օդեսան, Խարկովը և այլ շրջաններ։

Մայրաքաղաքում հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա երեխա։ Վիրավորվել է առնվազն 54 մարդ։

«Պետք է հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

«Պետք է հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ»․ Արփինե Սարգսյան

«Տարիներ շարունակ մենք ավելի ամրապնդել և ուժեղացրել ենք քրեական ենթամշակույթը ՀՀ-ում, որովհետև կա այն ընկալումը, որ բռնությանը կարող ես պատասխանել ավելի ուժեղ բռնությամբ, և հարցը կկարգավորվի»,- այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս հարցի լուծման մեկ այլ ընկալում է այն, որ պետք է ներքաշել ոչ թե պետությանը, պետական մարմիններին, այլ քրեական տարբեր հեղինակությունների, և հարցը կլուծվի:

«Ի՞նչ ենք տեսնում պրակտիկայում. որ նմանատիպ իրադարձությունները հանգուցալուծվում են ողբերգական իրադարձություններով․․․ Սա ոչ թե ընտրություն է, այլ սկզբունք է, որ մենք հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ, և դրանով հասնենք շոշափելի արդյունքների տարբեր ոլորտներում»,- նշեց նախարարը։

«2026թ․ աշնանը կերաշխավորվի նոր կենսաչափական համակարգ ՀՀ- համար»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

«2026թ․ աշնանը կերաշխավորվի նոր կենսաչափական համակարգ ՀՀ- համար»․ Արփինե Սարգսյան

«Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները: Մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում»,- այս մասին ԱԺ-ում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Վաղուց ի վեր անձնագրային ողջ համակարգը բավական հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը ևս բավական ցածր կտրվածքով է գտնվում, և այս լուծումները պիտի թույլ տան 2026 թվականի աշնանը երաշխավորել լիովին նոր կենսաչափական համակարգ Հայաստանի համար: Ավարտական փուլում են գտնվում անձնագրի ընդհանուր դիզայնի և անվտանգային բաղադրիչներին վերաբերող աշխատանքները:

Հուսով եմ՝ առաջիկա օրերին հնարավորություն կունենանք մեր հանրությանը ներկայացնել նաև անձնագրի նկարագիրը, իսկ կենսաչափական նույնականացման քարտերը արդեն մեծաքանակ տպագրության փուլում են»,- տեղեկացրեց նախարարը:

«Իմ պաշտպանյալ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի»․ Լուսինե Մարտիրոսյան (տեսանյութ)

«Իմ պաշտպանյալ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի»․ Լուսինե Մարտիրոսյան

«Առավոտյան դեռ 10-ը չկար, որ այստեղ էինք, որոշակի խնդիրներ առաջացան, թույլ չէին տալիս մտնել, չէինք հասկանում ում մոտ են բերված և ինչ կարգավիճակում։ Զանգահարել ենք ՄԻՊ, Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ՝ վերացնելու խախտումը և ապահովելու մեր ներգրավվումը»,- Հակակոռուպցիոն կամիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալությանը։ «Ես ներգրավվել եմ Հասմիկ Ամիրզադյանի գործով, նրան մեղադրանք է առաջադրվել, քննարկվում է խափանման միջոցի հարցը։ Բայց ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ նա 5 որդեգրած անչափահաս երեխա ունի։ Հուսով եմ, որ այս մասը հաշվի կառնեն»,- նշեց փաստաբանը։

Կիևի երկինքը պատվել է սև ծխով (տեսանյութ)

Կիևի երկինքը պատվել է սև ծխով

Ուկրաինայի մայրաքաղաքի երկինքը պատվել է սև ծխով՝ գիշերը տեղի ունեցած պայթյունների հետևանքով առաջացած հրդեհից, հայտնում է ուկրաինական «Страна.ua»-ն։

Առավոտյան Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Նա նշել է, որ աշխատել է ՀՕՊ համակարգ։ Քաղաքապետի խոսքով՝ բեկորների անկում է գրանցվել Պոդոլսկի և Օբոլոնսկի շրջաններում։

«Եկել են՝ քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Եկել են՝ քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդդիմությունը շտապ վերադարձավ դահլիճ. ահա թե ինչու»։

«Երեկվանից խորհրդարանում Կառավարության զեկույցն ենք քննարկում, ընդդիմությունը չկար, բայց այսօր եկել են՝ քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն, պատկերացնո՞ւմ եք»,- տեսանյութում նշում է Փաշինյանը։

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»․ Արթուր Խաչատրյան

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»․ Արթուր Խաչատրյան

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»,- այս մասին ԱԺ-ում վարման կարգով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իմ պատկերացումը դա էր, քանի որ մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը և դրանից հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։

«Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)

«Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել»․ Մարիաննա Ղահրամանյան

«Արդեն 15 անձ բերման է ենթարկվել․ այս թիվը, փաստորեն, ավելանում է։ Այս պահին տեղեկություն ունենք, որ 1 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ բարեգործական գործունեության արգելքը»,- Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Փաստաբաններիր մի մասի աշխատանքը խոչնդոտվում է, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել և վստահորդների պաշտպանությունն իրականացնել, իսկ որոշ փաստաբանների ահազանգներից հետո հաջողվել է ներս մտնել»,- հավելեց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խուզարկություններից հետո բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ։

«Իշխանությունը չի հասկացել, որ իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)

«Իշխանությունը չի հասկացել, որ իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»․ Դավիթ Ղազինյան

«Մենք շատ նորմալ ենք մոտենում այս ամենին, այնպես չէ, որ չենք սպասում, ուղղակի դեռևս իշխանությունը չի հասկացել, որ այդ ամենն իրենց դեմ է աշխատում, ամեն մի, իրենց կարծիքով «վախեցրած» մեկ մարդու հետևից 10 մարդ գալիս է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության մի քանի անդամների ձերբակալմանը։ Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է բարեգործության արգելքը խախտելու հիմնավորումներով, նաև կուսակցությունից մի քանիսին փակի տակ պահելով հիմք ունենան՝ կուսակցությանը չգրանցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ղազինյանը պատասխանեց․ «Խնդրեմ, ո՞րն է խնդիրը, ուզո՞ւմ են՝ թող պահեն, բայց կանա՞նց։ Չեն հասկանում որ «Ուժեղ Հայաստան»-ում կանայք էլ են ուժեղ։ Իսկ «Ուժեղ Հայաստան» չգրանցելը նշանակում է ընտրությունները դնել կասկածի տակ։ Ինչ վերաբերում է ընտրակաշառաքին, բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելուց լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել, անգամ Սամվել Կարապետյանից խլած ՀԷՑ-ում են ընտրակաշառք բաժանում՝ աշխատավարձ բարձրացնելով»։

Իսկ կուսակցությունը չգրանցելու դեպքում, ըստ Ղազինյանի, ունեն համապատասխան ծրագիր, բոլոր տարբերակներին պատրաստ են և բոլոր տարբերակներին հակազդելու միջոցներն ունեն։