Հայաստանի այսօրվա իշխանությունը պատերազմի ամենամեծ սպառնալիքն է. Ռոբերտ Քոչարյան
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել՝ առցանց մոլախաղերի կազմակերպման կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը։
Սա անօրինական թվային խաղային ցանցերի դեմ ինդոնեզական ոստիկանության իրականացրած ամենախոշոր գործողություններից մեկն է։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Չայնաթաուն թաղամասի մոտակայքում գտնվող բիզնես կենտրոններից մեկում բերման է ենթարկվել 321 մարդ։ Նախնական տվյալներով՝ այդտեղ է գտնվել ավելի քան 70 առցանց խաղային կայքերի գործառնական կենտրոնը։ Դրանք թիրախավորել են Ինդոնեզիայի սահմաններից դուրս գտնվող խաղացողներին։
Ձերբակալվածների թվում կան Վիետնամի 228 և Չինաստանի 57 քաղաքացիներ, ինչպես նաև Լաոսից, Մյանմայից, Թաիլանդից, Մալայզիայից և Կամբոջայից ներգաղթած անձինք։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանց մի մասը կատարել է սպասարկման բաժնի օպերատորների, տելեմարքեթոլոգների և ֆինանսական կառավարիչների գործառույթներ։
Իրավապահները առգրավել են տարբեր արժույթներով կանխիկ գումար, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, անձնագրեր և կայքերի կառավարման համար օգտագործվող այլ սարքավորումներ։ Նախնական գնահատականներով՝ ցանցը կարող էր սպասարկել առնվազն 75 խաղադրույքային հարթակ։ Այս պահին մեղադրանք է առաջադրվել 275 ձերբակալվածների նկատմամբ։
Քննությունը նաև պարզել է, որ բազմաթիվ օտարերկրացիներ Ինդոնեզիա են մուտք գործել կարճաժամկետ վիզաներով և շարունակել են աշխատել դրանց ժամկետի լրանալուց հետո։ Նրանց կարող են մեղադրանքներ առաջադրվել անօրինական մոլախաղերի կազմակերպման, փողերի լվացման և միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս հոդվածներով նախատեսված առավելագույն պատժաչափը կազմում է մինչև 9 տարվա ազատազրկում և խոշոր տուգանքներ։
Վերջին ամիսներին նմանատիպ անդրազգային հանցավոր ցանցեր են բացահայտվել նաև Սուրաբայայում, Բալիում և Բատամ կղզում։ Ինտերպոլի տվյալներով՝ Կամբոջայում և Մյանմայում իրավապահների ճնշումների մեծացումից հետո նմանատիպ կառույցները սկսել են իրենց գործունեությունը տեղափոխել այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիա։
Աշխարհի խոշորագույն մուսուլմանական երկրում՝ Ինդոնեզիայում, առցանց մոլախաղերն արգելված են։ Իշխանությունները հայտարարում են, որ քննությունը շարունակվում է, և չի բացառվում, որ միջազգային հանցավոր ցանցերի հետ կապված նոր ձերբակալություններ կարող են իրականացվել։
Գերմանիան վերսկսում է ԱՄՆ-ից «Tomahawk» թևավոր հրթիռների ձեռքբերմանն ուղղված ջանքերը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Բեռլինի ռազմավարությանը ծանոթ աղբյուրներին։
Բեռլինը հույս ունի համոզել Թրամփի վարչակազմին համաձայնություն տալ «Tomahawk» հրթիռների և դրանց «Typhon» ցամաքային արձակման կայանքների վաճառքին, գրում է պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախատեսում է մեկնել Վաշինգտոն և վարչակազմի հետ քննարկել հեռահար համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Բեռլինի առաջարկը։ Առաջարկն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարվա հուլիսին։ ԱՄՆ-ն դեռևս պատասխան չի տվել։
Սակայն այս այցը կախված է նրանից, թե արդյոք Պիստորիուսը կկարողանա հանդիպում ունենալ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ, հայտնել են FT-ի աղբյուրները։
Ցամաքային բազավորման «Tomahawk»-ը հեռահար թևավոր հրթիռ է, որը սովորաբար արձակվում է ծովից՝ հակառակորդի թիկունքում գտնվող թիրախները խոցելու համար։
Փետրվարին Պենտագոնը հայտարարել է, որ յոթնամյա համաձայնագիր է ստորագրել «Raytheon» ընկերության հետ։ Այդ քայլով նրանք փորձում են ավելացնել «Tomahawk»-երի արտադրությունը, քանի որ դրանց պաշարները զգալիորեն նվազել են Իրանի դեմ պատերազմի հետևանքով։
Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Հոջաթոլեսլամ Մուսա Ահմադին հայտարարել է, որ իրանական նավթակիր տանկերների դեմ ձեռնարկված միջոցառումներն անօրինական են և չեն կարող խոչընդոտել իրանական նավթի արտահանմանը, հայտնում է Mehr-ը։
«Մեր տանկերների դեմ ուղղված գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։ Հնարավոր է՝ դրանք որոշակի չափով արդյունավետ լինեն, սակայն դրանց ազդեցությունն այնքան զգալի չի լինի, որպեսզի կանգնեցնի իրանական նավթի արտահանումը»,- տեղական լրատվամիջոցներին ասել է Հոջաթոլեսլամ Մուսա Ահմադին։
Նա նշել է, որ երկրի տարբեր հանքավայրերում նավթի արդյունահանումն ընթանում է անխափան ռեժիմով։
Ահմադին հավելել է նաև, որ Նավթի նախարարությունն ու համապատասխան գերատեսչությունները փորձում են նվազագույնի հասցնել կամ լիովին լուծել առկա խնդիրները՝ կիրառելով համապատասխան մեխանիզմներ։
Ջերմ շնորհավորանքներ Պետեր Մադյարին՝ Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություններ Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելությունում։
Մենք պատրաստ ենք խորացնել Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,- գրել է նա։
Գերմանիայի օդանավակայանները չվերթների զանգվածային չեղարկումներ են կանխատեսում այս ամռանը։ Դա կապված է ավիավառելիքի շուկայում տիրող ճգնաժամի հետ։
«Կան մտահոգություններ, որ կչեղարկվեն նաև այլ չվերթներ, հատկապես՝ ցածրարժեք ավիաընկերությունների և զբոսաշրջիկների շրջանում ավելի քիչ պահանջված ուղղությունները», — WELT AM SONNTAG թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանական օդանավակայանների ասոցիացիայի (ADV) գլխավոր տնօրեն Ռալֆ Բայզելը
«Լավագույն դեպքում 2026 թվականին սպասվում է ուղևորահոսքի լճացում։ Վատագույն դեպքում որոշ օդանավակայաններ կհանդիպեն թողունակության 10 տոկոսով կրճատման։ Ամբողջ երկրի մասշտաբով դա կարող է ազդել մինչև 20 միլիոն ուղևորների վրա», — նշել է ADV-ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ նման պարագայում որոշ ուղղություններ կարող են ամբողջությամբ փակվել, իսկ մյուսների դեպքում չվերթները կիրականացվեն ավելի հազվադեպ և զգալիորեն բարձր սակագներով։
Օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ թռիչքների չեղարկումը հնարավոր է ոչ միայն վառելիքի ֆիզիկական պակասի, այլև դրա բարձր արժեքի պատճառով։ «Կերոսինի գները կրկնակի անգամ բարձրացել են մինչպատերազմյան մակարդակից։ Մենք չենք ակնկալում, որ առաջիկա ամիսներին իրավիճակը կկայունանա»,— նշել է Բայզելը։
Նույնիսկ սովորական պայմաններում վառելիքի ծախսերը կազմել են ավիաընկերությունների ընդհանուր գործառնական ծախսերի շուրջ 30 տոկոսը։ Թեև փոխադրողների մեծ մասն օգտվում է գների կտրուկ բարձրացումից ապահովագրվելու մեխանիզմներից, վառելիքի թանկացումը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ երթուղիներով թռիչքների իրականացումը դարձել է տնտեսապես ոչ շահավետ։
Շաբաթ օրը Հյուսիսային Մայամի Բիչի մոտակայքում գտնվող նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է հոսպիտալացվել, հայտնում է NBC News-ը:
Մայամի-Դեյդ շրջանի հրշեջ-փրկարարական ծառայությունը հայտնել է, որ ժամը 12:30-ից անմիջապես հետո 25 ստորաբաժանումներ, այդ թվում՝ օվկիանոսային փրկարարական թիմերը և Ֆլորիդայի ձկնորսության ու վայրի բնության պահպանության հանձնաժողովը, արձագանքել են Հաուլովեր ավազակղզու մոտակայքում գտնվող նավի վրա տեղի ունեցած պայթյունի մասին ահազանգերին:
Հոլովեր ծովափնյա զբոսանավերի կայանատեղիից դեպի արևմուտք գտնվող ավազաթումբը ծանծաղուտ է, որը հայտնի է Հյուսիսային Մայամի Բիչի ամենաաշխույժ «ջրային հավաքույթներով» և նավային զբոսանքներով:
Դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները հայտնաբերել են մեծ թվով տուժածների։ Հաշվի առնելով վնասվածքների ծանրությունն ու անհրաժեշտ օգնության ծավալը՝ պատահարին տրվել է 2-րդ կարգի արտակարգ իրավիճակի կարգավիճակ (զանգվածային տուժածներով միջադեպ)։
Ընդհանուր առմամբ 15 մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ։ Նրանց առողջական վիճակի մասին այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսուհետ այն երկրները, որոնք կմիանան Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին, լուրջ խնդիրներ կունենան Հորմուզի նեղուցով անցնելիս։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի բանակի հայտարարությանը։
Իրանի զինված ուժերից նաև շեշտել են, թե հակառակորդը թյուր կարծիք է ունեցել այն մասին, թե պատերազմական պայմաններում իրենք չեն կարողանա արդյունավետորեն դիմակայել ու մարտական գործողություններ իրականացնել։
«Այդուհանդերձ, նույնիսկ հակամարտության 40-րդ օրը մենք պահպանել ենք մեր ռազմական ներուժը, հմտորեն կառավարել պատերազմի ընթացքը և կարողացել ենք շարունակել դիմադրությունը՝ իրականացնելով թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական գործողություններ։ Արդյունքում հակառակորդը համոզվել է, որ ի վիճակի չէ կոտրել այդ դիմադրությունը և ստիպված է եղել համաձայնել հրադադարին։
Մենք հրադադարի հարցում բացարձակապես չենք վստահում հակառակորդին։ Այս պայմաններում մենք ջանացել ենք հզորացնել մեր ուժերն ու կարողությունները, թարմացնել թիրախների ցանկը, անհրաժեշտության դեպքում վերանայել անձնակազմի պատրաստությունը, ինչպես նաև վերափոխել պաշտպանական ու հարձակողական դիրքերը. այս փոփոխությունների մի մասն արդեն իրականացվել է, մյուսն ընթացքի մեջ է։ Կատարվել են նաև ուժերի անհրաժեշտ վերատեղաբաշխումներ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։