ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետարանը «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։

Դրանք կնքվել են նույն օրը՝ մայիսի 5-ին, առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, ընդհանուր՝ մոտ 7 մլն դրամ արժեքով։

«Շինէքսպրտ» ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է ընկերության աշխատակիցներին, սակայն ընկերությունում առանց նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում:

Այս ընկերությունը, հատկապես Փաշինյանի իշխանության օրոք, Վանաձորի քաղաքապետարանի պատվերով իրականացնում է մանկապարտեզների շինարարության հեղինակային հսկողությունը։ Այժմ ընկերությունն ընդլայնել է աշխարհագրությունը եւ հսկողության ծառայություններ է մատուցում նաեւ Արագածոտնի մարզում։

Նկատենք, որ մինչ նշված 5 խոշոր պայմանագրերի կնքումը, նախկինում մարզպետարանն այս ընկերության հետ որեւէ պայմանագիր չի կնքել։

Սուրեն Աբովյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձան նրա քաղաքական հայացքները։ Նա ակտիվորեն կիսվում է ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումներով, այլ ՔՊ-ականների տեղադրած նյութերով։ Նաեւ ակտիվ է` տարբեր գրառումների տակ ՔՊ-ին սատարող մեկնաբանություններ է գրում։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։

Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էին դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել՝ պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին՝ ներկայանալ հանրահավաքին:

Նաեւ կազմակերպել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10 հազար մարդ ներկա կգտնվի, սակայն, Դանիել Իոաննիսյանի հաշվարկով անգամ, ընդամենը 2 հազար180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում՝ այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46 հազար է։ Փոխարենը, նույն Իոաննիսյանի հաշվարկներով, «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մեկնարկին` Մայր Հայաստան հուշարձանի մոտ, 5 հազար 650 մարդ էր ներկա գտնվել:

Ընդ որում, պարզ է, որ իշխանությունների թիվն ուռճացված է, ընդդիմությանը` նվազեցված, եւ մարդկանց բերելու իշխանության ռեսուրսը քանիցս գերազանցում է ընդդիմության ռեսուրսին:

Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։

Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը

Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։

Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։

Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։

Վարչապետը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ ավելի քան 5 միլիոն դրամի չափով։

Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը «Մեր Տպարանը» ընկերությունում, որտեղ ունի 50 տոկոս բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

Համեմատության համար՝ 2021 թվականի հայտարարագրում Փաշինյանի բանկային ավանդները կազմել էին շուրջ 3 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 27 հազար 701 դրամ և 3.84 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 790 հազար դրամ և 1800 դոլար, իսկ ընդհանուր եկամուտները՝ շուրջ 13,6 միլիոն դրամ։ Այդ ժամանակ վարկային պարտավորությունները կազմել էին մոտ 1,2 միլիոն դրամ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական անցած ուղին

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ավարտական կուրսում հեռացվել է՝ քաղաքական պատճառներով։

1990-ականներից զբաղվել է լրագրությամբ՝ աշխատելով տարբեր թերթերում, այդ թվում՝ «Լրագիր», «Մոլորակ» և այլ պարբերականներում։ 1998 թվականին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը հետագայում փակվել է դատարանի որոշմամբ։ 1999 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է նաև քրեական հետապնդումներով և ազատազրկմամբ։ 1999 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել է։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո մեկ տարուց ավելի անցկացրել է ընդհատակում, իսկ 2009 թվականին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ համաներմամբ ազատ է արձակվել։

2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակով։ 2013 թվականին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորումը, որը հետագայում դարձավ կուսակցություն։

2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի ցուցակով կրկին ընտրվել է պատգամավոր և ղեկավարել խորհրդարանական խմբակցությունը։ 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որն ապրիլ-մայիս ամիսներին վերածվել է զանգվածային բողոքի շարժման և հանգեցրել իշխանափոխության։

2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովը նրան ընտրել է վարչապետ։ Նույն թվականի դեկտեմբերին գլխավորել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և ընտրություններում ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը։ 2021 թվականին ներքաղաքական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն նույն տարվա հունիսի 20-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին հաղթանակ է տարել, և Նիկոլ Փաշինյանը վերանշանակվել է վարչապետ։

Այսպիսով, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ է կանգնում ոչ միայն որպես իշխանության արդեն ութ տարվա պատասխանատու, այլև որպես քաղաքական գործիչ, որի գործունեությունն ու որոշումները շարունակում են մնալ հասարակության ամենաքննարկվող և հակասական թեմաներից մեկը։ Մի կողմից՝ նա ներկայացնում է իրեն որպես «թավշյա հեղափոխության» առաջնորդ և համակարգային փոփոխությունների հեղինակ, մյուս կողմից՝ նրա կառավարման տարիները ուղեկցվել են պատերազմով, տարածքային կորուստներով, ներքաղաքական ծանր ճգնաժամերով և շարունակվող հասարակական բաժանարար գծերով։ Այդ ֆոնին նրա գույքային վիճակի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների շուրջ հանրային հետաքրքրությունը միայն աճում է, հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը շարունակում է խոսել թափանցիկության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական արդարության մասին»։

Փաշինյանն ափերից դուրս է եկել, Ղուլունցները՝ խայտառակվել, Փարամազյանն ու Առուշանյանը՝ ընտրել․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը փաստացի հաստատում է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրավիճակն այնքան էր սրվել, որ իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցություններին։ Թեև գերատեսչությունը խուսափում է անդրադառնալ «արհեստական գործադուլի» և հնարավոր սաբոտաժի մասին հարցադրումներին, պատասխանից ակնհայտ է դառնում՝ հանքում առկա դժգոհությունները ստիպել են ընկերությանը վերանայել աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։
Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրավապահները շարունակում են մասսայաբար ապօրինի գաղտնալսել ընդդիմադիրներին։

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալության մասին, որն իրականացվել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից։

Մենք տեղեկացանք, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր ուժի երեք համակիր` ձեռագիրը նույնն է, ձայնագրել են մարդկանց մասնավոր զրույցները եւ գտել, որ դրանցում ընտրակաշառքի մասին ակնարկներ են արվել։

Երեկ էլ Շիրակի մարզում կատարված խուզարկությունների արդյունքում չորս հոգու էին ձերբակալել։ Ընդդիմադիրների որսը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում էլ է շարունակվելու, փորձում են դրանով վախեցնել ժողովրդի աչքը։ Այս ձերբակալություններն ու գաղտնալսումները բավարար են, որ արդեն իսկ ընդդիմությունը հայտարարի, որ «ընտրությունները կեղծվել են», որովհետեւ ընտրությունների կեղծումը միայն քվեարկության օրը չի կատարվում, այլ շատ ավելի վաղ է սկսվում:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։

Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով պատասխանելը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երեկ վերջնականապես բացեց խաղաքարտերը եւ Խնձորեսկում դիմավորելով քարոզարշավի մեկնած Նիկոլ Փաշինյանին ու խոնարհվելով նրա առաջ` փարատեց բոլոր կասկածներն ու պատասխանեց հարցին՝ ինքն աշխատելո՞ւ է ՔՊ-ի օգտին, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, չնայած նա որոշ ընդդիմադիր շրջանակների խոստացել է, որ նրանց համար է աշխատելու, սակայն ՔՊ-ական շրջանակներից վստահեցրին, որ Փարամազյանն իրենց կոնտրոլի տակ է` չի կարող իրենց գլխից թռնել, քանի որ նրա գլխին քրեական գործեր կան կախված, ու եթե մինչեւ այս պահն ազատության մեջ է, միայն այն բանի շնորհիվ, որ իրենց «պետք է»։

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Հայաստանի հարավից: Սյունիքի համայնքներում Փաշինյանի քարոզչական թիմը խայտառակ ընդունելության է արժանացել:

Հիմնականում պարտադրանքով բերված համայնքապետարանի, դպրոցների աշխատակիցներ են եղել հանդիպումներին, իսկ Տեղ համայնքում առհասարակ` ամենախայտառակ պատկերն է գրանցվել: Չնայած համայնքապետ Ղուլունցը եւ նրա քեռի` Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ամեն ինչ արել են, որ գյուղացիներին բերեն գյուղամեջ` Փաշինյանի հետ հանդիպման, բայց չի ստացվել։

Այդ փաստը գազազեցրել է Նիկոլ Փաշինյանին, նա ստիպված է եղել մի քանի դպրոցականի առջեւ ելույթ ունենալ ու հեռանալ:

Աստծո տված պարգևը լիարժեք ընտանիքն է. Գոռ Հակոբյանի կնոջ հուզիչ գրառումն ու ջերմ լուսանկարը

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրանուշը, սոցցանցերի իր էջում կիսվել է ընտանեկան նոր և անչափ ջերմ լուսանկարով, որն ուղեկցվել է հոգեպարար գրառմամբ։

Հրանուշը, ով հայտնի է իր ընտանեկան արժեքների նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքով, այս անգամ ևս շեշտել է ընտանիքի կարևորությունը։

Լուսանկարին կից նա գրել է. «Աստծո տված պարգևը մարդուն դա լիարժեք ընտանիքն է»։

Այս անկեղծ ձևակերպումը մեծ արձագանք է գտել զույգի հետևորդների շրջանում։ Օգտատերերը հարյուրավոր մեկնաբանություններ են թողել՝ մաղթելով ընտանիքին հարատև երջանկություն և ամրություն։

Շատերը նշել են, որ Գոռի և Հրանուշի ընտանիքը օրինակելի է շատերի համար իրենց միասնականության և ջերմության շնորհիվ։

Մեր նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է, հաղթահարել խեղճությունն ու հուսահատությունը․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից հաղորդվում է․ «Մենք պատրաստ ենք միասնական ու հզոր թիմով շրջելու ողջ Հայաստանով՝ գյուղերից մինչև քաղաքներ, հանդիպելու մարդկանց, ներկայացնելու մեր ծրագրերն ու տեսլականը՝ հանուն երաշխավորված խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման և ազգային վերածննդի։

Մեր նպատակը բարգավաճ Հայաստան կառուցելն է, հաղթահարել խեղճությունն ու հուսահատությունը, մարդկանց վերադարձնել հավատը վաղվա օրվա նկատմամբ։

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն այս մեծ ընտանիքի կարևոր մասնիկն է զգում»:

Գյումրիում հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին

Մայիս ամիսը պատմության տարբեր ժամանակահատվածներում ասոցացվում է հաղթանակների հետ։ Մինչև արցախյան 44-օրյա պատերազմը մայիսի 9-ը Հայաստանում և Արցախում նշվում էր մեծ շուքով ու տոնախմբությամբ։

Մայիսի 9-ը առավել հայտնի է Եռատոն անվանումով։ Այն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրն է։ Մայիսի 9-ը կապված է նաև Արցախի առաջին պատերազմի կարևորագույն հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման հետ։ 1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ուժերը ռազմական գործողության արդյունքում ազատագրեցին Շուշի քաղաքը, որն այդ ժամանակ ռազմավարական կարևոր դիրք ուներ։

Նույն օրը՝ մայիսի 9-ին, նշվում է նաև Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը։

Այսօր Եռատոնի նախկին խորհուրդն այլևս չկա, որովհետև չկա Շուշին, օկուպացված է հայկական Արցախը։ Սակայն սերնդեսերունդ պահպանվում է զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ավանդույթը։

Նշենք, որ Գյումրիում այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ձո՞ւկ, թե՞ միս. ո՞վ է Փաշինյանը

ՌԴ-ն մերժված է ազատ, ժողովրդավարական երկրների կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու համար։ Մոսկվան այս երկրների մեծ մասին որակում է չբարեկամ։ Հայաստանը ազատ, ժողովրդավարական երկիր է։ Երևանն օրեր առաջ հյուրընկալել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, բայց Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին մայիսի 6-ին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի և Մոսկվայի համար՝ բարեկա՞մ, թե՞ «ո՛չ ձուկ, ո՛չ միս»։

Մայիսի 7-ին Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել է, որ դեռևս ապրիլի 1-ին է Պուտինին ասել այս մասին։ Այս առումով՝ կարելի է ասել, որ Փաշինյանը Մոսկվայի բարեկամը չէ։

«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել է նա։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ին լինելու է Սյունիքի մարզում և մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, հետևաբար՝ չի մասնակցելու Մոսկվայում կազմակերպված ավանդական շքերթին։

Մայիսի 9-ի շքերթին մասնակցելը ոչ միայն բարեկամության, այլև քաղաքակրթական համերաշխության ցույց է։ Սա հիշեցնում է ռուսների հաղթանակի մասին, չնայած՝ այդ հաղթանակից ոչինչ չի մնացել։ Արևելյան Եվրոպան ազատագրվել է խորհրդային բռնազավթումից, Գերմանիան վերամիավորվել է, Բալթյան երկրները ԵՄ, ՆԱՏՕ անդամ են։ Այս երկրները, հատկապես 2022-ից, հետո չեն մասնակցում Մայիսի 9-ի շքերթին։ Սակայն ռուսներն այս օրը ավանդական շքերթ են անում, հիշեցնում իրենց հաղթանակի, գլոբալ հավակնությունների մասին և թարմացնում բարեկամ երկրների շրջանակը։

Հայաստանը վերջին օրերին դարձել էր եվրոպական երկիր։ Եվրոպայի երկրների առաջնորդներն իրենց զգում էին հարազատ միջավայրում։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշում էին, որ Հայաստանի հետ ունեն քաղաքակրթական ընդհանրություններ։ Ոմանք նշում էին հունիսի 7-ի ընտրություններում ռուսական հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու կոչված ԵՄ նոր առաքելության մասին։

ՀՀ ռուսամետ որոշ գործիչների ու շրջանակների այնքան էր վախեցրել Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը, որ կարծիք էին հայտնում, թե Մոսկվան կարող է թշնամական քայլեր անել հայ ժողովրդի դեմ։ Երևանում հնչած ելույթների մի մասում քննադատություն է հնչել Ռուսաստանի ագրեսիայի, հակաքաղաքակրթական կուրսի վերաբերյալ։ Այս իրավիճակը նույնպես հիմք է ենթադրելու, որ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր համարվելու կարգավիճակին ավելի մոտ է, քան բարեկամ։

Ուշագրավ է անկախության ու ժողովրդավարության ջատագովների արձագանքը, որոնք քննադատում են Նիկոլ Փաշինյանին ԵՄ միանալու ուղղությամբ քայլեր չանելու, ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացնելու համար։ Նույնիսկ ԵՔՀ գագաթաժողովի ընթացքում որևէ առաջընթաց չարձանագրվեց ՀՀ-ԵՄ ինտեգրման, անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ։ Հիանալի շանս էր աշխարհին ցույց տալու Հայաստանի, հայ ժողովրդի հավաքական դիրքորոշումը, բայց ոչինչ չարվեց։ Եվ այս անգործությունն էլ հիմք է ենթադրելու, որ Փաշինյանը Մոսկվայի բարեկամն է, այդ պատճառով որևէ իրական քայլ չի անում, որը ենթադրաբար կարող է հակասել ռուսական շահերին կամ հավակնություններին։

Այս համապատկերում զուտ տեսական հետաքրքրություն է առաջանում, թե ի՞նչ չափանիշներով են որոշում՝ Նիկոլ Փաշինյանը բարեկա՞մ է, թե՞ ոչ։ Ինչպե՞ս են եվրոպացիներն աջակցում Փաշինյանին, որը միաժամանակ Կրեմլի բարեկամն է։

Այս «ո՛չ ձուկ, ո՛չ միս» վիճակը, ենթադրաբար, կշարունակվի նաև հունիսի 7-ի ընտրություններից հետո։ Ոմանք լավատեսություն են հայտնում, որ Հայաստանն առաջիկայում ազատվելու է ռուսական քայքայիչ ազդեցությունից։ Սակայն այսպիսի հեռանկարն իրատեսորեն բացառվում է, քանի որ վերջին հարցումների տվյալներով՝ բարձր ժողովրդականություն ունեցող թեկնածուները նման ծրագրեր չունեն։

Պարզ ասած՝ Հայաստանի քաղաքակրթական դիրքորոշումը կարելի է պարզ ձևակերպել հենց այսպես. «ո՛չ ձուկ, ո՛չ միս»։ Սա, ենթադրաբար, հասկանալի կլինի բոլորի, այդ թվում՝ վայրի արջի ցեղերի համար: Վերջիններս, ենթադրաբար, չեն հասկանա՝ ինչպես վարվել հայ ժողովրդի հետ ու չեն ուտի մեզ։

Թաթուլ Մկրտչյան

Այսօրվա իշխանությունը մեզնից խլեց ու ուրացավ մեր եռատոնը, բայց եթե կա պարտություն, պիտի լինի նաև վերածնունդ. Անդրանիկ Թևանյան

Այսօրվա իշխանությունը մեզնից խլեց մեր եռատոնը, ուրացան այդ ամենն ու իրենց վարած դավաճանական քաղաքականության արդյունքում այսօր ո՛չ Շուշիի հաղթանակի օրն ենք նշում, ոչ էլ առհասարակ կարող ենք Արցախ այցելել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը: Նրանք այսօր՝ մայիսի 9-ին, հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին:

«Այսօր ամեն դեպքում պիտի հիշենք մեր հերոսներին և եթե կա պարտություն, պիտի լինի նաև վերածնունդ: Անցյալն ուրանալը վատ ճանապարհ է:

Այսօր մեր հանդեպ նեոֆաշիստական մոտեցում է կիրառվում, երբ նույն մակրոնները գալիս են ու ասում, որ Հայաստանը պետք է մանրադրամ դառնա աշխարհաքաղաքական խաղերում ու դրա արդյունքում մենք կարող ենք 3-րդ ցեղասպանությունը ստանալ՝ արցախահայերի էթնիկ զտումից հետո», – ասաց Թևանյանը:

Շուշին, գերեվարված Արցախը նայում է մեզ, իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը կալանավայրից ուղերձ է հղել՝ մայիսի 9-ի կապակցությամբ.

Հաղթանակն այլընտրանք չունի

Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը:

Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:

Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու:

Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:

Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:

Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության:

Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի:

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
09.05.2026