Քաղաքացիների մոտ 45%-ը պատրաստ է դուրս գալ փողոց, եթե արդար չանցնեն ընտրությունները․ GALLUP

Եթե խորհրդարանական ընտրություններն անարդար անցնեն, պարտրա՞ստ եք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար: Ըստ «GALLUP International Association»-ի անցկացրած հարցման արդյունքների, 36.6%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, 9.9%-ը՝ ավելի շուտ այո, 10.2%-ը ավելի շուտ ոչ, 39.1%-ը՝ միանշանակ ոչ:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը:

Ավինյանը քաղաքային բյուջեից միլիոններ է բաժանում «յուրայիններին»

Երևանի քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերից ու կից տվյալներից տպավորություն է ստեղծվում, որ բյուջետային միջոցները երբեմն տրամադրվում են ոչ թե մրցակցային ու թափանցիկ գործընթացով ընտրված կազմակերպություններին, այլ անհատ ձեռնարկատերերին, որոնց քաղաքական դիրքորոշումները նկատելի են։

Քաղաքապետարանի որոշման մեջ նշվում է, որ 2026 թվականի բյուջեի շրջանակում իրականացվել է վճարում՝ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, և այդ գումարը փոխանցվել է «Հայկ Ալիխանյան» ԱՁ-ին՝ շուրջ 4,583,708 դրամի չափով։ Փաստաթուղթը չի բացատրում, թե ինչ մրցութային կամ ընտրության գործընթացով է ընտրվել տվյալ շահառուն, ինչն արդեն հարցեր է առաջացնում։

Հայկ Ալիխանյանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար, բավական է ուսումնասիրել համացանցում նրա կողմից կատարված հրապարակումները։ Վերջինիս սոցիալական ցանցերի ակտիվությունը ցույց է տալիս հստակ քաղաքական կողմնորոշում։ Ֆեյսբուքյան իր հրապարակումներում նա բացահայտ աջակցություն է հայտնում գործող իշխանությանը և քննադատում ընդդիմությանը։ Տեսանելի են նաև իշխանական լրատվամիջոցների հրապարակումներ, ընդդիմադիր գործիչների, ուժերի նկատմամբ բացասական վերաբերմունք արտահայտող գրառումներ։


Այսպիսով, Երևանի քաղաքապետի՝ 2026-ի հունվարի 14-ի համապատասխան որոշմամբ տեղի է ունեցել բյուջետային ուղիղ փոխանցում, մրցութային ընթացակարգի վերաբերյալ անորոշություն, ինչը ստիպում է խոսել հնարավոր շահերի բախման կամ առնվազն ոչ բավարար թափանցիկության մասին։

Ուշագրավ է նաև, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե խոշոր կազմակերպության, այլ անհատ ձեռնարկատիրոջ մասին է։ Հայաստանում նման ԱՁ-ների թիվը տասնյակ հազարների է հասնում, և անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ընտրվել հենց այս անձը՝ քաղաքային բյուջեից միջոց ստանալու համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցի նման գործելաոճը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս։ Եթե նախկինում հաճախ խոսում էին մրցույթների միջոցով «յուրայիններին» ֆինանսավորելու մասին, ապա այստեղ, կարծես, այդ գործընթացն անգամ շրջանցվում է՝ գումարները փոխանցելով ուղիղ։

Հարկ է նշել, որ քաղաքային բյուջեն հանրային միջոց է, և դրա յուրաքանչյուր դրամի ծախսը պետք է լինի հիմնավորված, թափանցիկ և հաշվետու։ Հակառակ դեպքում նման դեպքերը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, այլև խորացնում են հանրային անվստահությունը իշխանությունների նկատմամբ։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից խնդրեց տեղեկատվություն տրամադրել «Հայկ Ալիխանյան» ԱՁ-ի վերաբերյալ, որը ստանալուն պես կհրապարակենք։

Հասմիկ Մովսիսյան

Ընտրություններին առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ կան. ԿԸՀ

ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել

Այդ կուսակցություններն են՝

✔️«Ազգային ժողովրդավարական բևեռ»
✔️«Հայ ազգային կոնգրես»
✔️«Հանրապետություն»
✔️«Բոլորին դեմ եմ»
✔️«Ալյանս»
✔️«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»
✔️«Ուժեղ Հայաստան»
✔️«Հանուն հանրապետության»

Հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել խնդիրները շտկելու համար։

Տավուշում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը հետևողականորեն իրականացնում է բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումներ։

Հերթական միջոցառման ժամանակ ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Տավուշի մարզի ոստիկանները։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Ենոքավան բնակավայրի սկզբնամասում նկատել են փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։

Վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։ Նա ձերբակալվել է։

Կանգնեցվել է նաև «Ուրալը», որի վարորդը հայտնել է, որ մեքենայում կա 19 խմ փայտանյութ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։

«Ուրալը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։

Արսեն Սաֆարյանն արձագանքել է դստեր նշանադրությանը

Հայտնի երգիչ Արսեն Սաֆարյանը դստեր նշանադրության հանդիսավոր արարողությունից հետո արել է իր առաջին սոցիալական հրապարակումը։ Երգիչը կիսվել է գեղեցիկ կադրերով, որտեղ պատկերված են նրա դուստրն ու սիրելին։

«Շնորհավորում եմ»,- լուսանկարին կից կարճ և ջերմ մակագրություն է թողել երգիչը՝ հանրությանը հայտնելով իր ընտանիքում տեղի ունեցած ուրախալի իրադարձության մասին։

Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է երկրպագուների բազմաթիվ շնորհավորանքներին և բարեմաղթանքներին։

Թամարա Քալանթարյան

Ճանապարհը վատն է․ ո՞ւմ երեխաների կյանքի հետ են խաղում. բողոքի ակցիա՝ ընդդեմ դպրոցի փակման

Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղի միջնակարգ դպրոցը ևս փակվողների ցուցակում է։ Մեղրաշատցիների խոսքով՝ դպրոցի փակվելու վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբերի 1-ն է։

Կառավարության որոշման հետ սահմանամերձ այս գյուղում համաձայն չեն․ մարդիկ մտավախություններ ունեն, որ միտումնավոր դատարկում են գյուղը։

Այսօր Մեղրաշատի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները՝ իրենց ծնողների հետ միասին, բողոքի ակցիա են իրականացրել՝ այդպես արտահայտելով իրենց անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։

Հիշեցնենք, որ 2026 թ․-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով Շիրակի մարզում կփակվեն 48 դպրոցներ, որոնցից մեկը՝ Գյումրիում, իսկ մնացած 47-ը՝ սահմանամերձ և լեռնային գյուղերում։

Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։ Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ 279 աշակերտով։ Աշոցքի շրջանի Կարմրավան գյուղի հիմնական դպրոցը ևս փակվող դպրոցների ցուցակում է։ Մեղրաշատի դպրոցը գտնվում է Ամասիա խոշորացված համայնքում։

Մեղրաշատցիները նշում են, որ իրենց դպրոցը բավականին բարվոք վիճակում է, վերանորոգված է․ մի խոսքով՝ կրթություն ապահովելու համար բոլոր պայմանները կան։ Դպրոցն ունի 52 աշակերտ․ ծնողները գոհ են թե՛ ուսուցիչներից, թե՛ կրթական որակից։ Մեղրաշատի դպրոցը միանալու է հարևան Բյուրակն գյուղին, որը 2–3 կմ հեռու է։

«Ճանապարհը վատն է․ ո՞ւմ երեխաների կյանքի հետ են խաղում։ Ես իմ երեխային չեմ ուղարկի Բյուրակն։ Ինչի՞ են ուզում փակել դպրոցը․ մեր դպրոցը շատ էլ լավն է, հետևանքները անդառնալի են լինելու»,- ասում է ծնողներից մեկը։

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ եթե դպրոցը փակվի, գյուղն էլ կդատարկվի, իսկ սահմանապահ գյուղը դպրոցն է պահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Բալահովիտում 10 երեխա չի թունավորվել․ վարչական ղեկավարը պնդում է՝ համաճարակ չկա

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» մասին տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Արմեն Հակոբյանը։

Վերջինս անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իբր գյուղում 10 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նշեց, որ նման բան չկա․

«Մի փոքր ուռճացված է ներկայացվում իրավիճակը։ Խոսքը մեկ երեխայի մասին է, մոտ 10 տարեկան, որի մոտ առողջական խնդիր է առաջացել, հնարավոր է՝ կապված կոյուղաջրերի հետ։ Բայց դա չի նշանակում, որ գյուղում համաճարակային վիճակ է»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ տվյալ ընտանիքի բակում անցնում է ջրատար, որին միացված է նաև կոյուղագիծը, և նախկինում ևս այդ հարցով ահազանգ եղել է։

«Այդ բնակիչը նախկինում էլ է դիմել։ Այժմ որոշ աշխատանքներ իրականացվում են, բայց սա այնպիսի խնդիր չէ, որ ներկայացվի որպես տարածված կամ զանգվածային երևույթ»,- ասաց գյուղապետը։

Նա նաև հստակեցրեց, որ այլ երեխաների հիվանդանոց տեղափոխելու կամ զանգվածային վարակման դեպքեր չեն արձանագրվել․

«Ոչ մի նման բան չկա։ Խոսքը միայն մեկ երեխայի մասին է, ոչ թե 10»,- կրկնեց Արմեն Հակոբյանը։

Մերի Հակոբյան

Հայտնվել էի հարսանիքի կենտրոնում․ Վարդան Սարգսյանի արկածները Մարոկկոյում

Երգիչ և հաղորդավար Վարդան Սարգսյանը, ով հայտնի է իր հեռուստատեսային ճամփորդություններով և էկզոտիկ երկրներից բացառիկ կադրերով, հերթական անգամ զարմացրել է իր հետևորդներին։

Այս անգամ նրա ուղղությունը Մարոկկոն է, որտեղ նա պատահաբար դարձել է մի շատ հետաքրքիր իրադարձության մասնակից։ Վարդանը նոր հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա հայտնվում տեղի ավանդույթներով անցկացվող շքեղ հարսանիքի կիզակետում։

Ըստ երգչի՝ նրանք պատահաբար են ներկա գտնվել այդ արարողությանը, ինչը էլ ավելի հետաքրքիր է դարձրել նրանց օրը։

«Հարսանքավորները գալիս են…»,- հոլովակին կից գրել է Վարդանը՝ ցույց տալով Մարոկկոյի ավանդական երաժշտությունը, վառ հանդերձանքներն ու տոնական տրամադրությունը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարսանեկան թափորի մասնակիցները պարում և երգում՝ ստեղծելով իսկական արևելյան հեքիաթ։ Վարդանը, ով միշտ սիրում է ուսումնասիրել տարբեր ազգերի մշակույթները, հիացմունքով է հետևել ու կիսվել այդ ամենով իր էջում։

Հետևորդները շտապել են մեկնաբանել հոլովակը՝ նշելով, որ Վարդանի ճամփորդությունները միշտ լի են անակնկալներով, իսկ նրա տեսանկյունից Մարոկկոն պարզապես հիասքանչ տեսք ունի։

Թամարա Քալանթարյան

Նիկոլը գերիների հարցը որ բարձրացնող լիներ` մինչև հիմա կաներ. հարցում

Ապրիլի 29-ին Շահին Մուսթաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը ժամանել էր Հայաստան․ Աղվերանում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների փակ հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։

Քննարկումները վերաբերել են սահմանազատման տեխնիկական ու կազմակերպչական հարցերին, իսկ պաշտոնական հաղորդագրություններում գերիների թեմայի մասին որևէ հիշատակում չի եղել։

Oragir.News-ը շրջել է Երևանում և անցորդներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ իշխանությունը Ադրբեջանի փոխվարչապետի առաջ գերիների հարցը բարձրացրե՞լ է»։

Քաղաքացիների կարծիքները հիմնականում տարբեր էին, բայց շատերը թերահավատ էին։

Մի տղամարդ կարծիք հայտնեց․ «Ոչ, էդպես ա, որ բարձրացներ՝ մինչև էդ կաներ…»։

Մեկ ուրիշը կարճ արձագանքեց՝ «Երևի հա»։

Կային նաև կտրուկ դիրքորոշումներ․ մի տղամարդ նշեց․ «Գերիների հարցը թող չբարձրացնեն»։

Մեկ այլ քաղաքացի համոզված էր, որ թեման ընդհանրապես չի բարձրացվում․ «Ոչ, ոչ մի բան չեն ասում, իրանք տրամադրված են ոչ մի հակա բան չխոսան Ադրբեջանին»։

Մի կին ավելի զուսպ արձագանքեց՝ նշելով․ «Օգուտ լինի, ինչ իմանաս՝ ով ինչ ա մտածում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Ատանյան

Հայկական գորգ՝ Աբովյան փողոցում. յուրօրինակ լուծում հետիոտնային անցման համար

Oragir.News-ի տեսախցիկը այսօր ֆիքսել է ուշագրավ մի տեսարան:

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, հետիոտնային անցումը վերածվել էր յուրօրինակ լուծում ունեցող արվեստի գործի. հետիոտնային անցման ավանդական գժերի փոխարեն պատկերում էին հայկական զարդանախշերով գորգ:

Գորգը դեռ ավարտուն չէր, սակայն կիսով չափ արված պատկերն արդեն յուրօրինակ տեսք էր հաղորդում փողոցին:

Մանրամասները՝ տեսանյութում: