Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով

Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող հրադադարի հստակ ժամերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով հատուկ ռազմական գործողության գոտում նոր հրադադարի ժամկետների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի հայտնել էր, որ Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հաղթանակի տոնի կապակցությամբ հրադադար հայտարարելու պատրաստակամության մասին:

«Խոսքը Հաղթանակի տոնի մասին է, սակայն թե որ ժամին կսկսվի այդ հրադադարը և երբ այն կավարտվի, կհայտարարվի և կորոշվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ

Թրամփը Truth Social-ի իր էջով տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ:

Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ուզում է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուցի, սակայն իր այդ մտահաղացումը հավանության չի արժանացել:

Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։

Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:

Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։

Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։

Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցից երեկ անակնկալի էին եկել նաեւ ՔՊ-ական պատգամավորները։

Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։

Սակայն ավելի ուշ քաղաքական կուլիսներում խոսում էին, որ այցը ոչ թե սահմանազատման հարցերին է վերաբերում, այլ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստանում բնակեցնելուն։

Տեղեկությունների համաձայն, Մուստաֆաեւի հետ ադրբեջանցի գործարարներ էլ են ժամանել Հայաստան, եւ Աղվերանի «Աբրիկոտ» ռեստորանում հայ կոլեգաների հետ հանդիպում է կայանալու՝ երկկողմ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Հայկական կողմից հիմնականում այն գործարարներն են եղել, ովքեր վերջերս մասնակցում էին Փաշինյանի հետ նախաճաշին։

Սա ավելի շատ ստուգողական այց է, փորձում են հայ ժողովրդի ռեակցիան ստուգել, այլ կերպ ասած՝ ադապտացնել հետագայում ադրբեջանցիների հետ համակեցության մտքին։

Խոսվում է, որ գործընթացը կմեկնարկի ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի։

Ապառիկով փոշեկուլից՝ անշարժ գույքեր․ Արարատ Միրզոյանը նորակառույցում մի հարկ է առել

Վերջին շրջանում տարբեր հրապարակումներում և սոցիալական ցանցերում շրջանառվում են Արարատ Միրզոյան-Գոհար Աբաջյան զույգի նոր ձեռքբերումների մասին տեղեկություններ, ըստ որոնց՝ վերջիններս Շինարարների 14/1 հասցեում գտնվող նորակառույց բնակելի համալիրում անշարժ գույք են ձեռք բերել։

Պարզվում է՝ բացի շքեղ առանձնատնից, Միրզոյաններին այսուհետ պատկանում է նաև նորակառույցի ամբողջական մեկ հարկ (ըստ փաստաթղթի՝ 39-40 համարի բնակարանները)։


Այսպես․ արտգործնախարար Արարատ Միրզոյանի տարեկան հայտարարագրերը ցույց են տալիս ոչ միայն Միրզոյանի քաղաքական, այլև սոցիալական ճկուն վերելքները։ Ակնհայտ է, որ «թավիշից» հետո Միրզոյանի և կնոջ՝ Գոհար Աբաջյանի ունեցվածքը զգալի փոփոխությունների է ենթարկվել։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված ՔՊ-ական Արարատ Միրզոյանը թավշյա հեղափոխությունից» հետո նշանակվեց առաջին փոխվարչապետ։ Ավելի ուշ նա կրկին ստանձնեց պատգամավորական մանդատը, ապա նաև իշխանական մեծամասնության՝ ՔՊ-ականների կողմից ընտրվեց ԱԺ նախագահ, իսկ 2021 թվականից զբաղեցնում է Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2018-ին Միրզոյանը գնել էր բնակարան Երևանում 49.7 մլն դրամով։

Ավելի ուշ՝ 2021-ին, նա 34.7 միլիոն դրամով վաճառել է Շենգավիթում գտնվող իր բնակարանը։ 2019 թվականին Գոհար Աբաջյանը 6.2 միլիոն դրամով ձեռք է բերել Kia Sportage մակնիշի ավտոմեքենա։

«Հեղափոխությունից» մեկ տարի անց Միրզոյանն անդրադարձել էր ձեռք բերված ունեցվածքին՝ նշելով․ «Կինս վարկով մեքենա է ձեռք բերել։ Չեմ հիշում` դա այն ժամանակ էր, երբ զբաղեցնում էի առաջին փոխվարչապետի պաշտոնը, թե երբ արդեն դարձա խոսնակ։

Ունեի մեկ սենյականոց բնակարան, որը վաճառել ենք և այդ գումարն օգտագործել ենք որպես կանխավճար ու հիփոթեքով ձեռք բերել ավելի մեծ բնակարան»։

Հանրային դաշտում հաճախ են հիշատակվում Արարատ Միրզոյանի՝ նախկինում արած այս և նմանատիպ այլ հայտարարությունները։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ իրենց տան լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չեն մարել, իսկ Արարատ Միրզոյանն էլ նշել էր․ «Գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա»։

2022 թվականին արդեն պատկերը այլ էր, ըստ մամուլի զույգը 112 միլիոն դրամով (մոտ 280,000 դոլար) շքեղ առանձնատուն է գնել Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Տունն ունի 288 քմ մակերես, իսկ հողամասը՝ 951 քմ։ Միրզոյանի կարիերայի աճը աննախադեպ է։ Այն հաճախ հակադրվում է նրա ներկայիս պաշտոնական կարգավիճակին և գույքային հայտարարագրերում արտացոլված տվյալներին՝ առաջ բերելով ունեցվածքի ձևավորման արագության վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ուսումնասիրությունների շարքում իր ընթերցողներին էր ներկայացրել Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրերը, որի արդյունքում պարզ էր դարձել, որ 2018 թվականի իշխանափոխությունը չի շրջանցել նաև Արարատ Միրզոյան-Գոհար Աբաջյան զույգին։ Ըստ ուսումնասիրությունների վերջիններս «հեղափոխությունից» հետո դարձել են դրամային միլիոնատերեր, միանգամից 2 անշարժ գույք գնել։ Ի դեպ՝ նույն Արարատ Միզոյանը մի առիթով էլ հայտարարել էր, որ այնքան վատ է եղել սոցիալական վիճակը, որ փոշեկուլը ստիպված է եղել վարկով գնել։

Oragir.News-ը մեկ այլ հրապարակմամբ էլ հայտնել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը 2025 թվականին նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Մինչ այդ նա աշխատում էր մասնավոր սեկտորում («ՎՕԼՕ» ՍՊԸ), որտեղից 2020-ին ստացել էր շուրջ 9.8 մլն դրամի աշխատավարձ։ Այդ ժամանակ ընդդիմախոսները հարց էին բարձրացնում՝ արդյոք խնդրահարույց չէ՞, որ բարձրաստիճան պաշտոնյայի կինը նշանակվել է այդ պաշտոնում։

Զարմանալի, միևնույն ժամանակ խնդրահարույց է, որ հասարակ կենցաղային իր անգամ կանխիկ գնել չկարողացող ընտանիքը կարճ ժամանակում ձևավորում է բազմամիլիոնանոց կարողություն՝ ձեռք բերելով նորակառույց բնակարաններ, ավտոմեքենաներ և շքեղ առանձնատուն։ Այս կտրուկ փոփոխությունը ոչ միայն հակասում է նախկինում հնչեցված հայտարարություններին, այլև առաջացնում է հիմնավոր հարցեր՝ եկամուտների աղբյուրների թափանցիկության, գույքի կուտակման արագության և հայտարարագրված տվյալների ամբողջականության վերաբերյալ։

Հանրությունը հաճախ սիրում է զուգահեռներ անցկացնել նախկինների և ներկաների միջև՝ համեմատելով նրանց կողմից կուտակված հարստությունը, կամ իրենց խոսքով՝ «թալանվածը», և գուցե այս մոտեցումն ինչ-որ չափով արդարացված է։ Սակայն կարևոր է մի բան հստակ ֆիքսել․ եթե նախկինները հարստանում էին գոնե տարիների ընթացքում՝ աստիճանաբար, ապա ներկա իշխանության պարագայում այդ գործընթացը, ըստ քննադատների, տեղի է ունենում ամիսների ընթացքում։

Հասմիկ Մովսիսյան

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը խնդրել է Dark Eagle հիպերձայնային հրթիռներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ հնարավոր օգտագործման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Ինչպես նշվում է, հարցման հաստատման դեպքում սա կլինի Միացյալ Նահանգների կողմից հիպերձայնային հրթիռների տեղակայման առաջին դեպքը։

Կենտրոնական հրամանատարությունը հիմնավորել է իր խնդրանքն այն փաստով, որ Իրանը տեղափոխել է արձակման կայանքները ավելի քան 482 կմ հեռահարություն ունեցող Precision Strike Missile բալիստիկ հրթիռների հասանելիության գոտուց դուրս, նշել է գործակալության աղբյուրը։

Նա հավելել է, որ Իրանի դեմ գործողության իրականացման ժամանակ հիպերձայնային զենքի տեղակայման մասին որոշումը դեռևս կայացված չէ։

Սկանդալ՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսում․ Պաղեստինի ներկայացուցիչը հրաժարվել է սեղմել Իսրայելի պատվիրակի ձեռքը

ՖԻՖԱ-ի կոնգրեսում միջադեպ է գրանցվել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի, Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ժամանակ Ինֆանտինոն փորձել է կողմերի միջև խորհրդանշական հաշտեցում կազմակերպել և կոչ է արել ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներին սեղմել միմյանց ձեռքը։

Սակայն Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը հրաժարվել է այդ քայլից և լքել է բեմը՝ հայտարարելով. «Մենք տառապում ենք»։

Ավելի ուշ Ռաջուբը նշել է, որ մտադիր չէ սեղմել «ցեղասպանություն իրականացնող ֆաշիստական կառավարության» ներկայացուցչի ձեռքը։

Պաղեստինյան կողմի ղեկավարը նաև հայտնել է, որ ֆեդերացիան դիմել է Մարզական վճռաբեկ դատարան (CAS)՝ Իսրայելի հավաքականին և իսրայելական ակումբներին միջազգային մրցաշարերից չհեռացնելու որոշման կապակցությամբ։

Իրանի հավաքականը կմասնակցի ֆուտբոլի ԱԱ-ին ու կխաղա ԱՄՆ-ի տարածքում․ պաշտոնական

Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026-ի Աշխարհի առաջնությանն ու հանդիպումները կանցկացնի ԱՄՆ-ի տարածքում․ գրում է ArmSport-ը։

«Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ տեղեկությունը պաշտոնապես հայտնել է կառույցի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Իհարկե, Իրանի հավաքականը կխաղա ԱՄՆ-ում։ Պատճառը շատ պարզ է՝ մենք պետք է միավորվենք, որպեսզի մարդիկ միասին լինեն, սա մեր պատասխանատվությունն է։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- ասել է Ինֆանտինոն»,- նշում է լրատվամիջոցը։

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական մամուլի ծառայության էջը հրապարակել է մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումների արդյունքներով կազմված շաբաթվա խորհրդանշական հավաքականը, ինչպես նաև հայտնել շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Լավագույնի կոչմանն արժանացել է ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն: Մյունխենի «Բավարիայի» դեմ խելահեղ հանդիպումում, որտեղ պարիզցիները հաղթեցին 5:4 հաշվով, ֆրանսիացին դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում Դեմբելեն առաջ է անցել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանից, ում թիմը 1:1 հաշվով էր ավարտել լոնդոնի «Արսենալի» դեմ արտագնա խաղը:

Շաբաթվա խորհրդանշական հավաքականում ևս գերիշխում են Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ ընդհանուր առմամբ ունենալով չորս ներկայացուցիչ:

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Դավիդ Ռայա («Արսենալ»)

Պաշտպաններ՝ Գաբրիել Մագալյանս («Արսենալ»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»), Մարկ Պուբիլ («Ատլետիկո»)

Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Մայքլ Օլիսե («Բավարիա»)

Հարձակվողներ՝ Լուիս Դիաս («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Անտուան Գրիզման («Ատլետիկո»):
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:

Պուտինը պատրաստ է Հաղթանակի օրվա առթիվ Ուկրաինայում հրադադար հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի փոխանցմամբ՝ Պուտինը Թրամփին հայտնել է, որ պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ Ուկրաինայում հրադադար հայտարարել, ինչին Թրամփը հավանություն է տվել։

Թրամփը իր հերթին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրն արդեն մոտ է։

Կողմերը քննարկել են Իրանի, Ուկրաինայի և հրադադարի հնարավորության թեմաները. Թրամփը հայտարարել է, որ գործարքը մոտ է։

ՌԴ նախագահը շնորհավորել է ՄԱՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ծննդյան տոնը՝ կարևորելով նրա ներդրումը ռուս և ուկրաինացի երեխաների իրենց ընտանիքների հետ վերամիավորման գործում։