Դեսպանատան բացումն առանց ֆրանսահայերի, նոր սանկցիաներ՝ ՌԴ ից, առաջադրվել են, բայց փող չունեն․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող «փողերի լվացման վարույթ կա»։ Թե ով է այդ գործարարը և ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբջանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն։

Սակայն այս պատմությունն ունի նաև ակնհայտ քաղաքական շերտ։ 2026 թվականի ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ շրջել էր Արման Հակոբջանյանին պատկանող «խելացի այգիներում»։
Այցի ընթացքում Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածը իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

Եթե դատախազության հայտարարությունը հետևողական լինի, ապա այս գործը կարող է դառնալ ցուցիչ՝ արդյոք Հայաստանում իսկապես բացառվում է քաղաքական հովանավորչությունը, թե ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։

Նախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։

Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։ Ինչպես նշում են նախարարությունից․

«Հրապարակ» թերթը գրում է ․

«Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։

Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոններն այլեւս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։

«Հրապարակ»․ թերթը գրում է ․

« Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էքզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի եւ հայ ազգի համար, ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու՝ պատրաստ են ամեն ինչի, անգամ մեծ գումարներ ծախսելու։

Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչեւ քաղաքական ուժերի առաջադրումները, որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերին փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկվել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին՝ ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել»։

«Հրապարակ» թերթը գրում է ․

«Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։

Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։ Այնպես որ, ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու»։

«Հրապարակ» թերթը գրում է ․

«Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Սակայն այս իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ դեսպանության բացման արարողությանը հայ համայնքի ներկայացուցչական անձանց չեն հրավիրել։ Չեն հրավիրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին, այլ երեւելի հայերի։ Փոխարենը ՀՀ բյուջեի հաշվին այդ հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու եւ Փարիզում շրջագայելու են գնացել Արարատ Միրզոյանն ու իր մերձավոր շրջապատը։

Իրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի

Իրանը միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները համարում է իր ազգային հարստությունը և թույլ չի տա դրսի ոտնձգություններ այդ ոլորտներում։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ Պարսից ծոցի օրվա առթիվ հղված գրավոր ուղերձում:

«Իննսուն միլիոն արի և ազնվական իրանցի հայրենակիցները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրենց բոլոր անհատական, հոգևոր, մարդկային, գիտական, արդյունաբերական ռեսուրսները և բազային ու առաջադեմ տեխնոլոգիաները՝ նանո և բիոտեխնոլոգիաներից մինչև միջուկային ու հրթիռային, համարում են իրենց ազգային հարստությունը և կպահպանեն դրանք այնպես, ինչպես ծովային, ցամաքային և օդային սահմանները»,- հայտարարել է Խամենեին:

Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։

Միջազգային փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն սցենարը, որի համաձայն Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանի դեմ կոշտ գործողություններով՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։ Սա առանձնահատուկ զգայուն հարց է Հայաստանի համար, քանի որ երկրի էներգահամակարգը տեխնիկապես փոխկապակցված է Իրանի հետ։

Սինխրոն համակարգ՝ ռիսկերով և վերահսկմամբ
Նախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։

Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։ Ինչպես նշում են նախարարությունից․
«Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում հնարավոր լայնածավալ վթարների ժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի վրա դրանց հնարավոր ռիսկերի ազդեցության գնահատում իրականացվել է»։

Վթարային սցենարներ և հակազդման միջոցներ
Պատասխանատու մարմինները չեն բացառում, որ միջհամակարգային կապի խափանման դեպքում կարող են առաջանալ «հաճախականության տատանումներ և էներգահամակարգերի առանձնացում»։ Սակայն, ըստ նախարարության, նման սցենարների համար նախապես մշակված են գործողությունների ծրագրեր։

Մասնավորապես նշվում է․
«Համակարգի օպերատորի կողմից մշակված են և կիրառվում են համապատասխան հրահանգներ, ինչպես նաև ներդրված է համակարգային հակավթարային ավտոմատիկա, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը և ինքնուրույն կարգավորել հաճախականությունը»։
Բացի այդ, նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ համակարգի ճկունությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։

ԱԷԿ-ի կանգ՝ լրացուցիչ մարտահրավե՞ր
Ռիսկերի քննարկումը համընկնում է նաև մեկ այլ կարևոր գործոնի հետ՝ Հայկական ատոմակայանի պլանային կանգը։ Նախարարությունը հաստատում է, որ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլի 1-ից՝ մոտ 5 ամիս ժամկետով, և ընդգծում, որ գործընթացը նախապես պլանավորված է։

«Կանգը իրականացվել է սահմանված ընթացակարգով՝ համաձայն 2026թ. էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքի»,— նշվում է պատասխանում։
Փոխարենը, համակարգի կայունությունը ապահովելու համար գործարկվում են պահուստային հզորություններ։ Մասնավորապես՝
• 467 ՄՎտ հզորությամբ «Հրազդան-5» էներգաբլոկ,
• 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «ՀրազՋԷԿ»-ի երկու բլոկներ։
Նախարարության գնահատմամբ՝ այս ռեսուրսները «լիովին ապահովում են էներգահամակարգի հուսալիության պատշաճ մակարդակը»։

Ի՞նչ է կատարվում Հորմուզում հիմա
2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Եթե մինչ տարածաշրջանային ռազմական գործողությունները օրական միջինը 125–140 նավ էր անցնում նեղուցով, ապա վերջին տվյալներով այդ թիվը նվազել է մինչև մի քանի նավ օրական։

Նավարկությունը հիմնականում իրականացվում է Իրանի տարածքային ջրերով, իսկ երթուղիների անորոշությունը բարձր է։ Չնայած ԱՄՆ–Իրան հրադադարի փաստին, լիարժեք համաձայնության բացակայությունը պահպանում է ռիսկերի բարձր մակարդակ։ Քննարկվում է նաև Իրանի կողմից նեղուցով անցման վճարային համակարգ ներդնելու գաղափարը, ինչը կարող է հավելյալ բարդություններ ստեղծել միջազգային առևտրի համար։

Արդյունքում
Հայաստանի էներգահամակարգը շարունակում է գործել փոխկապակցված տարածաշրջանային միջավայրում, որտեղ արտաքին ռիսկերը չեն կարող ամբողջությամբ մեկուսացվել։ Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ իրականացվել են ռիսկերի գնահատումներ և առկա են հակաճգնաժամային մեխանիզմներ, միաժամանակ ակնհայտ է, որ համակարգը որոշակի կախվածություն ունի արտաքին գործոններից՝ հատկապես Իրանի էներգահամակարգից։

Ատոմակայանի ժամանակավոր կանգը և տարածաշրջանային լարվածությունը համադրելով՝ առաջիկա ամիսները կարող են դառնալ լուրջ փորձություն էներգետիկ կառավարման համակարգի համար։ Իսկ դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունից, այլև օպերատիվ կառավարման և ճկուն արձագանքման կարողությունից։
Կարճ ասած՝ շարունակում ենք մնալ մազից կախված վիճակում, քանի որ Իրանից էներգետիկ կախվածության այլընտրանքային ծրագիրը Լոռու մարզով այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը, ըստ մասնագիտական գնահատականների, շարունակում է սինխրոնացված մնալ Իրանի հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող «փողերի լվացման վարույթ կա»։ Թե ով է այդ գործարարը և ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբջանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերի 30-ին հաղորդում է ներկայացվել Վելես իրավապաշտպան ՀԿ-ի կողմից գլխավոր դատախազին։ Այն վերաբերում է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ից գումարների հափշտակման և դրանք ՀՀ-ում հետագա օրինականացմանը»։
Հաղորդման հեղինակ Մարինա Պողոսյանը գրել է, որ «Արման Հակոբջանյանը հանդիսացել է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Մի շարք գործարքներում եղել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ՝ հանրահայտ Գրիգորի Սարկիսյանի որդու՝ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Կարեն Սարգսյանի հետ, եղել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (գեներալ Օգանովսկու) բարձր հովանու ներքո և սկզբնական շրջանում ՀՀ-ում, օգտվելով Օգանովսկու կապերից, շարունակել է իր արտոնյալ գործունեությունը արդեն ՀՀ տարածքում»։

Ըստ հաղորդման՝ «փաստացի գումարներն անխափան յուրացնելու և գումարների շարժը թաքցնելու նպատակով 27․04․2002 թ․ Հայաստանում հիմնվում է ԱՀ գրանցված «Կապավոր» ՍՊԸ-ի նույնանուն «Կապավոր» ՍՊԸ-ն, որի իրավանախորդը հանդիսացել է նույն օրը ԼՂ-ում գրանցված «Դորկապ Պլյուս» ՓԲԸ-ն, և որի 100% բաժնետերը հանդիսացել է ՀՀ-ում գրանցված «Կապավոր» ՍՊԸ-ն»։
Ինչ ունեն Հակոբջանյանները
«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են հանդիսացել Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Հարկ է նշել, որ ԼՂ գրանցված «Կապավոր» ՍՊՆ-ն չի կատարել ԱՆՀ-ի հանդեպ 36,822,257 ՀՀ դրամի վարկային պարտավորությունները։

➢ «Ասֆալտագործ» ԲԲԸ, հիմնադրված 06․09․2002 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։
➢ «Ասֆալտագործ» ՍՊԸ, հիմնադրված 16․04․2007 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով, որի հիմնադիրներն են եղել Արման Հակոբջանյանի հայրը՝ Մարատ Հակոբջանյանը, եղբայրը՝ Արայիկ Հակոբջանյանը և ոմն Գարրի Գրիգորյան՝ տարբեր մասնաբաժիններով։ Հետագայում մասնաբաժինները բաշխվել են վերջինիս մոր՝ Լիրա Գալստյանի և Արման Հակոբջանյանի միջև։
➢ «Ասֆալտագործ» ՍՊԸ ԱՐՀԿ, հիմնադրված 29․05․2008 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։
➢ «Կապավոր» ՍՊԸ, հիմնադրված 12․10․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։ 29․12․2023 թ․ վերանվանվել է «Կապ գրուպ» ՍՊԸ, որի 100% մասնակից է հանդիսացել Արման Հակոբջանյանը, տնօրեն՝ Գրաչիկ Գրիգորիի Սարքիսյանը (այս անձնավորությունը հանդիսանում է Արման Հակոբջանյանի փոխկապակցված անձ այլ կազմակերպություններում ևս)։
➢ «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ, հիմնադրված 21․07․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով, 100% մասնակից՝ Արման Հակոբջանյան, տնօրենը՝ նույն Գրաչիկ Գրիգորիի Սարքիսյանը։
➢ «Կապավոր շին» ՍՊԸ, հիմնադրված 14․03․2022 թ․, գրանցված ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ 1 թղմ., 4, 2 հասցեով։ Հատկանշական է, որ վերոնշյալ կազմակերպությունը հիմնադրվել է ոմն Մարատ Ռուբիկի Գևորգյանի կողմից՝ 100% բաժնեմասով՝ 50,000 ՀՀ դրամ արժողությամբ։ Երկու ամիս անց սույն կազմակերպության բաժնեմասը փոխանցվել է ոմն Գուրգեն Ռուդիկի Համբարձումյանի, որից 2 ամիս անց՝ 04․07․2023 թ․, Արման Հակոբջանյանը դառնում է նույն կազմակերպության 100% բաժնեմասի սեփականատեր՝ 1,005,050,000 ՀՀ դրամով։
➢ «Պլատինիում գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 07․06․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47/12 հասցեով, մասնակիցներ՝ Արման Հակոբջանյան և 01․03․2024 թ-ից Էրիկ Դանիելյան։
➢ «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 28․11․2022 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47/12 հասցեով, գործունեության հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, Տալվորիկ գյուղ, 100% մասնակից՝ Արման Հակոբջանյան։
➢ «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 29․06․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Նոր Նորք, 7 զնգվ., 2, բն. 18, գործունեության հասցե՝ մարզ Արմավիր, գյուղ Դալարիկ։
➢ «Գազ սթրիմ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Կոտայք, Վերին Պտղնի, Սևան-Երևան մայրուղի 20 հասցեով։
➢ «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Արմավիրի մարզ, Արգավանդ, Կենտրոնական 2 փ., 8 հասցեով։
➢ «Գազ փունթ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Կոտայքի մարզ, Եղվարդ, Զովունի 1/183 հասցեով։
➢ «Գազ շեն» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Արարատ, Ազատաշեն 3 փ., 2/3 հասցեով։
➢ «Դղյակ Հոթել» ՍՊԸ, հիմնադրված 09․12․2010 թ․, գրանցված Դիլիջան, Սայաթ-Նովա 50, գործունեության հասցե՝ Ավան, Աճառյան 37։
➢ «Էկո տոպ» ՍՊԸ, հիմնադրված 19․04․2021 թ․, գրանցված Լոռի, Վանաձոր, Զորյան փ., շ․ 79, բն. 99, գործունեության հասցե՝ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մոնթե Մելքոնյան 24/1։

Փաշինյանը հյուրընկալվեց գործարարին՝ հիանալով նրա 180 հա դեղձի այգիներով
Սակայն այս պատմությունն ունի նաև ակնհայտ քաղաքական շերտ։ 2026 թվականի ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ շրջել էր Արման Հակոբջանյանին պատկանող «խելացի այգիներում»։
Այցի ընթացքում Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածը իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

Այս ֆոնին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է, որ նման բարձր մակարդակի այցերը կարող են դիտարկվել որպես հովանավորչության ազդակ։ Սակայն նույն ժամանակահատվածում Աննա Վարդապետյանի հայտարարությունը ԱԺ-ում հստակ ուղերձ էր պարունակում՝ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու։
Եվ այս իրավիճակում ձևավորվում է հակասական պատկեր․ մի կողմից՝ ծանր մեղադրանքներ՝ հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ, մյուս կողմից՝ գործարարի հրապարակային ակտիվություն և բարձր մակարդակի քաղաքական այցեր։
Եթե դատախազության հայտարարությունը հետևողական լինի, ապա այս գործը կարող է դառնալ ցուցիչ՝ արդյոք Հայաստանում իսկապես բացառվում է քաղաքական հովանավորչությունը, թե ոչ։

Մի բան, սակայն, մնում է առանցքային․ եթե ներկայացված կասկածները հաստատվեն իրավական կարգով, ապա խոսքը լուրջ հանցագործությունների մասին է, և այդ դեպքում պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի՝ անկախ որևէ կապից կամ հանգամանքից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ

Ներքին
19:18 09-04-2022

Ապրիլի 9-ի դրությամբ Հանրապետություն է ներկրվել 5,400 տոննա պարարտանյութ

Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով

ՊԵԿ-ը բացահայտել է կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր

ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ միջոցառումների արդյունքում, ստացել էին հերթական օպերատիվ տվյալներ։ Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։

Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց։

Ես ավելի վատն եմ, քան խոսում են. Հայկ Հովհաննիսյանի ինքնախոստովանությունը

Դերասանական զույգի՝ Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի բաժանման շուրջ լուրերն էլ ավելի սուր ընթացք են ստանում։

Այն բանից հետո, երբ Անահիտը ջնջեց բոլոր համատեղ լուսանկարները, Հայկ Հովհաննիսյանը հանդես է եկել խորհրդավոր ու բավականին ինքնաքննադատական հայտարարությամբ։ Հայկ Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել, որը շատերի կողմից ընկալվել է որպես պատասխան վերջին շրջանում իր հասցեին հնչող խոսակցություններին։

Դերասանը կատարել է հետևյալ մակագրությունը. «Ես ավելի վատն եմ, քան խոսում են իմ մասին»։

Այս տողերը մեծ իրարանցում են առաջացրել հետևորդների շրջանում։ Շատերը ենթադրում են, որ դերասանն այս կերպ ակնարկում է բաժանման մեջ իր «մեղավորության» կամ իր բարդ բնավորության մասին, որը գուցե պատճառ է դարձել հարաբերությունների խզման համար։

Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունները թվում էին անխոցելի, հատկապես այն բանից հետո, երբ Հայկը բեմում՝ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ, ամուսնության առաջարկություն արեց Անահիտին։ Սակայն այսօրվա իրողությունն այլ է. լուսանկարները ջնջված են, իսկ հրապարակային խոստովանությունները՝ լի ափսոսանքով ու ինքնահեգնանքով։

Հայկի այս գրառումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։

Ոմանք աջակցում են դերասանին՝ կոչ անելով չլսել բամբասանքները, իսկ մյուսները փորձում են տողերի արանքում գտնել բաժանման իրական պատճառները։

Կոյուղաջրի շատրվան` Նոր Նորքում. Գյուրջյան փողոցը անանցանելի է

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Գյուրջան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հարևանությամբ, կոյուղաջրի արտահոսք է սկսվել։

Տեղում կոյուղաջուրը դիտահորից բառացիորեն շատրվանի պես ցայտում էր՝ լցվելով ճանապարհի վրա և ստեղծելով ոչ միայն հակասանիտարական պայմաններ, այլև անհարմարություններ անցորդների և վարորդների համար։

Oragir.News-ը դեպքի վայրում տեսանյութ է ֆիքսել, որտեղ պարզ երևում է՝ ինչպես է կոյուղաջուրը մեծ ճնշմամբ դուրս գալիս դիտահորից և տարածվում շրջակա տարածքում։

Դեպքի պատճառների և խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Բնակիչները նշում են, որ նմանատիպ իրավիճակները վտանգավոր են ինչպես սանիտարահիգիենիկ տեսանկյունից, այնպես էլ կարող են վնասել ճանապարհային ենթակառուցվածքները։

Փորձեցինք կապ հաստատել, նաև քաղաքապետարանի հետ սակայն, այնտեղից չպատասխանեցին:

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան

Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան

Իրանի ծովային շրջափակումը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի Միացյալ Նահանգներին հասնել իր նպատակներին Իրանի նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մեր թշնամիները, վերանայելով իրենց մոտեցումը, դիմել են ծովային շրջափակման և ծովային առևտրային ուղիների աշխատանքի սահմանափակման ռազմավարությանը՝ որպես Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք։

Ծովային շրջափակում և սահմանափակումներ մտցնելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին, տարածաշրջանի երկրների շահերին, համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը և որևէ արդյունք չի ունենա»,- ասել է Փեզեշքիանը: