Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը վտանգել է լրատվամիջոցի աշխատակցի կյանքը

Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունն այսօր ազդանշաններով ճանապարհ է պահանջել ArmLur. am-ի աշխատակցից, սակայն աշխատակիցը չի կարողացել ճանապարհ տալ, քանի որ երթևեկել է թունելով՝ միակողմանի ճանապարհով:

Իսկ երբ արդեն վերջինը ճանապարհ է տվել Սիմոնյանի ավտոշարասյանը, նրանց մեքենաներից մեկը վարել է լրատվամիջոցի աշխատակցի մեքենայի վրա՝ վտանգելով նրա կյանքը:

Այս մասին հայտնում են ArmLur. am-ից:

Տեսանյութը՝ այստեղ:

Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է․ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ Պետդեպ

Ապրիլի 21-ից Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը, խորհրդակցեն ավիափոխադրողների հետ՝ Իրանից դուրս եկող չվերթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

Ըստ հաղորդագրության՝ Իրանից ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան:

ՄԻՊ-ն արձագանքել է Բաքվի բանտում ապօրինի գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։

Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։

Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։

Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։

Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։

Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից։

Հիշեցնենք, որ Բաքվի բանտում ապօրինաբար գտնվող Ռուբեն Վարդանյանը ուղերձ էր հղել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին, թե ինչ է ձեռնարկել ՄԻՊ-ը հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն։

Այսօր ևս ունենք կարևոր ձեռքբերումներ․
Սուրեն Աղաջանյանն իր առաջին մասնակցությամբ արդեն դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Գասպար Տերտերյանը և Սլավիկ Գալստյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, ընդ որում՝ Սլավիկ Գալստյանի համար սա արդեն երրորդ նման հաջողությունն է։

Ծանրամարտում ևս ունենք հերթական հաղթանակը՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է, որը ձևավորվում է քրտնաջան աշխատանքի, կամքի և մեծ նվիրումի շնորհիվ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին։
Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են։

Մենք միասին շարունակելու ենք կերտել հայկական սպորտի հաղթական պատմությունը

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ

Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է։

Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ուժեղ Հայաստան»՝ ուժեղ Ավինյան․ Երևանի քաղաքապետի «ուժեղ» կապերը

Մինչ Նիկոլ Փաշինյանին հավատարիմ որոշ կառույցներ ընդդիմադիրներին բարև տված աշխատակցին ազատում են աշխատանքից, Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը շարունակում է անհոգ պաշտոնավարել, իսկ նրա հետ ասոցացվող անձը լուրջ կապեր ունի «Տաշիր» խմբի հետ։

Համապատասխան փաստաթղթերից երևում է, որ Սուրեն Վարոսյանի բնակության հասցեում գրանցված է նաև այլ անձ՝ Աշոտ Վարոսյան անուն, ազգանունով։ Ազգանվան ընդհանրությունը հուշում է հնարավոր ընտանեկան կապի մասին։

Ավելին՝ Աշոտ Վարոսյանը ղեկավարում է Սամվել Կարապետյանի գլխավոր կառույցներից մեկը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Վարոսյանի օրինակը հերթական ապացույցն է այն պնդումների, որ հակամարտ կողմերի երկրորդ էշելոնները միմյանց հետ ընդհանրապես պրոբլեմ չունեն։

Ինչպես վերևում նշեցինք, Սուրեն Վարոսյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Մինչ համայնքապետ դառնալը՝ նա զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը (2021-ին): Այնուհետև, քաղաքապետ Ավինյանի որոշմամբ՝ նշանակվել՝ նախ Արաբկիրի ղեկավարի տեղակալ, իսկ 2025թ. օգոստոսի 21-ից՝ վարչական շրջանի ղեկավար: Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ավինյանն ու Վարոսյանը, ոչ միայն մի տանիքի տակ են աշխատում, այլև շատ ջերմ հարաբերությունների մեջ են։

Այս փաստը հարց է ծնում՝ արդյոք քաղաքային իշխանությունը գիտակցաբա՞ր է խուսափում կամուրջներ այրելուց տնտեսական և քաղաքական այլ ազդեցիկ խմբերի հետ, թե՞ պարզապես ընտրողական մոտեցում կամ երկակի ստանդարտ է գործում։ Մի դեպքում՝ շարքային աշխատակիցները կարող են պատժվել ընդդիմադիրների հետ ոչ ֆորմալ շփումների համար, մյուս կողմից՝ միջին և բարձր օղակներում առկա կապերը չեն դիտարկվում որպես խնդիր և չեն ունենում «ճակատագրական» հետևանքներ։

Սա կարող է նշանակել մի քանի բան․ կա՛մ բիզնես շահերը հաճախ գերակայում են քաղաքական տարաձայնություններին, կա՛մ տեղական կառավարման մակարդակում կարևոր է կայունությունը և համագործակցությունը։

Oragir.News-ը փորձեց հարցեր ուղղել Սուրեն Վարոսյանին, սակայն ապարդյուն։ Մասնավորապես, փորձեցինք ճշտել՝ նրա հետ նույն հասցեում գրանցված անձը ներգրավվա՞ծ է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ, ինչպես նաև՝ արդյոք իր կամ ընտանիքի անդամների շփումները «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների հետ որևէ ազդեցություն ունե՞ն քաղաքային իշխանության, մասնավորապես քաղաքապետի հետ հարաբերությունների վրա։ Մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Հասմիկ Մովսիսյան

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճանով, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Ուկրաինան առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցություններն անցկացնել Թուրքիայում

Ուկրաինան պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովը Թուրքիայում անցկացելու խնդրանքով։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ Կիևը ձգտում է վերսկսել խաղաղության բանակցությունները, որոնք որոշ ժամանակ փակուղի են մտել։

Նա նշել է, որ Ուկրաինան առաջարկել է խաղաղության բանակցություններն անցկացնել Թուրքիայում։ Բացի այդ նշվել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ նաև Ռուսաստանից կամ Բելառուսից բացի ցանկացած այլ անվտանգ վայրում։

Հիշեցնենք, որ վերջին հիմնական բանակցություններն անցկացվել են 2026-ի փետրվարի 17-18-ը Ժնևում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «լավագույն ընկերներ» են․ Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մտերմացրել է ԱՄՆ նախագահը։

«Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։

Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։ Մենք այդ համաձայնագիրը կնքեցինք 6 շաբաթվա ընթացքում (2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունները) ։ Նրանք 37 տարի կռվում էին և հիմա լավագույն ընկերներ են:

Դա բավականին ուշագրավ է», – ասել է Ուիտկոֆը Մայամիի համալսարանում կայացած համաժողովում։

Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է 2026 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հունահռոմեական ըմբշամարտում։

29-ամյա հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Գրուշինին։

Գալստյանի համար սա արդեն երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնություններում։