Կաթողիկոսական տեղապահը եկեղեցական ինստիտուտ է. դրա նշանակումը կամ ընտրությունը պետք է կատարվի բացառապես եկեղեցու կանոններով. Թելման Պետրոսյան

ՀԱԿ անդամ Թելամն Պետրոսյանը գրել է.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում՝ եկեղեցու բարեփոխումների հակասահմանադրական կետերը:

ա) «Եկեղեցու փաստացի պետի հեռացում»
բ) «Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»
գ) «Կանոնադրության ընդունում՝ ֆինանսական և բարեվարքային վերահսկմամբ»
դ) «Կաթողիկոսի ընտրություն»

ա) «Եկեղեցու փաստացի պետի հեռացում» — հակասահմանադրական է
Այս դրույթը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի քանի հիմնարար սկզբունքների․

1. Պետություն–եկեղեցի տարանջատում

Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունն ու եկեղեցին տարանջատված են։
Սա նշանակում է, որ պետությունը չի կարող միջամտել Հայ Առաքելական Եկեղեցի-ի ներքին կառավարմանը, այդ թվում՝ ղեկավարի նշանակման կամ հեռացման հարցերին։

բ) «Կաթողիկոսական տեղապահի ընտրություն» — հակասահմանադրական է
1.«Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը» պետական կամ քաղաքական նախաձեռնությամբ նշանակում է, որ պետությունը փորձում է ուղղակիորեն ներգրավվել Հայ Առաքելական Եկեղեցի-ի ներքին կառավարման գործընթացում, ինչը անթույլատրելի է։

2.Եկեղեցու ներքին ինքնավարության խախտում

Կաթողիկոսական տեղապահը եկեղեցական ինստիտուտ է, որի նշանակումը կամ ընտրությունը պետք է կատարվի բացառապես եկեղեցու կանոններով և մարմինների կողմից։

Պետության մասնակցությունը այս գործընթացին խախտում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը

3.Լիազորությունների բացակայություն

Պետական մարմինները չունեն որևէ իրավասություն՝ նախաձեռնելու կամ վերահսկելու նման ընտրություն։

Այսինքն՝ սա իրավական դաշտից դուրս գործողություն է և հակասում է

4.Կրոնական ազատությունների սահմանափակում

պետությունը սկսում է ազդել եկեղեցու ղեկավարության ձևավորման վրա, դա կարող է ընկալվել որպես միջամտություն հավատացյալների կրոնական կյանքին և կառույցներին, ինչը հակասում է խղճի և դավանանքի ազատությանը։

գ) «Կանոնադրության ընդունում՝ ֆինանսական և բարեվարքային վերահսկմամբ»
Առաջին հայացքից այս կետը կարող է թվալ «կարգավորող» կամ «թափանցիկություն ապահովող», բայց իրականում այն պարունակում է լուրջ սահմանադրական խնդիրներ։

1. Ներքին կանոնակարգման վրա պետական միջամտություն
Կանոնադրությունը եկեղեցու ներքին հիմնարար փաստաթուղթն է, որը կարգավորում է՝

* կառավարման կառուցվածքը
* հոգևոր կարգապահությունը
* բարեվարքային նորմերը

Եթե այդ կանոնադրության «ընդունումը» կամ բովանդակությունը թելադրվում է քաղաքական ուժի կամ պետության կողմից, ապա դա ուղիղ միջամտություն է :

2. «Բարեվարքային վերահսկում»՝ վտանգավոր և անորոշ գործիք է ինչու՞

* ճնշման մեխանիզմ
* քաղաքական լծակ
* եկեղեցու ներսում «անցանկալի» անձանց հեռացնելու գործիք

3. Ֆինանսական վերահսկման սահմանները

Այստեղ կա նուրբ տարբերություն․

* Պետությունը կարող է վերահսկել օրենքների պահպանումը (օրինակ՝ հարկային դաշտում, եթե կիրառելի է)
* Բայց չի կարող սահմանել ներքին ֆինանսական կառավարման կանոններ կամ մեխանիզմներ, որոնք փոխում են եկեղեցու ինքնուրույնությունը

4. Պետություն–եկեղեցի տարանջատման խախտում

Այս կետը միաժամանակ ներխուժում է երկու ոլորտ՝

* կառավարում (կանոնադրություն)
* արժեհամակարգ (բարեվարք)

5. Կրոնական ազատությունների ռիսկեր

պետությունը սկսում է ձևավորել կամ վերահսկել եկեղեցու ներքին կանոնները, առաջանում է վտանգ, որ՝

* հավատացյալների համայնքը կորցնում է ինքնորոշման իրավունքը
* եկեղեցին դառնում է քաղաքական ազդեցության ենթակա կառույց

դ) «Կաթողիկոսի ընտրություն»

1. Ուղիղ միջամտություն եկեղեցու բարձրագույն իշխանությանը
2. Պետություն–եկեղեցի տարանջատման կոպիտ խախտում
3. Կրոնական կազմակերպության ինքնավարության վերացում

Թվում է, թե ես բոլոր կետերում նույն բանը կրկնեցի՝ տարբեր ձևակերպումներով։ Այո, որովհետև խնդիրը Վեհափառը չէ․ խնդիրը Եկեղեցու ենթարկեցումն է իշխանական օրակարգին։

Հ.Գ Ավելի պարզ ձևակերպմամբ՝

սա փորձ է «քիթը խոթել» եկեղեցու գործերի մեջ և այն դարձնել կառավարելի կառույց։

Մեր ընտանիքը 2 տարեկան է. Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը նշում են ամուսնության տարեդարձը

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը այսօր նշում են իրենց համատեղ կյանքի կարևորագույն տարեթվերից մեկը։

Զույգի ամուսնությունից անցել է արդեն երկու տարի։

Այս առիթով նրանք սոցցանցերի իրենց էջերում հրապարակել են անչափ ջերմ ու սիրառատ հոլովակ, որտեղ ներկայացված են նրանց ընտանեկան երջանիկ պահերը։

Հրապարակմանը կից զույգը կատարել է հուզիչ մակագրություն. «Մեր ընտանիքը 2 տարեկան է»։

Հետևորդներն ու գործընկերները շտապել են շնորհավորել զույգին՝ մաղթելով հարատև սեր և անսպառ երջանկություն։ Գևորգն ու Քրիստինան համարվում են հայկական շոու-բիզնեսի ամենաներդաշնակ և սիրված զույգերից մեկը, ովքեր հաճախ են երկրպագուների հետ կիսվում իրենց առօրյայով և համատեղ հաջողություններով։

Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և ընտրության խաչմերուկում. ՈւՂԻՂ

Ներքին
21:51 27-10-2022

Ինչու էր Լյուսի Քոչարյանը #բռնության_ձայնով ցնցում հասարակական տրամադրությունները․ պատմություներից որևէ մեկով քրգործ չի հարուցվել

Oragir.News-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք հրապարակված դեպքերի առնչությամբ ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր։

Մեր հասարակությունում կա մշտական լարվածություն և դա բերում է նման ծանր հետևանքների. Էլինար Վարդանյան

«Քաղաքական ընտրության խաչմերուկում շատ բարդ է գնահատել հանրային տրամադրությունը։ Ես ինքս չունեմ հստակ բանաձև, թե ինչն է իրականում ազդում այդ տրամադրությունների վրա»,- նշեց բանախոս Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով հասարակական մթնոլորտին։

Նրա խոսքով՝ վերջին օրերին տարածվող տեղեկությունները մեկը մյուսից ավելի անհանգստացնող են, սակայն հանրությունը հաճախ դրանք պարզապես ընդունում է՝ որպես հերթական լուր և առաջ անցնում․

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ստեփանակերտում քանդել են Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Հանրությունը սա կարդաց և անցավ՝ որպես հերթական տեղեկություն։ Արդյոք այսպիսի սարսափելի նորությունը որևէ ազդեցություն ունեցա՞վ հանրային տրամադրությունների վրա»։

Վարդանյանը նաև անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող տեղեկություններին․ «Տարածվեց, որ իշխանությունները հասկացել են՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն ստացվում, և Թուրքիան դրանք կապում է Ադրբեջանի հետ։ Հանրությունը կրկին սա ընդունեց որպես հերթական ինֆորմացիա և անցավ առաջ»։

Նրա դիտարկմամբ՝ առօրյա խնդիրները ևս ձևավորում են հանրային մթնոլորտը․ «Երևանը երեկոյան ժամերին ամբողջությամբ կանգնած է խցանումների մեջ։ Մենք բոլորս ապրում ենք այդ իրականության մեջ, բայց արդյոք դա նստվածք թողնո՞ւմ է հանրային տրամադրությունների վրա, թե՞ կրկին անտեսվում է»։

Խոսելով վերջին աղմկահարույց դեպքերից մեկի մասին՝ Վարդանյանը նշեց․ «Երևանում ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին։ Սա խայտառակ միջադեպ է։ Երբ վարորդը միաժամանակ և՛ վարորդ է, և՛ հսկիչ, և՛ վճարումների վերահսկող, նման իրավիճակներում, ցավոք, նման դեպքեր կարող են տեղի ունենալ»։

Նրա խոսքով՝ ընդհանուր լարված մթնոլորտը իր ազդեցությունն ունի․ «Մեր հասարակությունում առկա է մշտական սթրես, լարվածություն, և դա բերում է նման ծանր հետևանքների»։

Վարդանյանը շեշտեց, որ այս բոլոր օրինակները բերում է մեկ նպատակով․ «Այս իրավիճակները նկարագրում եմ, որպեսզի հասկանանք՝ յուրաքանչյուր իրադարձություն ինչ ազդեցություն ունի հանրային տրամադրությունների վրա»։

Անդրադառնալով առաջիկա քաղաքական գործընթացներին՝ նա նշեց․ «Առջևում Ազգային ժողովի ընտրություններն են, իսկ մինչ այդ՝ ապրիլի 24-ն է՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Բայց մենք տեսնում ենք, որ պատմական հիշողության նկատմամբ ևս կան որոշակի վերաբերմունքներ, որոնք հարցեր են առաջացնում»։

Ոճային և էլեգանտ. Յանա Դանիելյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով

Հաղորդավարուհի և դերասանուհի Յանա Դանիելյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է նոր, տպավորիչ ֆոտոշարքով, որն անմիջապես արժանացել է հետևորդների հիացական մեկնաբանություններին։

Վերջին շրջանում Յանան բավականին ակտիվ է վիրտուալ տիրույթում։ Նա հաճախ է ներկայացնում թե՛ իր անհատական ոճային կերպարները, թե՛ ջերմ հրապարակումներ անում դստեր՝ Ադելի հետ։

Մոր ու դստեր համատեղ լուսանկարները մշտապես առանձնահատուկ ջերմությամբ են ընդունվում երկրպագուների կողմից՝ ընդգծելով նրանց ընկերական և սերտ կապը։

Յանայի նոր լուսանկարները ևս մեկ անգամ փաստում են նրա նուրբ ճաշակն ու մշտապես խնամված տեսքը, ինչը նրան դարձնում է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային հաղորդավարուհիներից մեկը։

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովել ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնին։

«Միջոցառմանը ուղղորդված մասնակցության վերաբերյալ

2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից արձանագրվել է մարդկանց ուղղորդված մասնակցություն միջոցառմանը։

Մասնավորապես, առաքելությանը փոխանցված տեղեկությունների համաձայն, Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը։ Ըստ տեղեկությունների, աշխատակիցներից պահանջվել է նաև կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով։

Զուգահեռաբար, առաքելությունը տեղեկություններ է ստացել նաև կրթական այլ հաստատությունների ուղղորդման վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ախուրյան համայնքի դպրոցների տնօրինություններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով։

«Ականատեսն» արձանագրում է, որ քաղաքական լծակների կիրառումը ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների կամքի վրա ներազդելու նպատակով խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարական գործընթացների սկզբունքներին։

Հատկանշական է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանվում է որպես անհիմն առավելություն, որը ձեռք է բերվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքը կամ պետական կառույցների հետ կապերը օգտագործելու միջոցով՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

«Ականատեսը» վերահաստատում է իր կոչը բոլոր քաղաքական ուժերին և պատասխանատու անձանց՝ ձեռնպահ մնալ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումներից կամ անուղղակի ազդեցություններից։

«Ականատես» դիտորդական առաքելության նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ»:

Տեխնոլոգիական հաջողության նոր էջ․ հայկական Krisp-ը երկու մրցանակ է նվաճել

Հայկական Krisp ընկերությունը շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային տեխնոլոգիական դաշտում՝ այս անգամ արձանագրելով նշանակալի հաջողություն Webby Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունում։ Ընկերությունը հաղթող է ճանաչվել միանգամից երկու մրցանակում՝ «Տեխնիկական առաջընթաց» (Technical Achievement) կատեգորիայում՝ արժանանալով թե՛ ժյուրիի գլխավոր մրցանակին (Webby Winner), թե՛ հանրության քվեարկությամբ տրվող People’s Voice մրցանակին։

2026 թվականին Krisp-ը առաջադրված էր ընդհանուր երեք անվանակարգում՝ «Տեխնիկական ձեռքբերում», «Ծրագրավորողների գործիքներ և API-ներ» և «Արհեստական բանականության ձայնային և խոսակցական ինտերֆեյսի լավագույն կիրառություն», ինչը ինքնին վկայում է ընկերության տեխնոլոգիական լուծումների լայն կիրառելիության և մրցունակության մասին։

Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Մինասյանն, անդրադառնալով հաղթանակին, նշել էր․

«Հայե՛ր ջան, Կրիսպը միանգամից երկու անվանակարգում հաղթեց The Webby Awards-ում՝ «Տեխնիկական առաջընթաց» կատեգորիայում՝ թե՛ “People’s Voice”, թե՛ անկախ մասնագետների կողմից տրվող մրցանակներով։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց (իսկ նրանք շատ-շատ էին) աջակցելու համար։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ»։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Krisp-ի տեխնոլոգիաները ինտեգրվել են արհեստական բանականությամբ աշխատող գրեթե բոլոր խոշոր ընկերությունների ձայնային պրոդուկտներում, ինչը փաստում է ընկերության աճող ազդեցությունը գլոբալ շուկայում։

Krisp-ի այս հաղթանակը ոչ միայն ընկերության ձեռքբերումն է, այլև կարևոր ազդակ է հայկական տեխնոլոգիական համայնքի համար՝ ցույց տալով, որ տեղական ընկերությունները կարող են մրցունակ լինել համաշխարհային ամենաբարձր հարթակներում։

Նշենք, որ Webby Awards-ը համարվում է ինտերնետի «Օսկարը»։ Այն հիմնադրվել է 1996 թվականին և ամեն տարի գնահատում է լավագույն թվային նախագծերը՝ կայքեր, հավելվածներ, թվային նորարարություններ, արհեստական բանականության լուծումներ և առցանց բովանդակություն։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Միջազգային թվային արվեստների և գիտությունների ակադեմիայի (IADAS) կողմից, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ և ստեղծագործական ինդուստրիայի առաջնորդներ։

Յուրաքանչյուր անվանակարգում տրվում են երկու հիմնական մրցանակներ՝ մեկը՝ ակադեմիայի ընտրությամբ (Webby Winner), և մյուսը՝ հանրության քվեարկությամբ (People’s Voice), ինչը հնարավորություն է տալիս գնահատել թե՛ մասնագիտական, թե՛ օգտատերերի կարծիքը։

Անի Կեսոյան

ԵՄ-ն Մոլդովայի փորձը կկիրառի Հայաստանում․ քաղաքագետ

Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը պայմանավորված է տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության նոր մարտահրավերներով։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ առաքելության հիմնական նպատակը չի կարող լինել քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալը։

«Քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու համար պարտադիր չէ առաքելություն տեղակայել։ Այդ առումով նման նպատակ այստեղ չկա»,- նշեց Վարդանյանը։

Քաղաքագետը ընդգծեց, որ նախաձեռնությունը պետք է դիտարկել, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների համատեքստում, որոնք, նրա խոսքով, վերջին շրջանում ակտիվացել են։

«Հայաստանի նկատմամբ կա հիբրիդային հարձակում, որը դրսևորվում է կեղծ տեղեկատվության տարածմամբ, տարբեր քարոզչական մեխանիզմներով, ինչպես նաև կիբերհարձակումների և այլ գործողությունների միջոցով։ Այս ամենը միասին կարելի է բնութագրել որպես հիբրիդային պատերազմ»,- ասաց նա։

Վարդանյանի գնահատմամբ՝ հենց այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով է Հայաստանը դիմել Եվրամիությանը, ինչի արդյունքում էլ ձևավորվել է նոր առաքելության տեղակայման որոշումը։

Նրա խոսքով՝ առաքելությունը կարող է նպաստել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և տեղեկատվական միջավայրում դիմակայունության բարձրացմանը։

«Եվրամիությունը նման ոլորտներում բավական լուրջ փորձ ունի, հատկապես Մոլդովայի օրինակով, որտեղ կարողացել են որոշակի հաջողություններ գրանցել ապատեղեկատվության և արտաքին ազդեցությունների դեմ պայքարում»,- նշեց նա։

Քաղաքագետը հավելեց, որ նման փորձը կարող է կիրառվել նաև Հայաստանում՝ ուժեղացնելու պետական և հասարակական դիմադրողականությունը տեղեկատվական սպառնալիքների նկատմամբ։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում կտեղակայվի Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն։ Ըստ ԱԳՆ-ի՝ այն նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև պայքարին ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ։ Առաքելությունը նախատեսվում է տեղակայել նախնական երկու տարի ժամկետով և այն կնպաստի համապատասխան պետական ինստիտուտների կարողությունների զարգացմանը։

Փաշինյանի այցի առթիվ Գյումրիում երթևեկությունը կաթվածահար է

Այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում էր. Փաշինյանն այցելել է վերանորոգված դպրոցներ, անձամբ ծանոթացել շինարարության որակին։ Նա եղել է Արթիկում, որտեղ այցելել է ջերմոց տնտեսություն։

Կառավարության ղեկավարը եղել է նաև Քեթիի նորակառույց դպրոցում, Ախուրյանում, Գյումրիում։ Նիկոլ Փաշինյանի այցի առթիվ քաղաքում երթևեկությունը լրջորեն խաթարվել էր։

Քաղաքի մի շարք փողոցներում նկատելի էին խցանումներ, ճանապարհների մասնակի կամ ամբողջական փակումներ, ինչի հետևանքով քաղաքացիները դժվարությամբ էին տեղաշարժվում։ Գյումրիում էլ Նիկոլ Փաշինյանը եղել է վերանորոգված թիվ 41 դպրոցում։

Փաշինյանի այցի ընթացքում ուժեղացված ծառայություն են իրականացրել իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք վերահսկում էին երթևեկությունն ու անվտանգությունը։

Տեսանյութ։

Օգտահաշիվներ փակելը ռուսական միջամտությունը կնվազեցնի, բայց առկա կարգավորումները թերի են

«Հայաստանում բոլոր սուբյեկտները, որոնք հանրային քաղաքական դաշտում գործում են, պետք է ունենան թափանցիկ ֆինանսավորում, առնվազն թափանցիկ, իսկ կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն միայն Հայաստանի քաղաքացիների կողմից»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներում օտարերկրյա միջամտության կանխարգելմանը։

Նշենք, որ ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող օգտահաշիվների ցանկը և տրամադրել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։

Oragir.News-ի հետ զրույցում Իոաննիսյանը մանրամասնեց, որ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կապվել են հենց իրենց հետ, քանի որ իրենք են այդ ոլորտում մասնագիտացված կազմակերպությունը և ունեն անաչառ համբավ։

Նշեց նաև, որ օտարերկրյա միջամտության խնդիրը գլոբալ է, և նույնիսկ Շվեդիայի նման երկրներն են առնչվում դրան։

Իոաննիսյանը պատմեց, որ իրենց առաջարկել են նման ցանկ պատրաստել և փոխանցել, իրենք էլ պատրաստել և փոխանցել ենք։ Բացատրեց, որ եթե այդ օգտահաշիվները փակվեն, ռուսական միջամտությունը կնվազի, բայց խնդիրը լիարժեք չի չեզոքանա. «Հայաստանում առկա են թերի կարգավորումներ քաղաքական ֆինանսավորման հետ կապված, ինչի պատճառով մարդիկ շրջանցում են օրենքը և իրականացնում ֆինանսական գործունեություն, որի իրավունքը չունեն»։

Նա հավելեց, որ օրենսդրական բացերը թույլ են տալիս այնպես շրջանցել կարգավորումները, որ կամ օրինախախտումը չբացահայտվի, կամ ֆորմալ առումով այն օրինախախտում չհամարվի։

Այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները այդպիսի նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Միգուցե մեզ հետ են կապվել, որովհետև մենք ենք դրա վրա մասնագիտացված կազմակերպություն… մեզ հետ են կապվել, որովհետև մեզ են ճանաչում… որովհետև մենք այս առումով անաչառ ենք»։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։

Կազմված ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգին ու Alphabet-ի (Google-ի) ղեկավար Սունդար Պիչային պահանջելով ձեռնարկել միջոցներ ռուսաստանյան միջամտությունից Հայաստանի ընտրությունները պաշտպանելու ուղղությամբ:

Իրինա Ատանյան