«Մայկա-տռուսիկից» մինչև 133 միլիոն. ինչպես է «Եվրոասֆալտը» «փոշիացնում» ՊՆ բյուջեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրությունն է ուղարկել «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին՝ տեղեկացնելով ընկերության հետ կնքված (14․11․2025 թ․), խոշոր պայմանագրի միակողմանի լուծման մասին:

Հիշեցնենք, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն երկար ժամանակ գտնվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի տնօրինության ներքո։ Չնայած նա հետագայում պաշտոնապես հեռացել է տնօրենի պաշտոնից, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերության տնօրենի փոփոխությունը կարող է լինել ձևական։

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր աշխատանքներն ամբողջ ծավալով ավարտել մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը։ Սակայն ՀՀ ՊՆ-ի 2026 թվականի ապրիլի 30-ի պաշտոնական ծանուցումից պարզ է դառնում, որ պարտավորությունների կատարումը եղել է մասնակի և թերի, ինչը հանգեցրել է պայմանագրի միակողմանի լուծման ու ֆինանսական տույժերի և տուգանքների կիրառման։

ՊՆ ծանուցման համաձայն՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է կատարել շուրջ 153,6 միլիոն դրամի աշխատանքներ, սակայն մինչև սահմանված ժամկետը փաստացի իրականացրել է միայն մոտ 20,4 միլիոն դրամի աշխատանք։ Այսինքն՝ կատարման ծավալը կազմել է նախատեսվածի մոտ մեկ յոթերորդը։

Ըստ ծանուցման՝ խոսքը գնում է ոչ միայն հարյուր հազարների տուգանքների մասին, այլ նաև՝ տասնյակ միլիոնների ապահովագրական գումարների, որոնք պետք է փոխանցվեն պետական գանձապետական հաշիվներին։ Միաժամանակ նախազգուշացվում է՝ պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը կարող է ընդգրկվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, այսպես ասած՝ «սև ցուցակում»։

Այս պատմության քաղաքական հնչեղությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական չափերով, այլ նաև այն հանգամանքով, որ ընկերությունը հանրային քննարկումներում կապվում է իշխանական շրջանակների հետ։ Հենց այստեղ էլ ողջամիտ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ձևավորվել նման ծավալի պայմանագիր, ինչու՞ է կատարման ցուցանիշը այդքան ցածր, և արդյոք վերահսկողական մեխանիզմները գործել են արդյունավետ։

Նշենք, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն ներկայումս ներգրավված է բազմաթիվ դատական վեճերում: Ընկերության վերաբերյալ նախկինում շրջանառվել են տեղեկություններ հնարավոր ֆինանսական դժվարությունների և նույնիսկ սնանկության գործընթացի վերաբերյալ:

Ընկերությունը, որը տարիների ընթացքում պետական պատվերների շրջանակում ներգրավված է եղել զգալի ծավալի աշխատանքներում (որոշ տվյալներով՝ ընդհանուր պայմանագրերի ծավալը հասել է շուրջ 133.8 միլիարդ դրամի), հետագայում փաստացի չի ապահովել ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։ Բոլորովին զարմանալի չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ այս դեպքի վերաբերյալ հրապարակային աղմուկ չեն բարձրացնում։

Սակայն առավել ուշագրավ է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի լռությունը, հատկապես հաշվի առնելով նրա նախկին ելույթները, որտեղ նա քննադատում էր նախկին իշխանություններին՝ բանակի մատակարարման խնդիրների վերաբերյալ՝ նշելով, որ իր ծառայության տարիներին, երբ Սեյրան Օհանյանը նախարար էր, բանակն իրեն չի ապահովել տարրական հագուստով՝ մասնավորապես «մայկա-տռուսիկով»։

Այս դեպքը սովորական կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման ցայտուն օրինակ է, որը պետական բյուջեին և ՊՆ-ին հասցրել է միլիոնավոր դրամների վնաս:

Այսպիսով, ՊՆ-ի կողմից «Եվրոասֆալտ»-ին ներկայացվել են ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն մինչև 2026 թվականի մայիսի 8-ը, հակառակ դեպքում այն կարող է զրկվել պետական գնումներին մասնակցելու իրավունքից։

Հասմիկ Մովսիսյան

Ինչպես են ընտրելու տնային կալանքում գտնվողները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպե՞ս են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները․ այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էինք պատկան գերատեսչությանը:

Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում: Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները:

Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաեւ քվեատուփը տներ տանելու տարբերակը։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։

Հայ-թուրքական սահմանը հունիսի 4-ին կբացվի՞․ թուրքական մամուլը պնդում է, ԱԳՆ-ն՝ հերքում

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը «Թուրքիա-Հայաստան կարգավորումն արագացել է․ սահմանային անցկետերը հունիսի 4-ին կարող են բացվել» վերտառությամբ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով կարգավորման գործընթացի շրջանակներում ծավալվող զարգացումներին։

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախորդ շաբաթ հայ-թուրքական կարգավորման գործընթացում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Խոսքը ապրիլի 28-ին Կարսում երկու երկրների համատեղ աշխատանքային խմբի հանդիպման մասին է, որի ընթացքում ընդգծվել է Գյումրի-Կարս երկաթուղին հնարավորինս շուտ գործարկելու անհրաժեշտությունը։

Cumhuriyet-ը հիշեցնում է, որ երկու երկրներն իրար կապող միակ երկաթուղին Թուրքիան փակել է այն բանից հետո, երբ Հայաստանը 1993 թվականին «օկուպացրել էր Ղարաբաղը»։ «Նույն տարում, երբ ցամաքային սահմանները փակվեցին, սառեցվեցին նաև դիվանագիտական հարաբերությունները, որոնք լիովին դեռ չէին էլ հաստատվել։ Իսկ 2020 թվականին, երբ Ադրբեջանը կրկին Ղարաբաղի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատեց, Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման գործընթաց նախաձեռնեց։ Եթե երկրների արտաքին գործերի նախարարները կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին»,- կարդում ենք հրապարակման մեջ։

Այնուհետև ընդդիմադիր պարբերականը շեշտել է, որ վերջին շրջանում այս գործընթացին թափ հաղորդեց նախորդ տարի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նշվում է, որ թեպետ Բաքվի վարչակազմը համաձայնագրի վերջնական ստորագրման համար պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ կատարվեն, այնուամենայնիվ օգոստոս ամսից հետո Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր նկատվեցին։ Այդ քայլերի շարքում հիշատակվում են «Թուրքական ավիաուղիների» կողմից Ստամբուլ-Երևան թռիչքների բացումն, ինչպես նաև էլեկտրոնային վիզայի շրջանակի ընդլայնումը։

Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այժմ հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի, ինչպես նաև կմեկնարկի երկաթուղային հաղորդակցությունը։ «Հայաստանում հունիսի 7-ին ընտրություններ են տեղի ունենալու։ Ըստ հարցումների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջին տեղում է։ Նշվում է, որ ընտրություններից առաջ սահմանային անցակետերի բացումը էլ ավելի կմեծացնի Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը, ով կարևորություն է տալիս տնտեսությանը և Թուրքիայի հանդեպ հաշտեցման լեզուն է կիրառում, իսկ հնարավոր սահմանադրական փոփոխությունները կհեշտացնի»,- գրում է թերթը

Հատկանշական է, որ այս շրջանակներում հայ-թուրքական սահմանային անցակետերի հնարավոր բացման օր է նշվում 2026 թվականի հունիսի 4-ը, ինչը խորհրդանշական բավականին մեծ շերտ ունի։ Թեպետ սա Հայաստանում նշանակված խորհրդարանական ընտրություններից ընդամենը 3 օր առաջ է, այնուամենայնիվ, ըստ թուրքական պարբերականի, այս ամսաթիվը կարևոր է դարձնում այն հանգամանքը, որ 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի դեմոկրատական հանրապետության միջև ստորագրվել է Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ Հայաստանի անկախությունը ճանաչող առաջին պետությունը։ Նշվում է նաև, որ հիշյալ համաձայնագիրը դարձավ երկուսուկես տարվա կյանք ունեցած Հայաստանի դեմոկրատական հանրապետության ստորագրած առաջին միջազգային պայմանագիրը։

Հիշեցնենք՝ Բաթումի հաշտության պայմանագրի դրույթները չափազանց ծանր էին Հայաստանի Հանրապետության համար ու առհասարակ կասկածի տակ էին դնում նրա հետագա գոյությունը։ Դրանով Հայաստանի տարածքը կազմելու էր 12 հազար կմ2, բանակի թիվը սահմանափակվում էր, երկաթուղիների վերահսկողությունն անցնում Թուրքիային, իսկ Հայաստանը կարող էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել բացառապես այն երկրների հետ, որոնց հետ թուրքական կողմը չէր պատերազմում։ Այս պայմանագիրը բարեբախտաբար չվավերացվեց ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում, իսկ դրա դրույթները գործեցին մինչև 1918 թվականի հոկտեմբերի վերջ, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

Հավելենք՝ հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Թուրքիայի ԱԳՆ-ից T24 լրատվամիջոցի հետ զրույցում հերքեցին այն պնդումները, թե ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին։ Անկարայից հայտնել են, որ այս մասով դեռևս հստակ ժամանակացույց չկա՝ հատուկ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Դավիթ Գույումջյան

Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել իրենց չսիրող մարդկանց.

Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց։

Խոսքս հղում եմ այն մարդկանց, ովքեր մեզ չեն ընտրելու։ Մի՛ ընտրեք այնպիսի ուժերի, որոնք ծառայում են այլ երկրների, որովհետև չեն ներկայացնում մեր երկրի և ձեր շահերը։

Մի՛ ընտրեք այնպիսի ուժերի, որոնք ընտրակաշառք են բաժանում, նրանք ուզում են վերականգնել մի իրավիճակ, որում իրենք տերն էին, ժողովուրդը՝ իրենց ծառան։

Տեսանյութը՝ այստեղ:

Սպիտակ տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 2 մարդ վիրավորվել է

Առնվազն երկու մարդ տուժել է երկուշաբթի՝ մայիսի 4-ին, Սպիտակ տնից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալ Մեթյու Քուինը։

Նրա խոսքով՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:30-ին քաղաքացիական հագուստով Գաղտնի ծառայության աշխատակիցները նկատել են հրազեն անցորդներից մեկի մոտ Նեշնլ մոլում՝ Վաշինգտոնի կենտրոնական բուլվարում, որը Սպիտակ տնից մոտ հինգ րոպե ոտքով ճանապարհ է։ Կապ հաստատելու փորձի ժամանակ անհայտ անձը փորձել է փախչել և սկսել է կրակել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո նրանք պատասխան կրակ են բացել։

«Այս մարդը վիրավորվել է, նա գտնվում է հիվանդանոցում», – հայտարարել է Քուինը՝ հրաժարվելով հրապարակել կրակողի վիճակի մասին տվյալներ։

Բացի այդ, Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը ճշտել է, որ հրաձգության հետևանքով տուժել է նաև մոտակայքում գտնվող անչափահասը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում հետազոտվում է։ Քուինը նաև նշել է, որ միջադեպից քիչ առաջ նշված վայրով անցել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը։ Ավելի վաղ ԱՄՆ Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին X-ում հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել 15-րդ փողոցի և Ինդիփենդենս ավենյուի խաչմերուկում։

Նախազգուշական նպատակներով անվտանգության ծառայությունը որոշ ժամանակով փակել էր Սպիտակ տան շենքերի համալիրի մուտքերն ու ելքերը։ Միաժամանակ Սպիտակ տան Արևմտյան թևի մոտ բացօթյա իրենց համար նախատեսված վայրերում աշխատող լրագրողներին խնդրել էին ապաստանել բրիֆինգների սրահում, տարածքում նաև կարճաժամկետ շրջափակում էր սահմանվել։ Սակայն այդ նախազգուշական միջոցները բավական արագ չեղարկվել են։

Սպերցյանն ու թիմակիցները կխաղա՞ն եվրագավաթներում. ՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը և նրա թիմակիցները ռուսական «Կրասնոդարից» առաջիկայում ևս հնարավորություն չեն ունենա հանդես գալու եվրագավաթային խաղարկություններում։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է չչեղարկել ռուսական ակումբների և հավաքականների նկատմամբ կիրառված արգելքը, որն ուժի մեջ է 2022 թվականի փետրվարից։

Ռուսական ֆուտբոլային ասոցիացիայի՝ միջազգային մրցաշարերից հեռացման հարցը քննարկվել է ապրիլի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի Կոնգրեսի ժամանակ։ Որոշվել է որակազրկումը թողնել ուժի մեջ։

Այս որոշման գլխավոր պատճառներից մեկը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի քաղաքականությունն է։ Վերջինս պատրաստվում է առաջադրվել ևս մեկ ժամկետով և չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ուկրաինային աջակցող եվրոպական ասոցիացիաների հետ։

Նշենք, որ դեռևս փետրվարին ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել էր, թե ռուսական թիմերի որակազրկումը ցանկալի արդյունք չի տվել, և հանդես էր գալիս Միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարեր նրանց վերադարձնելու օգտին։

Հավելենք նաև, որ ռուսական թիմերի բացակայությունն օգուտ կբերի Ուկրաինայի չեմպիոնին, որը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պայքարը կսկսի ոչ թե առաջին, այլ միանգամից երկրորդ փուլից։

Armsport

Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»

Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուսական զինվորականներից»։

«Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող և ավելի քան 1000 սահմանապահ։ Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև ավելացրել է, որ «այսօրվա աշխարհում ավելի լավ է չափազանց չապավինել Ռուսաստանին»։

Տեսանյութը՝ այստեղ:

Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում:

Այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:

Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հասկանում ենք, թե տիտղոսներ նվաճելու ինչ շանս ունենք. Էդուարդ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական ակումբում տիրող մթնոլորտի, թիմային ոգու և չեմպիոնական հավակնությունների մասին։

«Մենք շատ լավ ու համախմբված թիմ ունենք, որը մշտապես հաղթելու մեծ ցանկություն ունի։ Բոլոր տղաները համեստ են, ուստի մենք պարզապես անում ենք մեր գործը։ Յուրաքանչյուր խաղում քրտնաջան աշխատում ենք, ամբողջությամբ նվիրվում դաշտում։ Մենք անընդհատ աջակցում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ հանդերձարանում։

Բնավորությունն ու կարգապահությունը՝ նմանատիպ բաները շատ են օգնում մեզ։ Բոլորն էլ լավ գիտակցում են, թե տիտղոսներ նվաճելու ինչպիսի հնարավորություն ունի թիմը։ Ձգտում ենք բոլոր մանրուքներում լինել ավելի լավը, և դա իսկապես օգնում է»,- 25-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Известия»-ն։

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնն է և ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղից հետո 63 միավորով կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

2025/26 մրցաշրջանում Սպերցյանը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Armsport

Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Տրիկալա քաղաքում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի հավաքականը առաջնությանը հայտավորվել է 13 մարզիկով։ Թիմը մայիսի 7-ին մրցավայր կմեկնի Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին կուղեկցեն նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում կայացել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հայ մարզիկները նվաճել էին 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե մեդալ։