Չէին սպասում, որ Սամվել Կարապետյանն անգլերեն կխոսի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանն ափերից դուրս է եկել՝ իրեն ուղղված կոշտ գնահատականներից եւ դեռ ասուլիսի ժամանակ եթեր մտավ ու հայտարարեց, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Ասուլիսը դեռ չավարտված, նաեւ հրահանգել է իրավապահների առավել ինտենսիվ զբաղվել «ուժեղներով», եւ երեկ արդեն Շիրակի մարզում խուզարկություններ արեցին, մարդկանց ձերբակալեցին նույն անհեթեթ բացատրությամբ, թե աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել։

Ի դեպ, աշխատավարձը ձեւակերպվում է, դրանից հարկեր են վճարում, թե ինչ է «աշխատավարձի անվան տակ» արտահայտությունը նշանակում, երեւի միայն նիկոլական իրավապահները գիտեն:

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ասուլիսից հետո համատարած «մանթրաշ» վիճակ է եղել։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ՔՊ-ն Սամվել Կարապետյանին ներկայացնում էր որպես չխոսկան, արհեստական բանականության հույսին մնացած առաջնորդ, մինչդեռ ասուլիսում նրա հայտարարությունները հակառակ տպավորությունը թողեցին։

Ավելին, ոմանք շոկահարվել են` լսելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանն անգլերենով պատասխանում «Նուվել դը Արմենիի» թղթակցի հարցերին, որն անգլերենով էր հարցերը տալիս, եւ Կարապետյանը, չսպասելով թարգմանությանը, անգլերենով պատասխանեց: Հետո ասաց, որ, հավանաբար, ճիշտ է մայրենիով պատասխանելը։

Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իրավապահները շարունակում են մասսայաբար ապօրինի գաղտնալսել ընդդիմադիրներին։

Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալության մասին, որն իրականացվել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից։

Մենք տեղեկացանք, որ ձերբակալվել, ապա կալանավորվել է ընդդիմադիր ուժի երեք համակիր` ձեռագիրը նույնն է, ձայնագրել են մարդկանց մասնավոր զրույցները եւ գտել, որ դրանցում ընտրակաշառքի մասին ակնարկներ են արվել։

Երեկ էլ Շիրակի մարզում կատարված խուզարկությունների արդյունքում չորս հոգու էին ձերբակալել։ Ընդդիմադիրների որսը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում էլ է շարունակվելու, փորձում են դրանով վախեցնել ժողովրդի աչքը։ Այս ձերբակալություններն ու գաղտնալսումները բավարար են, որ արդեն իսկ ընդդիմությունը հայտարարի, որ «ընտրությունները կեղծվել են», որովհետեւ ընտրությունների կեղծումը միայն քվեարկության օրը չի կատարվում, այլ շատ ավելի վաղ է սկսվում:

ՀՀԿ-ի տարիներին էլ քվեարկությունը չէին կեղծում, բայց դա չէր խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարի, թե Հայաստանում մինչեւ 2018 թվականը երբեք մաքուր ընտրություն չի կայացել»:

43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը հարյուրավոր միլիոնավոր դրամներ է ուղղել մեկ համերգային ծրագրի կազմակերպմանը՝ կառավարության պատվերով։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միայն «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ստացել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ, իսկ ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը հրապարակված է դատարկ՝ չլրացված վիճակում։ Եվ սա դեռ ամբողջը չէ։

Կառավարության որոշմամբ նախատեսվել էր 2026 թվականի պետական բյուջեի վերաբաշխման միջոցով շուրջ 393 միլիոն դրամ հատկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ համերգի կազմակերպման ծախսերը հոգալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական հրապարակումները և արձանագրել հերթական աղմկահարույց ֆինանսական պատկերը։

Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարարությունը «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ին տրամադրել է 242 միլիոն 134 հազար դրամ դրամաշնորհ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 620 հազար դոլար։

Սակայն ամենաուշագրավը ոչ միայն գումարի չափն է, այլ այն, որ հրապարակված ֆինանսական հաշվետվության փաստաթուղթը, ըստ էության, դատարկ է՝ առանց բովանդակային լրացման։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր միլիոնավոր դրամների պետական միջոցներ են հատկացվել, բայց հանրությանը չի ներկայացվում, թե կոնկրետ ինչի վրա և ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, սակայն ընկերությունը Գյումրիում կազմակերպել է շուրջ 4000 մարդու համար նախատեսված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգը՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միաժամանակ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 150 միլիոն 763 հազար 700 դրամ դրամաշնորհ։ Այսպիսով, միայն հայտնի դարձած ֆինանսավորումների հանրագումարը մոտենում է կես միլիարդ դրամին։

Եվ սա այն պայմաններում, երբ Շիրակի մարզը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզերից մեկը։ Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կիսաքանդ ենթակառուցվածքներ՝ սրանք Գյումրիի ու Շիրակի առօրյա խնդիրներն են, որոնց մասին իշխանությունները սովորաբար հիշում են միայն պաշտոնական այցերի ժամանակ։ Աղքատության ցուցանիշը այս մարզում 43 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4 տոկոս։

Բայց, երբ խոսքը վերաբերում է շքեղ համերգների կազմակերպմանը, հարյուրավոր միլիոններ միանգամից գտնվում են։

Իհարկե, մշակութային միջոցառումները կարևոր են, և որևէ մեկը չի վիճարկում արվեստի ու միջազգային մշակութային կապերի անհրաժեշտությունը։ Սակայն այստեղ խնդիրը առաջնահերթությունների մեջ է։

Առավել մտահոգիչ է նաև թափանցիկության հարցը։ Եթե պետական միջոցները ծախսվել են արդյունավետ և նպատակային, ապա ինչո՞ւ է հրապարակված ֆինանսական հաշվետվությունը դատարկ։ Ինչո՞ւ հանրությունը չի կարող տեսնել ծախսերի ամբողջական կառուցվածքը։

Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարությունում, կարծես, արդեն սովորական երևույթ է դարձել միլիոնավոր դրամների ծրագրերի իրականացումը՝ նվազագույն հաշվետվողականությամբ»։

Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք են իրականացնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանություններն ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային եւ համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցներին՝ պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ եւ այլն։

Հիմնարկների ղեկավարների միջոցով, այսպես կոչված, նախընտրական ստուգարք են իրականացնում՝ պարզելու, թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի եւ հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրողն է, ՔՊ-ին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ՝ ասելով, որ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, ՔՊ-ն է լինելու իշխանության, եւ ընդդիմադիրները խնդիրներ կունենան։

Ցուցադրաբար ՔՊ ընտրողների ցուցակներ են կազմում, ներշնչում, որ կարողանալու են պարզել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց ամբողջ հույսները վախի գործոնի եւ մարդկանց անգրագիտության վրա է, որ հավատան իրենց գերմարդկային ունակություններին եւ ձախողված ՔՊ-ի անվերապահ հաղթանակին:

Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը որոշել է քարոզարշավի մեկնարկը տալ ամենախնդրահարույց մարզից՝ Սյունիքից: Մարզպետը հավաստիացրել է շեֆին. «Պրոբլեմ չունենք մարզում, տղերքը մեզ համար են վիզ դրել, արխային եղեք»:

Ասում են` Փաշինյանն էլ ասել է, թե էլ չի հավատում մարզպետների հավաստիացումներին. «Աչքս տենա, վայ եկել, տարել է Ձեզ, որ հանկարծ մի բան էն չլինի»,-ասել է Փաշինյանը։

Սյունեցի պատգամավոր Խաչատրյանն էլ է գլուխ գովացել, թե բա մերոնք սաղ կանտրոլի տակ են պահում:

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրները․ Գագիկ Ծառուկյան

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։ Այս մասին գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացվող հանդիպումները շարունակվում են։ Այս անգամ առաջինը չնախատեսված այց ունեցանք Արարատի մարզի Նորակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվեցին Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։

Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։

Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային»։

Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ Կարապետյան

Իշխանությունը 8 տարվա ընթացքում խոստացվել է, որ երկիրը լինելու բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ու անվտանգ ապրել: Անցել է 8 տարի, կանգնած ենք նույն փողոցում, բան չի փոխվել, միայն երկիրն է փոքրացել», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը:

«Խաղաղություն խոստանալով բերեց 3 պատերազմ, հարկերը փոքր բզինեսի համար բազմապատկեց 2 անգամ և խոստանացավ, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի, բայց չհաղթահարվեց, 2 տոկոսից ավելի էլ չիջավ, բայց իրենք պարգևավճարներ ստացան ու իրենց շրջապատին գործի տեղավորեցին: 8 տարվա ընթացքում միայն շահել ա մի խմբակ:

Այն բառամթերքը, որ իրենք եմ մտցրել Հայաստան, երբեք չի եղել, ամեն օր նոր վիրավորանք, ամեն օր նոր սանդղակ են սահմանում: Դրա հիմնադիրը էսօրվա վարչապետն ա, ում մեր ժողովրդի դեռ մի միամիտ զանգված շարունակում է հավատալ:

Անդրադառնալով երեկ Սամվել Կարապետյանի արած հայտարարությանը՝ սնկերի մասին և Փաշինյանի՝ դատի տալու սպառնալիքին, Կարապետյանը նշեց.

«Դատարանը թող ուսումնասիրի՝ սունկ կերել է թե չէ, կամ՝ 1 տոննա է կերել, թե որքան, ո՞ր պահերին է կերած եղել: Մեկ-մեկ Ֆեյսբուքում նայում ու մտածում ես՝ հուսով եմ՝ սա սունկն է»:

Նարեկ Կարապետյանը նշեց, որ Հայաստանին փոփոխություն է պետք ու դա առաջնայինն է:

«Մեզ փոփոխություն է պետք, էս մարդկանց ճամփել ա պետք: Նրանց միակ հաջողությունը պարտք վերցնել, ծախելն ա: Մենք այստեղ վերադառնալու ենք 1 ու կես ամսից ու սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը: Հիմա ունիկալ շրջան է, պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորը տնային կալանքից է մասնակցելու քարոզչական պրոցեսներին: Արդարություն խոստացած ընդդիմությունը կալանավորել է իր ընդդիմադիրին՝ քաղաքական հոդվածով:

Էս մարդը վերածվում է դիկտատորի, և եթե ընտրվի, ժողովուրդը սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն է զգալու», – հավելեց Կարապետյանը:

Խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի գրասենյակում

Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։

Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։

Տեղեկությունը Tert.am-ին հաստատետել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են կոմիտեից: