Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, BMW X5-ը և Mazda-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոբուսն ու ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Երևանում մայիսի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև

Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ին առավելապես կեսօրից հետո սպասվում է, 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ին ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 9-11-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Քաղաքացիներին լիցենզավորված հարթակներից արգելափակելը կարող է սև շուկայի ցուցանիշը հասցնել 50 տոկոսի․ NAGO-ի հայտարարությունը

Հայտարարություն՝ խաղային ոլորտում նախատեսվող նոր փոփոխությունների նախագծի վերաբերյալ

«Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (NAGO), կարևորելով խաղային ոլորտի պատասխանատու կարգավորումը, խաղամոլության դեմ պայքարը և քաղաքացիների սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունը, ցանկանում է իր դիրքորոշումը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։

Մենք հասկանում և կիսում ենք այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնվում են խաղամոլության սոցիալական հետևանքների, քաղաքացիների ֆինանսական խնդիրների և պետական աջակցության միջոցների հնարավոր ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ։

Միաժամանակ, համոզված ենք, որ ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի իրատեսական գնահատականների, տեխնիկական իրագործելիության և հավասարակշռված քաղաքականության վրա, որպեսզի կանխվեն նոր և ավելի վտանգավոր ռիսկերը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներդնել հինգ տարի ժամկետով ինքնասահմանափակման անհետկանչելի մեխանիզմ, ինչպես նաև սահմանափակել որոշ սոցիալական խմբերի հասանելիությունը խաղային ծառայություններին։ Սակայն ներկայումս դեռևս ներդրված չէ այն միասնական համակարգը, որը հնարավորություն կտա արդյունավետ կերպով սահմանափակել անձի հասանելիությունը բոլոր լիցենզավորված հարթակներին միաժամանակ։ Բացի այդ, առկա է իրական վտանգ, որ սահմանափակումների ենթարկված անձինք պարզապես կտեղափոխվեն չլիցենզավորված կամ արտասահմանյան հարթակներ, որոնք գտնվում են պետական վերահսկողությունից դուրս:

Վերջին տարվա ընթացքում խիստ սահմանափակումների և հարկային բեռի ավելացման հետևանքով սև շուկան արդեն իսկ կրկնապատկվել է՝ 10 տոկոսից դառնալով 20 տոկոս, իսկ նման մեծածավալ անձանց լիցենզավորված հարթակներից արգելափակելը կարող է այս ցուցանիշը հասցնել 50 տոկոսի: Սահմանափակումների խստացման հետևանքով սև շուկայի աճ գրանցվել է այնպիսի զարգացած երկրներում, ինչպես Գերմանիան, Չեխիան, Շվեդիան և այլլ:

Մենք մտահոգված ենք նաև այն հանգամանքով, որ նախագծում սահմանված թիրախային խմբերի ընտրության հիմքերը հանրային և մասնագիտական մակարդակներում բավարար չափով ներկայացված չեն։ Անհասկանալի է, թե ինչ վիճակագրական կամ վերլուծական տվյալների հիման վրա են ընտրվել, օրինակ, հիփոթեքային ծրագրերից օգտվող քաղաքացիները կամ եկամուտների որոշակի կառուցվածք ունեցող անձինք, կամ թոշակառուները:
Տպավորություն է ստեղծվում, որ նախագծով նպատակ է դրվել առավելագույն քանակի քաղաքացիների արգելափակել լիցենզավորված հարթակներից՝ նպաստելով նրանց հոսքին սև շուկա և հանցավոր գործունեության աճին, այդ թվում «փողոցային» խաղադրույքների կամ այլ անձանց հաշիվներով կանխիկ գումարով խաղադրույքների տարածմանը:

Բացի այդ, հարկ է տարբերակել սոցիալական աջակցությունը և եկամտային հարկի վերադարձի ծրագրերը, քանի որ դրանք ծառայում են տարբեր նպատակների։ Եթե սոցիալական աջակցությունը ուղղված է կենսական կարիքների ապահովմանը, ապա եկամտային հարկի վերադարձի ծրագրի նպատակը նաև տնտեսության և շինարարության խթանումն է։

Միաժամանակ, նախագծում կիրառվող հայտարարագրված եկամտի չափանիշը կարող է ստեղծել անհավասար և ոչ արդյունավետ սահմանափակումներ։ Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք փաստացի ունեն եկամուտ և ֆինանսական միջոցներ, սակայն չունեն հայտարարագրման պարտավորություն։ Այդ դեպքում նրանք կարող են զրկվել լիցենզավորված հարթակներից օգտվելու հնարավորությունից՝ ուղղորդվելով դեպի չլիցենզավորված շուկա։
Արդյունքում սահմանափակումները կարող են տարածվել ոչ միայն սոցիալապես խոցելի խմբերի, այլ նաև միջին և բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա, մինչդեռ նախագծի նպատակների և կիրառվող մեխանիզմների միջև հստակ կապ չի ներկայացվում։

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ հանրային դաշտում շրջանառվող որոշ հայտարարություններին։ Երբ ԱԺ ամբիոնից հայտարարվում է, թե Հայաստանի քաղաքացիները «պարտվել են» 7.4 տրիլիոն դրամ (մոտ 20 միլիարդ դոլար), ձևակերպումը մոլորեցնող է, քանի որ խոսքը ոչ թե պարտված գումարի, այլ կատարված խաղադրույքների ընդհանուր ծավալի մասին է։ Օրենքի պահանջով այդ գումարի առնվազն 90 %-ը համագումարով վերադարձվում է խաղացողներին շահումների տեսքով։

Ողջ աշխարհում խաղադրույքների շրջանառությունը չի դիտարկվում որպես խաղացողների իրական կորուստների ցուցիչ, քանի որ խաղադրույքների զգալի մասը վերադարձվում է շահումների տեսքով։ Հայաստանում այդ ցուցանիշը փաստացի կազմում է ավելի քան 95 %, և այս տվյալները ստուգելի և ապացուցելի են։ Նույնիսկ ԱԺ նիստին նախորդած հանձնաժողովի քննարկումների ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչների կողմից հստակ նշվել է, որ մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է մոտ 150 միլիարդ դրամ, և ոչ մի դեպքում՝ 7 տրիլիոն դրամ։
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ ոլորտի վերաբերյալ չափազանցված կամ մանիպուլյատիվ գնահատականներից, հատկապես թեման քաղաքական շահարկումների դաշտ տեղափոխելուց, քանի որ նման մոտեցումները չեն նպաստում մասնագիտական և հավասարակշռված քննարկմանը։

Հատկանշական է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն խորհրդարանական քննարկումների ընթացքում ևս անդրադարձել է սև շուկայի աճի ռիսկերին՝ ընդգծելով, որ չափազանց կոշտ սահմանափակումները կարող են հանգեցնել ինչպես հարկային կորուստների, այնպես էլ խաղացողների պաշտպանության մեխանիզմների թուլացման։

Մենք վերահաստատում ենք, որ ոլորտի կարգավորումը պետք է իրականացվի փուլային, տեխնիկապես ապահովված և հավասարակշռված մոտեցմամբ՝ ներառելով՝
• չլիցենզավորված հարթակների դեմ արդյունավետ պայքար,
• խաղացողների պաշտպանության իրական մեխանիզմներ,
• պատասխանատու խաղի մշակույթի զարգացում,
• տվյալահեն քաղաքական որոշումներ,
• և պետական ու մասնավոր հատվածների համագործակցություն։

Մենք կոչ ենք անում երկրորդ ընթերցումից առաջ կազմակերպել լայն մասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով պետական մարմիններին, մասնագիտական կազմակերպություններին, ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին և քաղաքացիական հասարակությանը։ Ասոցիացիան մինչ առաջին ընթերցում ևս առաջարկել էր քննարկում կազմակերպել այս հարցով, բայց առաջարկը մնաց անպատասխան:

Համոզված ենք, որ միայն հավասարակշռված և գործնական լուծումների միջոցով հնարավոր կլինի պաշտպանել քաղաքացիներին՝ միաժամանակ կանխելով սև շուկայի ընդլայնումը և վերահսկողության կորուստը։

Հարգանքով՝
«Խաղային օպերատորների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (NAGO)

Կասեցվել է Դիլիջանի լցակայաններից մեկի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն ուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները. Զատուլին

Եթե ​​ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները, NSN-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ կապերի լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի։

Այս պարագայում Ռուսաստանը պարզապես չպետք է պաշտոնապես ընդունի ընտրությունների արդյունքները»,-հայտարարել է Զատուլինը։

«Նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է, որը, իշխանության գալով, որոշ ժամանակ ստիպված էր քողարկել իր մտադրություններն ու նպատակները։ Մենք թույլ տվեցինք, որ մեզ քնեցնեն։ Բայց նա օգտագործեց մեզ։ Ի վերջո, նա չի թաքցրել իր հայացքները վարչապետ դառնալուց առաջ։

Նա գրել է անցյալից, Ռուսաստանից ազատվելու, ՀԱՊԿ-ից, Եվրասիական միությունից, Շիրակում մեր բազան հեռացնելու անհրաժեշտության մասին։ Մաքուր խելագարություն էր, որ մենք կարծում էինք, որ իշխանության գալով՝ նա հանկարծակի ամբողջությամբ կանցնի մեր կողմը կամ կհրաժարվի իր համոզմունքներից։ Այս առումով նա լիովին հետևողական մարդ է», – նշել է Զատուլինը։

Գոշավանքից դեպի արդարություն․ մեկնարկել է Արման Թաթոյանի քարոզարշավը

Արման Թաթոյանի քարոզարշավը սկսվել է Գոշավանքից։ Սա պատահական ընտրություն չէ։ Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, մարդ, ով դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։

Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանը ունի նաև այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ պիտի անեն, որ հայ-ֆրանսիական հռչակագիրը թղթի վրա չմնա

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը ներկայացվում է որպես կարևոր դիվանագիտական ձեռքբերում։

Ի՞նչ պիտի անեն Հայաստանն ու Ֆրանսիան, որ գործընկերությունն իրոք ռազմավարական դառնա, հռչակագիրը չմնա թղթի վրա։

Նախկինում հայ-ֆրանսիական գործընկերությունը շոշափելի արդյունք չի տվել։ Երբ Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր, ՀՀ իշխանությունները մերժում էին Ֆրանսիայի կողմից ներդրումային առաջարկները։ Օրինակ՝ Երևան-Էջմիածին արագընթաց երկաթուղու կառուցման մասին Ֆրանսիայի առաջարկած ներդրումային նախագիծը արհամարհանքի է արժանացել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից։

Ներկայումս բան է փոխվել, Ֆրանսիան որոշակի աջակցություն է ցուցաբերում բանակին, համազգեստ է տրամադրում, որոշ զինատեսակներ և այլն։ Սա լավատեսություն է ներշնչում, որ առաջիկայում նաև լուրջ ներդրումներ կլինեն։

Հայաստանն ու Ֆրանսիան բազմաթիվ հարցերում էապես տարբեր դիրքորոշումներ ունեն։ Դրանք վերաբերում են ոչ միայն գլոբալ և քաղաքակրթական, այլև տեղական ու տարածաշրջանային խնդիրներին։ Հայաստանն ու Ֆրանսիան տարբեր մաքսային գոտիներում են, և նրանց միջև առևտրի ընդլայնումը տնտեսապես արդարացված չէ։ Շուկաներն ու դրանց պահանջները ևս շատ տարբեր են։ Այստեղ ևս գործընկերության շրջանակները շատ փոքր են։ Եթե ՀՀ-ն իրապես ուզում է ռազմավարական գործընկերություն զարգացնել, ապա օր առաջ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա և ՀՀ տնտեսությունը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ՀՀ-ում ռուսական բազա կա, սահմաններին՝ ռուս սահմանապահներ։ Իսկ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունը ռազմավարական դարձնելու համար անհրաժեշտ է մտածել ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու մասին։

Արցախի վերաբերյալ ևս ՔՊ-ական իշխանությունների ու Ֆրանսիայի դիրքորոշումներում տարբերություն կա։ Ուստի՝ ՀՀ իշխանությունը պետք է ջանք գործադրի, որ այս հարցում ևս մոտեցնի դիրքորոշումները, որ գործընկերությունն արդյունավետ լինի։

Թվարկված ու շատ այլ տարբերությունները հիմք են տալիս ենթադրելու, որ գործընկերությունը հնարավոր կլինի զարգացնել ու դարձնել ռազմավարական, եթե ՀՀ իշխանությունները լուրջ քայլեր անեն։ Ճիշտ է, հռչակագրում նշված գրեթե բոլոր ոլորտներում շատ խորհրդակցություններ են նախատեսված, քիչ գործ, սակայն լավատեսորեն կարելի է հուսալ, որ այդ խորհրդակցությունները դատարկախոսության չեն վերածվի։

Նկատելի է նաև, որ հայերն ու ֆրանսիացիները տարբեր աշխարհընկալում ունեն։ Օրինակ՝ ազատության, հավասարության, եղբայրության, մարդկային այլ արժեքների մասին մեր ու ֆրանսիացիների ընկալումները տարբեր են, և մենք միմյանց դժվարությամբ կարող ենք հասկանալ։ Ուստի՝ ռազմավարական գործընկերություն անելու համար նախ պետք է այս արժեքները իսկապես բարձրացնել, մարդասիրության օրինակ ծառայել, ոչ թե ատելություն տարածել։

Հանրային խոսույթում տեսակետ է տարածվում, թե հայ-ֆրանսիական այս հռչակագիրը ուղերձ է Արևմուտքին և տարածաշրջանի մյուս խաղացողներին, որ Հայաստանը փորձում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունը, թե ՀՀ-ն ռուսական կցորդ չէ, ինչպես նախկինում, երբ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր։ Այդ տարիներին ՀՀ-ն միայն Կրեմլի հրահանգն էր կատարում։ Իսկ հիմա ֆրանսիացիների հետ խորհրդակցություններ է անցկացնելու տարեկան 2 անգամ։ Սա առաջընթաց կարելի է դիտարկել այս համեմատության տեսանկյունից։

Ի վերջո՝ հայ-ֆրանսիական միակ ռեալ գործընկերության ասպարեզը «Վեոլիա ջուրն» է։ Նրա աշխատանքից դժգոհ է ժողովրդի մի մասը։ Եթե Երևանն ու Փարիզը կարողանան այնպես անել, որ ջրի մատակարարումներից ու որակից գոհ մարդիկ էապես ավելանան, ապա կարելի է լավատեսություն հայտնել, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը կարող է հասնել նաև ռազմավարական մակարդակի։

Կարճ ասած՝ հայ-ֆրանսիական գործընկերությունն իրապես ռազմավարական դարձնելու ուղղությամբ Հայաստանն ու Ֆրանսիան լուրջ քայլեր պիտի անեն։ Հակառակ պարագայում՝ այս հռչակագիրը, հավանաբար, կմնա ցանկությունների մակարդակում։

Թաթուլ Մկրտչյան

Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկն էլ բանակի հզորությունն է՝ ռազմական ուժը, որը ես դիտում եմ ոչ թե պատերազմի գործոն, այլ խաղաղության գործոն։

Գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Երկրապահի օրը։ 1992 թվականի այս օրերին է տեղի ունեցել Շուշիի ազատագրման օպերացիան։

Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է նվիրում, սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ. Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը:

Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։

Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։

Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։

Հարց 2 – Ինչու՞ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։

Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»:

Մի՛ հիշատակեք մեր զոհված տղաներին նախընտրական արշավում. նրանց անունները կան «Զինապահ» հիմնադրամում. Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական խոստումներից մեկին, ըստ որի՝ պետք է հրապարակվեն 44-օրյա պատերազում զոհված զինծառայողների անուն ազգանունները:

«Ուզում եմ անդրադառնալ ընդդիմադիր ուժերից մեկի խոստմանը: Նրանք խոստանում են հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները՝ այնպիսի լուրջ դեմքով, ասես մինչև հիմա դրանք հրապարակված չեն:

Ստիպված եմ հիշեցնել, որ իմ առաջարկով որոշում կայացվեց զոհված հերոսների անունները հրապարակել «Զինապահ» հիմնադրամի պաշտոնական ցուցակում, այնտեղ չի կարող լինել ոչ ավելացված, ոչ պակասեցված անուն, այնպես որ՝ եթե ինչ-որ մեկը թիվ է ուզում ճշտել, կարող է մտնել ու ծանոթանալ թվին ու նրանց անուններին:

Մի հիշատակեք մեր զոհված տղաների անունները նախընտրական արշավում, մի՛ օգտագործեք նրանց անունները», – ասում է նույն դաշինքով պատգամավոր դարձած Գեղամ Նազարյանը, ով այնուհետև դուրս եկավ նրանց շարքերից: