Պետական փողե՞ր, թե՞ կուսակցական դրամարկղ․ ԶՊՄԿ-ի ՔՊ-ական «մուծումները»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կոչված են պաշտպանելու հանրային շահերը, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեծ միջոցներ են նվիրաբերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամին։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցությանը կատարվող նվիրատվությունները, այդ թվում՝ կոմբինատի խորհրդի անդամ Նարեկ Բաբայանի կողմից իրականացված փոխանցումները, կրում են պարբերական բնույթ։

Հարցեր են առաջանում նաև համայնքային և պետական պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը ևս ընդգրկված է նվիրատուների թվում, ինչը առաջացնում է հարց՝ արդյոք նման փոխանցումները բացառապես կամավո՞ր բնույթ ունեն, թե՞ կարող են պայմանավորված լինել պաշտոնեական դիրքով։

Հաշվետվություններում առանձնանում են մի շարք խոշոր նվիրատուներ․ «Սամարտ-Շին» ՍՊԸ տնօրեն Սամվել Օրդուխանյանը կատարել է ընդհանուր շուրջ 10 մլն դրամի նվիրատվություն (7,500,000 և 2,500,000 դրամ)։ Հարց է առաջանում՝ ինչու է պետական ֆինանսավորում ստացող և ՊՆ փակ մրցույթներին մասնակցող ընկերությունը կատարում նման փոխանցումներ։

Նվիրատուների թվում են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ 800,000 դրամ, Ահարոն Խաչատրյանը՝ 1,500,000 դրամ (1,000,000 և 500,000), ինչպես նաև Ալբերտ և Մերի Սուքիասյանները՝ 5,000,000-ական դրամ։

Առկա են նույն անձանց կողմից կրկնվող նվիրատվություններ։ Մասնավորապես, Նարեկ Բաբայանը կատարել է մի քանի փոխանցումներ՝ երկու անգամ 600,000 դրամ և ևս 1,200,000 դրամ։

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա ԶՊՄԿ-ից ստանում է մի քանի միլիոն դրամ աշխատավարձ։ Ստացվում է՝ այդ եկամուտների մի մասը նվիրատվության ձևով վերադարձվում է ՔՊ կուսակցությանը։ Նույն համատեքստում նշվում է, որ նա ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) ներկայացուցիչն է եղել ԶՊՄԿ-ի խորհրդում և պատասխանատու է պետությանը պատկանող 21.8% բաժնեմասի վերահսկման համար։ Երկար ժամանակ հանրության համար անհասանելի են եղել ԶՊՄԿ-ից պետության ստացած շահույթի և այդ միջոցների օգտագործման վերաբերյալ տվյալները։ Ստացված դիվիդենտները, որոնք պետք է ուղղվեին պետական բյուջե կամ ռազմավարական ծրագրերի, ըստ ներկայացված տվյալների, ծախսվել են կառավարչական ապարատի պահպանման և արդյունավետության տեսանկյունից կասկածելի ծրագրերի վրա։ Միևնույն ժամանակ հաշվետվություններում առկա են «այլ ելքեր» հիմքով զգալի գումարներ, ինչը դարձյալ կասկածներ է հարուցում, թե ինչի վրա է ծախսվել 6,750,000 դրամը։

Նկատենք, որ ըստ 2025 թվականի հաշվետվությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է 416,712,288 դրամ։ Համեմատության համար նշենք, որ ՔՊ-ն 2015 թվականին ստացել է մոտ 120 հազար դրամ նվիրատվություն։

Այսպիսով, փաստաթղթերը ցույց են տալիս կուսակցությանը կատարվող պարբերական և մեծածավալ նվիրատվություններ, այդ թվում՝ պետական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների ու պետական միջոցների հետ առնչվող անձանց կողմից, ինչը առաջացնում է լուրջ հարցեր ֆինանսական հոսքերի թափանցիկության վերաբերյալ։

Հասմիկ Մովսիսյան

Հայաստանին պետք է նյուրնբերգյան դատավարության նման մի գործընթաց․ Լիդա Առուշանյան

Մարզահամերգային համալիրի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև ակցիայի մասնակից Լիդա Առուշանյանը՝ կոշտ քննադատությամբ հանդես գալով գործող իշխանությունների հասցեին։

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական գնահատական և պատասխանատվություն։

«Մենք պետք է հասնենք նրան, որ լինի իրավական գնահատական, նույնիսկ՝ նյուրնբերգյան դատավարության նման մի գործընթաց։ Մինչ այդ փոփոխությունը տեղի չունենա, հայ ժողովուրդը չի կարող հանգիստ շունչ քաշել»,- ասաց նա։

Առուշանյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը։

«Այսօր ստեղծված վիճակը մեզ տանում է դեպի վատ հետևանքներ, եթե այս ամենը շարունակվի»,- նշեց նա։

Նա նաև անդրադարձավ առաջիկա ընտրություններին՝ կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել։

«Ժողովուրդ, ընտրություններին պետք է մասնակցել, պետք է գիտակցված ընտրություն կատարել, որպեսզի հնարավոր լինի փոխել իրավիճակը և վերականգնել արժանապատվությունը»,- ասաց Առուշանյանը։

Նրա խոսքով՝ երկրում առկա են նաև մարդու իրավունքների խնդիրներ։

«Մենք ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են բանտերում, ունենք նաև Բաքվում պահվող գերիներ, որոնց հարցը շարունակում է չլուծված մնալ»,- նշեց նա։

Առուշանյանը կարևորեց գերիների ազատ արձակման հարցը։

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն՝ թե՛ Բաքվի, թե՛ Հայաստանի բանտերից»,- ընդգծեց նա։

Վերջում նա կոչ արեց համախմբման։

«Ժողովուրդը պետք է միավորվի, որպեսզի կարողանա հաղթահարել այս փուլը և ապահովել երկրի ապագան»,- եզրափակեց ակցիայի մասնակից Լիդա Առուշանյանը։

Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է.

Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցը այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։

Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը, որը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով, առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ։ Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը։

Airbus և Planet Labs ընկերությունների արբանյակային տվյալները հստակ փաստում են, որ հուշարձանը և հարակից ամբողջ հուշահամալիրը ոչնչացվել են 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Տվյալների այս ժամանակագրությունը վկայում է ոչ թե պատահական վնասի, այլ կանխամտածված և փուլային գործողության մասին, որի նպատակը տարածքի լիակատար «մաքրումն» էր հայկական ներկայության որևէ հետքից։

Այս գործողությունը պետք է դիտարկել միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում։ Մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ UNESCO-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։

Սակայն տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։

Ավելին, հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման, երբ ոչնչացվում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց հիշողությունը, մշակույթը և գոյության նյութական ապացույցները։

Այսպիսով, Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատան ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկ առանձին ակտ, այլ որպես շարունակական և համակարգված քաղաքականության բաղկացուցիչ մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։ Այս իրողությունը պահանջում է ոչ միայն գիտական փաստագրում, այլև միջազգային հանրության հստակ և գործնական արձագանք։

Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով:

Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս:

Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը:

Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։

Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ:

Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։

Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը:

Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք։

ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի արդյունքներով ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։

«Պատիվ ունեմ նշելու, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքն այսօր Երևանում՝ մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, անկեղծ երախտիքս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության և գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում՝ գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման, և մասնավորապես՝ երկու գործընկերների, ովքեր ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։ Ես նաև պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հեռակա մասնակցությունը և Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը։

Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ, անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների կարիք կա՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում։ Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը։

Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական և էներգետիկ ուղղություններով։ Մենք ընդգծել ենք սրանք՝ որպես ընդհանուր առաջնահերթություններ: Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը:

Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը: Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը, և համագործակցությունն ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին։

Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։

Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումն ավելի լայն տարածաշրջանում։ Տվյալ գագաթնաժողովը վերահաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման և առավել լավ համակարգված և առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։

Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաև կամրապնդեն մեր փոխգործակցությունը և փոխընկալումը։

Ես կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով՝ նշել, որ իր գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում՝ ևս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը։

Երախտիքս հայտնում եմ նաև տեղական և միջազգային լրատվամիջոցներին, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով։

Ի վերջո, թույլ տվեք նախագահ Կոշտա, Ձեզ շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու և այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք։
Շատ շնորհակալություն»,- նշել է Փաշինյանը։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը նամականիշ են մարել՝ նվիրված «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում» թեմային։ 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված տարբերանշանը: Նամականիշի ներքևի հատվածում հայերենով առկա է «ԵՔՀ գագաթնաժողով 04.05.2026 Երևան» գրառումը:

Մեկնարկել են Գյումրի-Սոչի-Գյումրի չվերթերը

«Flyone Armenia»–ն այսօր սկսել է Գյումրի–Սոչի–Գյումրի չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր իրականացվեց «Flyone Armenia»–ի Գյումրի–Սոչի ուղղության առաջին չվերթը»,– հայտնել են ընկերությունից։

Նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան:

Հիշեցնենք, որ ավիաընկերությունն այս չվերթի մասին տեղեկացրել էր դեռ ապրիլի 23–ին։

Իրանական երկու hրթիռ hարվածել է ԱՄՆ ռազմածnվային nւժերի պարեկային նավին

Հորմուզի նեղուցում իրանական կողմի նախազգուշացումն անտեսելուց հետո երկու հրթիռ է հարվածել ամերիկյան պարեկային նավին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Ամերիկյան նավը, որն այսօր շարժվել էր Ջասկի մոտակայքում՝ խախտելով անվտանգության և նավագնացության կանոնները և նպատակ ունենալով անցնել Հորմուզի նեղուցով, թիրախավորվել է հրթիռային հարձակման կողմից այն բանից հետո, երբ անտեսել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նախազգուշացումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ըստ հարավային տեղական լրատվական աղբյուրների՝ ամերիկյան պարեկային նավը հարվածների պատճառով չի կարողացել շարունակել իր երթուղին և ստիպված է եղել նահանջել ու հեռանալ տարածքից:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ցանկացած անցում առանց Իրանի պաշտոնական թույլտվության հնարավոր չէ, և այդ նախազգուշացման ցանկացած անտեսում կարժանանա զինված ուժերի վճռական պատասխանին:

Զեկույցի հրապարակման պահին վնասների չափի կամ հնարավոր զոհերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովին մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը

Երևանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնք գագաթնաժողովին մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը:

ՔՊ-ն սարսափում է, որ Մակրոնի ականջը կարող է ընկնել բռնապետական իրականությունը և եվրոպական անգործությունը. Հովհաննես Իշխանյանը՝ իր ձերբակալության մասին

Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին ազատ են արձակել:

Այս մասին հայտնում է Իշխանյանը՝ Ֆեյսբուքի գրառմամբ, որում նա նշել է, որ իրենց անհիմն են ձերբակալել, երբ արտեն տուն գնալիս են եղել:

«Աբովյան իջնելուց զգույշ կլինեք. դեմոկրատ ոստիկանները հավաքում, տանում են:

Հատկապես զգույշ կլինեք, եթե քաղբանտարկյալների, եկեղեցու իրավունքների, սահմանադրությունը ոտնահարելուն ու արցախցիների իրավունքներից զրկելուն եք դեմ:

ՔՊ-ն սարսափում է, որ Մակրոնի ականջը կարող է ընկնել բռնապետական իրականությունը և եվրոպական անգործությունը:

Ինձ ու Հայկ Դորունցին նոր անհիմն տարան, երբ արդեն տուն էինք գնում: Այ, տենց սարսափած են»:

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել Աբովյան փողոցից, որտեղ էլ ռեստորաններից մեկում ճաշում էին Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը:

Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0):

Այս հաղթանակի շնորհիվ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ նվաճելով ակումբի պատմության 21-րդ Սկուդետոն։

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին (45+1) բացեց Մարկուս Թյուրամը։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ դարձավ խաղի գլխավոր հերոսներից մեկը։ Արդեն 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը, ստանալով նույնպես փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսի փոխանցումը, գրավեց մրցակցի դարպասը՝ դնելով չեմպիոնական հանդիպման վերջակետը։

Հատկանշական է, որ այս տիտղոսի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն։