Մարզահամերգային համալիրի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ նաև ակցիայի մասնակից Լիդա Առուշանյանը՝ կոշտ քննադատությամբ հանդես գալով գործող իշխանությունների հասցեին։
Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական գնահատական և պատասխանատվություն։
«Մենք պետք է հասնենք նրան, որ լինի իրավական գնահատական, նույնիսկ՝ նյուրնբերգյան դատավարության նման մի գործընթաց։ Մինչ այդ փոփոխությունը տեղի չունենա, հայ ժողովուրդը չի կարող հանգիստ շունչ քաշել»,- ասաց նա։
Առուշանյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները չեն կարողանում ապահովել երկրի անվտանգությունը։
«Այսօր ստեղծված վիճակը մեզ տանում է դեպի վատ հետևանքներ, եթե այս ամենը շարունակվի»,- նշեց նա։
Նա նաև անդրադարձավ առաջիկա ընտրություններին՝ կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել։
«Ժողովուրդ, ընտրություններին պետք է մասնակցել, պետք է գիտակցված ընտրություն կատարել, որպեսզի հնարավոր լինի փոխել իրավիճակը և վերականգնել արժանապատվությունը»,- ասաց Առուշանյանը։
Նրա խոսքով՝ երկրում առկա են նաև մարդու իրավունքների խնդիրներ։
«Մենք ունենք քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են բանտերում, ունենք նաև Բաքվում պահվող գերիներ, որոնց հարցը շարունակում է չլուծված մնալ»,- նշեց նա։
Առուշանյանը կարևորեց գերիների ազատ արձակման հարցը։
«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն՝ թե՛ Բաքվի, թե՛ Հայաստանի բանտերից»,- ընդգծեց նա։
Վերջում նա կոչ արեց համախմբման։
«Ժողովուրդը պետք է միավորվի, որպեսզի կարողանա հաղթահարել այս փուլը և ապահովել երկրի ապագան»,- եզրափակեց ակցիայի մասնակից Լիդա Առուշանյանը։