Պետական փողե՞ր, թե՞ կուսակցական դրամարկղ․ ԶՊՄԿ-ի ՔՊ-ական «մուծումները»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կոչված են պաշտպանելու հանրային շահերը, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեծ միջոցներ են նվիրաբերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամին։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցությանը կատարվող նվիրատվությունները, այդ թվում՝ կոմբինատի խորհրդի անդամ Նարեկ Բաբայանի կողմից իրականացված փոխանցումները, կրում են պարբերական բնույթ։

Հարցեր են առաջանում նաև համայնքային և պետական պաշտոնյաների մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը ևս ընդգրկված է նվիրատուների թվում, ինչը առաջացնում է հարց՝ արդյոք նման փոխանցումները բացառապես կամավո՞ր բնույթ ունեն, թե՞ կարող են պայմանավորված լինել պաշտոնեական դիրքով։

Հաշվետվություններում առանձնանում են մի շարք խոշոր նվիրատուներ․ «Սամարտ-Շին» ՍՊԸ տնօրեն Սամվել Օրդուխանյանը կատարել է ընդհանուր շուրջ 10 մլն դրամի նվիրատվություն (7,500,000 և 2,500,000 դրամ)։ Հարց է առաջանում՝ ինչու է պետական ֆինանսավորում ստացող և ՊՆ փակ մրցույթներին մասնակցող ընկերությունը կատարում նման փոխանցումներ։

Նվիրատուների թվում են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ 800,000 դրամ, Ահարոն Խաչատրյանը՝ 1,500,000 դրամ (1,000,000 և 500,000), ինչպես նաև Ալբերտ և Մերի Սուքիասյանները՝ 5,000,000-ական դրամ։

Առկա են նույն անձանց կողմից կրկնվող նվիրատվություններ։ Մասնավորապես, Նարեկ Բաբայանը կատարել է մի քանի փոխանցումներ՝ երկու անգամ 600,000 դրամ և ևս 1,200,000 դրամ։

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա ԶՊՄԿ-ից ստանում է մի քանի միլիոն դրամ աշխատավարձ։ Ստացվում է՝ այդ եկամուտների մի մասը նվիրատվության ձևով վերադարձվում է ՔՊ կուսակցությանը։ Նույն համատեքստում նշվում է, որ նա ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) ներկայացուցիչն է եղել ԶՊՄԿ-ի խորհրդում և պատասխանատու է պետությանը պատկանող 21.8% բաժնեմասի վերահսկման համար։ Երկար ժամանակ հանրության համար անհասանելի են եղել ԶՊՄԿ-ից պետության ստացած շահույթի և այդ միջոցների օգտագործման վերաբերյալ տվյալները։ Ստացված դիվիդենտները, որոնք պետք է ուղղվեին պետական բյուջե կամ ռազմավարական ծրագրերի, ըստ ներկայացված տվյալների, ծախսվել են կառավարչական ապարատի պահպանման և արդյունավետության տեսանկյունից կասկածելի ծրագրերի վրա։ Միևնույն ժամանակ հաշվետվություններում առկա են «այլ ելքեր» հիմքով զգալի գումարներ, ինչը դարձյալ կասկածներ է հարուցում, թե ինչի վրա է ծախսվել 6,750,000 դրամը։

Նկատենք, որ ըստ 2025 թվականի հաշվետվությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է 416,712,288 դրամ։ Համեմատության համար նշենք, որ ՔՊ-ն 2015 թվականին ստացել է մոտ 120 հազար դրամ նվիրատվություն։

Այսպիսով, փաստաթղթերը ցույց են տալիս կուսակցությանը կատարվող պարբերական և մեծածավալ նվիրատվություններ, այդ թվում՝ պետական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների ու պետական միջոցների հետ առնչվող անձանց կողմից, ինչը առաջացնում է լուրջ հարցեր ֆինանսական հոսքերի թափանցիկության վերաբերյալ։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *