Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում


«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` օգոստոսի 18-ին՝ ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոթք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Հայլենդ Ֆրութ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «ՄարտԳազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Բորիսովկա», «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ-ների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Թումանյան, Հ.Ավետիսյան, Սահմանապահների, Մուրացանի, Գորկու փողոցների (մասնակի), Եղոյան փողոցի, Բաղրամյան փողոցի թիվ 3, 6, 8, 10, Մաշտոցի փողոցի թիվ 1, 3, 3ա, 3բ, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 28, Երևանյան փողոցի թիվ 38, 40, 42, 55, 38ա, 40ա բազմաբնակարան շենքերի, Երևանյան փողոցի 1-ին, 2-րդ, Շահումյան փողոցի 4-րդ, 5-րդ, Մյասնիկյան փողոցի 5-րդ, 6-րդ, Չարենցի փողոցի 4-րդ, Մուրացան փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, Լերմոնտովի փողոցի 1-ին նրբանցքի (մասնակի), Հանրապետության փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների (մասնակի), Հ.Ավետիսյան փողոցի 2-րդ նրբանցքի, Թումանյան փողոցի 5-րդ նրբանցքի (մասնակի), Սահմանապահների 3-րդ, 5-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։


Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին


Հարեվաններ


Երեկ երկոյից մինչեւ այսօր առավոտ Մոսկվան ենթարկվել է 620 ԱԹՍ-ների հարվածի, հայտարարել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 180 անօդաչու սարք ոչնչացվել է մայրաքաղաքի շրջանում, գրել է նա Telegram-ում։ Անօդաչու սարքերի բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները, հավելել է քաղաքապետը։

Մայրաքաղաքի վրա հարձակման հետեւանքների մասին քաղաքապետը չի հայտնել։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ այս հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորն է եղել։

Գիշերը Մոսկվայում դադարեցվել է Վնուկովո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքը։ Շերեմետեւոյի համար սահմանվել են մասնակի սահմանափակումներ. այն ընդունում եւ ուղարկում է ինքնաթիռներ՝ «համապատասխան մարմինների» հետ համաձայնեցումից հետո, հայտնել են «Ռոսավիացիայում»։ Սահմանափակումները մինչ այժմ գործում են։

Նոգինսկի մոտ գտնվող «Անտանտ-պարկ» պահեստային համալիրի տարածքում հարձակման է ենթարկվել Wildberries-ի պահեստը։ Նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տեղեկություններով՝ հարվածից հետո հրդեհ է բռնկվել, որը հրշեջներն արդեն տեղայնացրել են։

Կոլոմնայում անօդաչու սարքի բեկորների պատճառով «Գլոբուս» առեւտրի կենտրոնի շրջանում հրդեհ է բռնկվել առեւտրային տաղավարում։ Քաղաքի Սովետական հրապարակում վնասվել են ԶԱԳՍ-ի շենքը, խանութը եւ բնակելի տան պատուհանները։

 Նահանգապետը հայտնել է երեք տուժածի մասին։ Նրանց թվում են 10-ամյա աղջիկը, որը մասնավոր տան վրա անօդաչու սարքի ընկնելու հետեւանքով ձեռքի վնասվածք է ստացել, 27-ամյա տղամարդը, որը վնասվածք է ստացել Կոլոմնայում, ինչպես նաեւ Բոգորոդսկի շրջանում մի կին։



Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg


Հարեվաններ


Հունական Skiros լցանավը Սեւ ծովում հարձակման է ենթարկվել, հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ գործակալությանբ՝ լցանավը հարձակման է ենթարկվել կիրակի՝ օգոստոսի 16-ին, Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի` ԿԽԿ-ի տերմինալում ռուսական նավթ բեռնելուց հետո։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ հուլիսի վերջին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն խնդրել էր դադարեցնել հարվածները ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին եւ Նովոռոսիյսկի նավահանգիստ մտնող լցանավերին։

Այդ ժամանակ Կիեւը համաձայնել էր չհարվածել  ԿԽԿ-ի ենթակառուցվածքներին եւ Ռուսաստանին չպատկանող նավերին, եթե դրանք չեն գտնվում ուկրաինական պատժամիջոցների տակ եւ չեն տեղափոխում ռուսական նավթ կամ ռուսական այլ բեռներ։

ԿԽԿ-ն Ղազախստանից նավթի մատակարարման հիմնական երթուղին է, իսկ կոնսորցիումում բաժնեմասեր ունեն նաեւ ամերիկյան Chevron եւ ExxonMobil ընկերությունները։

Նովոռոսիյսկում գտնվող ԿԽԿ-ի ծովային տերմինալը եւ այդ տարածքում գտնվող լցանավերը պարբերաբար ենթարկվում են ուկրաինական հարձակումների։ Այդ պատճառով Ղազախստանը ստիպված է կրճատել նավթի արդյունահանումը։



Պաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականության | Top-News.am


Հարեվաններ


Իրանը որոշել է պաշտպանողական կեցվածքից անցնել «հարձակողական» քաղաքականության, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու ջանքերը փակուղի են մտնել։

Խաղաղության գործընթացը և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկության վերսկսումը լիովին կանգ են առել, և չկա որևէ նշան, որ հակամարտող կողմերը քայլեր են անում պատերազմն ավարտելու ուղղությամբ: Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել ամերիկյան նավատորմի շրջափակումը ճեղքելու համար, եթե դիվանագիտական բոլոր ուղիները փակվեն:

Իրավիճակի կտրուկ սրման հիմնական պատճառը փոխհամաձայնության հուշագրի ժամկետի լրանալն է, օգոստոսի 17-ին սպառվել է հունիսի 17-ին ստորագրված փաստաթղթի 60-օրյա ժամկետը, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նեղուցի կառավարման հարցում։ Իրանը պահանջում է բացառիկ վերահսկողություն, ինչը Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կտրականապես մերժում են:

Տարաձայնությունների ֆոնին Իրանը սկսել է հարձակվել առևտրային նավերի վրա, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագիրը հայտարարել է չեղարկված և Իրանին կոչ արել բարձրացնել «կապիտուլյացիայի սպիտակ դրոշը»:

Թեհրանը, որպես բանակցությունների վերսկսման նախապայման, իր պահանջները կատարելու համար Վաշինգտոնին մի քանի շաբաթ ժամանակ է տվել: Իր հերթին, Թրամփը սպառնացել է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք և զգուշացրել Օմանին, որ Վաշինգտոնը զանգվածային հարվածներ կհասցնի, եթե վերջինս խոչընդոտի ամերիկյան գործողություններին: Օմանն ու Իրանը վերջին շաբաթներին բանակցություններ էին վարում նեղուցով նավագնացության ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ, ինչն էլ հարուցել է Սպիտակ տան դժգոհությունը



Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր


Սպորտ


Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) դարձավ  Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Եզրափակչում Պետրոսյանը 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի ըմբիշ Թաիզո Յոշիդային։



Դատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագային


Բիզնես


Կալիֆորնիայի դաշնային դատարանում երդվյալ ատենակալների մասնակցությամբ այսօր մեկնարկելիք դատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագային, գրում է BBC- ին։ Այն արդեն նախկինում արդեն պարտվել է մի քանի դատավարություններում, որոնց ընթացքում ապացուցվել է, որ Meta-ի հարթակները վնասում են անչափահասներին։

Դատական գործընթացը կապված է 2023 թվականին ԱՄՆ 30, այդ թվում՝ Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի նահանգների ներկայացրած հայցի հետ, որում նրանք ընկերությանը մեղադրում են երեխաների անձնական կյանքի պաշտպանության մասին դաշնային եւ նահանգային օրենքների բազմաթիվ խախտումների մեջ։

Ընկերության շուկայական կապիտալիզացիան այժմ կազմում է մոտ 1,5 տրիլիոն դոլար։ Հայցվորները պահանջում են ոչ միայն ավելի քան 1 տրիլիոն դոլարի փոխհատուցում, այլեւ փոփոխություններ Instagram-ում եւ Facebook-ում, այդ թվում՝ վերացնել «հավանումների» հաշվիչները եւ չվերջացող ժապավենը։

Եթե Meta-ն, ի վերջո, պարտվի, դա կարող է հիմնարար փոփոխությունների բերել նաեւ այն հարցում, թե ինչպես են երիտասարդներն օգտագործելու սոցիալական ցանցերը։

Հայցվորները պահանջում են հիմնովին փոխել մոտեցումը.

  • դեռահաս օգտատերերի համար ներդնել ծնողական ստուգում,
  • փոխել «դոֆամինի միջոցով մանիպուլյացիա անող առաջարկությունների ալգորիթմները»,
  • հեռացնել արտաքին տեսքը փոփոխող ֆիլտրերը,
  • չեղարկել տեսանյութերի ինքնաշխատ նվագարկումը,
  • արգելել մի քանի հաշիվների ստեղծումը,
  • անջատել անհետացող՝ «վաղանցիկ» հրապարակումները, մասնավորապես՝ Instagram-ի պատմությունները։



Թրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը իջել է 33 տոկոսի։ Սա նրա պաշտոնավարման ընթացքում ամենացածր մակարդակն է եւ իջել է Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ հասարակության մտահոգությունների ֆոնին, ցույց են տվել  Reuters/Ipsos-ի երկուշաբթի հրապարակած արդյունքները։

Թրամփի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 33 տոկոսը, 64 տոկոսը նրա աշխատանքը բացասական է գնահատել։

Թրամփի հավանության վարկանիշը ամսվա սկզբին իջել էր 35 տոկոսի եւ «այժմ հավասարվել է նրա նախորդ պաշտոնավարման ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշին, որը դիտվել էր 2017 թվականին»։



Փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել են


Ավտո


Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և ևս երկու տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են։



Փրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանը


Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված՝ INSARAG-ի միջազգային վերաորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք՝ Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։

Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու և անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով՝ մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերաորակավորմանը։

«Մենք աջակցում ենք հայկական թիմին վերաորակավորման գործընթացում։ Այս վարժանքի միջոցով ցանկանում ենք հասկանալ թիմի պատրաստվածության մակարդակը, տեսնել ուժեղ կողմերն ու առաջիկա երկու տարիներին կատարվելիք աշխատանքը։ Շվեյցարիայից մասնակցում է ինը մասնագետ՝ կառավարման, որոնման, փրկարարական, բժշկական և լոգիստիկ ուղղություններով»,- նշել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։

Խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը՝ ազդարարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետը պայմանական էր, սակայն առաջադրանքները, պահանջներն ու գնահատման չափանիշները՝ իրական։

Որոնողափրկարարական թիմը ստեղծել է ընդունման և մեկնման կենտրոն, շտաբ և ժամանակավոր բազա։ Տարբեր տեղամասերում փրկարարական ծառայողները հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Խաղարկվել են նաև միջազգային թիմերի ընդունման, գրանցման և նրանց աշխատանքների համակարգման գործողությունները։

Մենթորները հետևել են, թե ինչպես են փրկարարները որոշումներ կայացնում, կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները, ապահովում բժշկական օգնությունն ու կիրառում անհրաժեշտ սարքավորումները՝ համագործակցելով միջազգային թիմերի հետ։

«Վարժանքն անցկացվում է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով։ Գնահատում ենք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի գործնական և կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունը, ինչպես նաև 36 ժամ տևողությամբ վարժանքը կազմակերպելու և կառավարելու կարողությունը»,- ընդգծել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։

Վարժանքի ավարտին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը, հայկական թիմի անդամներն ու մենթորներն ամփոփել են արդյունքները։ Քննարկվել են թիմի ուժեղ կողմերը, վերհանվել առկա խնդիրները և նախանշվել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար։

Վարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում ստուգելու հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը, իսկ գրանցված արդյունքները հիմք կդառնան կարողությունների հետագա կատարելագործման և միջազգային վերաորակավորմանը պատշաճ ներկայանալու համար։


Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Աշխարհ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները:

Էրդողանը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության պայմաններում չափազանց կարևոր է առավելագույնս օգտագործել դիվանագիտությունը, հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, և ընդգծել, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղության հասնելու ջանքերին:

Նրա խոսքով՝ Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլին զուգահեռ, նկատվում է պաղեստինցիների դեմ Իսրայելի ղեկավարության գործողությունների աճ, և որ Թուրքիան կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Գազայի վերականգնմանն ուղղված քայլերին:

Մեկնաբանելով Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Մեքքայի համաձայնագիրը՝ Էրդողանն ընդգծել է՝ փաստաթուղթը վկայում է տարածաշրջանում կարգուկանոնի և անվտանգության պահպանման հարցում մասնակիցների լուրջ տրամադրվածության մասին: