Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը


Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից այսօր մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցափուլը, որը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ 

Մրցաշարի մեկնարկն ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մեկնարկից առաջ նախարարը զրուցել է հեծանվորդների հետ և հաջողություն մաղթել նրանց. «Սա պատմական օր է մեզ համար: Նման փորձ մեր պետությունը երբևէ չի ունեցել․ այս մեծ նախագծին մենք պատրաստվել ենք շուրջ երկու տարի։ Կարևոր քայլ ենք կատարում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման ուղղությամբ, որի արդյունքները, հուսով եմ, կտեսնենք ամեն տարի՝ նպաստելով նաև երկրի միջազգային ճանաչելիության և տեսանելիության բարձրացմանը։ Վստահ եմ՝ չորս օր հետո Հանրապետության հրապարակում ամփոփելով «Tour of Armenia»-ն՝  կկարողանանք արձանագրել, որ հաջողությամբ անցկացրել ենք պատմական մրցաշարը և բավարար փորձ ու գիտելիք կուտակել։ Միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնելով «Tour of Armenia» մրցաշարը՝ մենք ոչ միայն հեծանվային սպորտն ենք տեսանելի դարձնում, այլև մեր երկիրը, համայնքները, պատմամշակութային ժառանգությունը, մարդկանց ու բնապատկերները։ Սա նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության մեծացման և միջազգային տեսանելիության բարձրացման համար առանցքային ու ռազմավարական քայլ է»։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մրցաշարը սպասարկող անձնակազմը հավաստագրված և լիցենզավորված է։

«Սա նշանակում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին և ցույց է տալիս, որ մեր երկիրը ևս մեկ կարևոր նվաճում է գրանցել իր սպորտային պատմության մեջ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

«Tour of Armenia»-ն հեռարձակվում է Եվրոպայում՝  HBO Max, ԱՄՆ-ում՝ FloSports, Հարավային Ամերիկայում՝ Disney Plus, Կենտրոնական Ամերիկայում՝ ESPN, Չինաստանում՝ Zhibo TV, Ռուսաստանում՝ Okko, իսկ Հարավային Կորեայում՝ SBS և SPOTV և այլ միջազգային հարթակներով։

Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։

Մեկնարկող 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Մրցաշարը կտևի չորս օր, որի ընթացքում մասնակիցները Հայաստանում կանցնեն ավելի քան 500 կմ ճանապարհ։

Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը: 

Մրցաշարի ժամանակացույցը՝

  • սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ
  • սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան
  • սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)
  • սեպտեմբերի 13՝ Երևան:



ՄԱԿ-ը հավանություն է տվել աշխարհի քարտեզը «շտկելու» բանաձևին․ ԱՄՆ-ն դեմ է քվեարկել


Քարտեզի վրա Գրենլանդիան կարող է թվալ Աֆրիկայի չափ, այնինչ 14 անգամ փոքր է։ Եվրամիության տարածքը նույնպես քարտեզի վրա տեսողականոերն ավելի մեծ է, քան իրականում։ Այս խեղաթյուրումը փոխելու նախաձեռնությունը հասել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա․164 երկիր պաշտպանել է աշխարհի քարտեզը «շտկելու» բանաձևը, ԱՄՆ-ն դեմ է քվեարկել։

Աշխարհի քարտեզը, որը տեսել և ուսումնասիրել ենք մանկուց, իրականում աշխարհը ցույց է տալիս որոշակի աղավաղումներով։ Դասագրքերում, լրատվամիջոցներում ու համացանցում լայնորեն օգտագործվող քարտեզների հիմքում Մերկատորի պրոյեկցիան է, որը հաճախ քննադատվում է որպես աշխարհի իրական չափերի մասին մարդկանց պատկերացումները խեղաթյուրող։

Մերկատորի պրոյեկցիան ստեղծվել է 16-րդ դարում՝ առաջին հերթին նավագնացության կարիքների համար։ Դրա առավելությունն այն էր, որ քարտեզի վրա հնարավոր էր պահպանել ուղղությունները, ինչը նավաստիներին օգնում էր ավելի հեշտ ծրագրելու երթուղիները։ Միաժամանակ քարտեզն աղավաղում էր տարածքների իրական չափերը․ որքան հեռանում ենք հասարակածից և մոտենում բևեռներին, այնքան աղավաղումն ավելի մեծ է։ Մասնագետներն ասում են՝ սա չի նշանակում, որ Մերկատորը «սխալ քարտեզ» է։ Պարզապես անհնար է գնդաձև Երկրի մակերեսը հարթ քարտեզի վրա պատկերել առանց որևէ խեղաթյուրման։

Աշխարհի քարտեզն ուղղելու նախաձեռնությունը հասել է ՄԱԿ։ Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Տոգոյի հեղինակած բանաձևին։ Այն չի արգելում Մերկատորի պրոյեկցիան, բայց կոչ է անում ավելի լայնորեն կիրառել քարտեզային այն պրոյեկցիաները, որոնք ավելի ճիշտ են արտացոլում մայրցամաքների իրական չափերն ու համամասնությունները։

Բանաձևին կողմ է քվեարկել 164 երկիր, դեմ՝ միայն Միացյալ Նահանգները, ևս 6 երկիր ձեռնպահ է եղել։

Նախագիծը ներկայացնող Տոգոյի արտգործնախարար Ռոբերտ Դյուսին ընդգծել է՝ քարտեզը պարզապես տեխնիկական գործիք չէ, այն աշխարհը ընկալելու միջոց է․

 «Այսօր քարտեզը՝ որպես աշխարհը ճանաչելու և ընկալելու միջոց, նույնպես բոլորիս ուշադրության կարիքն ունի։ Ինչպե՞ս ենք ներկայացնում աշխարհը։ Ի՞նչ ենք սովորեցնում դրա մասին։ Եվ ինչպե՞ս է յուրաքանչյուր սերունդ սովորում տեսնել ու ընկալել մեր մոլորակը»։

Խնդրի ամենահայտնի օրինակներից մեկը Գրենլանդիան է։ Մերկատորի քարտեզի վրա այն մոտավորապես նույն մակերեսն ունի, որքան Աֆրիկան, մինչդեռ Աֆրիկան մոտ 14 անգամ մեծ է Գրենլանդիայից։

Տոգոյի արտգործնախարարը առաջ է քաշել «ճանաչողական արդարություն» գաղափարը և նախաձեռնության նպատակը ձևակերպել այսպես․ «Արդար աշխարհը սկսվում է արդար քարտեզից»։

ՄԱԿ–ի ասամբլեայում ամերիկյան կողմը նշել է, որ խնդիրը ոչ թե զուտ քարտեզագրական է, այլ ավելի լայն «գաղափարական» օրակարգի մաս։

Այս դիրքորոշումը հետաքրքիր է հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումների ֆոնին։ Վերջին օրերին նա սոցիալական ցանցում հրապարակել է քարտեզ, որտեղ Կանադան, Գրենլանդիան, Իսլանդիան և մի շարք այլ տարածքներ պատկերված են ԱՄՆ դրոշի գույներով, իսկ ամբողջ տարածքը ներկայացված է որպես «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»։ Թրամփը բազմիցս խոսել է Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու մասին, իսկ Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու մասին նրա հայտարարությունները լարվածություն են առաջացրել Դանիայի և եվրոպացի գործընկերների հետ։

Փորձագետները նշում են՝ եթե մի դեպքում քարտեզի նպատակը աշխարհը հնարավորինս իրական չափերով, համամասնորեն ներկայացնելն է, ապա մյուս դեպքում այն քաղաքական հավակնությունները ներկայացնելու գործիք է։

Տոգոն նախատեսում է մինչև տարեվերջ փոխել դպրոցներում օգտագործվող աշխարհագրական ուսումնական նյութերը և կոչ է անում, որ նույնը անեն նաև մյուս երկրները, միջազգային կառույցներն ու տեխնոլոգիական ընկերությունները։

Նախաձեռնության հեղինակները քարտեզի փոփոխությունը կապում են նաև գաղութատիրական անցյալի ժառանգության վերաիմաստավորման հետ։

Քարտեզի և աշխարհի ընկալման կապի մասին Ռոբերտ Դյուսին խոսել է նաև բանաձևի ընդունումից հետո՝ շեշտելով, որ քարտեզի փոփոխությունը փոխում է ոչ թե աշխարհագրությունը, այլ աշխարհը տեսնելու մեր ձևը․

«Քարտեզը շտկել նշանակում է հավատարիմ մնալ փաստերին և աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջան ներկայացնել այնպես, ինչպես այն կա՝ ճշգրիտ ու արժանապատիվ ձևով, և, ի վերջո, ապագա սերունդներին փոխանցել աշխարհի ավելի արդար, հավասարակշռված ու իրականությանը մոտ պատկերը»։

ՄԱԿ-ի բանաձևը պարտադիր բնույթ չունի և չի արգելում Մերկատորի պրոյեկցիայի կիրառումը։ Փաստաթուղթը ամրագրում է, որ տարբեր պրոյեկցիաներ ունեն տարբեր նպատակներ, և Մերկատորը շարունակում է օգտակար լինել հատկապես ծովային նավագնացության համար։

armradio.am




Պեդրին և Ռաֆինյան չեն ընդգրկվել 2026 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է այն փաստը, որ թիմի առաջատարներ Պեդրին և Ռաֆինյան չեն ընդգրկվել 2026 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում։

«Ինձ համար համաշխարհային մասշտաբի սկանդալ է այն, որ նրանք ցուցակում չկան։ Ցավոք, անարդարություններ լինում են։ Չեմ հասկանում, թե Պեդրին՝ իր տաղանդով, ինչպես կարող էր դուրս մնալ հավակնորդների շարքից»,- El Món a RAC1 հաղորդաշարի եթերում հայտարարել է ակումբի ֆունկցիոները։

Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Պեդրին մասնակցել է 43 խաղի՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 12 գոլային փոխանցում։

Լա լիգայի մեկնարկային 4 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է առավելագույն 12 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։



Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ․ Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հաջորդիվ` վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Վարչապետը, մասնավորապես, նշել է․

«Մեծարգո՛ նախագահ,
Գերազանցություններ,
Հարգելի հյուրեր,

Սկզբում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Կառավարությանը և անձամբ նախագահ Մակրոնին՝ ջերմ ընդունելության և այս կարևոր Միջազգային տիեզերական գագաթնաժողովը կազմակերպելու համար:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։

2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։

2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։

Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։

Միևնույն ժամանակ, ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Սա ներառում է Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ։

Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում, մենք մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։ Այս առումով, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։

Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել միջավայր առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման համար։

Գերազանցություններ,

Մենք կարծում ենք, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ։

Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ներդնել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև ամրապնդել միջազգային գործընկերությունները, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները նպաստեն կայուն զարգացմանը և մարդկության համար ավելի լավ ապագայի կերտմանը։

Շնորհակալություն»։



Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր


Բիզնես


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։
 
Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։
 
Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։



ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները


ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։

Միաժամանակ, ներկայացվում են օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

24  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 62․5 մլն դրամ։

17 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 242․5 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 126․1  մլն դրամ: 

14 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 27 մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35 հարկ վճարողներ ներկայացրել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ:  Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է՝ 1․5 մլրդ դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 249․2 մլն դրամ հարկի գումար:

Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 646 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 931․4 մլն դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 186․2 մլն դրամ հարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ  կատարված աշխատանքների արդյունքում 5 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 281․7 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 55․4 մլն դրամ շահութահարկի գումար, 2 դեպքով ծախսերը նվազեցվել են 54․6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 4 մլն դրամ շահութահարկի գումար:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:


Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ (տեսանյութ). Պապիկյան


Տեսանյութեր


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:



Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել


Ավտո


ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 52-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում և իրացնում է կեղծ օղի և կոնյակ։ Նա հրավիրվել է մարզային վարչություն և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 52-ամյա տղամարդու՝ Ղուկասյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են տարբեր մակնշումներով 144 շիշ կեղծ օղի, տարբեր տարողություններով 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, խցաններ, դատարկ շշեր և այլ պարագաներ։

52-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։





Նա կխփի ավելի շատ գոլ, քան իրենից առաջ որևէ մեկը


Սպորտ


Անգլիական «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հիացական խոսքեր է հնչեցրել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի արդյունավետության հասցեին։

«Պարզապես չեմ կարող պատկերացնել, որ Հալանդը 1000 գոլ չի խփի կամ չի դառնա պատմության լավագույն ռմբարկուն։ Արդյունավետության և վիճակագրության առումով ես երբեք նման բան չեմ տեսել։ Այս ամենը կրկնվում է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, և քանի որ նա դա անում է անընդհատ, դա այլևս արտասովոր երևույթ չի թվում։ Նա նոր երկու գնդակ հեղինակեց Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում։ Եթե դա աներ մեկ այլ հարձակվող` դա կհամարվեր մեծագույն իրադարձություն, իսկ նրա դեպքում ամեն ինչ ընկալվում է որպես սովորական օրինաչափություն։ Ես պարզապես այլ սցենար չեմ տեսնում. ի վերջո, նա կդառնա մեծագույն ռմբարկուն և կխփի ավելի շատ գոլ, քան իրենից առաջ որևէ մեկը»,- Կարագերի խոսքերը մեջբերում է CBS Sports-ը։

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիագյի փուլի առաջին տուրում պորտուգալական «Պորտուի» դեմ կայացած խաղում (2-0) Հալանդը դարձել էր դուբլի հեղինակ։



Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ

«Ծովային դրոնների հարձակման հետևանքով Սոչիի ծովափնյա հատվածում տուժածների թիվը հասել է 8-ի։ Հինգ մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, ևս երեքին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հարձակման հետևանքով վնասվել են լողափի ենթակառուցվածքները և Սոչիի Պրիմորսկայա առափնյա հատվածին հարակից տարածքը։

Ընդհանուր առամամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սեպտեմբերի 9-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական 448 դրոն։