Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»


Հարեվաններ


Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, 4-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Անտոն Գրունիսը մահացել է. հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ահմատ» հատուկ ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը։

Նրա խոսքով՝ Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»։ Գեներալի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները մասնակցել էին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գրավմանը։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին հուլիսի 3-ին։

Օգոստոսին Գրունիսին շնորհվել էր Ռուսաստանի «Հերոս» բարձրագույն պետական կոչումը։



ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելի դիրքորոշմանը. Վենս


Աշխարհ


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականությունը չպետք է թելադրվի Իսրայելի դիրքորոշումներով՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդվի սեփական ազգային շահերով, այդ թվում՝ այն դեպքերում, երբ դրանք չեն համընկնում դաշնակիցների առաջնահերթությունների հետ։

Նրա խոսքով՝ Իսրայելը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ կարևոր գործընկեր՝ հատկապես ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման ոլորտներում։ Միաժամանակ նա նշել է, որ այդ համագործակցությունը չի նշանակում, թե Վաշինգտոնը բոլոր հարցերում պետք է համաձայնի Իսրայելի դիրքորոշումներին։

«Ակնհայտ է, որ Իսրայելը կարևոր գործընկեր է եղել ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման հարցերում, սակայն երբեմն Միացյալ Նահանգները համաձայն չէ Իսրայելի հետ»,- ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը այդ մոտեցումը տարածել է նաև Վաշինգտոնի մյուս դաշնակցային հարաբերությունների վրա։ Նա, մասնավորապես, նշել է ՆԱՏՕ-ի շրջանակում Միացյալ Նահանգների գործընկերների հետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ դաշինքային պարտավորությունները չպետք է սահմանափակեն Վաշինգտոնի՝ սեփական առաջնահերթություններին համապատասխան քաղաքականություն վարելու հնարավորությունը։

«Մենք ունենք բազմաթիվ կարևոր հարաբերություններ և գործընկերություններ ՆԱՏՕ-ում, սակայն դա չի նշանակում, որ ամբողջությամբ մեր եվրոպական արտաքին քաղաքականությունը ենթարկելու ենք ՆԱՏՕ-ին, այնպես, ինչպես չենք կարող թույլ տալ, որ մեր Մերձավոր Արևելքի արտաքին քաղաքականությունը ենթարկվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը։



Արեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաները հանգեցնում են օզոնի արագ քայքայմանը


Գիտություն


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Օզոնային շերտը Երկրի վրա կյանքը պաշտպանում է Արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ 20-րդ դարի վերջին մարդու գործունեության հետևանքով արտանետվող օզոնաքայքայիչ նյութերը, մասնավորապես՝ հալոգենածխածինները, հանգեցրին մթնոլորտում օզոնի քանակի նվազմանը և, առաջին հերթին, Անտարկտիկայի վերևում ամեն տարի օզոնային շերտի հսկայական ճեղքվածքի ձևավորմանը։ 1987 թվականին ստորագրված և 1989 թվականին ուժի մեջ մտած Մոնրեալի արձանագրությունը հնարավորություն տվեց նվազեցնել մթնոլորտում օզոնաքայքայիչ նյութերի քանակը՝ նպաստելով օզոնային շերտի աստիճանական վերականգնմանը։

Անտարկտիկայի վերևում ստրատոսֆերային օզոնի կոնցենտրացիայի տարեկան նվազումն ու օզոնային շերտի ճեղքվածքի ձևավորումը պայմանավորված են բարդ օդերևութաբանական և քիմիական գործընթացներով։ Ըստ «Կոպեռնիկուս» ծառայության՝ ներկայում Անտարկտիկայի օզոնային շերտի ճեղքվածքի չափերը փոքր-ինչ ցածր են 1979–2023 թվականների միջին արժեքների միջակայքի վերին սահմանից, սակայն գերազանցում են 2024 և 2025 թվականների համապատասխան ցուցանիշները և հասել են ընթացիկ տարվա մինչ այժմ գրանցված առավելագույնին։

Օզոնային շերտի քայքայումն անմիջականորեն կապված է ստրատոսֆերայում օդի ջերմաստիճանի հետ։ Օզոնի քիմիական քայքայման գործում կարևոր դեր ունեցող բևեռային ստրատոսֆերային ամպերը ձևավորվում են միայն −78°C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ ամպերում առկա սառցաբյուրեղների մակերևույթին քիմիապես պասիվ միացությունները կարող են վերածվել ակտիվ ձևերի։ Արեգակնային լույսի ազդեցությամբ սկսվող քիմիական ռեակցիաներն այնուհետև հանգեցնում են օզոնի արագ քայքայմանը։

Բևեռային ստրատոսֆերային ամպերի և արեգակնային ճառագայթման այս համատեղ ազդեցությունն է հիմնական պատճառը, որ Անտարկտիկայի օզոնային շերտի ճեղքվածքը ձևավորվում է հարավային կիսագնդի ձմռան վերջին և գարնան սկզբին»։



Սերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց Նոայի կազմը


Սպորտ


Հայաստանի գործող  գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» պաշտոնապես հայտարարել է տրանսֆերային նոր ռեկորդի և սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարի հետ պայմանագիր կնքելու մասին։


Տրանսֆերն աննախադեպ է հայկական ֆուտբոլի պատմության մեջ. ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո՝ ըստ հեղինակավոր Transfermarkt-ի։


Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադում»։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում հռչակվել է Հունաստանի չեմպիոն։ Կարիերայի ընթացքում սերբ կիսապաշտպանը հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկայում», սերբական «Պարտիզանում», ինչպես նաև ռուսական Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթում»։ «Պարտիզանի» կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ նույնքան անգամ դարձել Ռուսաստանի գավաթակիր։


Միջազգային ասպարեզում նորեկը ևս լուրջ հաջողություններ է գրանցել. 2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։

Երևանյան ակումբում Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։



Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում (տեսանյութ)


Տեսանյութեր


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր։ 
 
Նախարարությունից հայտնում են՝ այցի ընթացքում ստուգվել է ծառայության կազմակերպման գործընթացը։



Սա մեր պատմական դիմագիծն է, մեր ինքնության կարևոր մասը․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը


Հայաստան


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ շրջել է քաղաքի կենտրոնում՝ դեսպանին ներկայացնելով Գյումրու հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունն ու քաղաքի ինքնատիպ դիմագիծը, ջերմ ու հյուրընկալ մթնոլորտում զրուցել, շփվել բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։
 
Քայլելով Գյումրու հին փողոցներով՝ Դավիթ Առուշանյանը դեսպանին պատմել է քաղաքի անցյալի, նրա ձևավորման ու զարգացման, ճարտարապետական առանձնահատկությունների մասին։ Շրջայցի ընթացքում խոսվել է նաև Գյումրու՝ որպես պատմական միջավայրը պահպանած և այդ ժառանգությունը նոր սերունդներին փոխանցող քաղաքի մասին։

«Գյումրին իր պատմությունը պահած քաղաք է։ Այստեղ անցյալը տեսանելի է ամեն քայլափոխի՝ հին տուֆակերտ շենքերում, պատշգամբներում, փողոցների դասավորության ու քաղաքի պահպանված ճարտարապետական միջավայրի մեջ։ Սա մեր պատմական դիմագիծն է, մեր ինքնության կարևոր մասը, և մենք պարտավոր ենք պահպանել այն ու նոր կյանք հաղորդել՝ Գյումրու զարգացմանն ու ճանաչելիությանն ուղղված ծրագրերի միջոցով»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
 
Գյումրու կենտրոնում մարզպետը Ֆլորիան Էսկյուդիեին ներկայացրել է նաև «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը՝ նշելով, որ 1980 թվականին հիմնադրված «Կումայրի» արգելոց-թանգարանը ներառում է Գյումրու պատմական միջուկը և տարածքում պահպանվում է քաղաքի պատմական կառուցապատումը, փողոցային հին ցանցը և բազմաթիվ պատմամշակութային ու ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ, որոնք ամբողջության մեջ ձևավորում են Գյումրու անկրկնելի քաղաքային միջավայրը։
 
Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին՝ ջերմ հյուրընկալության և զբաղված աշխատանքային գրաֆիկում ժամանակ հատկացնելու, անձամբ քաղաքը ներկայացնելու համար։

Դեսպանն առանձնահատուկ ընդգծել է նաև այն տպավորությունը, որը ստացել է Դավիթ Առուշանյանի՝ Գյումրու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, Գյումրին ճանաչելուց, քաղաքը սիրելուց և այն նվիրվածությամբ ու ոգևորությամբ, որ ներկայացնում է Գյումրու պատմությունն ու արժեքները։
 
Դեսպանն ու մարզպետն այցելել են նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարան։ Նրանք շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ներկայավող ցուցադրությանը։





Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի


Հայաստան


Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ի կեսօրից հետո, 19-ի և 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-ի և 19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի և 20-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 16-18-ն Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։



Լոս Անջելեսում լրագրողներին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, կան զոհեր


Աշխարհ


Լոս Անջելեսում ուղղաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել։

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը պատկանել է տեղի ԶԼՄ-ներից մեկին։ Նրանք մեկնում էին խոշոր ավտովթարի վայր՝ լուսաբանման։

Լոս Անջելեսի հրդեհային ծառայության տվյալներով՝ զոհվածներից մեկը գտնվել է գետնին:



Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները հրապարակվել են


Հայաստան


Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։

Մասնավորապես՝
✅Արարատի մարզի Արտաշատ,
✅Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,
✅Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,
✅Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,
✅Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,
✅Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,
✅Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,
✅Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,
✅Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան
✅Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am):

Ընտրացուցակները պարունակում են՝ ընտրողի անհատական տվյալներ, հաշվառման հասցե, քվեարկության օր, քվեարկության ժամանակ, ընտրողի ընտրական տեղամասի համար, տեղամասային կենտրոնի հասցե:

❗️Ուշադրություն․ եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների նախնական ցուցակներում, ապա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 14:00-ն, կարող եք մոտենալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ և ներկայացնել դիմում վերջնական ցուցակներում ընդգրկվելու համար, իսկ հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ն՝ քվեարկության օրվա ավարտը, համապատասխան տեղեկանք ստանալու համար կարող եք մոտենալ տարածքային գրասենյակ, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։

Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։

Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգրքում» հուլիսի 3-ին կատարված փոփոխությունների և լրացումների՝

✔️Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող, քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։



Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ | Top-News.am


Սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետ Վլադիմիր Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ սեպտեմբերի 11-ին։