«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում


Մշակույթ


Սեպտեմբերի 19-20-ը Երևանի «Երազ» այգում տեղի կունենա «Մեղրատոն 2026» մեղրի և մեղվամթերքի ցուցահանդես-վաճառքը, որը կհամախմբի Հայաստանի բոլոր մարզերի մեղվաբույծներին, արտադրողներին և մեղրասերներին։

Արդեն չորրորդ տարին անցկացվող «Մեղրատոն»-ի նպատակն է խթանել տեղական մեղրի և մեղվամթերքի վաճառքը՝ ստեղծելով անմիջական շփման և համագործակցության հնարավորություն սպառողների, արտադրողների և ոլորտային կազմակերպությունների միջև։

«Մեղրատոն»-ը նպաստում է նաև ոլորտում նորարարական մոտեցումների ներդրմանը, մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանը և ոլորտի կայուն զարգացմանը:  Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու  արհեստական բանականության միջոցով «խելացի» փեթակների կառավարման մոտեցումներին։

Միջոցառմանը կանցկացվեն մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղուների հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման, մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ:

Կներկայացվեն նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում գործող «Մեղվաբուծության Դարբնոց» գիտաարտադրական հետազոտական կենտրոնի ծառայությունները։



Թույլ չեմ տա, որ այս դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի․ Ռուբինյան


Հայաստան


«Ես պարոն Ալեքսանյանին, իհարկե, դիտողություն արեցի, բայց ինքս զարմացա՝ ինչու նա պետք է գար այստեղ և «տգետ» բառն օգտագործեր։ Բարեբախտաբար, պարոն Վարդևանյանն ինձ պատմեց կոնտեքստը։ Պարո՛ն Սևակ Խաչատրյան, ի՞նչ է նշանակում՝ «երեխաները թող լավ սովորեն, որ «նիկոլական» չդառնան»»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բանավեճին։

«Ուզում եք ասել, որ 700 հազարից ավել քաղաքացի, որոնք ընտրել են «Քաղաքացիական պայմանագրին», լավ չե՞ն սովորել, հա՞։ Լավ սովորեն, որ Տարոն Մարգարյանի նման դառնան, հետո գան, թեկնածուական պաշտպանեն ու ձեր նմաններին ուղարկեն, որ լրագրողներին խոչընդոտեն, չնկարեն՝ խայտառակ չլինելու համար»,- շեշտել է ԱԺ նախագահը և ընդգծել, որ թույլ չի տալու, որ ԱԺ դահլիճում որևէ մեկը ժողովրդին վիրավորի։

Նրա խոսքով՝ ով ում ցանկանում է, ընտրի, բայց բոլորը մեր հայրենակիցներն են․ «Բոլորը կիրթ են և մեր եղբայրներն ու քույրերն են»,- շեշտել է Ռուբինյանը։



Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման


Աշխարհ


Կոսովոյի հարցերով հատուկ դատարանը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին ու եւս երեք ամբաստանյալների մեղավոր է ճանաչել 1998-1999 թվականների պատերազմի ժամանակ կամայական ձերբակալությունների, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ սպանությունների համար։

58-ամյա Թաչին դատապարտվել է 25 տարվա, իսկ նրա համախոհները՝ 13-ից 25 տարվա ազատազրկման։

Միեւնույն ժամանակ, դատարանը բավարար չի համարել Թաչիի՝ մարդկության դեմ հանցագործություններում մեղավորության վերաբերյալ ապացույցները եւ նրան այդ մեղադրանքով  անմեղ է ճանաչել։

Թաչին իրեն մեղավոր չի ճանաչում։

Նա Կոսովոյի ազատագրության բանակի հիմնադիրներից եւ ղեկավարներից մեկն էր։ Երբ Կոսովոն հայտարարեց Սերբիայից անկախանալու մասին, Թաչին մասամբ ճանաչված երկրի կառավարությունում զբաղեցրել է վարչապետի, փոխվարչապետի առաջին տեղակալի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։

2016-2020 թվականներին Թաչին եղել է Կոսովոյի Հանրապետության նախագահը։ Նա հրաժարական է տվել, երբ Կոսովոյի հարցերով հատուկ դատախազությունը նրան մեղադրանքներ է ներկայացրել։ Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր Հաագայի կալանավայրում։



Հայտնաբերվել է թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողը․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար (տեսանյութ)


Տեսանյութեր


Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատան աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ դանակի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել էր 63 հազար դրամ և դիմել փախուստի։

Ահազանգով դեպքի վայր էր մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ ավազակության հատկանիշներով:

Քրեական ոստիկանության տեխնիկական աջակցման բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի 16-ամյա մի բնակիչ է, որը թմրամիջոց իրացնելու համար գտնվում էր հետախուզման մեջ։ 

Հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով միջոցառումներին ներգրավվեցին նաև անձի հետախուզման բաժնի ծառայողները և  համատեղ միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 8-ին 16-ամյա պատանին մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Վերջինիս նկատմամբ ավազակության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և դատարանի որոշմամբ կալանավորվել է:

https://www.youtube.com/watch?v=K80Q4-UTW50



Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը


Սպորտ


Սեպտեմբերի 15-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությանը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը։

«Օլիմպիա» – «Արարատ-Արմենիա»
«Միկա» – «Ավշար-Արարատ»
«Ալաշկերտ» – ԲԿՄԱ
«Նոա» – «Սյունիք»
«Փյունիկ – «Արարատ»
«Լեռնային Արցախ» – «Շիրակ»
«Ուրարտու» – «Անդրանիկ»
«Վան» – «Գանձասար» 



Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել, եթե հանրապետականները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով պահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նկատմամբ։

Թրամփն այս հայտարարությունն արել է Տեխաս նահանգի Դալաս քաղաքում Հանրապետական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ։

«Եթե հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում եւ ԱՄՆ Սենատում, ապա մեր անհավանական տնտեսական հաջողության շնորհիվ… ես Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր չափահաս քաղաքացու կվճարեմ 5 հազար դոլարի չափով դիվիդենդներ»,- նրա խոսքն է մեջբերել BBC- ին։

Նույն համագումարում սկսել են քննարկել նաեւ Թրամփի իրավահաջորդի հարցը։

Reuters- ի տեղեկություններով՝ Կոնգրեսի նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններում թույլ արդյունքների դեպքում Դոնալդ Թրամփի իրավահաջորդի վերաբերյալ քննարկումները կարող են դառնալ հրապարակային։

Գլխավոր հավակնորդների թվում նշվում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը ներկայացնում է ազգայնական-պոպուլիստական թեւը, ինչպես նաեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը արտաքին եւ տնտեսական քաղաքականության հարցերում հանդես է գալիս ավելի ավանդական պահպանողական դիրքերից։



«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)


Տեսանյութեր


«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները ֆիքսել են գայլերի:
 
«Գայլերը մոնոգամ կենդանիներ են: Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերը կարևոր դեր ունեն բնության էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման գործում»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։



Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել


Աշխարհ


Երեքշաբթի հազարավոր ֆրանսիացի ոստիկաններ դուրս էին եկել Փարիզի փողոցներ՝ իրենց աշխատանքային պայմանների դեմ բողոքելու։ Ակցիան, որը գլխավորում էր «Ազգային ոստիկանության դաշինք» արհմիությունը, սկսվել է Շանզ Էլիզեում և գագաթնակետին հասել Ազգային ժողովում։

Երթից հետո արհմիության ներկայացուցիչներն ուղղվել են ՆԳՆ՝ ներկայացնելու իրենց պահանջներն ու մտահոգությունները. ավելի ուշ նրանք լրագրողներին հայտնել են, որ հանդիպումը դրական է եղել, իշխանությունները հաշվի են առնում իրենց բողոքները։

Ոստիկանների շրջանում աճող դժգոհությունը պայմանավորված է մի շարք խնդիրներով, այդ թվում՝ ոստիկանական հատուկ ծառայության հավելավճարի՝ այսպես կոչված «ռիսկի հավելավճարի» շուրջ առկա դժգոհությամբ, որի չափը չի փոխվել 2019 թվականից ի վեր։

«Ազգային ոստիկանության դաշինք» արհմիությունը պահանջում է նաև ավելացնել վարչական, տեխնիկական և գիտական ​​անձնակազմի ռեսուրսները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել կարիերայի առաջխաղացման և անձնակազմի համալրման ուղղությամբ։ Արհմիության գնահատմամբ՝ իրենց պահանջները բավարարելու համար տարեկան անհրաժեշտ է լրացուցիչ 300-500 միլիոն եվրո։



«Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցին


Սպորտ


Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի (3-րդ տուր) շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ «Լիվերպուլն» ու «Արսենալը» գոլառատ խաղերում հաղթանակներ տոնեցին՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

«Լիվերպուլը» «Էնֆիլդում» հյուրընկալել էր Լոնդոնի «Տոտենհեմին» և առավելության հասավ 3-1 հաշվով: Մերսիսայդյան ակումբի կազմում աչքի ընկան Ալեքսիս Մակ Ալիստերը (21), Կոդի Գակպոն (54) և Դոմինիկ Սոբոսլայը (90+1): Հյուրերի միակ գնդակը հեղինակեց Քոնոր Գալահերը (69):



Զուգահեռաբար ընթացող խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս գերվստահ հաղթանակ տարավ «Իպսվիչի» նկատմամբ՝ 4-2 հաշվով: «Զինագործների» կազմում փայլեց 16-ամյա Մաքս Դումանը՝ դառնալով դուբլի հեղինակ (7, 47): Լոնդոնցիների կազմում մեկական անգամ աչքի ընկան նաև Նոնի Մադուեկեն (16) և Միկել Մերինոն (58): Տանտերերի կազմում գոլերը հեղինակեցին Անիս Մեհմեթին (62) և Չուբա Ակպոմը (90+1):

Այս հաղթանակների շնորհիվ «Լիվերպուլն» ու «Արսենալը» դուրս եկան Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ՝ շարունակելով պայքարը տիտղոսի համար:



Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում  Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտվել են բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների օտարման ընթացքում գործարքների փաստացի արժեքները մի շարք դեպքերում էականորեն գերազանցել են պայմանագրերում նշված գումարները։ Գնորդներից գումարների մի մասը նախատեսվել է ստանալ կանխիկ եղանակով, մինչդեռ պայմանագրերում արտացոլվել են ավելի ցածր արժեքներ: Այս ամենի հետևանքով հարկային հաշվարկներում ամբողջությամբ չեն արտացոլվել իրացման իրական շրջանառություններն ու դրանցից առաջացող հարկային պարտավորությունները։ Նշված հանգամանքները փաստական տվյալներով ստուգելու նպատակով երեք կառուցապատողների նկատմամբ իրականացվել են հսկիչ գնումներ։

Մասնավորապես, դեպքերից մեկով 187.1 ք/մ մակերեսով բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի ձեռքբերման համար կողմերի միջև համաձայնեցվել է շուրջ 1,172,600 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք, որից 467,750 ԱՄՆ դոլարը նախատեսվել է վճարել կանխիկ եղանակով։ Հսկիչ գնման շրջանակում կառուցապատող ընկերության գրասենյակում տնօրենին կանխիկ վճարման ենթակա գումարից  փաստացի փոխանցվել է 250 հազար ԱՄՆ դոլար։

Հսկիչ գնումներից հետո հարկվող օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երեք անձ ձերբակալվել է։

Հաստատվել է բնակարանների գնման իրավունքների փաստացի իրացման և պայմանագրերում արտացոլված արժեքների միջև էական տարբերության առկայությունը։ Մասնավորապես, դեպքերից մեկով կառուցապատողի կնքած պայմանագրերում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է 1.3-2.1 մլն դրամ, մինչդեռ իրականացված միջոցառումներով պարզվել է, որ բնակարանների գնման իրավունքի փաստացի իրացման արժեքը կազմել է 6000-7500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մեկ քառակուսի մետրի համար։ Նույն շենքում մեկ ավտոկայանատեղիի գնման իրավունքի իրացման արժեքն էլ  կազմել է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Միաժամանակ, արձանագրվել են խոշոր չափերով կանխիկ վճարումների ընդունման դեպքեր այնպիսի գործարքների շրջանակում, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Մինչդեռ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով նման գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող վճարումները և դրանց ստացումը պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

Երեք դեպքի արդյունքում բացահայտված թերհայտարարագրված իրացման շրջանառությունը ընդհանուր կազմել է շուրջ 2.43 մլրդ դրամ, իսկ դրանից առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ շուրջ 653.5 մլն դրամ։         Բացահայտված դեպքերից երկուսով ՀՀ քննչական կոմիտե են ուղարկվել հանցագործության մասին հաղորդումներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Երրորդ դեպքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումներից հետո տնտեսվարող սուբյեկտը ճշգրտել է ներկայացված հարկային հաշվարկները և լրացուցիչ հայտարարագրել համապատասխան հարկային պարտավորությունները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջե արդեն վճարվել է ընդհանուր 439.2 մլն դրամ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային ռիսկերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով անշարժ գույքի իրացման իրական արժեքների թերհայտարարագրման, գործարքների արժեքների մի մասը չփաստաթղթավորելու և օրենքով նախատեսված անկանխիկ վճարումների պահանջները շրջանցելու ռիսկերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://www.youtube.com/watch?v=Ph0Cuyohs0o