Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ


Տեսանյութեր


Էլեկտրական ցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են։ Դրանք հնարավորություն են տալիս էլեկտրական ցանցերի սպասարկման, վերանորոգման, արդիականացման և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացնել անվտանգ և վերահսկելի պայմաններում։

Այս մասին հայտնում է ՀԷՑ-ը։

Պլանային անջատումների հիմնական պատճառներից են՝
Վթարների կանխարգելում – իրականացվում են էլեկտրական ցանցի սարքավորումների և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի ստուգման, սպասարկման և անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխելու նպատակով։

Նոր ենթակառուցվածքների կառուցում և ցանցի արդիականացում – օդային կամ մալուխային նոր գծերի կառուցման, ինչպես նաև ենթակայաններում և այլ ենթակառուցվածքներում սարքավորումների տեղադրման ընթացքում, անվտանգության պահանջներից ելնելով, որոշ դեպքերում անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել էլեկտրակամատակարարումը։

Էլեկտրական ցանցի թողունակության ընդլայնում – նոր բաժանորդների միացման դեպքում իրականացվում են ցանցի վերակառուցման, հզորությունների ավելացման և անհրաժեշտ սարքավորումների տեղադրման աշխատանքներ՝ ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածության հուսալի սպասարկումն ապահովելու համար։

Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում – փոխարինվում կամ արդիականացվում են շահագործման ժամկետը լրացած կամ տեխնիկապես մաշված գծերը, տրանսֆորմատորները, անջատիչները և այլ սարքավորումներ՝ էլեկտրամատակարարման հուսալիությունն ու անխափանությունը ապահովելու նպատակով։



ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարվել են կադրային փոփոխություններ և նշանակումներ։

Նախարարի հրամաններով․

ՆԳ նախարարությունում՝

✔️Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ,

✔️Արթուր Սահակյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետի տեղակալ։

ՆԳՆ ոստիկանությունում՝

✔️Անդրեյ Մանուկյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ,

✔️Վահան Հակոբյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ,

✔️Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

✔️Կարեն Մայիլյանը նշանակվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

✔️Գևորգ Պալյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի պետ,

✔️Կարեն Արզումանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ,

✔️Արտակ Գուրջանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ,

✔️Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ,

✔️Վազգեն Թադևոսյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ,

✔️Արտաշես Ալեքսանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ,

✔️Կարեն Գևորգյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատար,

✔️Արման Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Եղեգնաձորի պահպանության բաժնի պետ,

✔️Խաչիկ Բախբուդարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Կենտրոնի պահպանության բաժնի պետ,

✔️Արտյոմ Ալեքսանյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար,

✔️Արմեն Ղամբարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ,

✔️Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության պետ Դավիթ Սուրենյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

✔️Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

✔️Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոմանոս Խլղաթյանն ազատվել է պաշտոնից,

✔️Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանն ազատվել է պաշտոնից,

✔️Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

✔️Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ Արմեն Հարությունյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։

✔️ Ոստիկանության գվարդիայի Մաշտոցի պահպանության բաժնի պետ Ալբերտ Ազատյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից,

ՆԳՆ փրկարար ծառայությունում՝

✔️ Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։

Այլ հրամաններով՝ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում 10 ծառայող նշանակվել է բաժնի պետի տեղակալի պաշտոնի, 3-ն ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից, իսկ 1 ծառայող՝ զբաղեցրած պաշտոնից։


Ձերբակալվել է Հեյդեն Պանետիերիի սիրեցյալը


Ոճ և դեմքեր


Հարավային Կարոլինայում ձերբակալել են դերասանուհի Հեյդեն Պանետիերիի սիրեցյալ Բրայան Հիքերսոնին և նրա եղբորը՝ Զաքին։ Վկաների խոսքով՝ Հիքերսոն եղբայրները ծեծկռտուքի են բռնվել այն բանից հետո, երբ լսել են Պանետիերիի մահվան վերաբերյալ մեղադրանքները։ Ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես է Բրայանը նետում բարային աթոռը։

Ոստիկանությունը ձերբակալել է երկու եղբայրներին։ Բրայանին ազատ են արձակել առանց ձերբակալման ձևակերպման, իսկ Զաքին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար։

Ձերբակալությունից հետո Զաք Հիքերսոնը կապվել է TMZ-ի հետ և ասել, որ իրեն խիստ վրդովեցնում են եղբոր հասցեին հնչող լուրերն ու մեղադրանքները։

«Այն ամենը, ինչի միջով ստիպված ենք եղել անցնել, և այս լուրերը անհավանականորեն վրդովեցուցիչ են։ Հետո մարդիկ հավատում են դրանց և հարձակվում մեզ վրա այդ ենթադրությունների պատճառով։ Դա ինձ զայրացնում է»,- ասել է Հեյդեն Պանետիերիի սիրեցյալի եղբայրը։

Հիշեցնենք, որ Հեյդեն Պանետիերին մահացել է օգոստոսի 16-ին։ Հենց Բրայան Հիքերսոնն է հայտնաբերել նրա մարմինը և շտապօգնություն կանչել։ Դերասանուհու մահից հետո նրա մայրը՝ Լեսլի Վոգելը, բացասական վերաբերմունք է հայտնել դստեր սիրեցյալի նկատմամբ։



Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման (տեսանյութ)․ ԱՆ


Տեսանյութեր


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման:

Ձևավորման ավարտական փուլում գտնվող թիմը կարող է ներգրավվել ինչպես Հայաստանում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բուժօգնություն տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին:
 
Թիմն անցել է համապատասխան դասընթացներ, վերապատրաստումներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ապահովված է դաշտային պայմաններում առնվազն 14 օր ինքնաբավ գործունեություն ծավալելու համար համապատասխան լոգիստիկ և բժշկական գույք-պարագա-սարքավորումներով:
 
Մանրամասները՝ տեսանյութում։



Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստը


Հայաստան


Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր:

Ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման մասին՝ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Ըստ հիմնավորման՝ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը:

Կառավարության անդամի երդման տեքստը այսուհետ հետևյալն է. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց համայնքները խոշորացնելու մասին նախագիծը, համաձայն որի՝ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում Լոռու մարզում կձևավորվի նոր՝ Վանաձոր համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում կձևավորվի Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով:



Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը


Հարեվաններ


Հաքան Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետները քննարկել են տնտեսական, առևտրային հարաբերությունները, ներդրումները, տրանսպորտային և լոգիստիկ հարցեր, անդրադարձել անվտանգության և պաշտպանության ոլորտներին:

Ֆիդանը և Բայրամովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացի, նաև տարածաշրջանային խաղաղության և համագործակցության ապահովմանն ուղղված գործնական քայլերի շուրջ։



ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի տեղահանված հայերի հետ


Հայաստան


ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Մագդալենա Գրոնոն Հայաստանում հերթական հանդիպումների շարքն է անցկացրել։ Նա հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։

Գրոնոն Երևանում հանդիպել է նաև տեղահանված Ղարաբաղի հայերի հետ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց մտահոգություններին ու իրավիճակին ծանոթանալու համար։ Նա այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ ծանոթանալով հայկական մշակութային ժառանգությանը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։

Նշենք, որ այս այցը հաջորդում է նրա՝ Ադրբեջան կատարած այցին։



Ֆրանսիան փորձում է հասնել Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկմանը


Աշխարհ


Ֆրանսիան փորձում է հասնել ռուս գործարար Ալիշեր Ուսմանովի՝ Եվրամիության պատժամիջոցների ցուցակից հանելուն՝ Ադրբեջանում ձերբակալված ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման հարցում առաջընթաց ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ եվրոպացի պաշտոնյաների և դիվանագետների։

Փարիզի դիրքորոշումը բարդացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման շուրջ բանակցությունները։ ԵՄ անդամ երկրների դեսպանները որոշել են պատժամիջոցների գործողությունը երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 22-ը՝ փոխզիջում գտնելու համար։

Ուսմանովը ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։ Նա հերքում է մեղադրանքները և շարունակում է պահանջել իր անունը ցուցակից հանել։

Ֆրանսիայի նախաձեռնությանը դեմ են մի շարք եվրոպական երկրներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս քննադատել է հնարավոր որոշումը՝ հայտարարելով, որ ներկայում պատժամիջոցների թուլացման ժամանակը չէ։



Ուկրաինայի և Գերմանիայի քաղաքացին մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսության համար


Գերմանիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Բեռլինում բնակվող կին գործարար Իլոնա Վիներին։ Նա Գերմանիայի և Ուկրաինայի քաղաքացի է և, ըստ մեղադրանքի, լրտեսել է Ռուսաստանի օգտին։ Լեհաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները ավելի վաղ զգուշացրել էին նոր էսկալացիայի վտանգի մասին, որին հանգեցնում է նաև լրտեսների առկայությունը։

Գերմանիայի գլխավոր դատախազությունը լրտեսության մեղադրանք է առաջադրել 57-ամյա կին գործարար Իլոնա Վիներին։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նա Գերմանայի և Ուկրաինայի քաղաքացի է։ Spiegel-ի հրապարակած 74-էջանոց մեղադրական եզրակացության համաձայն՝ նա լրտեսություն է արել Ռուսաստանի օգտին: Սակայն այդ մեղադրանքը ներկայացվել է նրա ձերբակալությունից գրեթե ութ ամիս անց։

Ըստ մեղադրանքի՝ Վիները 2023 թվականի նոյեմբերից տեղեկություններ է հաղորդել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին: Գերմանական հակահետախուզությունը դեսպանատան այդ կոնտակտին նույնականացրել է որպես ռազմական հետախույզ Անդրեյ Մայորով։ Դեսպանատանը նա կատարել է ռազմական կցորդի տեղակալի պարտականությունները: Մայորովը ստիպված է եղել լքելու Գերմանիան այս տարվա սկզբին: Spiegel-ը գրում է, որ գործարար Իլոնա Վիները տեղեկություններ է հավաքել քաղաքական հանդիպումների մասնակիցների մասին։ Այդ տեղեկությունները վերաբերել են մասնավորապես 2023 թվականի նոյեմբերին Բեռլինի «Ադլոն» հյուրանոցում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի քննարկմանը և 2025 թվականի դեկտեմբերին Բեռլինի գերմանա-ուկրաինական տնտեսական ֆորումին։ Այդ հանդիպման ժամանակ, ըստ հրապարակումների, Վիները նստած է եղել կանցլեր Ֆրիդրիխ Մերցից և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից մի քանի մետր հեռավորության վրա։

Ուկրաինայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները մի քանի օր առաջ երկու երկրների սահմանին ռուսական հարվածից հետո արդեն զգուշացրել էին, որ եվրոպական անվտանգությանը սպառնացող ռուսական վտանգների շարքում նաև լրտեսությունն է։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այսպիսի հայտարարություն էր արել․

«Ռուսական հարվածներն այժմ Ուկրաինա-Լեհաստան սահմանի մոտակայքում են։ Պուտինի ահաբեկչությունը բառացիորեն թակում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի դռները: Հենց այդ պատճառով էլ այժմ մասնակի միջոցառումները բավարար չեն: Անհրաժեշտ են խիստ պատժամիջոցներ, Ուկրաինային շարունակական ռազմական աջակցություն և Ռուսաստանի վրա առավելագույն ճնշում»:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ մեղադրում է Ռուսաստանին եվրոպական երկրների դեմ հիբրիդային պատերազմ սկսելու համար․

«Դա պարզապես դռան թակոց չէ, այլ տան ներսում է։ Հիշեցնում եմ ձեզ, որ ռուսական հիբրիդային պատերազմը կինետիկ է։ Դա պարզապես ինտերնետում ինչ-որ անհարմարություն չէ։ Դա պարզապես կեղծ տեղեկատվություն չէ։ Դա պարզապես լրտեսություն չէ։ Մենք Լեհաստանում հրկիզման դեպքեր ենք ունեցել, Լիտվայում ինքնաթիռներ խփելու փորձեր ենք ունեցել։ Լեհաստանում շարժվող գնացքի գիծը խլելու փորձ ենք տեսել։ Նրանք ձախողվել են միայն իրենց անգործունակության պատճառով։ Հարձակում է եղել Լայպցիգի օդանավակայանի վրա, և Պուտինը մահվան ջոկատներ է ուղարկել Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլ երկրներ։ Ուրեմն, սա պարզապես ռուսական գործունեության այս սպեկտրի ևս մի էսկալացիա է»։

Գերմանիայի դատախազությունը պնդում է նաև, որ 2024 թվականի փետրվարին լրտեսության համար մեղադրվող գործարարը կեղծ անվամբ իր ենթադրյալ օգնական Անդրեյ Մայորովին գաղտնի տեղափոխել է Բունդեսվերի պահեստազորայինների հետ հանդիպման։

Լրտեսության համար մեղադրվող Իլոնա Վիները Բեռլինի հայտնի գործարարներից է։ Նա նաև ղեկավարում էր Ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման ասոցիացիան և պարբերաբար մասնակցում էր տարբեր երկրների դեսպանների, բարձրաստիճան դիվանագետների և ականավոր քաղաքական գործիչների հանդիպումներին։

Նրա կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ էին ընդգրկված ականավոր ձեռնարկատերեր և նախկին պատգամավորներ։

Վիների ձերբակալության մասին հայտարարվեց հունվարին: Գարնանը, սակայն, Իլոնա Վիների պաշտպանները նրա ձերբակալությունը վիճարկող միջնորդությամբ քննադատել էին դատախազությանը արտաքին հետախուզության շահերից ելնելով լրտեսության հանցագործության մասին «լայն մեկնաբանության» համար:

armradio.am


Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին (տեսանյութ)


Տեսանյութեր


Սեպտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թաղամասերից մեկում 33-ամյա տղամարդը վիճաբանել է  մեկ այլ անձի հետ։ Միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ ահազանգ չէր ստացվել։

Վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ապա, իր առավելությունն ընդգծելու նպատակով, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և, շարունակելով հայհոյանքներ հնչեցնել հետապնդել է նշված անձին։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է Ոստիկանություն։

Խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։

https://www.youtube.com/watch?v=DiB21RkyIBE

Կատարվում է նախաքննություն։