Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում


Գիտություն


Վեներա մոլորակը սեպտեմբերի 18-25-ը հատկապես լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում։ Առաջիկա շաբաթներին Վեներայի տեսանելի պայծառությունը Երկրից դիտողների համար կհասնի գագաթնակետին՝ -4,8 աստղային մեծության։

Գիտնակնների խոսքով՝ նման պայծառության շնորհիվ մոլորակը հնարավոր է նկատել նույնիսկ ցերեկը, եթե հայտնի է դրա ճշգրիտ դիրքը։ Սակայն սովորական դիտորդների համար այն ավելի հարմար է դիտել արևի մայր մտնելուց հետո։

Վեներան սեպտեմբերի 18-25-ը շատ լավ տեսանելի կլինի նաև քաղաքային պայմաններում։ Այն կգտնվի Կույս համաստեղությունում, և պետք է փնտրել արևմտյան հորիզոնի ուղղությամբ։



Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին


Հարեվաններ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը նշել է, որ Բելառուսի հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի պաշտոնյայի այցի հարցում, իսկ հարևանները և այլ պետությունների ղեկավարները ուշադիր հետևում են հանդիպմանը:

Ջոն Քոուլն էլ փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնը։

2025 թվականից Ջոն Քոուլի այցերը Բելառուս հաճախակի են դարձել: Յուրաքանչյուր այցից և Լուկաշենկոյի հետ հանդիպումներից հետո Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել կալանավորված անձանց, որոնց ամերիկյան կողմը համարում է քաղբանտարկյալներ: Ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել ավելի քան 400 մարդ:



Գանձասարի վանքում տեղի ունեցած սադրանքը դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել


58 երկրների ներկայացուցիչների ներկայությամբ Գանձասարի վանքում տեղի ունեցած սադրանքը դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել։ Արդեն երկու օր ակտիվորեն  քննարկվում են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի արարքը, որոշ դեսպանների անհարկի արձագանքը և այդ ամենի հնարավոր հետևանքները հայ-ադրբեջանական երկխոսության վրա։

Հանրային համերաշխություն ձևավորելու նպատակով ստեղծված «Խաղաղության կամուրջ» հայ-ադրբեջանական քաղաքացիական նախաձեռնության անդամները, մտահոգություն հայտնելուց բացի, այս խնդիրը արդեն հեռավար քննարկել են։

Գանձասարի «դիվանագիտական սկանդալը» փոխադարձ անվստահության տիրույթ է վերադարձրել «Խաղաղության կամուրջ» հայ-ադրբեջանական քաղաքացիական նախաձեռնության անդամներին` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատում է խմբի անդամ, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։ Եթե խմբի անդամները մինչև այս պահն առավելապես խոսում էին ձեռքբերումների և հանրային համերաշխության ձևավորման մասին, ապա Գանձասարի դեպքերից հետո շեշտում են մտահոգությունները․

«Երբ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հասարակության մեջ առաջացնում են այնպիսի էմոցիոնալ արձագանք, ինչպիսին եղավ Գանձասարանի միջոցառումներից հետո, դա նշանակում է, որ այն նպատակը և այն մտադրությունը, որ ունեինք, ռիսկի տակ է, մեր պլանները` աշխատանքի մեր ադրբեջանցի գործընկերների հետ, մնում են անորոշ, և պետք է լուրջ աշխատել հաղթահարելու այն ճգնաժամը, որը ձևավորվել է վերջին օրերի ընթացքում»։

2025 թվականի վերջին մեկնարկած նախաձեռնության շրջանակում խմբերը չորս փոխայցելություն են ունեցել՝ երկուսը Ադրբեջանում, երկուսը՝ Հայաստանում։ Եթե խաթարվի մեկ տարվա ընթացքում ձեռք բերված վստահությունը, հաջորդ նախաձեռնությունն ավելի դժվար կիրագործվի՝ ընդգծում է Նավասարդյանը։ Գանձասարի դեպքերից հետո խմբի անդամները հեռավար են շփվել․

«Մենք մեր մտահոգություններն ենք հայտնել, որն արտացոլված է հայտարարությունում։ Նշել ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում չպետք է կատարվեն գործողություններ, մանավանդ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որոնք մյուս կողմում առաջացնում են վրդովմունք կամ նյարդային արձագանքներ։ Իսկ ադրբեջանական կողմն իր մտահոգությունն է հայտնել, որը էլի կարող է լեգիտիմ լինել, որ Հայաստանում չափազանց թեժ արձագանքներ եղան և երկկողմանի այդ երկխոսությունում որոշակի դժվարություններ առաջացան։ Հիմա ամեն մեկս մեր կարծիքը հայտնելով պիտի կարողանանք նաև գտնենք լուծումներ, ես կարծում եմ։ Եթե կկարողանանք, ուրեմն «Խաղաղության կամուրջ»-ը լուրջ դերակատարություն կունենա ամբողջ գործընթացում։ Եթե չկարողանանք, ուրեմն ստացվում է, որ այս փուլում ինչ–որ բան այնպես չի արվում, ինչպես պետք է արվի»։

Վերջին օրերին հատկապես Հայաստանում հանրությունը պահանջում է համարժեք արձագանք ՝ Գանձասարի պատմությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերին ի պատասխան։ Նախարար Արարատ Միրզոյանն արդար չի համարում մեղադրանքի սլաքը  դեպի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն  ուղղելը․

«Ես կարծում եմ` ԱԳՆ-ն ինչ որ պետք է աներ, արել է։ Այդ հարցով մասնագիտացված մարմիններ կան, մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, եթե նկատեցիք` այց էր տեղի ունեցել, այնպես որ «բավարար», «պատշաճ», «համարժեք»՝ իրավունք ունեք դիտարկել այդպիսին կամ ոչ այդպիսին։ Իհարկե, ակնհայտ է, չէ՞ որ սա չի ամրապնդում հաստատված խաղաղությունը, չի նպաստում։ Հակառակը` սնուցում է ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի մասին։ Այսպիսի բաները գալիս են, ուղղակի ջուր լցնում այդ ջրաղացին»։

Նախարարի ակնարկած այցը Մատենադարան տարածաշրջանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյինն էր։ Ադրբեջանի նախագահի օգնականի ուղեկցությամբ Գանձասար այցելած 58 դիվանագետներից մեկն էլ եվրոպացի պաշտոնյան էր, որն այդ այցից հետո X-ում գրել էր, որ որոշ վայրերի ծագման վերաբերյալ կողմերի միջև «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ կան»։ Գանձասարում Հաջիևի ցուցադրած դատարկ էջերով ձեռագրերի փոխարեն Մատենադարանում դրանց բնօրինակներին ծանոթանալով՝ Գրոնոն արդեն հայտարարել էր, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը։

Գանձասարում Հաջիևի անհաջող պերֆոմանսը վնասեց ոչ միայն հայ–ադրբեջանական երկխոսությունը, այլև հենց միջազգային հանրության հեղինակությունը։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյան․

«Երբ ինքը ( Հիքմեթ Հաջիևը – խմբ․) թերթում է դատարկ էջերը, դրանով ցույց է տալիս, որ ուղղակի չի հասկանում` ինչպես են թանգարաններում ցուցադրությունները կազմակերպվում։ Նաև այն մարդիկ, որ արձագանքում են բավականին բուռն այդ տեսարանին, նույնպես, ես կասեի, իրենց անգրագիտության աստիճանն են ցույց տալի այս հարցում։ Այդ այցը, օրինակ, ինձ համար այդքան խնդրահարույց չէ, քան նաև այդ դրսևորումները, որ մենք տեսանք։ Կարծում եմ, որ հետագա հնարավոր քայլերը, որ «մխիթարեն» հայկական կողմին, արժեզրկելու են ԵՄ նկատմամբ որոշակի հեղինակությունը։  Որովհետև և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ամրապնդելու է այն տեսակետը, որ ինչ-ինչ պայմաններում կարելի է եվրոպացիներին ստիպել, որ իրենք անեն այն, ինչ իրենք սկզբում չէին անում, չէին ուզում և այլն, և այլն, և դրանից հետո իրենք նաև հակառակն են աելու, փորձելու ինչ-որ հավասարակշռություն պահել։ Այն քաղաքականությունն այն է, որը ժամանակին նաև խորհրդային իշխանությունները, Ռուսաստանն էին փորձում»։

Պաշտոնական Երևանն ավելի զուսպ է և Գանձասարում դիվանագետների մասնակցությամբ կատարվածին արձագանքում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փխրուն խաղաղությունը պաշտպանելու և այն չվնասելու դիրքերից։


Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն


Սպորտ


ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սպասված հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց վաճառքում:


Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 20։00-ին։


Երկրպագուների համար ՀՖՖ-ն սահմանել է տոմսերի վաճառքի որոշակի ընթացակարգ և կանոններ, որոնց անհրաժեշտ է ծանոթանալ նախքան գնում կատարելը.


  • Որտե՞ղ գնել. Տոմսերի վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում
  • Քանակային սահմանափակում. Յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել առավելագույնը 4 տոմս

Անձնագրային նույնականացում. Տոմս գնելու համար պարտադիր պայման է համակարգում անձնագրային նույնականացում անցնելը: Տվյալները մուտքագրելուց հետո հաստատումը կատարվում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 30 րոպեի ընթացքում։

QR կոդերի ակտիվացում. Գնումը բարեհաջող ավարտելուց հետո երկրպագուներն իրենց տոմսերը կտեսնեն tickets.ffa.am կայքի անձնական հաշվում։ Կարևոր է հիշել, որ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:


Անվտանգության նկատառումներից ելնելով և մարզադաշտի մուտքերի մոտ հերթերից ու կուտակումներից խուսափելու նպատակով՝ ՀՖՖ-ն հորդորում է երկրպագուներին մարզադաշտ ժամանել խաղի մեկնարկից առնվազն 2 ժամ առաջ:



ՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆ

Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Դանիայի հարավային ափի մոտակայքում՝ չեզոք ջրերում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի ընթացքում ռուսական ֆրեգատից երկու լուսարձակող հրթիռ է արձակվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի ուղղությամբ։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը միջադեպը որակել է որպես «անընդունելի»՝ նշելով, որ այն կարող էր վտանգել մարդկանց կյանքը։

Ըստ Դանիայի զինված ուժերի՝ երկու լուսարձակող հրթիռ է արձակվել երկրի ռազմաօդային ուժերի Fennec ուղղաթիռի ուղղությամբ, որն իրականացնում էր Գեդսերի մոտակայքում՝ չեզոք ջրերում գտնվող ռուսական ֆրեգատի պլանային լուսանկարում։ Զինվորականների հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներից մեկն անցել է ուղղաթիռին շատ մոտ տարածությամբ։

Տուժածներ կամ նյութական վնաս չի գրանցվել։

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու


Հայաստան


Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։
 
«Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,- ասվում է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։



Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը


Բիզնես


Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին:

«Հավատարիմ իր սկզբունքներին և իր դիրքորոշման մեջ անսասան՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն է տվել հայկական ապրանքատեսակների համար Ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին: Եվս մեկ կարևոր քայլ ՀՀ-ԵՄ գործընկերության համար»,- X-իր իր էջում գրել է Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին հավանություն էր տվել Եվրոպական միության խորհուրդը: Նախատեսվող արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է երկու տարով վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։



Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 75 մլն ՀՀ դրամը փոխանցվել է պետական բյուջե: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր


Հարեվաններ


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։



Պրահայի «Սպարտան» իր պաշտոնական կայքում հատուկ ճամփորդական ակնարկ է հրապարակել Երևանի մասին


Պրահայի «Սպարտան», որն արդեն ժամանել է Հայաստան, իր պաշտոնական կայքում հատուկ ճամփորդական ակնարկ է հրապարակել Երևանի մասին: Չեխական ակումբի մամուլի ծառայությունը նոր խորագրի առաջին թողարկումը նվիրել է մեր մայրաքաղաքին՝ յուրովի ներկայացնելով քաղաքի պատմությունը, ֆուտբոլային անցյալն ու մշակութային կոլորիտը:

Թռիչքի և եղանակի մասին 


Հոդվածի հեղինակները նախ հիշել են նախորդ տարվա իրենց այցը Հայաստան և համեմատել թռիչքները. «Երեք ժամն անցավ ջրի պես։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ էր նախորդ տարվա վայրէջքը, երբ ինքնաթիռն աստիճանաբար իջնում էր այնպես, կարծես հողը ոտքերիդ տակից փախչեր: Մաքուր խղճով կարող ենք ասել, որ դա վերջին տարիների մեր ամենավատ վայրէջքներից մեկն էր: Բայց այս անգամ, բարեբախտաբար, ամեն ինչ անցավ հարթ: Օդերևութաբանները կրկին արևոտ եղանակ են խոստանում մեր ողջ ուղևորության ընթացքում»:

«Հրազդան» մարզադաշտն ու Արարատ-73-ը

Չեխական պատվիրակությունն առանձնահատուկ հիացմունքով է խոսել «Հրազդան» մարզադաշտի մասին։ Հոդվածում նշվում է, որ նախորդ տարի թիմը խաղացել է ավելի փոքր մարզադաշտում, քանի որ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո Հանրապետական մարզադաշտի խոտածածկը պատշաճ վիճակում չէր, իսկ այս անգամ խաղալու են գլխավոր արենայում։ Սակայն հեղինակների ուշադրությունը գրավել է մեկ այլ՝ լեգենդար կառույց. «Կա ևս մեկ մարզադաշտ, որն արժանի է հիշատակման։ Բավական է շրջանցել հայկական կոնյակի գործարանը, և ձեր առջև կվեր խոյանան «Հրազդանի» հսկայական լուսարձակները: Այն այնքան տպավորիչ է, որ հիացնում է նույնիսկ դրսից: Այս տրիբունաները հիշում են հայկական ակումբային ֆուտբոլի ամենափառահեղ ժամանակաշրջանը։ 1973-ին Երևանի «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը՝ շրջանցելով Կիևի «Դինամոյին»: Իսկ 1975-ի մարտին 70 հազար հանդիսականներ այստեղ առաջ մղեցին իրենց թիմին Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (Բեկենբաուերի, Մյուլերի և Հյոնեսի մասնակցությամբ)։ Նրանք գոլ խփեցին, թեև հաջորդ փուլ դուրս չեկան»։

Չեխերը չեն մոռացել անդրադառնալ նաև հայկական ֆուտբոլի նորագույն պատմությանը՝ հիշատակելով Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» վերջին հաջողությունները։


Ողբերգություն և հիշողություն

«Սպարտայի» անդրադարձում մեծ տեղ է հատկացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. «Անցնելով բարձր քարե բլոկների միջով՝ հայտնվում ես փակ տարածությունում, որի մթնոլորտը հիշեցնում է Բեռլինի Հոլոքոստի զոհերի հուշարձանը։ Այստեղ զգում ես նույն ճնշող պահը… Սա մշտական հիշեցում է այն ողբերգության մասին, որի միջով անցել է այս ազգը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մոտ 1,5 միլիոն հայ զոհվեց»։

Հեղինակները պատմել են նաև Հաղթանակի զբոսայգու և Ստալինի արձանը փոխարինած «Մայր Հայաստան» հուշարձանի մասին՝ զուգահեռներ տանելով Պրահայում տեղի ունեցած նմանատիպ պատմական իրադարձությունների հետ։

Երևանյան կոլորիտ և կովկասյան խոհանոց


Մշակութային հատվածում կայքը խորհուրդ է տվել իր երկրպագուներին այցելել Կասկադ, Օպերայի և բալետի թատրոն, Հանրապետության հրապարակ, Կապույտ մզկիթ և Վերնիսաժ։ Իսկ առանձին բաժնով անդրադարձել է տեղական խոհանոցին. «Նախքան ճամփորդությունը, մենք հիշում էինք նախորդ տարվա մեր այցելած վայրերն ու ուղղակի թքարտադրություն էր սկսվում։ Խորհուրդ ենք տալիս համտեսել կովկասյան խոհանոցը՝ մասնավորապես հարիսան, որը հայկական ազգային ուտեստ է և ստացվում է ցորենի ու մսի երկար եփման արդյունքում։ Շատ համեղ է նաև տոլման, խինկալին ու լահմաջոն։ Իսկ տեղական սուրճն ուղղակի հիանալի է»։

Հոդվածը եզրափակվում է ֆուտբոլային կոչով. «Զգույշ եղեք, որ ռեստորաններում չմոռանաք ժամանակի մասին։ Չորեքշաբթի երեկոյան բոլորս պետք է լինենք Հանրապետական մարզադաշտում. Let’s go, Sparta!»։

armsport.am