Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները: 

«Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության, պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել, փոխարենը ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ: 

Ըստ Գ.Մ.-ի՝ իրենից վերցված գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը և Վ.Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են:

Այսպիսով, Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր՝ առավոտյան ժամը 6-ից, և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել: 

Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել: 

Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ ակումբը մասնագիտական հարթակ է, որը միավորում է մասնագիտական տարբեր ոլորտներում ընդգրկված Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին, որն անցկացվում է ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կողմից կազմակերպվող միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տնտեսական համագործակցությունը, կրթական և մշակութային կապերի զարգացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի գործունեությունը՝ որպես կարևոր մասնագիտական հարթակ, որը հնարավորություն է տալիս գիտելիքի փոխանակման և մասնագիտական կապերի ձևավորման համար։ Նա ընդգծել է՝ ՀԿ-ի գործունեությունը համահունչ է աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստացած բարձր որակավորում ունեցող մասնագետների ներուժը պետության շահերին ծառայեցնելու Կառավարության քաղաքականությանը։

«Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են  ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված գերակա ոլորտներում աշխատելուց հետո»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բրիտանական կողմի հետ մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող հաջողված ծրագրերին՝ հիշատակելով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ կազմակերպված Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում բրիտանական կողմի հետ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին բուհերի ներգրավմանը, առանձին միջոցառումների ձևաչափերին   և կազմակերպական տարբեր հարցերին։

Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Հարեվաններ


Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Ա․Ս․-ն պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ հերթական վիճաբանության ժամանակ, ընթացող մեքենայից հրելու միջոցով դուրս է գցել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Վերը նշված արարքները կատարվել են վերջիններիս 4-ամյա դստեր ներկայությամբ, որի հետևանքով երեխային պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք: 

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Դա հիանալի պահ էր ինձ և իմ ընտանիքի համար


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ ակումբի կողմից «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը բոյկոտելու պատճառով։


Հիշեցնենք, որ օգոստոսին իսպանացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Բարսելոնա»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է եղել նաև Մադրիդի «Ռեալը»:

«Ճիշտ չեն այն խոսակցությունները, թե ես մերժել եմ Մադրիդի «Ռեալի» առաջարկը նրանց կողմից «Ոսկե գնդակը» բոյկոտելու պատճառով։ Այդ ժամանակ դա ինձ վրա որևէ ազդեցություն չի թողել։ Դա իմ յուրահատուկ օրն էր, և իմաստ չկա խոսել մարդկանց մասին, ովքեր ներկա չէին արարողությանը։ Դա հիանալի պահ էր ինձ և իմ ընտանիքի համար։

Ես ստիպված էի հաշվի առնել բազմաթիվ գործոններ և որոշում կայացնել աշխարհի երկու լավագույն ակումբների միջև։ Ընտրությունս կատարել եմ զուտ սպորտային տեսանկյունից՝ ելնելով նրանից, թե որտեղ ինձ ավելի շատ ոգեշնչված կզգայի, և որտեղ, ըստ իս, կկարողանամ ավելի շատ հաղթանակների հասնել ու աճել որպես ֆուտբոլիստ»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

2024 թվականին Ռոդրին արժանացավ «Ոսկե գնդակին», սակայն Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը հրաժարվեց մեկնել Փարիզ և մասնակցել արարողությանը՝ համարելով, որ գլխավոր անհատական մրցանակը պետք է բաժին հասներ վինգեր Վինիսիուս Ժունիորին։



Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է (տեսանյութ)


Տեսանյութեր


Օգոստոսի 29-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը։

Ահազանգով մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ պայուսակում կային փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար։ Պատճառվել էր մոտ կես միլիոն դրամի վնաս։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների ու քննչական բաժնի աշխատակիցների վարույթային համատեղ գործողություների արդյունքում հիմնավորվել է, որ կողոպուտը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ երեք երիտասարդներ։

Սեպտեմբերի 7-ին Սարդարապատ գյուղի բնակիչ 17 և 18 տարեկան տղաները հայտնաբերվել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցներ Արմավիր քաղաքի բնակիչ նրանց 21-ամյա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

https://www.youtube.com/watch?v=tr_Lbip9on4



Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր


Հայաստանյան համայնքները պետք է ունենան համապատասխան կամք՝ ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները լուծելու համար։ Տասնամյակներ շարունակ ստեղծվել է խնդիրների լուծման իմիտացիա, մինչդեռ պրոբլեմները տակավին առկա են։       

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՄԻՊ-ի ու ԵԽ-ի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա շեշտեց, որ, օրինակ, եզդիական համայնքում վաղ ամուսնությունը համարվում է մեծ խնդիր, և հիշեցրեց, որ ՀՀ-ում 2018 թվականին ընդունվեց օրենք, որով աղջիկներին թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանում։

«Երբ արդեն խորհրդարանում էի, շուրջ վեց տարի աշխատել եմ, որպեսզի գործընկերներիս հետ վաղ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ ներկայացնենք։ Այդ նպատակով ամուսնության տարիքային շեմը բարձրացրել ենք մինչև 18 տարեկան, սակայն դա էլ բավարար չէ։ Կառավարության մեր գործընկերները քաղհասարակության և ազգային փոքրամասնությունների հետ պետք է կարողանան այս խնդիրը համայնքից դուրս բերել ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա։ Երբ ուսումնասիրում էինք մասնավորապես եզդիական համայնքում այս խնդիրը, մեր ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնվեց, նկատեցինք, որ այդ խնդիրն առկա է նաև ՀՀ շատ այլ գյուղական բնակավայրերում»,- ասաց Բաքոյանը։  

Նա առանձնացրեց հատկապես եզդիական համայնքի խնդիրները, որովհետև իր իսկ պնդմամբ՝ բոլոր ազգային փոքրամասնությունների թվաքանակը գումարելով ու բազմապատկելով երեք անգամ, կստացվի եզդիների քանակը, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրն ավելի ցցուն է։     

Բաքոյանը հավելեց, որ իրենք աշխատել են «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի բարեփոխված տարբերակի վրա, նոր առաջարկություններով հետ են բերել, որպեսզի այն բարեփոխված վիճակում ընդգրկվի նոր խորհրդարանի օրակարգում։ ԱԺ պատգամավորը պնդեց, որ լինելով եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ունի բավարար կամք, որպեսզի կարողանա իրականացնել փոփոխություններ՝ դրա համար ունենալով որոշակի հնարավորություններ օրենսդրական լծակների տեսքով։ 

«Այն խոչընդոտները, որոնք առկա են ազգային փոքրամասնությունների համայնքներում, գտնվում են մեր դիտարկման հիմքում, ձգտում ենք, որպեսզի կանայք ավելի լայն հնարավորություններ ունենան իրենց իրավունքները պաշտպանելու առումով։ Այն համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնությունների թվաքանակը կազմում է 75 և ավելի տոկոս, մարդիկ հնարավորություն կստանան իրենց մայրենի լեզվով ուսում ստանալ, մայրենի լեզվով պատմամշակութային միջոցառումներ անցկացնել, տարատեսակ խմբակներում կրթվել։ Սա շատ կարևոր է ինքնության պահպանման առումով։ Չէի ցանկանա ՀՀ-ում տեսնել անգրագետ համայնք, գուցե կոպիտ է հնչում, սակայն ուղիղ ասված խոսք է, հետևաբար անհրաժեշտ է վաղ ամուսնությունները վերացնել եզդիական համայնքում, ինչը թույլ կտա աղջիկներին ստանալ ուսում, աշխատել, հետագայում պատրաստ լինել ամուսնական կյանքին և իրենեց ապագա երեխաներին կիրթ մեծացնել, լավ դաստիարակել»,- ասաց Բաքոյանը։

Նրա դիտարկմամբ՝ խնդիրները տակավին շատ են, սակայն դրանց լուծման ճանապարհին պետք է իրականացվեն հետևողական ու համատեղ աշխատանքներ։ Բաքոյանն այդ առումով կարևորեց հատկապես ՄԻՊ-ի հետ համագործակցությունը։ Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը վերագրելով միայն կառավարությանը՝ հնարավոր չէ ունենալ արդյունավետ լուծում։


ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել


Աշխարհ


Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ այս գիշեր ՆԱՏՕ-ի կործանիչները երկրի տարածքում ԱԹՍ են խոցել։ Լիտվայի մի քանի շրջաններում դեղին վտանգի [հնարավոր սպառնալիքի] մակարդակ էր հայտարարվել՝ կապված անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման հետ։

«Անօդաչու թռչող սարքը, որը նոր էր մտել Լիտվայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից։ Շնորհակալություն եմ հայտնում դաշինքի ուժերին արագ արձագանքի համար։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեղացնում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, նման պատրաստվածությունը կենսականորեն կարեւոր է մեր տարածաշրջանի համար»,- գրել է Նաուսեդան X սոցիալական ցանցում։

Լիտվայի հանրային հեռարձակող LRT-ն հայտնում է, որ անօդաչու թռչող սարքը հայտնաբերելուց կես ժամ անց «տեղեկություններ են ստացվել, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է օդում՝ Կաունասի շրջանում, իսկ վտանգի ազդանշանը չեղարկվել է»։

Նաուսեդան չի հստակեցրել, թե որ երկրից էր անօդաչու թռչող սարքը։

BBC- ին գրում է, որ նախկինում ՆԱՏՕ-ի ուժերն ու Բալթյան երկրների իշխանությունները բազմիցս արձագանքել են ուկրաինական ռազմական անօդաչու թռչող սարքերի թռիչքներին, որոնք արձակվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։



ԱՄՆ-ը զենք է դուրս բերել մերձերկրյա ուղեծիր


Գիտություն


ԱՄՆ-ը մերձերկրյա ուղեծիր է դուրս բերել տիեզերական տարածության վերահսկման համար նախատեսված զենք, հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը, հայտնում է ամերիկյան մասնագիտացված Air & Space Forces Magazine պարբերականը։

«Մենք շարունակում ենք պատրաստվել փոփոխվող սպառնալիքներին, որտեղ էլ դրանք ի հայտ գան։ Այդ պատճառով ԱՄՆ-ն այժմ ուղեծրում ունի տեղակայված տիեզերքի վերահսկման զենք, որն ունակ է պաշտպանել մեր զինված ուժերը  հակառակորդի թշնամական գործողություններից»,- ԱՄՆ-ի ռազմաօդային եւ տիեզերական ուժերի ասոցիացիայի համաժողովում հայտարարել է Մեյնկը։

Air & Space Forces Magazine-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկացի պաշտոնյաները ճանաչել են, որ ԱՄՆ-ն ունի ուղեծրում տիեզերական զենք ունի։ Մեյնկն ընդգծել է, որ իր այս հայտարարությունը մտածված է, իսկ ձեւակերպումները՝ «շատ մանրակրկիտ կշռադատված»։ Նա հրաժարվել է ուղեծրային զենքի մասին որեւէ մանրամասնություն հայտնել։

«Որքանով ես գիտեմ՝ ամերիկացի որեւէ պաշտոնյա նախկինում նման բան չի ասել։ Այժմ ԱՄՆ-ը ստիպված կլինի հաշտվել, որ չինացիներն ու ռուսները նույն բանն են անելու կամ ասելու։ Չեմ կարծում, որ դա բխելու է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- անվտանգության, պաշտպանության և միջազգային ռազմաքաղաքական թեմաները լուսաբանող ամերիկյան Defence One-ին ասել է տիեզերական անվտանգության հարցերով փորձագետ Վիկտորիա Սեմսոնը։

Հարցին, թե ԱՄՆ-ն ինչպիսի սպառազինություն կարող էր տեղակայել տիեզերքում, նա ենթադրել է, որ դա կինետիկ՝ հարվածային զենք չէ, այլ ռադիոէլեկտրոնային պայքարի տիեզերական միջոց։



ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին


Հարեվաններ


Ռուսաստանը Հայաստանից որևէ դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ. «Известия» թերթին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել»,– ասել է նա։

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան շարունակում է ելնել այն դիրքորոշումից, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը կարծում է, թե Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, ապա Ռուսաստանը կարող է հեռանալ նույնիսկ հաջորդ օրը և որևէ բան չի պարտադրի Հայաստանին։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի։