Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց


Հայաստան


Կառավարության և համայնքի համատեղ սուբվենցիոն ծրագրով Վահրամաբերդ բնակավայրում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել երկու կարևոր ճանապարհահատված։ Այս մասին հայտնում է Ախուրյանի համայնքապետարանը։
 
Առաջին փողոցը հիմնական ճանապարհը կապում է դպրոցի հետ, իսկ երկրորդը՝ տանում է դեպի գերեզմանատուն։ Երկու ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 700 մետր, իսկ ծրագրի արժեքը՝ 100 միլիոն դրամ։
 
Ծրագրի շրջանակում, ճանապարհների հիմնանորոգումից բացի, կառուցվել են նաև մայթեր և ջրահեռացման համակարգեր՝ բնակավայրում երթևեկությունն ու հետիոտների տեղաշարժն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու նպատակով։
 
Նախատեսվում է մեկնարկել նաև Լենգես տանող թաղամասի ճանապարհի հիմնանորոգումը։
 
Կառավարություն-համայնք համագործակցությամբ, Վահրամաբերդում շարունակվում է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման գործընթացը։



Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն


Հայաստան


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը՝ 09:00-ից մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը՝ 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Անգեղակոթ, Շաղաթ, Բալաք, Մուծք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները



Լոս Անջելեսում ավարտվեց «Էմմի» 78-րդ մրցանակաբաշխությունը նոր ռեկորդներով


Ոճ և դեմքեր


«Այրիների ծովածոց» սերիալը 14 մրցանակ է ստացել Լոս Անջելեսում տեղի ունեցած «Էմմի» 78- րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Երեկոյի գլխավոր հաղթող այս սերիալն իր մրցանակների քանակով առաջ է անցել անցյալ տարվա «Կինոստուդիա»- ից, որը մեկ արարողության ժամանակ արժանացել էր 12 արձանիկի։

«Այրիների ծովածոցի» հաղթանակների թվում են լավագույն կատակերգական սերիալը, տղամարդու լավագույն դերակատարը՝ Մեթյու Ռիզը, երկրորդ պլանի դերակատարը, ռեժիսորական աշխատանքը, սցենարը եւ այլն։

Ռիզը նաեւ պատմության մեջ առաջին դերասանն է դարձել, որը մեկ երեկոյի ընթացքում ստացել է միանգամից երկու գլխավոր դերասանական «Էմմի» (երկրորդ արձանիկը նրան շնորհվել է «Իմ ներսի հրեշը» մինի-սերիալի համար)։

Պատվավոր մարդասիրական «Էմմի» է ստացել «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայքլ Ջ. Ֆոքսը՝ Պարկինսոնի հիվանդության հետազոտություններին աջակցելու համար։ Անցյալ տարի Ֆոքսը վերադարձել էր դերասանական աշխատանքին՝ նկարահանվելով Հարիսոն Ֆորդի հետ «Թերապիա» սերիալում։

Դերասան Նոա Ուայլին «Էմմի» է ստացել HBO Max-ի «Փիթի հիվանդանոցը» (The Pitt) բժշկական դրամայում տղամարդու լավագույն դերի համար։ Ընդհանուր առմամբ՝ այս սերիալը տարբեր անվանակարգերում ստացել է հինգ մրցանակ։

Տղամարդու լավագույն դերակատարի մրցանակից բացի, «Փիթի հիվանդանոցը» «Էմմի» է ստացել նաեւ լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգում։ Բացի այդ, դերասան Էռնեստ Հարդեն կրտսերը արձանիկ է ստացել լավագույն հրավիրյալ դերասան անվանակարգում։

Դրամատիկ սերիալում կանացի լավագույն դերի համար «Էմմի» է ստացել Ռեյ Սիհորնը («Բազմաթիվներից մեկը»), իսկ Էլիսոն Ջեննին արձանիկի է արժանացել Netflix-ի «Դիվանագետը» սերիալում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար։




Սահմանադրական դատարանը պատգամավորների դիմումի քննության օր է նշանակել


Հայաստան


«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարի Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։

Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2026 թվականի հուլիսի 3-ին իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը, որով քվեարկելու իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակումից առաջ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն կեսը՝ մեկ տարին, հայրենիքում չեն եղել։

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Գործով դատաքննությունը նշանակված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Ազգային ժողովը։



Սիրիայում վառելիքի կտրուկ գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել


Աշխարհ


Սիրիայում վառելիքի կտրուկ գնաճը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Ցույցերը համարվում են երկրում ամենախոշորներից մեկը՝ Բաշար Ասադի իշխանության տապալումից ի վեր։

Բողոքի ակցիաների մասնակիցները այրել են անվադողեր և փակել առանցքային ճանապարհներ, այդ թվում՝ Դամասկոսը Հալեպին կապող մայրուղին։ Բողոքի ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարությունը շաբաթ օրը դիզելային վառելիքի գինը բարձրացրել է 40 տոկոսով՝ մեկ լիտրի դիմաց հասցնելով 175 սիրիական ֆունտի՝ մոտ 1,32 ԱՄՆ դոլարի։

Վառելիքի թանկացումը ավելի է խորացրել սիրիացիների սոցիալ-տնտեսական խնդիրները։

Կառավարությունը բարձրացրել է նաև մի շարք այլ վառելիքի տեսակների գները։ Կենցաղային և արդյունաբերական գազի գինն աճել է մոտ 9 տոկոսով, 95 օկտանային բենզինի գինը՝ 28 տոկոսով՝ հասնելով 195 ֆունտի, իսկ 90 օկտանային բենզինը թանկացել է 26 տոկոսով՝ հասնելով 185 ֆունտի։

Բողոքի մասնակիցները փակել են նաև հում նավթ տեղափոխող բեռնատարների շարասյուների ճանապարհը, որոնք շարժվում էին դեպի Կենտրոնական Սիրիայի նավթավերամշակման գործարաններ։ Որոշ ցուցարարներ պահանջել են էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաև Սիրիայի նավթային ընկերության ղեկավարի հրաժարականը։

Սիրիայում վառելիքի շուկայի վրա լրացուցիչ ճնշում է ստեղծվում նաև ռուսական մատակարարումների հետ կապված իրավիճակի պատճառով։

Սիրիան զգալիորեն կախված է ռուսական նավթի մատակարարումներից։ Այս տարի երկիրը Ռուսաստանից օրական ներմուծել է մոտ 60 հազար բարել նավթ, թեև Դամասկոսը Վաշինգտոնին հայտնել է այդ գնումները կտրուկ կրճատելու պատրաստակամության մասին։



Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմաց կանգառը կարգելվի


Ավտո


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի փողոցում՝ մասնավորապես` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի ճանապարհահատվածում փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:



Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը 11 հոդվածով պատասխանում է TRIPP-ին առնչվող գրեթե բոլոր հարցերին

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը 11 հոդվածով պատասխանում է TRIPP-ին առնչվող գրեթե բոլոր հարցերին և հստակեցնում մինչև այժմ ընդհանուր ձևակերպված բազմաթիվ դրույթներ։

Օրինակ՝ 9-րդ հոդվածով սահմանվում է հարկային ռեժիմը։ Հայաստանը համաձայնում է չհարկել TRIPP զարգացման ընկերությանը և դրա հետ կապված մի շարք գործարքներ։ Փաստաթղթով նախատեսվում են նաև հարկային արտոնություններ ընկերության կողմից ստեղծվող հատուկ նշանակության կազմակերպությունների համար, այդ թվում՝ դրանցից ստացվող շահաբաժինների և որոշ ակտիվների կամ իրավունքների փոխանցման դեպքում։

Մեկ այլ՝ 10-րդ հոդվածը վերաբերում է վեճերի կարգավորմանը։ Եթե համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման շուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություն առաջանա, կողմերը պետք է հարցը լուծեն համագործակցության և խորհրդակցությունների միջոցով։ Փաստաթուղթը վեճերի համար առանձին արբիտրաժային կամ դատական մեխանիզմ չի սահմանում․ հիմնական գործիքը խորհրդակցությունն է։

Փորձագետները կարծում են, որ հրապարակված փաստաթղթի ամենակարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը, իրավազորությունը, ինչպես նաև մաքսային ու սահմանային անցակետերում ֆիզիկական ներկայությունը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ մինչև այժմ քննարկված հիմնական սկզբունքները փաստաթղթում ամրագրված են։

«Ամենակարևորն այն է, որ նախագիծն իրականացնելիս պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունենում է սկզբունքային դեր կարևոր նախագծի հետ կապված և, ընդհանրապես, Հայաստանին առնչվող շահերի հետ կապված որոշումների կայացման հարցում և, բնականաբար, նաև ունի որոշակի մասնաբաժին այս ամբողջ նախագծում՝ ստանալով շահույթի իր բաժինը՝ 26 տոկոսը, ինչպես ամրագրված է փաստաթղթում»։

Ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերությունում ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս վերահսկիչ մասնակցություն, Հայաստանը՝ 26 ։ Ամերիկյան բաժնետերը լինելու է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիային պատկանող ընկերությունը՝ գրանցված Դելավերում։ Իսկ TRIPP զարգացման ընկերությունը գրանցվելու է Հայաստանում։ 49 տարվա սկզբնական ժամկետի ավարտից հետո հնարավոր է ևս 50 տարով երկարաձգել պայմանագիրը։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49 տոկոսի։

Այսպիսով, փորձագետը շեշտում է, որ ԱՄՆ-ը նախագծի քաղաքական աջակցից վերածվում է նաև տնտեսական շահագրգիռ կողմի, իսկ Հայաստանի տարածքով ստեղծվող ենթակառուցվածքի հաջողությունը կապվում է նաև ԱՄՆ-ի պետական տնտեսական շահի հետ։

Ինչ վերաբերում է նախագծի քննադատություններին, Պետրոսյանի խոսքով՝ դրանք այս փուլում հիմնականում տեխնիկական բնույթի են։ Դրանց հիմնավորված լինելը, նրա գնահատմամբ, հնարավոր կլինի պարզել արդեն նախագծի շինարարության մեկնարկից հետո։

«Տեխնոլոգիական լուծումները, մինչև գետնի վրա չլինեն, նրանք, ովքեր կասկածներ ունեն և թերահավատ են նախագծի հետ կապված, իրենց պատասխանը չեն ստանա։ Կրկնում եմ՝ հիմնական խնդիրները կապված են տեխնիկական խնդիրների հետ, իսկ այդ տեխնիկական խնդիրները կլուծվեն և տեսանելի կլինեն, կամ չեն լինի, երբ որ գետնի վրա նախագիծը սկսի գործել»։

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ նախագծի բուն շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Մինչև այդ, իրավական ու դիվանագիտական կարգավորումներին զուգահեռ, ընթանում են տեխնիկատնտեսական և նախագծային աշխատանքներ՝ ամերիկացի մասնագետների մասնակցությամբ։

Ուշագրավ է, որ շրջանակային համաձայնագրի ամբողջական տեքստի հրապարակումը համընկնում է ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի՝ Քուինսի ինստիտուտի զեկույցում TRIPP-ի վերաբերյալ ծավալուն անդրադարձի հետ։ «Հայաստան և Ադրբեջան» բաժնում ամերիկացի հետազոտողները Վաշինգտոնին առաջարկում են նախագծի շուրջ դիվանագիտական ներգրավվածությունը չսահմանափակել միայն Երևանով և Բաքվով։ Նրանք գտնում են, որ TRIPP-ի հետ կապված գործընթացներում պետք է ներգրավվեն նաև Անկարան, Մոսկվան և Թբիլիսին։

«Հաշվի առնելով Իրանի սահմանին TRIPP-ի մոտ լինելը՝ կարևոր է այս հարցի շուրջ առնվազն անուղղակի երկխոսություն պահպանել նաև Թեհրանի հետ։ Ռուսաստանին տեղեկացնել այն մասին, թե հատկապես ինչով են զբաղվում Միացյալ Նահանգները, և որոնք են տարածաշրջանում նրանց հետաքրքրությունների սահմանները։ Դա վ ճռորոշ նշանակություն կունենա Մոսկվայի մտահոգությունները փարատելու և թույլ չտալու համար, որ սաբոտաժի ենթարկի TRIPP-ը։ Ավելի բարդ, բայց, թերևս, արդարացված մոտեցում է՝ ուսումնասիրել Ռուսաստանի սահմանափակ մասնակցության հնարավորությունները TRIPP-ի այն տարրերում, որտեղ կա փոխադարձ օգուտի տեղ՝ առանց Մոսկվային գերիշխող լծակներ տրամադրելու»։

Բացի այդ, հոդվածի հեղինակների կարծիքով՝ Սպիտակ տունը պետք է դրական ճնշում ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանային անցակետերի բացման ու շահագործման հարցում։ Նրանց կարծիքով դա ավելի լայն տարածաշրջանային փոխկապակցվածության անհրաժեշտ տարր է։

«Եթե հաջողվի այս գործընթացը տարանջատել Սահմանադրությունը վերանայելու վերաբերյալ Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի շարունակական պահանջներից, Վաշինգտոնը պետք է ձգտի դրան»,-ընդգծել են ամերիկացի հետազոտողները։

TRIPP-ի իրականացման գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կփոխանցի «Հայկական երկաթուղիներ»-ի կառավարումը, թե՞ կշարժվի այլ սցենարով։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սա ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլև ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տիրույթում է։

«Այսինքն՝ եթե Հայաստանը և Ռուսաստանը, այնուամենայնիվ, չեն կարողանում գալ այնպիսի պայմանավորվածությունների, որոնք կբավարարեն նախագծի լիարժեք իրականացմանը, բնականաբար, Միացյալ Նահանգները ևս պետք է միջամտի»։

Հայաստանի համար նման ռազմավարական նշանակության նախագիծը չպետք է պայմանավորել որևէ արտաքին դերակատարի շահերով, շեշտում է Պետրոսյանը։ Նա հիշեցնում է, որ հայկական կողմը բազմիցս նշել է՝ անկախ Ռուսաստանի դիրքավորումից՝ պատրաստ է ինքնուրույն իրականացնելու, օրինակ, երկաթգծի շինարարությունն այն հատվածներում, որտեղ դրա կարիքը կա։

Փորձագետի խոսքով՝ կառավարելի է նաև Իրանի դիրքորոշումը, չնայած Վաշինգտոնի ու Թեհրանի միջև առկա բազմաթիվ խնդիրներին։

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն այնպիսի կարևոր նշանակություն ունեն, որ չեմ կարծում, թե Իրանը կարող է դեմ լինել այնպիսի նախագծին, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և, բացի այդ, այն կարող է մեծ օգուտներ և ձեռքբերումներ տալ նաև հենց Իրանին»։

Ի դեպ, օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին Թեհրանում քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրային հոսքերի ու մաքսային վերահսկողության դյուրացման հարցերը։

Կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ գործարկել նախնական տվյալների փոխանակման համակարգը, աշխատել լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման ուղղությամբ։ Նաև արձանագրություն են ստորագրել ապրանքների ու տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման մասին։

Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի Սևանի առանձնատան պարիսպը


Հայաստան


Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում, ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը, իսկ առանձնատան վերաբերյալ Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում:

Առանձնատնից բացի, Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել նաև «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրի, «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում,  Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:



Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստին նվիրված գիտաժողովին կմասնակցեն նաեւ անկախ հետազոտողներ


Մշակույթ


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հոկտեմբերի 16–18-ը կկազմակերպվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով։ Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում և նվիրվում է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։

Գիտաժողովը նախատեսվում է նաև որպես մասնագիտական հարթակ՝ ոլորտում առկա խնդիրների հավաքագրման և համակարգման, տարբեր հաստատությունների ու հետազոտողների փորձի համադրման, ինչպես նաև հետագա ուսումնասիրությունների և գործնական քայլերի համար առաջարկությունների ձևավորման նպատակով։

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 30-ը գիտաժողովի կազմկոմիտեին անհրաժեշտ է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները, որոնք պետք է հստակ ներկայացնեն զեկուցման բովանդակությունը, ուսումնասիրության նպատակը, հիմնական հարցադրումները և հետազոտության առանցքային դրույթները։

Գիտաժողովին կարող են մասնակցել նաև անկախ հետազոտողները։