Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև


Քաղաքականություն


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատմել է, թե ինչպես է Ադրբեջանը հասել նրան, որ Իսրայելը հրաժարվի «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու մտադրությունից։

«Թեև շատ հարցերում մենք խորհրդակցում ենք Անկարայի հետ, այս դեպքում քայլ ենք ձեռնարկել առանց Թուրքիայի հետ նախնական քննարկման: Դա է պահանջում «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը: Մենք Իսրայելին ասացինք. «Այն, ինչ դուք անում եք, սխալ է: Եթե կարծում եք, որ այս քայլով կկարողանաք վնասել Թուրքիային, ապա սխալվում եք»»,- ասել է Հաջիևը։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը նախազգուշացրել է Իսրայելին, որ նման որոշումը ոչ միայն չի հասնի դրված նպատակին, այլև վնաս կհասցնի Իսրայելի հարաբերություններին Թուրքիայի հետ, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների և ադրբեջանական հասարակության կողմից Իսրայելի ընկալման վրա:

«Մենք բացատրեցինք, որ դա Իսրայելին ոչ մի օգուտ չի բերի, և խորհուրդ տվեցինք հրաժարվել այդ գաղափարից: Նրանք ընդունեցին, որ դա սխալ որոշում էր, և հասկացան դրա շուտափույթ հետկանչման կարևորությունը»։

Հաջիևը շեշտել է՝ Ադրբեջանը երախտագիտություն չի ակնկալում այս գործողությունների համար: «Դա մեր պարտքն է: Մենք դրա համար երախտագիտության չենք սպասում. դա մեր եղբայրական պարտքն է»։

radar armenia



Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում


Աշխարհ


Անտառային հրդեհը մոտ 230 տուն է ոչնչացրել Կանադայի արևմուտքում գտնվող բնիկների համայնքում՝ հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Օկանագան հնդկական համայնքի ղեկավար Դեն Ուիլսոնը հայտնել է, որ հրդեհը տարածվել է Վեռնոն քաղաքի մոտ գտնվող արգելոցի զգալի մասում, որը գտնվում է Վանկուվերից մոտ  440 կմ հյուսիս‑արևելք: Ըստ օդային զննման՝ տարածքը գրեթե ամբողջությամբ այրվել է։

Հրդեհը բռնկվել է ուրբաթ ուշ երեկոյան և տարածվել է մինչև 115 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով: Վիլսոնի խոսքով՝ որոշ բնակիչներ տարհանման համար ընդամենը մի քանի րոպե են ունեցել: Ավիացիոն հրշեջ ստորաբաժանումները կարողացել են պաշտպանել ենթակառուցվածքների մի մասը, ներառյալ մանկապարտեզը և նորակառույց դպրոցը: Բրիտանական Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ նահանգում տարհանվել է մոտ 8 հազար մարդ:

Անտառային հրդեհների ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում բռնկվել է մոտ 120 հրդեհ, որոնցից մոտ 50-ը վերահսկողությունից դուրս են։ 



Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան


Քաղաքականություն


Կառաջարկեմ դեպքերից առաջ չընկնել, ժամանակը կգա, լուծումը կգտնենք, բայց այն, որ Սահմանադրության փոփոխությունը առաջին հերթին հենց մեզ՝ ՀՀ-ին է պետք, դա միանշանակ է, որովհետև Սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության համար իրենց համաձայնությունը, քվեն է պետք լինելու, և եթե այդ համաձայնությունը չլինի, ինչպե՛ս են պատկերացնում Սահմանադրության փոփոխությունը։

«Որ մատի փաթաթան են սարքել, անընդհատ ասում են՝ Անկախության հռչակագիր, Անկախության հռչակագիր, նոր Սահմանադրության մեջ հղում չկա Անկախության հռչակագրին, ինչո՞ւ չկա։ Մի պարզ պատճառով, որովհետև Ղարաբաղյան շարժման էջը Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ, ու առաջինը մե՛զ է պետք փակել, որովհետև այդ էջը դե ֆակտո և դե յուրե փակելով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու»,- ասաց նա։



Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել


Կալիֆոռնիայի իրավապահ մարմինները Լոս Անջելեսի շրջանում զինված տղամարդու են ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի մերձակայքում՝ Սպիտակ տան ղեկավարի՝ այնտեղ այցից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ABC News-ը հաղորդում է, որ տղամարդը լուսանկարում և տեսանկարահանում էր Թրամփի գոլֆի ակումբը և հետևում անվտանգության ծառայության գործողություններին։

Տղամարդը 38-ամյա Ջանին Ջոն Թեյլն է Դաունիից, որը հետաքննության տակ է կողոպուտի գործով։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, սակայն այդ մասին հրապարակումներ են հայտնվել միայն օգոստոսի 4-ին։

Խուզարկության ընթացքում Թեյլի մոտ գտել են փամփուշտներով պահեստատուփ։ Նրա մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, իսկ տանը՝ վերափոխված գրոհային հրացան, երկու ռացիա, զրահաբաճկոն, ինչպես նաև մի քանի ծոցատետր՝ «անհանգստություն առաջացնող գրություններով»։

Թրամփն օգոստոսի 4-ին Վաշինգտոնից Լոս Անջելես է մեկնել  Հանրապետական ​​կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը մասնակցելու համար։

Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Թրամփը նշել է, որ ինքն այնպիսի նախագահ է, որի գործողությունները մեծ ազդեցություն ունեն։

ԱՄՆ ղեկավարը երեք անգամ դարձել է մահափորձերի թիրախ։ Առաջին երկու փորձերը տեղի են ունեցել 2024 թվականին՝ նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ. հուլիսին նրա վրա կրակել են Փենսիլվանիայի նահանգի Բաթլերի շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Երկու ամիս անց մեկ այլ չարագործ զենքով ձերբակալվել է Ֆլորիդայի Փալմ Բիչում Trump International Golf Club գոլֆի ակումբի մոտ, որտեղ գտնվում էր Թրամփը։ Երրորդ մահափորձը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 25-ին մայրաքաղաքի Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տանը հավատարմագրված Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որտեղ ներկա էր ԱՄՆ վարչակազմի ամբողջ վերնախավը:



Ամփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի


Ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։ Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։

Այսպիսով, 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10958 առաջինկուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների (15859 դիմորդ) 69,1%-ը, և 2026թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի (22 205 շրջանավարտ) 49,35%-ը։ Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։

Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 ուստարվա համար հատկացված ընդհանուր 12720 տեղերի 86,15%-ը։

Հիշեցնենք, որ 2021–2025 թվականներին առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունվածների թիվն աճել է 9700-ից մինչև 10 970։ 2026 թվականին ցուցանիշը շարունակում է լինել կայուն՝ 2021 թվականի համեմատ աճելով շուրջ 13%-ով։

Ովքե՞ր և ե՞րբ կարող էին մասնակցել բուհական ընդունելության լրացուցիչ փուլին

Բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլին կարող էին մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլի մրցույթի արդյունքներով չէին ընդունվել հայտագրած մասնագիտությամբ, սակայն միասնական քննություններից ունեն դրական գնահատականներ։ Ի տարբերություն մրցույթի հիմնական փուլի, որում դիմորդը հայտագրում է 1 բուհի 1 մասնագիտություն, լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հավակնելու մեկ կամ մի քանի բուհերի մինչև 6 մասնագիտությունների գծով առկա թափուր տեղերին։

Դիմորդների մասնակցության աճ. բուհական ընդունելության քննություններին մասնակցել է շրջանավարտների 50%-ից ավելին

Կառավարության կողմից 2026/27 ուսումնական տարվա համար հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ, 10587-ը՝ վճարովի համակարգում։

Բուհեր ընդունելության հիմնական մրցույթի առաջին փուլում՝ 2025թ դեկտեմբերին, dimord.am հարթակում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 12447 դիմորդ՝ շուրջ 800-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Դիմորդների հիմնական մասը եղել են 12-րդ դասարանի շրջանավարտներ այս տարի ՀՀ հանրակրթական ուսհաստատությունների շրջանավարտների (22 205 շրջանավարտ) 50%-ից ավելին հայտագրվել է միասնական քննությունների առաջին փուլին:

Ընդունելության հիմնական մրցույթի երկրորդ փուլում` 2026թ ապրիլի 15-մայիսի 10-ը, dimord.am հարթակում հայտագրվել է 16482 դիմորդ (471-ով ավելի, քան նախորդ տարի)։ Նրանցից 15859 դիմորդ հայտագրել է բուհ և մասնագիտություն 12893 դիմորդ հայտագրել է երկու միասնական, իսկ 2897-ը՝ երկու ներբուհական քննություն, ևս 69-ը՝ մեկական միասնական և ներբուհական։

Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում այս տարի ներկայացվել է 28929 դիմում-հայտ, ինչը շուրջ 1300-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։

Հիմնական մրցույթի երրորդ փուլի շրջանակում էլ նոր չափորոշիչներով փորձարարական միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է Տավուշի մարզի 493 դիմորդ նախորդ տարի նրանց թիվը կազմել է 319։ Փորձարարական քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքները նախորդ տարվա համեմատ բարելավվել են։

Գերակա ուղղություններով ուսուցման խթանում

Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության խթանման համատեքստում 2026/2027 ուստարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար  նախատեսված 2133 տեղերից 1282-ը (ընդհանուր տեղերի թվի 60.1%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) ոլորտին:

Դիմորդների կողմից առավել պահանջված բուհերն ու մասնագիտությունները

Ըստ նախնական տվյալների՝ ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: 

Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։

Լրացուցիչ փուլում ընդունվածների առումով առաջատարն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 75 ընդունված դիմորդով։ 


Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում ամերիկյան զինված ուժերը «շատ ուժեղ հարված» կհասցնեն Իրանին։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ի հետ հարցազրույցում ու նորից արտահայտել այն տեսակետը, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ «Մենք շատ լավ քննարկումներ ենք ունենում, բայց նրանք չեն ցանկանում դա խոստովանել»,- ասել է Թրամփն ու ընդգծել, որ դիվանագիտական լուծումը նախընտրում է նոր ռազմական հակամարտությունից։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար, և պարզաբանել, որ «եթե Իրանի իշխանությունները կրկին նահանջեն, նրանք իսկապես ուժեղ հարված կստանան»։ «Նրանք դա գիտեն, հասկանում են, որ ես այլընտրանք չունեմ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Դա շատ պարզ է»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։ Նա վստահեցրել է, որ Իրանի կողմից միջուկային զենքից հրաժարվելը պաշտոնապես կամրագրվի:

Թրամփը լրագրողների ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ առաջիկա 48 ժամվա ընթացքում, իսկ Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն օգոստոսի 5-ին, եթե Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնություն ձեռք բերվի։



Մեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանել


Հայաստան


Այն, որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ընդունում ընտրակաշառքի հարյուրավոր դեպքերը, կներեք, բայց աբսուրդի ժանրից է առնվազն։ Այդ դեպքերը մի հատ չեն, երկու հատ չեն, մի քանի տասնյակ չեն, հարյուրավոր դեպքեր են, ընդ որում՝ խեղված ճակատագրերի մասին են այս դեպքերը խոսում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընտրակաշառքների հետ կապված գործեր կան, մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները չեն ընդունում, որ որևէ ապօրինի գործողություն կամ ինքնախոստովանական ցուցմունքներ են եղել:

«Ազգային ժողովի նիստերի դահլիճում այդ մարդիկ հայտարարում են, ասում են՝ շանտղություն է ընտրակաշառք բաժանելը։ Դե կներեք, էլի, ժողովո՛ւրդ ջան, ձեր փեշերից հեռու, դուք ընդհանրապես կապ չունեք այդ ընտրակաշառքի հետ։ Լա՛վ, բա ի՞նչ երեսով եք նայելու մեր ժողովրդի աչքերին։ Մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ախր՝ ո՛վ է ընտրակաշառք բաժանել։ Բա որ ասում եք՝ շանտղություն է, պատկերացնո՞ւմ եք՝ ձեզ արդեն ինչ աչքերով է նայելու մեր ժողովուրդը։ Սա առնվազն, կներեք, բայց անլուրջ է։

Այդ խեղված ճակատագրերի համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել ու չի էլ տալիս։ Այդ մարդկանց օգտագործեցին ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար, մեկանգամյա օգտագործման համար էին այդ մարդիկ։ Այդ մարդիկ հիմա հայտնվեցին քրեական գործերի տակ, հայտնվեցին ճաղերի հետևում, ու այդ մարդկանց վրա նրանք արդեն խաչ են քաշել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պնդումներին, թե իշխանությունը բռնաճնշումների է ենթարկում ընդդիմությանը, Տարոն Չախոյանը պատասխանեց. «Բռնաճնշումներ իրականացնող իշխանությունը երբեք կոչ չի անի ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Սա աբսուրդ է: Աշխարհում նման դեպք, երևույթ գոյություն չունեն ուղղակի»։



«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ


Մշակույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի ԳանձաքարԱչաջուրՎերին ԾաղկավանԿոտայքի մարզի ԳառնիԱրգելԱրագածոտնի մարզի Երնջատափ և Աշտարակ, Գեղարքունիքի մարզի ՃամբարակՍյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Ալավերդի համայնքներում։

Ծրագրի շրջանակում նշված համայնքներում անցկացվում են հայկական ձեռարվեստի՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ասեղնագործության, ժանեկագործության և տիկնիկագործության դասընթացներ՝ տարբեր տարիքի երեխաներին փոխանցելով ավանդական գիտելիքներ և հմտություններ։  

Այս ծրագիրը կրթամշակութային նախաձեռնություն է, որը փուլ առ փուլ ընդլայնվելու է Երևանում և Հայաստանի մարզերում՝ ներգրավելով տարբեր տարիքային և սոցիալական խմբերի։ Ծրագիրը համատեղում է ժողովրդական ձեռարվեստի ուսուցումը, տեղական ավանդույթների ուսումնասիրությունը, համայնքային հանդիպումները, վարպետության դասերը և մշակութային ճանաչողական այցերը՝ ձևավորելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ամբողջական կրթական միջավայր։

Ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն սովորեցնում է ավանդական արհեստներ, այլև նպաստում է համայնքներում մշակութային ինքնության ամրապնդմանը, տեղական ժառանգության արժևորմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը։

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաները» ձևավորում են մշակույթը ճանաչող և արժևորող նոր սերունդ, բացահայտում և զարգացնում են համայնքների արհեստագործական ներուժը, նպաստում են նոր վարպետների ձևավորմանը և հիմք ստեղծում մշակութային, ստեղծարար և զբոսաշրջային նոր նախաձեռնությունների իրականացման համար։




Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է


Տեսանյութեր


Հուլիսի 13-ի առավոտյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դավթաշենի իրենց շենքի մոտ կայանված մեքենայից գողացել են դիմացի հատվածի դետալներ։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը ավտոկայանատեղիում հանել-տարել են մեքենայի թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցը՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ հետը բերելով գողոնը։

Նախաքննությունը շարունակվում է։



Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար


Բիզնես


ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրում պետական միջոցներով կառուցվող կրթահամալիրի գործունեությամբ պայմանավորված՝ կհիմնանորոգվի Մեծ Մասրիկ – Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6,2 կիլոմետր հատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
 
Շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի համար վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 14-ի ժամը 11։00-ն։
 
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 8 միլիոն դրամ, որը կհատկացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից։
 
Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում դեպի կրթահամալիր բարեկարգ երթևեկություն կապահովվի նաև Կուտական և Տրետուք բնակավայրերի սովորողների համար։