Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում են


Հայաստան


«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
 
Անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։
 
Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը և նպատակ ունեն նաև հստակեցնել հուշարձանի վերականգնման նախագիծը։



Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ


Աշխարհ


Մոլորակի ամենահյուսիսային շրջաններում՝ 80° հյուսիսային լայնությունից վեր, գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ՝ հասնելով մինչև +17 °C (Գրենլանդիայի Նորդ կայան)։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
Հատկապես ուշագրավ է Կանադայի Քլայդ բնակավայրում գրանցված +12.7 °C նվազագույն օրական ջերմաստիճանը։ Այս ցուցանիշը մեծ տարբերությամբ գերազանցել է տվյալ վայրում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված օդի ամենաբարձր գիշերային (նվազագույն) ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը։
 



Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին


Քաղաքականություն


Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ մանդատներից 3-ը բաժին են հասել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 1-ը՝ «Ուժեղ Հայաստանին», բա մանդատն ինչո՞ւ են վերցրել: Կա՞ մեկը, որ հրաժարվել է մանդատից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԲՀԿ-ից մանդատ է գողացել:

Ինչ վերաբերում է Yerevan Wellness Center դարձած սպորտային կենտրոնի տնօրենի նշանակմանը, Վահագն Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Նշան Մալխասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ընդգրկված է եղել կուսակցության ընտրացուցակում, աշխարհի հնգակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է: «Նա երևի Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկն է: Այո՛, ունեմ նրա հետ անձնական հարաբերություն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» սպորտային համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։ Այն կապարակնքվելուց հետո օրեր առաջ վերաբացվել է Yerevan Wellness Center անվամբ:



Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը


Քաղաքականություն


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ընդդիմադիր խմբակցությունն առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում յուրաքանչյուր թեկնածուի ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։



Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ այդ բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում։
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեր պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից է, որի գործունեությունից մեծապես կախված են օրենսդիր իշխանության արդյունավետությունը, խորհրդարանական ժողովրդավարության զարգացումը, սահմանադրական արժեքների պահպանումը և հանրային վստահության ամրապնդումը։
 
Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնը ենթադրում է առանձնահատուկ պատասխանատվություն խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման, արդյունավետ օրենսդրական աշխատանքի կազմակերպման, կառուցողական քաղաքական երկխոսության խթանման և պետական իշխանության ճյուղերի միջև սահմանադրական հավասարակշռության ամրապնդման գործում։
 
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը, խորհրդարանական մշակույթի հետագա ամրապնդմանը և այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության պետական շահին, մեր պետականության շարունակական հզորացմանը, ժողովրդավարության զարգացմանը և քաղաքացիների բարօրությանը։
 
Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա սահմանադրական ինստիտուտների ամրապնդման, մեր պետության առաջընթացի և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի»:



«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է


Սպորտ


«Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անդրադարձել է «Ռեալ Մադրիդից» իր հեռացմանը։ Իսպանացի մարզիչը գլխավորեց «Ռեալը» անցյալ տարվա հունիսին և հեռացվեց ընդամենը 7 ամիս անց։ «Չելսին» նոր մարզչի նշանակման մասին հայտարարեց մայիսի վերջին։

«Բարեբախտաբար, իմ կարիերայից շատ սպիներ չունեմ։ «Ռեալց» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել է. հիմա ես վճռականորեն տրամադրված եմ վայելել նոր մարտահրավերը։

«Ռեալ Մադրիդից» հետո ես շատ ինքնաքննադատ էի՝ շատ բան մտածելով այն մասին, թե ինչ կարող էի ավելի լավ անել։ Հիասթափությունները օգնում են քեզ սովորել», – 44-ամյա մարզիչի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Խաբի Ալոնսոյի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։



Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի


Քաղաքականություն


Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Որպեսզի նրան ավելի շատ հնարավորություններ տրվի միաժամանակ զբաղվել հենց այս հարցերով՝ դիվանագիտությամբ, պաշտպանությամբ և ԱՄՆ-ի ու այլ գործընկերների հետ բանակցային գործընթացով, Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար», – ասել է Զելենսկին։

Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Ումերովը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան, սակայն այդ պաշտոնում նշանակվել է Օլգա Ստեֆանիշինան։



Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում


Քաղաքականություն


ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանը ևս վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:



Արձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունից


ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։

2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար։

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝

– հայտարարվել է «նախազգուշացում»` 11,
– հայտարարվել է «նկատողություն»` 86,
– հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19,
– hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19,
– «ծառայության դադարեցում»՝ 11։

Միաժամանակ, ոստիկանության 11 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ, որից 1՝ «նկատողություն», 2՝ «խիստ նկատողություն»։

Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։

ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողների և աշխատողների նկատմամբ կիրառվել է 5 կարգապահական տույժ, որից 4՝ «նկատողություն», 1՝ «խիստ նկատողություն»։

2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 7 նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ՝ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այդ նյութերը պարունակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և այլ բնույթի ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ։

Հաշվետու ժամանակահատվածում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ․ քննարկվել են Ոստիկանության 17 և փրկարարական 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 16 նյութեր ու եզրակացություններ:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության և փրկարարական 17 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 6 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 11 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։


Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները


Բիզնես


Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած գործարար հավաքին, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները: Այս մասին հայտնում են դեսպանությունից։
 
Դեսպան Վահագն Աֆյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրելով Հայաստանի որակյալ արտադրանքի նոր շուկաների արտահանման, ինչպես նաև ԹՐԻՓՓ ուղու հնարավորությունների վրա, քաջալերել է գործունեության ծավալման և այցելությունների համար դիտարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության կոմիտեի հարթակները։
 
Երկու տասնյակից ավելի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ միջոցառման նախորդ օրը ՀՀ դեսպանը թեմատիկ պանելային քննարկման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի վերականգնվող էներգետիկային, Միջազգային արևային դաշինքի (ISA) անդամակցությանը, համաշխարհային հայտնի Firebird ու NVIDIA ընկերությունների հետ կառուցվող արհեստական բանականության ձեռնարկություններին և Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին:
 
«Հնդկաստանի գլոբալ բիզնես ֆորում» (GIBF) պալատի կազմակերպած «Հնդկաստան-Ասիա» խորագրով միջոցառման բացմանը ներկա է եղել Հնդկաստանի Թելանգանայի նահանգապետ Շիվ Պրատապ Շուկլան, իսկ քննարկումներին մասնակցել են HITEX ցուցահանդեսային տարածքում զուգահեռ անցկացված IPEC Expo-ի հարյուրավոր ընկերությունների գործարարներ։