Գաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունը


Հայաստան


«Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունը տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում։

Ցուցադրությունը ներառում է տարբեր մեդիաներով արված աշխատանքներ՝ վիդեո, ինստալացիա, գրաֆիկա, քանդակ, ինտերակտիվ աշխատանքներ, որոնք առաջարկում են զգալ ոչ միայն ներկայությունը, այլև բացակայությունը՝ լռությունը, մթությունը, անտեսանելին։

Ստեղծագործությունները միավորում են ձայնը, գույնը, ձևը, նյութը, հոտն ու հիշողությունը՝ վերածելով դրանք անձնական և բազմազգայական փորձառության։ Այս տարածքում դիտողը դառնում է մասնակից, նա լսում է առանց տեսնելու, տեսնում է առանց լսելու, շոշափում է և պատկերացնում։

Պատանեկան խորհրդի տասնինը անդամների կողմից նախաձեռնված «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» նախագիծը հրավիրում է վերանայելու մեր սովորական ընկալումը և բացելու այն նուրբ սահմանները, որտեղ սկսում է աշխատել զգացողության այլ լեզուն։



Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը


Հարեվաններ


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակից ստացել է դիմում՝ ուսումնասիրելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ քրեական հետաքննություն սկսելու հնարավորությունը, «Ուկրինֆորմ»-ին հայտնել է գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Մարյանա Գաևսկա-Կովբասյուկը։ Նրա խոսքով՝ դիմումն այժմ ուսումնասիրվում է, սակայն մինչ օրս դրա հիման վրա քրեական վարույթ չի հարուցվել։

Հարցումը ներկայացվել է բելառուսական ընդդիմության «Ժողովրդավարական ուժերի ֆորումի» դիմումից հետո։ Ընդդիմադիրները պնդում են, որ Լուկաշենկոն աջակցել է Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայի դեմ և պահանջում են այդ գործողություններին իրավական գնահատական տալ։

Reuters-ի գնահատմամբ՝ ներկայումս Լուկաշենկոյի նկատմամբ Ուկրաինայի դատարանում դատավարության իրական հեռանկար գրեթե չկա։ Սակայն հնարավոր քրեական գործը կարող է ծառայել որպես լրացուցիչ քաղաքական և իրավական փաստարկ՝ Բելառուսի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու համար։



Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները


Հայաստան


Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5248 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 153 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 894, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 37, վարելու ընթացքում ծխելու՝ 699, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 383, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 10 և 1713 այլ իրավախախտում։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 85-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 68-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 40-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 72 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16405 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել են ոչ սթափ 313 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 463 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 4489, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 328, վարելու ընթացքում ծխելու՝ 605, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 721, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 81, արագության գերազանցման՝ 2954 և 5117 այլ իրավախախտում։ 57 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 570-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 493-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 150-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 19 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ:



Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ


Աշխարհ


Ամռան սկզբից Ֆրանսիայում ձերբակալվել է 375 մարդ, այդ թվում՝ 142 անչափահաս, բազմաթիվ անտառային հրդեհներին մասնակցելու կասկածանքով, երկուշաբթի հաղորդել է BFMTV-ն՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։

Ձերբակալված 375 անձանցից 36-ը կամ դատապարտվել են ազատազրկման, կամ նախնական կալանքի տակ են մինչև դատը։

Հեռուստաալիքը նշում է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիայի տարբեր վայրերում, մասնավորապես՝ Ժիրոնդ, Օդ և Սեն-է-Մառն դեպարտամենտներում, բռնկվել է մի քանի հրդեհ։ Մի մասն առաջացել է ծայրահեղ շոգից, մյուսներում առկա է մարդկային գործոնը։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հուլիսին հայտարարել է, որ հրդեհների հետ կապված միջադեպերի երկու երրորդը «դիտավորյալ հրկիզում» է, իսկ մնացածը՝ պատահականություն:



Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ


Հայաստան


Արարատի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերականգնված գումարի չափը կազմել է 70 միլիոն 626 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 51 միլիոն 930 հազար դրամ:

 

Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 1280 քմ մակերեսով հողամասը, Այգի 6 հասցեում գտնվող՝ 2100 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 591 քմ մակերեսով հողամասը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 7 միլիոն 455 հազար դրամ է:

 

Արարատի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 32 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 10 քրեական վարույթ:

 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 19 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:



Հորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNN


Աշխարհ


Հորմուզի նեղուցով նավթի առաքումները լիովին չեն դադարել՝ չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի բացակայությանը, երկուշաբթի հաղորդել է CNN-ը։

«Մինչև 5 միլիոն բարել նավթ է անցնում Պարսից ծոցի Օմանի ափերի մոտ գտնվող հարավային միջանցքով»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով նավագնացության աղբյուրներին։

CNN-ի տվյալներով՝ նավերի երթևեկությունը շարունակվում է՝ «չնայած իրանական անօդաչու թռչող սարքերի պարբերական հարձակումներին»։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նավթի առաքումները ներկայումս կազմում են օրական մոտավորապես 3-5 միլիոն բարել։

Մինչդեռ, Մերձավոր Արևելքի հակամարտությունից առաջ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով օրական միջինում ստացվում էր մոտ 20 միլիոն բարել նավթ, որը կազմում էր համաշխարհային մատակարարման մոտ 20%-ը, նշում է CNN-ը։



Արխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավոր


Հարեվաններ


Գելենջիկի մոտակայքում գտնվող Արխիպո-Օսիպովկա ավանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 47-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Տեղական իշխանությունները և Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածը հասցվել է զբոսաշրջային սեզոնի թեժ պահին։

Զոհվածների թվում կա երեք երեխա։ Ըստ Գելենջիկի քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովի՝ տուժածներից առնվազն 17-ը հոսպիտալացվել են Գելենջիկի, Տուապսեի և Գորյաչի Կլյուչի բժշկական հաստատություններում, իսկ ծանր վիճակում գտնվողներին տեղափոխել են հարակից խոշոր քաղաքների հիվանդանոցներ։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների ծառայությունները՝ վիրավորների վերջնական ցուցակները ճշտելու և հետևանքները վերացնելու նպատակով։



ԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. Փեզեշքիան


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համոզել Վաշինգտոնին կատարելու փոխըմբռնման հուշագրի պայմանները, քանի որ դրանից է կախված Մերձավոր Արևելքի անվտանգությունը:

«Մենք պետք է ձգտենք համոզել թշնամուն հավատարիմ մնալ ստորագրվածին։ Երկրի, տարածաշրջանի և մեր դաշնակիցների անվտանգությունը կամրապնդվի այդ հուշագրի շնորհիվ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ հուշագիրն ապագայում կդառնա Իրանի միջազգային հարաբերությունների հիմքը։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը: Փաստաթղթում, մասնավորապես, տեղ են գտել Հորմուզի նեղուցի բացումն ու Թեհրանի հավաստիացումները, որ միջուկային զենք մշակելու ծրագրեր չունի:

Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը, սակայն, ԱՄՆ-ն սկսել է կետային հարվածներ հասցնել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի գնդակոծության: Ավելի ուշ Վաշինգտոնն ընդլայնել է հարվածների շրջանակը՝ դրանք չկապելով նեղուցով անցնող նավագնացության շուրջ վեճերի հետ։

Կիրակի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է չշարունակել Իրանի դեմ նախատեսված ավելի մեծ հարվածները, քանի որ ցանկանում է արագ և խաղաղ ճանապարհով հասնել իր նպատակներին։



Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել

Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել


Վերջին շաբաթներին Հայաստանում միանգամից մի քանի զանգվածային սննդային թունավորում է գրանցվել։ Տարբեր համայնքներում և հանրային սննդի օբյեկտներում գրանցված դեպքերը կրկին սրել են հարցը, թե որտեղ է խզվում սննդի անվտանգության շղթան, և թե որ փուլում է առաջանում վտանգը։

Տոնական սեղան, ուրախ հավաք․ ընտանեկան կարևոր օրը ժամեր անց վերածվեց անհանգստության։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցը մկրտության երեկոյի մասնակից էր։ Ասում է՝ սննդի համն ու հոտը կասկածելի չէին։ Սակայն ժամեր անց ինքնազգացողությունը վատացել է․ որովայնային ցավեր և սննդային թունավորմանը բնորոշ այլ ախտանիշներ։ Կեսգիշերին ստիպված եղավ բժշկի դիմելու։ Պարզվեց՝ միակը չէր։ Օգոստոսի 1-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Բոլորն էլ՝ նույն միջոցառման մասնակիցներ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը հանրային սննդի ոլորտում։ ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ միայն ամռան երկու ամսում ստուգվել է հանրային սննդի 107 օբյեկտ։ 13-ում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պատճառով գործունեությունը կասեցվել է։ Կասեցված օբյեկտներից են մանկական երեք ճամբարների խոհանոցներ․

«Նրանցից 5-ը խախտումները վերացրել են, և վերականգնվել է նրանց գործունեությունը, մնացածը շարունակում են մնալ դեռ կասեցված»։

Տեսչական մարմնի ստուգումները տարեկան ծրագրով են, նաև քաղաքացիների բողոքների և ահազանգերի հիման վրա։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը նշում է՝ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվում են տարբեր չափի տուգանքներ՝ կախված խախտման բնույթից․

«Օրինակ՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների համար հանրային սննդի կետերում նախատեսվում է տուգանք 20-120 հզր դրամ, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի համար՝ 100-200 հզր դրամ տուգանք, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումով սննդամթերք արտադրելու համար՝ 200-500 հզր դրամ, արտադրություններում արտադրական պրոցեսները կամ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար՝ արդեն 400 հզր դրամ, ու յուրաքանչյուր խախտում գումարվում է իրար»։

Սննդային թունավորման պատճառները ողջ շղթայի տարբեր փուլերում են՝ հումքի ընդունումից մինչև պատրաստում, պահպանում և մատուցում։

Վերջին շաբաթներին զանգվածային թունավորման դեպքերից մեկը Լոռու մարզի Ճոճկան համայնքում էր։ Հարսանեկան արարողությունից հետո 22 քաղաքացի բժշկի էր դիմել սուր աղիքային վարակի ախտանիշներով՝ հիմնականում փսխում և լուծ։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել էր ստաֆիլոկոկային վարակ։

Տեսչական ստուգումները հայտնաբերել էին սանիտարահիգիենիկ մի շարք լուրջ խախտումներ, օբյեկտի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր։

Աղմուկից զերծ չմնաց նաև Ֆրանսիայի դեսպանատունը։ Երկրի ազգային տոնի առիթով ընդունելությունից հետո տասնյակ հյուրեր սուր աղիքային վարակի ախտանիշներով դիմել էին բուժօգնության։ Հետազոտություններով հաստատվեց սալմոնելոզ։ Երևանի ամենահայտնի հյուրանոցներից մեկում պատվիրված սննդից թունավորումների պատճառով դեսպանատունը հայտնվեց անհարմար դրության մեջ և հաղորդագրությամբ ափսոսանք հայտնեց կատարվածի համար՝ ակնկալելով, որ կպարզվեն պատճառն ու մեղավորները։

Ստուգումներ սկսվեցին սնունդը պատրաստած խոհանոցում։ Պաշտոնական կառույցները նշել էին՝ միջոցառմանը մատուցված սննդի նմուշներն արդեն հնարավոր չէր հետազոտել, քանի որ դրանք ամբողջությամբ սպառված էին։

Հատկապես ամռան ամիսներին կարևորվում է, այսպես կոչված, «սառը շղթայի» պահպանումը՝ ասում է ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը․

«Ստուգման ընթացքում նայել ենք ընդունվող հումքի տեսակը․ ի՞նչ հումք ենք ընդունում, ի՞նչ պայմաններում է այն ընդունվում, այնուհետև ամբողջ ընթացքը՝ որտեղ է պահպանվում, սառնարաններում է արդյոք, թե ոչ, արդյոք սառնարանները կամ այն դարակաշարը, որտեղ որ պահպանվում է, համապատասխանում են օրենսդրական պահանջներին, թե ոչ։ Եփման պրոցեսներում արդյո՞ք ճիշտ է եփվում, սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հորդորում են սնունդը պատրաստել մատուցմանը հնարավորինս մոտ ժամերի, իսկ մինչև այդ պահել սառնարանային պայմաններում։ Երկար ժամանակ  բաց մնացած սնունդը պարզապես պետք է թափել։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանն ասում է՝ որքան էլ իրենք հորդորեն, հույսը մարդկանց գիտակցության վրա է․

«Սպառողներին կհորդորեմ, որ աչալուրջ լինեն, պահանջատեր լինեն և խախտումների դեպքում անպայման ահազանգեն, չհապաղեն, իսկ տնտեսվարողներին կհորդորեմ պահպանել օրենսդրական պահանջները և պարտավորություն կրեն սպառողների առողջության և անվտանգության համար»։

Երևանում ու Հայաստանի տարբեր համայնքներում տասնյակ մարդկանց հիվանդանոց հասցրած դեպքերը հիշեցնում են՝ ափսեում հաճախ լուրջ վտանգ է թաքնված, այնպես որ զգոն է պետք լինել։

armradio