Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ


Սպորտ


Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը առաջիկա ամռանը կարող է կրկին հեռանալ հայրենիքից։ Ինչպես հաղորդում է Topskills Sports UK-ն, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՄԼՍ-ը ներկայացնող «Ցինցինատին»։

Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական քննարկումներ են սկսել բրազիլացի աստղի ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, «նարնջակապույտների» ղեկավարության կազմում դեռևս միասնական կարծիք չկա այն հարցի շուրջ, թե արդյոք արժե արդարացված ռիսկի դիմել և պայքարել այս տրանսֆերի համար։ Նշենք, որ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարեվերջ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Սանտոսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։




Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ


Հայաստան


Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել.

«Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:

Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ:

Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում  կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:



«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA


Գիտություն


Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը, որն «Արտեմիս 2» առաքելության շրջանակում լուսնի շուրջը թռիչք է կատարել, վերադառնում է Երկիր՝ հաղթահարելով ճանապարհի կեսից ավելին, հայտնում է NASA-ն: Ամերիկյան տիեզերական գերատեսչության տվյալներով՝ ներկայում տիեզերանավը՝ անձնակազմի չորս անդամով, գտնվում է մոլորակից մոտ 160 հազար կմ հեռու:

«Օրիոնը» պետք է վայրէջք կատարի ուրբաթ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում: Լուսին թռիչքն ու վերադարձը կտևի 10 օր:

«Օրիոն» տիեզերանավը արձակվել է SLS ծանր հրթիռակրի օգնությամբ՝ Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ անցյալ չորեքշաբթի:



Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի


Հայաստան


Ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ը ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։

 



Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում


Հայաստան


Վիճակագրական կոմիտեի տարածած տվյալների համաձայն, 2025 թվականի ընթացքում Հայաստանում դատապարտման է ենթարկվել 7,872 մարդ։ Ամենաշատ դատապարտվածները գրանցվել են Երևանում՝ 2,276 դեպք, սակայն սա հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքի բնակչության մեծ թվով։ Հարաբերական հաշվարկով Երևանում ցուցանիշը կազմում է մոտ 199 դատապարտված 100,000 բնակչի հաշվով, ինչը ցածր է հանրապետական միջինից։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում միջին ցուցանիշը կազմում է մոտ 256 դատապարտված 100,000 բնակչին, սակայն մարզերի միջև տարբերությունները զգալի են։

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Տավուշում (~458), ապա՝ Արմավիրում (~384) և Գեղարքունիքում (~331)։ Ավելի ցածր մակարդակներ են արձանագրվել Լոռիում (~222) և Արարատ-Վայոց ձորում (~215) (ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի համար գործում է ընդհանուր իրավասության մեկ դատարան)։ 

Ավելի մանրամասն պատկերն ըստ մարզերի ներկայացված է ստորև բերված աղյուսակում։

Top-News.am




Անվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումները


Տեսանյութեր


Ներքին գործերի նախարարությունում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները փոխում են թե՛ մոտեցումները, թե՛ արդյունքները։ 2025-ին՝ 2024-ի համեմատ, մեր երկրում գրանցված հանցագործությունների դեպքերը նվազել են 3.2 տոկոսով։ Զուգահեռ բարձրանում է բացահայտման արդյունավետությունն ու ավելանում է կանխարգելիչ գործիքակազմը։

Մանրամասները՝ Կառավարության լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում։



Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարար


Հայաստան


Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգին բնորոշ խնդիր չէ և դուրս է դրա ընդհանուր տրամաբանությունից։ ՆԳՆ «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա նշեց, որ համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում փոխվել են առաջնահերթությունները։

«Վաղուց արդեն կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի ընդհանուր տրամաբանությունից դուրս գտնվող երևույթ է, մենք գնալով կենտրոնանում ենք ավելի փոքր խնդիրների վրա»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եթե նախկինում քննարկումները կենտրոնացած էին համակարգում կոռուպցիոն դրսևորումների հաղթահարման վրա, ապա այժմ ուշադրության կենտրոնում են ծառայողների շփման հմտությունները, իրավական գիտելիքների բարձրացումը և մասնագիտական պատրաստվածության այլ բաղադրիչները։

Նախարարը նաև ընդգծեց, որ պարեկային ծառայության ձևավորումից հետո բարեփոխումների ծավալը զգալիորեն ընդլայնվել է։ «2021 թվականից հետո մեր բարեփոխումների ծավալը կրկնապատկվել, եռապատկվել, նույնիսկ քառապատկվել է»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին ձևավորվել են նոր ինստիտուցիոնալ կառույցներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության նոր կառուցվածք, համայնքային ոստիկանություն, ոստիկանության գվարդիա, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, ներդրվում է կենսաչափական համակարգը։

Նախարարը կարևորեց նաև բարեփոխումների շարունակականությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հետևողականորեն արձագանքի հանրային պահանջներին և շտկի առկա թերությունները։

«Մենք պիտի հետևողականորեն գնանք այն բոլոր խնդիրների լուծման ճանապարհով, որոնք արձանագրում ենք՝ մեծ, միջին կամ փոքր»,- եզրափակեց նա։ 



Կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը


Քաղաքականություն


 

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի ընդլայնված կազմով հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:



Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժել


Հարեվաններ


Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է տասը մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյին։

ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ պայթյունից հետո սկսվել է հրդեհը։ Շարունակվում են հրդեհաշիջման եւ փլատակների մաքրման աշխատանքները։
Տուժածներից մեկը երեխա է։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։



Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն առանձնացրել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնց ակումբը կարող է վաճառել առաջիկա ամռանը՝ ֆինանսական կայունություն ապահովելու և կազմն ուժեղացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, խոսքն իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյի և հարձակվող Ֆերան Տորեսի մասին է:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում դիտարկում են խաղացողներից բաժանվելու տարբերակը՝ մաքուր շահույթ ստանալու և աշխատավարձային ֆոնդը կրճատելու նպատակով: Հենց բարձր աշխատավարձերն են մնում այն հիմնական գործոններից մեկը, որը սահմանափակում է «կապտանռնագույնների» մրցունակությունը եվրոպական տրանսֆերային շուկայում: Բացի այդ, նշվում է նաև, որ վերջին ամիսներին երկու ֆուտբոլիստների դերակատարությունը թիմի խաղում զգալիորեն նվազել է, ինչն էլ լրացուցիչ պատճառ է դարձել նրանց հնարավոր հեռանալու համար:

Թեև ակումբի սանի՝ Կասադոյի վաճառքը բարդ որոշում է, այն կարող է անհրաժեշտ քայլ դառնալ ապագա գործարքների համար: Մասնավորապես, «Բարսելոնան» ակնկալում է միջոցներ ազատել համաշխարհային մակարդակի հարձակվողի ձեռքբերման համար: Հավանական թեկնածուների թվում է Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, աշխարհի չեմպիոն Խուլիան Ալվարեսը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Մարկ Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա նա մասնակցել է 42 հանդիպման, դարձել 16 գոլի և 1 ասիստի հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո: