ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է իր աշխատակիցներին ապահովել հատուկ էլեկտրահարող ձեռնոցներով: Ենթադրվում է, որ այդ սարքերը կօգտագործվեն բախումնային իրավիճակներում «լարվածության թուլացման» և ձերբակալվածներին հնազանդեցնելու համար, հաղորդում է CNN-ը։
Ինչպես հետևում է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (DHS) հրապարակած ծանուցումից, ICE-ը մտադիր է ձեռնոցների գնման համար ծախսել 10-20 միլիոն դոլար։ Խոսքը CTG 5 G.L.O.V.E. սարքի մասին է, որն արտադրող Compliant Technologies LLC-ն անվանում է «դյուրակիր դեէսկալացիոն սարք»։
Նախատեսվում է ձեռնոցները փոխանցել ICE-ի երկու ստորաբաժանումների աշխատակիցներին՝ Ներքին անվտանգության հետաքննություններին (HSI) և արտաքսման որոշումների կատարման ծառայությանը (ERO)։ Մատակարարումը պետք է ավարտվի մինչև 2027 թվականի մարտի 31-ը։ Միաժամանակ առայժմ հայտնի չէ, թե քանի ձեռնոց են պատրաստվում գնել և երբ աշխատակիցները կսկսեն դրանցից օգտվել։
Ըստ արտադրողի հրահանգի՝ սարքը կարող է ապահովել մինչև 380 վոլտ լարում և նախատեսված է մարդու նյարդային համակարգի վրա ազդելու համար, որպեսզի ժամանակավորապես խախտի մկանային շարժումների կոորդինացիան։ Ձեռնոցը պետք է անմիջականորեն շփվի մաշկի հետ և չի աշխատում հագուստի կամ մազերի միջով։ Դեպքերի մեծ մասում ազդեցության տևողությունը չպետք է գերազանցի 15 վայրկյանը։
Արտադրողը պնդում է, որ ձեռնոցները նախատեսված չեն պատժելու համար և չպետք է կիրառվեն, մասնավորապես, հղի կանանց, տարեցների, երեխաների և ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Միաժամանակ խորհուրդ չի տրվում դրանք կիրառել միայն բանավոր անհնազանդությանը կամ ագրեսիվ վարքագծին պատասխանելու համար, եթե չկա ֆիզիկական դիմադրություն։
Միաժամանակ իրավապաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնել ICE-ի ծրագրերի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ այն գերատեսչության աշխատակիցները, որն արդեն քննադատության է ենթարկվում ներգաղթյալների ձերբակալությունների ժամանակ ուժի չափազանց կիրառման համար, կստանան ևս մեկ գործիք՝ ձերբակալվածներին ցավ պատճառելու համար։
Ենթադրվում է, որ ձեռնոցների գնման պայմանագիրը կարող է հրապարակվել արդեն առաջիկա օրերին։ DHS-ը նախատեսում է այն կնքել առանց մրցակցային տենդերի անցկացման։