Վրաստանի վարչապետը ժամանել է Ադրբեջան


Քաղաքականություն


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքաշինական ֆորումի 13-րդ նստաշրջանին:

Վրաստանի կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Կոբախիձեի ելույթը ֆորումում, ինչպես նաև առանձնազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին:



Իսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYT


Քաղաքականություն


The New York Times-ը հայտնում է, որ Իսրայելի զինվորականները երկու «գաղտնի» հենակետ են շահագործել Իրաքի արևմտյան անապատում և սպանել են մի հովվի ու մի զինվորի՝ Ալ-Նուխայբ քաղաքի մոտ գտնվող օբյեկտներից մեկը թաքցնելու նպատակով։ Թերթը նշել է, որ իրաքցի հովիվը 29-ամյա Ավադ ալ-Շամարին էր։

Վկայակոչելով տարածաշրջանային պաշտոնյաներին՝ NYT-ը հայտնել է, որ բազան գոյություն է ունեցել դեռևս Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել «ներկայիս» պատերազմից առաջ և օգտագործվել է անցյալ տարվա հունիսին այդ երկրի դեմ մղված 12-օրյա պատերազմի ժամանակ։ Հենակետն Իսրայելի կողմից օգտագործվել է օդային աջակցության, վառելիքի լիցքավորման և բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

NYT-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն գիտեր իսրայելական բազայի մասին, ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ Վաշինգտոնն Իրաքից թաքցրել է իր տարածքում թշնամական ուժերի գտնվելու փաստը։ Պարբերականի փոխանցմամբ՝ այս բազան առանձին է եղել մեկ այլ հենակետից, որի մասին ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը։ Այդ մյուս հենակետը կառուցվել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ, որտեղ տեղակայված են եղել հատուկ նշանակության ջոկատներ, և այն ծառայել է որպես լոգիստիկ հանգույց Իսրայելի ռազմաօդային ուժերի համար։

Իրաքի կողմից այս զեկույցի վերաբերյալ անմիջապես ոչ մի մեկնաբանություն չի արվել։ Սակայն ավելի վաղ՝ կիրակի օրը, Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսնակ Սաբահ ալ-Նումանը հայտարարել էր, որ երկիրը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի որպես «հարթակ» այլ երկրների վրա հարձակումներ գործելու համար։



Կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր


Քաղաքականություն


Ռուսաստանի առաջնորդի Չինաստան կատարելիք այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցեր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։ «Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները կփոխանակեն մտքեր տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ», – նշել է դիվանագետը։

Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այց կկատարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Բանակցություններից հետո երկու առաջնորդները նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթեր։ Այցը խորհրդանշական է, քանի որ համընկնում է Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման 30-ամյակի հետ։

Այս հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին կատարած պաշտոնական այցի ավարտից անմիջապես հետո։



Վաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել Թեհրանին «արագ գործել» և կատարել ամերիկացիների ներկայացած զիջումները՝ սպառնալով ավերիչ հարվածներով, եթե այն ձախողվի։ Axios-ի հետ հարցազրույցում Դոնալդ Թրամփը հստակորեն նշել է, որ ակնկալում է Իրանից ստանալ ԱՄՆ-ի համար ընդունելի խաղաղ գործարքի թարմացված առաջարկ։

Ավելի վաղ Իրանի պետական ​​լրատվական Fars գործակալությունը հրապարակել էր ԱՄՆ-ի հինգ պահանջի ցանկը, որոնք Վաշինգտոնը ներկայացրել էր Թեհրանին՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար։ Հաղորդվում էր, որ Վաշինգտոնը հրաժարվում է Թեհրանին փոխհատուցել պատերազմի ընթացքում պատճառված վնասները, նախատեսում է Իրանից դուրս բերել 400 կգ հարստացված ուրանը և ձգտում է քանդել երկրի միջուկային ենթակառուցվածքը՝ պահպանելով միայն մեկ համալիր։

Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը նաև հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»՝ պատերազմի ավարտը կապելով բանակցությունների առաջընթացի հետ։ Թեհրանը կարծում է, որ նման պայմաններ առաջադրելով՝ Միացյալ Նահանգները փորձում է հասնել այնպիսի նպատակների, որոնց չի կարողացել հասնել մարտական ​​գործողությունների ընթացքում։



Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն


Հարեվաններ


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է՝ եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ։
 
«Կորստի մասին հայտարարություն ներկայացրեք այն երկրի ոստիկանությունում, որտեղ դա տեղի է ունեցել։
 
• Տեղեկացրեք ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին, որտեղ նախատեսում եք հաջորդ անգամ վիզայի դիմում ներկայացնել։
• Լրացրեք նոր DS-160 դիմումաձև և հարցազրույցի օր ու ժամ ամրագրեք։
 
Հիշեցնենք, որ «առգրավված» վիզան չի համարվում «կորած» վիզա. այն իշխանությունների կողմից չեղարկված փաստաթուղթ է, որն այլևս ճամփորդության համար վավեր չէ»,- ասվում է հաղորդագրությունում։



Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 



ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են


Հայաստան


Արդյո՞ք կփոխվի հաշվառման հասցեն, եթե անձը դիմում ներկայացնի ընտրություններին իր նախընտրած վայրում հաշվառվելու համար։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի փոխում հաշվառումը։ Այդ փոփոխությունն ուժի մեջ է միայն ընտրության օրը՝ հունիսի 7-ին։
 
Գերատեսչության փոխանցմամբ՝ ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են՝ սպասարկելու բացառապես 2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկությանն առնչվող գործարքները։



Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն


Ավտո


ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մայիսի 15-18-ը բացահայտել են 305 հանցագործություն, որոնցից 16-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

80 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
25 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
14 դեպք՝  խարդախության,
12 դեպք՝ հոգեկան ներգործության,
10-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը-զենքի հայտնաբերման,
7 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ զենք զինամթերքի առգրավման, ինքնիրավչության,
4-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի,
3-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
2-ական դեպք՝ շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են սպանության փորձի, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու, հետամտելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու, հրազենի նույնականցման տարրերը կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

10 դեպք՝ շորթման,
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 49 մարդ ստացել է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։



Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր 5.336.916 ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրենը, տեղյակ լինելով, որ հիշյալ մասնագետը աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ վերջինիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ՝ այդ կերպ օժանդակելով հիշյալ անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 5.336.916 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով հիմնարկի մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս կարգավիճակը դադարեցնելու և նրան աշխատավարձ չվճարելու ուղղությամբ:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորին, «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետին և տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են պատճառված վնասը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ


Մշակույթ


Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան այցելել է նաև մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Այցերին ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը։

Նախարարի առաջին կանգառը եղել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որն ամբողջությամբ վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Հիմնանորոգված մանկապարտեզն այժմ 107 սան ունի, մինչդեռ հաստատության նախագծային հզորությունը 160 երեխայի համար է։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հետաքրքրվել է նաև մսուրային խմբերի ստեղծման հնարավորությամբ՝ անդրադառնալով նախորդ տարվանից իրականացվող փորձնական ծրագրին, որի շրջանակում Հայաստանի որոշ մանկապարտեզներում գործում են 0-2 տարեկան երեխաների խմբեր։

Հաստատության տնօրեն Սվետլանա Ավանեսյանի խոսքով՝ համապատասխան պահանջարկի դեպքում նման խումբ հնարավոր կլինի բացել նաև Կապանի թիվ 2 մանկապարտեզում։

ԿԳՄՍ նախարարը եղել է նաև Գորիսի թիվ 3 մանկապարտեզում, որն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ նորոգվել է: Ներկայում մանկապարտեզը 170 սան ունի՝ 6 խմբով։ Նորոգման և ներքին հարդարման ավարտից հետո կարգի է բերվել մանկապարտեզի արտաքին տեսքը: Նորոգման վերջին փուլում ամբողջությամբ թարմացվել է նաև հաստատության գույքը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոց: Այս տարեսկզբից դպրոցի շուրջ 200 աշակերտ արդեն ուսումը շարունակում է արդիականացված, հարմարավետ և բարեկարգ պայմաններում։ Նախարարը շրջել է վերանորոգված դպրոցում, ծանոթացել ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին, դասասենյակների և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանը:

Նա նաև զրուցել է ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց, որի ավելի քան 80 սաներն այս տարեսկզբից ուսումնառություն են ստանում ժամանակակից և արդիական միջավայրում: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կրթահամալիրի ենթակառուցվածքային պայմաններին և առանձնահատկություններին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների հետ, քննարկել կամավոր ատեստավորմանը և տարակարգի շնորհմանն առնչվող հարցեր։