Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը


Գիտություն


Կառավարությունը նախորդ շաբաթ բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունից, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և զինվորական ծառայությունից ազատման նոր համակարգի ներդրում:

Աշխարհի լավագույն բուհեր են համարվում https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունները:

Նշված հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար կստանան զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Կարգի 1-ին հավելվածով կարգավորվում են աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև համապատասխան ուսումնական հաստատության ուսանող կամ դիմորդ լինելու մասին փաստաթղթերը:

2-րդ հավելվածով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին տարկետման ընթացքում յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում պարտավոր է ՀՀ-ում փաստացի գտնվել 183 և ավելի օր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել գործատուի կողմից գործուղվելու կամ գործատուի համաձայնությամբ որակավորման բարձրացման նպատակով ՀՀ-ում չգտնվելու հանգամանքներով:

Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու պահանջը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում, եթե քաղաքացին որակավորման բարձրացման նպատակով գտնվում է այլ երկրում, կամ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում նա չի աշխատում տվյալ կազմակերպությունում: Աշխատանքն ընդհատվելու դեպքում քաղաքացին պարտավոր է երեք ամսվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան անցնել նոր աշխատանքի: Նշված պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

3-րդ հավելվածով սահմանվել են այն ոլորտները, որոնցում աշխատելու համար քաղաքացիներին կտրամադրվի տարկետում: Դրանք են՝

  • հանրային կառավարման ոլորտ
  • կրթության և գիտության ոլորտ
  • ռազմարդյունաբերության ոլորտ
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտ
  • արդյունաբերության ոլորտ, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, գյուղմթերքի արտադրությունը և հանքարդյունաբերությունը
  • առողջապահության ոլորտ
  • ֆինանսական ոլորտ

Ներդրված տարկետման նոր համակարգը նպատակ ունի խրախուսելու աշխարհի լավագույն բուհերում սովորած քաղաքացիների վերադարձը հայրենիք և նրանց ընդգրկումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:



ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո


Հարեվաններ


«Հարավային Ռուսաստանի օդային նավիգացիայի» շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի պատճառով Ռուսաստանի հարավում գտնվող 13 օդանավակայան ժամանակավորապես փակվել է, հայտնել է տրանսպորտի նախարարությունը: Ռոստովի մարզում տասնյակ շենքեր են վնասվել, իսկ Տագանրոգում, Բատայսկում, Ռոստովում և Չալտիր գյուղում ավերածություններ են եղել: Նահանգապետ Յուրի Սլյուսարը պարզաբանել է, որ զոհեր չկան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 264 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) 13 տարածաշրջանում, այդ թվում՝ Ռոստովի մարզում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում, Թաթարստանում և Մոսկվայի մարզում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքներում:



Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան


Հայաստան


Լրագրող Սյուզի Բադոյանի՝ Վեդիում երկու քույլերի նկատմամբ սեռական բռնության մասին գրառումներից հետո իրավապահները քրեական վարույթ հարուցելուց եւ կասկածյալներին ձերբակալելուց բացի նաեւ կազմակերպչական հետեւություններ են արել։

Այսօր իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, հայտնել են գլխավոր դատախազությունից։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։



«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների


Գիտություն


Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը մեկ հարթակում միավորեց 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել էին Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշեց, որ գիտաժողովը կարևոր հարթակ է մաթեմատիկայի ոլորտում նոր գիտական արդյունքների տարածման տեսանկյունից։ Այն համախմբում է մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդում համագործակցությունը։

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը նշեց, որ «OTHA SPRING» միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել․ այս տարի այն անցկացվեց Մաթեմատիկայի ինստիտուտում 4-րդ անգամ։ Տարեցտարի այն ընդգրկում է ավելի շատ երկրներ և ուղղությունների լայն շրջանակ՝ ձևավորելով լայն միջազգային փորձագիտական համայնք։

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից, Մեքսիկայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից։ Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության կողմից լույս տեսնող «Journal of Mathematical Sciences» ամսագրում։




Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է


Մշակույթ


Մայիսի 7-ը հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում:

Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել անվանի մշակութային գործիչներ, արվեստագետներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

Հայտնի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի նշմամբ՝ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն առանձնացել է բացառիկ երաժշտական իրադարձությամբ․ «98 տարի անց կրկին հնչել է կոմպոզիտոր Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը»։ Ստեղծագործությունը գրվել է 1928 թվականին՝ նվիրված անմոռանալի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին»։ Ստեղծագործությունը կատարել է «Վասիլի Կանդինսկի» քառյակը:




Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»


Մշակույթ


Գորիսի Վ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 11-ին տեղի կունենա մանկական տիկնիկային ներկայացման առաջնախաղը։ Ներկայացումը բեմադրվել է Շառլ Պերոյի հանրահայտ «Կարմիր գլխարկը» հեքիաթի հիման վրա և վերաիմաստավորվել ժամանակակից թատերական լեզվով՝ պահպանելով դասական պատմության հմայքն ու շեշտադրումները։

Պիեսի հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, որի գրական մշակումը հեքիաթին հաղորդում է նոր շունչ և բեմական կենդանություն։ Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը Դավիթ Հարությունյանինն է, որը ստեղծել է գունեղ և շարժուն թատերական միջավայր։ Ներկայացման գեղարվեստական ամբողջականությանը լրացրել են նկարիչ Անի Կրեչյանի ձևավորումները, որոնք հեքիաթային կերպարներին դարձնում են վառ և հիշվող։

Բեմում ելույթ կունենան դերասաններ Էլմիրա Լալաբեկյանը, Հարութ Բադիրյանը, Աննա Հովակիմյանը և Միքայել Մաշուրյանը՝ կենդանացնելով սիրված կերպարներին և ստեղծելով անմիջական կապ փոքրիկ հանդիսատեսի հետ։

Տիկնիկային ձևաչափը ներկայացումը դարձնում է առավել ներգրավող՝ ապահովելով երեխաների ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրությունը բեմադրության ամբողջ ընթացքում։ «Կարմիր գլխարկը» հեքիաթի դասական սյուժեն բեմում վերածվում է դինամիկ և ուսուցողական պատմության, որը ոչ միայն զվարճացնում է, այլև կարևոր ուղերձներ փոխանցում երեխաներին։



«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում


Հայաստան


Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է, որ քննչական գործողություններն իրականացվում ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։



«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում


Հայաստան


Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշվել է, որ քննչական գործողություններն իրականացվում ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։



Ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից


Սպորտ


Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

 

Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, իսկ 15:00-ին՝ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը: Առաջնության ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքով:





Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները


Գիտություն


ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդի ժամկետները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Գարնանային արձակուրդը նախատեսված են 2027 թվականի մարտի 15-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 15-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 22-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 23-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Գարնանային արձակուրդը նախատեսված է 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդը նախատեսված է 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Ձմեռային արձակուրդը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի դեկտեմբերի 28-ից 2027 թվականի հունվարի 9-ը ներառյալ` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Գարնանային արձակուրդը նախատեսված է 2027 թվականի մարտի 22-ից 26-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2027 թվականի մարտի 22-ից 27-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: