Հերթական ապատեղեկատվական արշավը վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ


Հայաստան


Համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի մասին տեղեկատվություն է տարածվել, որը, ինչպես նշում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ 

 

«Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- Ֆեյսբուքում գրել է նա։



Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում


Քաղաքականություն


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Նա հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

Նշվում է, որ այցը նվիրված է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցությանը:



Իրանի պետական հեռուստատեսությունը հերքում է Իսլամաբադ գնալու լուրերը


Քաղաքականություն


Իրանի պետական հեռարձակողը (IRIB) երեքշաբթի օրը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե Թեհրանը պատվիրակություն է ուղարկել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ որևէ իրանական պատվիրակություն՝ լինի հիմնական, թե օժանդակ, չի մեկնել Իսլամաբադ։ IRIB-ը «ոչ հավաստի» է որակել իրանցի պաշտոնյաների մեկնման և հանդիպումների ժամկետների վերաբերյալ նախկինում հնչած լուրերը։ 



Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը


Քաղաքականություն


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորությունը։

Ըստ Կալասի՝ Եվրամիության համար առաջնահերթություն է երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը։ Նա հայտնել է, որ այսօրվա քննարկումների առանցքում լինելու է Հայաստանի համար նախատեսված նոր առաքելության հարցը։ Բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրոպան մտադիր է ավելի խորացնել աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։

«Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք պատրաստվում ենք քննարկել Հայաստանի համար նոր առաքելությունը և այն, թե ինչպես կարող ենք հետագայում զարգացնել աշխատանքը նրանց հարաբերությունների ուղղությամբ»,- նշել է Կալասը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՄ գլխավոր դիվանագետը հավելել է, որ այսօրվա քննարկումների ճնշող մեծամասնությունը նվիրված է լինելու հենց Հայաստանին և Ադրբեջանին։ 



ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան


Բիզնես


Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու տեսակետից: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին 8 տարում, ըստ Փաշինյանի, Հայաստանի բազմաթիվ գյուղերում բազմաթիվ փողոցներ են սալարկվել, նորոգվել, այնպիսի փողոցներ, որոնք գյուղի պատմության ընթացքում երբեք բարեկարգ չեն եղել, հողե փողոցները եղել են փոշու մեջ, իսկ անձրևի ժամանակ՝ ցեխի:

«Մենք ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում, որպեսզի գյուղում ապրելը չնշանակի զրկված լինել… Միշտ այդ օրինակն եմ բերում, գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չպետք է զրկված լինեն: Բարեկեցություն ասելով՝ մենք նկատի ունենք նաև բարեկեցություն գյուղական վայրերում: Մեր գյուղերի ցեխի մեջ լինելն է, որ գյուղական բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր արտագաղթի պատճառ է դառնում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացը միանգամից փոխել հնարավոր չէ, բայց աշխատանքները սկսված են, և գործընթացի տեմպը կապված է նաև ՀԴՄ կտրոնների հետ. «Ինչպիսի արագությամբ առաջ կգնան և ինչ ծավալով, ես էլի անընդհատ կրկնում եմ նույն բանը, այն ծավալով, ինչ ծավալով մենք ամեն անգամ առևտուր անելիս կպահանջենք ու կստանանք ՀԴՄ կտրոններ: Ինչքան շատ ՀԴՄ կտրոններ պահանջենք և ստանանք, այնքան ավելի արագ, ավելի մեծ ծավալներով մեր գյուղերը դուրս կգան ցեխի միջից»:



Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում քննարկվել են ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:

 

Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

 

Երկուստեք ընդգծվել է ձևավորված կառուցողական փոխգործակցության կարևորությունը՝ դրա շրջանակներում համաձայնեցման ենթական հարցերի արդյունավետ կարգավորման և երկկողմ հարաբերությունների շարոնակական ընդլայնման նպատակով:

Ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին


Քաղաքականություն


Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել և պաշտպանական նոր գծեր կառուցել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Սակայն, Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների և զինվորականների արձագանքի հարցը:

«Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո՞ ինչ ենք անելու», – մտահոգություն է հայտնել նախագահը: Զելենսկու խոսքով՝ Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար։

Նրա համոզմամբ՝ պատերազմը դադարեցնելու ամենաիրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը և անցնել դիվանագիտական գործընթացներին։ «Սակայն Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը», – հավելել է Զելենսկին։ Նա կարևոր է համարել, որ Ուկրաինան հնարավորինս արագ ստեղծի հակահրթիռային սեփական համակարգը՝ կախված չլինելու արտասահմանյան համակարգերից:



Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ


Հայաստան


Ջրային խնդիրները առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ, և ես նույնիսկ այդ հարցը համեմատության մեջ եմ դնում խաղաղության օրակարգի հետ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության բոլոր բնակավայրերում կան ջրային խնդիրներ, և մենք ասում ենք, որ այդ ջրային խնդիրները մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու 3 հիմնական ուղղություններով՝ խմելու ջուր (մենք պետք է ապահովենք երկարաժամկետում 24-ժամյա ջրամատակարարում), ոռոգման ջուր (մենք պետք է ընդլայնենք ոռոգելի տարածքները մեր երկրում) և, իհարկե, շատ կարևոր է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է բացառել օգտագործված ջրի՝ առանց մաքրման բացթողումը բնություն: Այսինքն՝ օգտագործված ջուրը պետք է մաքրվի և բաց թողնվի բնություն: Սա է մեր երկրում ջրային խնդիրներն ապահովելու կարևոր պայմաններից մեկը:

Իհարկե, լավ լուրն այն է, որ ՀՀ լեռնաշխարհում բավարար չափով ջրային ռեսուրսներ (այս տարվա եղանակն էլ ցույց տվեց) ձևավորվում են: Մեր խնդիրն է այդ ջրային ռեսուրսները կուտակել և ճիշտ կառավարել: Ջրային հարցերը մեզ համար լինելու են բացարձակ առաջնահերթություն:

Ջրի նկատմամբ խնամքը, ջրի նկատմամբ հատուկ վերաբերմունքը նույնպես կարևոր պայման է, թե ինչ հաջողությամբ այս խնդիրները կկարողանանք լուծել»,- ասաց նա:



ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ հայտնում են լրատվամիջոցները: Թեհրանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին կամ 23-ին Պակիստանում:

Այս ֆոնին Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանցիների նկատմամբ չի կարելի ուժ կիրառել: Իրանի նախագահը կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները, որոնք հիմք են ծառայում երկխոսության համար։ 

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը պատմականորեն չի վստահում ԱՄՆ կառավարությանը: Իսկ ամերիկացի պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական հայտարարությունները դառը ուղերձ են պարունակում, որ նրանք պահանջում են Իրանի կապիտուլյացիան:



ԵՊՀ-ում կայացավ «AI Conf 2026» համաժողովը

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «AI Conf 2026» արհեստական բանականության ոլորտի համաժողովը, որը համախմբել է ոլորտի առաջատար մասնագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ուսանողների  և երիտասարդ հետազոտողների՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդների և հետազոտողների ներգրավվածությունը ոլորտում, ներկայացնել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները և նպաստել գիտության, կրթության և արդյունաբերության միջև համագործակցության զարգացմանը։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Իր ելույթում Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ նշելով, որ ձևավորվող ենթակառուցվածքներն ու նախաձեռնությունները կարևոր հիմք են ստեղծում գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման համար։ Սիմոնյանի խոսքով՝ այդ համատեքստում վերջերս ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերության հետ ստորագրել է 25 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ ուղղված ժամանակակից հաշվարկային ռեսուրսների հասանելիության ապահովմանը․ հնգամյա այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ուսանողներին, հետազոտողներին և ստարտափներին։

Համաժողովի շրջանակում անցկացվել է «ԱԲ ոլորտում պետական ծրագրերը» պանելային ձևաչափով քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Քննարկման ընթացքում նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին  և ոլորտի զարգացման ենթակառուցվածքային քայլերին, ինչպես նաև ներկայացրել է կատարվող աշխատանքերը։

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները կարող են էականորեն նպաստել արտադրողականության բարձրացմանը՝ միաժամանակ պահանջելով պատասխանատու մոտեցում՝ հաշվի առնելով դրանց կիրառման հետ կապված ռիսկերն ու պատասխանատվության հարցերը։ Նա նշել է, որ ներկայումս դիտարկվում են մի շարք ուղղություններ պետական համակարգում ԱԲ գործիքների կիրառման համար, այդ թվում՝ տվյալների վերլուծությունը, ծառայությունների արդյունավետության բարձրացումը և առանձին գործընթացների պիլոտային կիրառությունները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության՝ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ ռազմավարական նախաձեռնությանը, որը հասանելի է ai.gov.am հարթակում։

ԱԲ վիրտուալ ինստիտուտը բաց և համագործակցային հարթակ է, որը միավորում է հետազոտողներին, ուսանողներին, ստարտափներին և ոլորտի մասնագետներին՝ նպաստելով արհեստական բանականության ոլորտում նորարարությունների զարգացմանը, գիտելիքի փոխանակմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն միտված է նաև տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը և տեղական տաղանդի զարգացմանը Հայաստանում։