Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽվ-ում


ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նստաշրջանի ընթացքում զեկույցով հանդես է եկել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Պատվարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել տիկին Գարդինիին՝ այս արդիական և անհրաժեշտ զեկույցը ներկայացնելու համար:

Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը և ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության և այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաև քաղաքացիները:

Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել և հազվադեպ է դիտարկվել որպես տարածք երիտասարդ կանանց համար: Միջավայրը չէր խրախուսում նրանց ներգրավվածությունը և չէր փոխանցում այն ուղերձը, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար:

Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որոնց կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության: Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի թե՛  իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով: Այդ ամենը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել մեկ անձի, այլ նաև փոխանցել ավելի լայն ուղերձ՝ քաղաքականությունը երիտասարդ կանանց տեղը չէ:

Արդեն ութ տարի է՝ ծառայում եմ որպես պատգամավոր և հասկացել եմ, որ նման թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է: Լռությունը պաշտպանում է խնդիրը, իսկ անկեղծությունը սկսում է քանդել այն: Այս փորձառությունների մասին հրապարակայնորեն խոսելով՝ մենք ճանապարհ ենք հարթել նոր կին պատգամավորների համար, որոնք, առնվազն իմ գնահատմամբ, ավելի քիչ են թիրախավորվել երիտասարդ կամ կին լինելու պատճառով:

Մենք պետք է նաև գիտակցենք նման վարքագծի հետևում կանգնած ռազմավարությունը, այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, սպառող և երիտասարդ սերունդների համար ոչ ցանկալի միջավայր»,- նշել է պատգամավորը:


Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ


Քաղաքականություն


ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ 

«Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։



Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն առաջնային նշանակություն ունի


Քաղաքականություն


Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն առաջնային նշանակություն ունի` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև Հարավային Կովկասում իրավիճակը, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի հետ հարաբերությունները:

«Մենք նաև քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելությունը և այն, թե ինչպես կարող ենք շարունակել աշխատել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- նշել է ԵՄ բարձր հանձնակատարը:



Ռուսաստանը պատրաստ է վերսկսել նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով


Հարեվաններ


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես պատրաստ է վերսկսել նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։ Նրա պնդմամբ՝ մատակարարումները դադարեցվել են Կիևի կողմից իրականացվող «շանտաժի» պատճառով։

Պեսկովը շեշտել է, որ դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարման վերսկսումը բացառապես կախված է Ուկրաինայից։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ գործընթացը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե Կիևը պատրաստակամություն հայտնի «բացել խողովակը» և դադարեցնի քաղաքական ճնշումները տարանցման հարցում։



Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի կարևոր առաքելություններից է հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը, հայ ժամանակակից կոմպոզիտորների խրախուսումը՝ ստեղծելու նոր ստեղծագործություններ։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան բազմաժանր համերգներ՝ կամերային-անսամբլային, երգչախմբային, երգեհոնային, նվագախմբային երաժշտության և այլն:

Փառատոնը կմեկնարկի «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի, Արթուր Շահնազարյանի, Սոֆա Միքայելյանի, Նաիրա Դիվանյանի, Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները:

Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Վանաձորում՝ Մ. Թավրիզյանի անվան պետկական քոլեջի համերգասրահում: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Վանաձորի կամերային նվագախումբը: Հաջորդ երկու համերգները նույնպես կկայանան կոմպոզիտորների միության համերգասրահում. մայիսի 29-ին սպասվում է երգեհոնային երաժշտության երեկո, իսկ հունիսի 5-ին կհնչի հայ կոմպոզիտորների՝ երեխաների համար գրված խմբերգային երաժշտությունը՝ «Սարյան» երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան) կատարմամբ:

Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնի երկրորդ համերգաշարում հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգներին կընդգրկվեն նաև հանրապետության առաջատար մենակատարներ:

Համերգների մուտքն ազատ է:



Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 0․0012 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Այդ մասին հայտնում են  Գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևանի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը ստացել է օրինական ուժ:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի ապրիլի 21-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:



Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը հրադադարի խախտումների վերաբերյալ


Քաղաքականություն


Իսլամաբադում Իրանի հարցով հնարավոր բանակցություններին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների և Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։

«Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու և դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա էսկալացիան և զինված բախումների վերսկսումը», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։ Իրանական կողմն էլ հաստատել է պատրաստակամությունը՝ անելու հնարավորը՝ Հորմուզի նեղուցով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար։ 



ԵՄ-ը պատրաստվում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել


Քաղաքականություն


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ վաղը ԵՄ-ն ակնկալում է դրական որոշում կայացնել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցում։

Այս ֆինանսական օգնության գործընթացում շրջադարձային կարող է լինել Հունգարիայում սպասվող քաղաքական փոփոխությունը։ Կալասի փոխանցմամբ՝ մայիսին Հունգարիայում սպասվող իշխանափոխությունից հետո, երբ Վիկտոր Օրբանը կլքի վարչապետի պաշտոնը, Բուդապեշտի հետ բանակցությունները կարող են նոր հուն մտնել։

Հիշեցնենք, որ Օրբանը երկար ժամանակ արգելափակում էր Ուկրաինային ուղղված նախաձեռնությունները՝ վերջին անգամ հայտարարելով, որ չի հաստատի վարկը, քանի դեռ Կիևը չի վերսկսել նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով։ Ի տարբերություն Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի հիմնական թեկնածու Պետեր Մադյարը հայտարարել է, որ չի խոչընդոտի միջոցների տրամադրմանը, քանի որ Հունգարիան այդ գործընթացում ֆինանսական մասնակցություն չի ունենալու։



Ապրիլի 24-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են

Ապրիլի 24-ին ընդառաջ Երևանում ընթանում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության ներքո են։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց  քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ արդեն իրականացվել են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շուրջ 90 տոկոսը։ Ընթացքի մեջ են արտաքին լուսավորության վերականգնման և բարեկարգման աշխատանքները՝ ներառյալ լուսատուների փոխարինումն ու համակարգային վերահսկողությունը։

«Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մայթերին, արահետներին և ճանապարհներին։ Նախատեսվում է նաև երեք օր շարունակ կազմակերպել 24-ժամյա աղբահանություն։ Ապրիլի 23-26-ը կիրականացվեն հիմնական կազմակերպչական աշխատանքները, մշակված է համապատասխան սխեման։ Արդեն իրականացվել են տարածքի ձևավորման աշխատանքները, իսկ ապրիլի 22-ի երեկոյան այն պատրաստ կլինի։ Վերջնական փուլում կիրականացվեն ծաղկապատման աշխատանքներ և կտեղադրվեն ձայնային սարքավորումներ»,-նշեց Արեյանը:

Քաղաքապետի խորհրդականը ավելացրեց, որ հաջորդիվ նախատեսվում է ապահովել տարածքի մաքրությունը, կարգաբերել ցայտաղբյուրներն ու սանհանգույցները, ինչպես նաև կազմակերպել տրանսպորտային սպասարկումը։ Նախատեսվում է ուղևորների անվճար տեղափոխում Բրազիլիայի հրապարակից, որի երթուղիների սխեման շուտով կհրապարակվի։

«Բացի այդ, կիրականացվեն համապատասխան աշխատանքներ մետրոպոլիտենում, կկարգավորվի առևտուրը, կապահովվի կարգուկանոնն ու կարգապահությունը, ինչպես նաև ծաղիկների վաճառքը՝ ստորգետնյա անցումներում»,-նշեց նա:

Արեյանն ընդգծեց, որ նշված բոլոր միջոցառումները ամենամյա պարտականություններ են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական վերահսկողության ներքո։

Մադյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա


Քաղաքականություն


Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որը շուտով կստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ պաշտոնանկ կանի նախագահ Տամաշ Շույոկին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, եթե նրանք կամավոր չթողնեն իրենց պաշտոնները։ Այս մասին նա գրել է X հարթակում:

«Մինչև մայիսի 31-ը Օրբանի խամաճիկները կարող են կամավոր կերպով հեռանալ իրենց պաշտոններից։ Սա վերաբերում է Հունգարիայի նախագահին, Գերագույն դատարանի նախագահին, Արդարադատության գործերի ազգային վարչությանը, Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին», – գրել է նա։

Մադյարը հավելել է, որ խորհրդարանական ընտրություններում հունգար ժողովուրդը «քվեարկել է քաղաքական լիարժեք փոխակերպման օգտին»։ «Եթե այս պաշտոնյաները մինչև մայիսի 31-ը կամավոր կերպով չհեռանան, ապա միլիոնավոր հունգարացիներից ստացած մանդատի հիման վրա մենք նրանց կհեռացնենք պաշտոնից», – հավելել է Մադյարը։