Նավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային


Բիզնես


Ուրբաթ վաղ առավոտյան նավթի գներն աճել են՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո, ինչպես նաև այն պատճառով, որ շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային։ Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 83 ցենտով կամ 0.87%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96.75 դոլարի (GMT 01:00-ի դրությամբ)։ West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.04 դոլարով կամ 1.06%-ով՝ կազմելով 98.91 դոլար մեկ բարելի դիմաց։

IG ընկերության շուկայի վերլուծաբան Թոնի Սիկամորը նշել է․ «Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված երկշաբաթյա հրադադարի արդյունքում առաջացած նախնական թեթևացման ալիքը արագորեն զիջեց իր տեղը հիմնարար կասկածներին»։ Սիկամորի խոսքով՝ «Բոլորի ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Հորմուզի նեղուցով նավթատարների տեղաշարժի վրա՝ հետևելու համար ակտիվության հնարավոր աճի նշաններին՝ ուրբաթ օրը Պակիստանում նախատեսված խաղաղության բանակցություններից առաջ»։ Վերլուծաբանները նշում են, որ Պակիստանը կփորձի բանակցությունների ընթացքում առաջ մղել ավելի կայուն խաղաղության համաձայնագիր, սակայն կարող է չունենալ բավարար ազդեցություն՝ ստիպելու Հորմուզի նեղուցի վերաբացումը։

Իրանը ցանկանում է խաղաղության պայմանագրի շրջանակում վճարներ սահմանել նեղուցով անցնող նավերի համար․ այդ մասին ապրիլի 7-ին Reuters-ին հայտնել է Թեհրանի պաշտոնյան։ Սակայն արևմտյան առաջնորդներն ու ՄԱԿ-ի ծովային փոխադրումների գործակալությունը դեմ են արտահայտվել այդ գաղափարին։



Ուկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողությունների


Քաղաքականություն


Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ ուկրաինական զինվորականները մասնակցել են արտերկրում իրականացված գործողությունների՝ խոցելով իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու սարքեր Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ իրանական պատերազմի ընթացքում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունները մաս են կազմում ավելի լայն ռազմավարության, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին՝ հակազդելու նույն տեսակի սպառազինությանը, որը լայնորեն կիրառվում է Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Զելենսկին այս մասին խոսել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում, սակայն նրա հայտարարությունները հրապարակվել են միայն մի քանի օր անց՝ սահմանված էմբարգոյի ավարտից հետո։ Նա նշել է, որ ուկրաինական ուժերը մասնակցել են ակտիվ ռազմական գործողությունների՝ օգտագործելով տեղական արտադրության, մարտական փորձով անցած հակադրոնային համակարգեր։



Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են. ՆԳՆ ոստիկանություն


Տեսանյութեր


Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «ՎԱԶ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։ Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 

 

Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ «Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»,- նշում են ՆԳՆ-ից:

 



52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի և երաժշտական 4 դպրոցներում սոլֆեջոյի և երաժշտության դասերը սաների համար կանցնեն ավելի հետաքրքիր ու արդյունավետ։

Մշակութային հաստատություններում ներդրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած դասասենյակները վերազինելու և  տեխնիկապես արդիականացնելու փորձնական ծրագիրը։ 

Նպատակը երաժշտական և արվեստի դպրոցներում յուրօրինակ կրթական միջավայր ձևավորելն է` նպաստելով երաժշտության տեսության առարկաների արդյունավետ դասավանդմանն ու երաժշտասեր երեխաների ունակություններն ու երաժշտական լսողությունը զարգացնելուն։
Ծրագրի արժեքը 52 մլն դրամ է։




Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ


Քաղաքականություն


ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների միջեւ ուղիղ բանակցություններ։

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Բեյրութում այս երկրի դեսպան Միշել Իսսան, Իսրայելը կներկայացնի Վաշինգտոնում դեսպան Յեհիել Լեյտերը, իսկ Լիբանանը՝ դեսպան Նադա Համադե-Մոավադը։



Պատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը


Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Պատմական մեծ արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը՝ դառնալով թանգարանի մշտական հավաքածուի կարևոր համալրում։ Ցուցանմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է պետության հետևողական քաղաքականության մասին։ Նախարարը նաև ընդգծել է, որ նախորդ տարի պետությունը մշակութային արժեքների ձեռքբերման և թանգարանային հավաքածուների համալրման նպատակով հատկացրել է ավելի քան 332 միլիոն դրամ. չորս տարբեր թանգարաններ համալրվել են 11 արժեքներով։ Մոտ օրերս հանրությանը կներկայացվի նաև Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը, որը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նա հիշեցրել է նաև, որ նախորդ տարվա ձեռքբերումների շարքում է Մատենադարանի համար գնված կարևոր ձեռագրերից մեկը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ մշակութային արժեքների նկատմամբ հոգածությունն ու դրանց հայրենադարձումը լայն արձագանք են գտնում։ Նա նշել է, որ այս դռան ձեռքբերումը ևս նման համագործակցության արդյունք է․ դրա վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել են ոլորտի մասնագետներ Համլետ Պետրոսյանն ու Հարություն Խաչատրյանը, ինչին պետությունն արագ արձագանքել է՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը։ Սա, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, թանգարանների հավաքածուների որակական արժեքի բարձրացման գործընթաց է:

Նախարարը նաև ընդգծել է, որ այս ձեռքբերմամբ Հայաստանի պատմության թանգարանը դառնում է նմանատիպ փայտյա դռների արժեքավոր հավաքածու ունեցող կենտրոններից մեկը։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև ցուցանմուշի երկրորդ փեղկի վրա, որը ներկայում գտնվում է Բեյրութում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դռան երկու փեղկերի համատեղ ցուցադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ մշակութային արժեքների հանդիպման հանգրվան:

Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ գումար է հատկացվել։ Այս ձեռքբերումը կարևոր քայլ է ազգային մշակութային ժառանգության վերադարձի և պահպանման ուղղությամբ։

Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։

Հորինվածքի կենտրոնական մասն ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։

Ցուցադրությունը լայն հանրության համար կբացվի ապրիլի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում և հասանելի կլինի այցելուներին՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու հայկական միջնադարյան արվեստի եզակի նմուշներից մեկը և ծանոթանալու նրա պատմամշակութային նշանակությանը։



Իրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»


Քաղաքականություն


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»։

Պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարության մեջ նա ընդգծել է, որ Իրանը պահանջում է փոխհատուցում իր կրած կորուստների համար և չի հրաժարվի իր իրավունքներից։

«Իրանը կփորձի վրեժ լուծել իր վրա հարձակումների համար և Հորմուզի նեղուցի կառավարումը կտեղափոխի նոր փուլ»,-ասված է հայտարարության մեջ։



Հայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում


Աշխարհ


Հայաստանը շարունակաբար շարժվում է խաղաղության և ժողովրդավարության ուղով և պատրաստ է խորացնել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, Ստրասբուրգում հայտարարել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Իր խոսքում նա ընդգծել է, որ «2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ», նշելով, որ այս ձեռքբերումը կարևոր հիմք է երկրի ժողովրդավարական զարգացման համար։

Նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանին։ Պատվիրակության կազմում են Մարտունու ավագանու անդամ Լիանա Հովհաննիսյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը։



Թրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի պայմանները խախտելու մեջ, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով նավթի տարանցումը խոչընդոտելու համար, հաղորդում է BBC-ին` վկայակոչելով Truth Social-ում Թրամփի գրառումները։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ իր տվյալներով` Իրանը Հորմուզի նեղուցն անցնող նավերից վճար է գանձում։ «Նրանք ավելի լավ է դա չանեն, իսկ եթե անում են, ավելի լավ է անմիջապես դադարեցնեն»,- ասել է նա։

Մեկ այլ գրառման մեջ նա խոստացել է, որ «շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես կսկսվի նավթի մատակարարումը՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա», սակայն չի պարզաբանել, թե ինչպես դա տեղի ունենալու։

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը ապրիլի 8-ի երկշաբաթյա հրադադարի ռեժիմի կարեւոր պայմաններից է։ Նավթատարներն անցնում են սահմանափակ ձեւաչափով։

AFP-ն՝ հղում անելով ծովային փոխադրումների տվյալները, գրում է, որ Մերձավոր Արեւելքում հրադադարի հայտարարությունից հետո նեղուցով անցել է ընդամենը 10 նավ։



Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք


Ապրիլի 09-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ: