Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ուզբեկական Daryo հարթակից, այս մասին Ուզբեկստան կատարած այցի ընթացքում հայտնել է գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլլին։

«Գիտեմ, որ նա ցանկանում է գալ Ուզբեկստան։ Նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, սակայն նա ինձ ասել է, որ ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ես նույնպես մշտապես բարձրացնում եմ այդ հարցը։ Ուստի մի օր նա անպայման կայցելի Ուզբեկստան։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա հնարավորինս շուտ», – հայտարարել է Զամպոլլին։

Նա նշել է, որ Ուզբեկստանն այժմ դարձել է այնպիսի ուղղություն, ուր պետք է այցելեն Սպիտակ տան և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Պաշտոնյան հավելել է, որ գոհ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումից։ «Ես շատ հպարտ եմ, որ մեր երկրները բարեկամացել են։ Սա ընդամենը սկիզբն է։ Մենք շատ լավ հիմք ենք ստեղծել», – ասել է նա։

Բանագնացը նաև Ուզբեկստանը ներկայացրել է որպես աշխարհի լավագույն 10 ուղղություններից մեկը, ուր արժե այցելել ճամփորդելու հնարավորություն ունեցող մարդկանց։ Նա հավելել է, որ Ուզբեկստանը նաև գրավիչ երկիր է դարձել ներդրումների համար։

Նախագահ Շավքաթ Միրզիյոևը բազմիցս հրավիրել է Թրամփին՝ այցելելու Ուզբեկստան իր համար հարմար ժամանակ։

Փետրվարին Միրզիյոևը Թրամփի հրավերով մեկնել էր Վաշինգտոն՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է նաև Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին և Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։

Հոկտեմբերի կեսերին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Սամարղանդ՝ ավելի քան 100 ամերիկյան ընկերություն ներկայացնող գործարար պատվիրակության գլխավորությամբ։



Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով


Հարեվաններ


Ռուսաստանն օգտագործել է բոլոր հասանելի միջոցները՝ Կիևում օտարերկրյա դեսպանություններին զգուշացնելու Ուկրաինայի մայրաքաղաքում գործունեությունը շարունակելու վտանգների մասին: Յուրաքանչյուր երկիր այժմ ինքը պետք է որոշում կայացնի Կիևում աշխատանքը շարունակելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները բազմիցս համապատասխան զգուշացումներ են արել: Որոշումը կախված է այն երկրներից, որոնք դիվանագիտական ​​ներկայացուցչություններ ունեն Կիևում», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ դեսպանությունների որոշումը՝ Կիևից տարհանել աշխատակիցներին թե ոչ, չի ազդի զինվորականների աշխատանքի վրա։

«Որոշումն այն երկրներինն է, որոնք դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններ ունեն Կիևում», – պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք եվրոպացի դիվանագետներն անտեսում են Մոսկվայի նախազգուշացումները և պատասխանատվություն են կրում հետևանքների համար:

«Մեր զինվորականները շարունակում են իրենց աշխատանքը», – հավելել է Կրեմլի խոսնակը։




Գերմանիան օգնում է Ուկրաինային, բայց Ուկրաինան էլ օգնում է մեզ


Աշխարհ


Ուկրաինական գերատեսչություններն ու ձեռնարկությունները 15 փաստաթուղթ են ստորագրել գերմանական ընկերությունների հետ՝ ձեռք բերելով 8,5 միլիարդ եվրոյի պայմանավորվածություններ։ Փաստաթղթերը ստորագրվել են կիրակի օրը՝ հոկտեմբերի 4-ին, ուկրաինա-գերմանական բիզնես ֆորումի շրջանակներում, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Եթե այս պատերազմի ընթացքում Գերմանիան օգնում էր, և դա ներդրում էր մեր հակաօդային պաշտպանության հզորացման գործում, ապա այժմ մենք պատվեր կունենանք։ Մեծ փաթեթ։ Ես նաև ակնկալում եմ, որ մենք ամբողջությամբ պատվերներով կապահովենք Գերմանիայի ընկերությանը։ Բացառիկ տեխնոլոգիաներ են։ Կուժեղացնենք մեր ՀՕՊ-ը, գումարը կվերցնենք եվրոպական վարկի երկրորդ մասից»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Ուկրաինան և Գերմանիան պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության, պաշտպանության, թվայնացման և շինարարության ոլորտներում։ «Ուկրաինայի վերականգնումը տնտեսական հսկայական հնարավորություններ է ստեղծում թե՛ Ուկրաինայի, թե՛ Գերմանիայի համար։ Մենք կարող ենք շատ բան սովորել ձեր փորձից»,- ասել է Մերցը։

Մերցը նաև ընդգծել է, որ Կիևին Բեռլինի ցուցաբերած օգնությունը միակողմանի չէ։ «Գերմանիան օգնում է Ուկրաինային, բայց Ուկրաինան էլ օգնում է մեզ. օրինակ՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու իր փորձով, ինչպես նաև գերմանական արդյունաբերությանը միլիարդավոր եվրոների պատվերներ տրամադրելով։ Այսօր մենք ստորագրել ենք համապատասխան համաձայնագրերը։ Այս գործընկերությունը միակողմանի չէ»,- գրել է նա X հարթակում։

Սա Ֆրիդրիխ Մերցի երկրորդ այցն է Կիև դաշնային կանցլերի պաշտոնում։ Առաջին անգամ նա Ուկրաինա էր ժամանել 2025 թվականի մայիսին՝ Բունդեսթագում երդմնակալությունից ընդամենը չորս օր անց։



Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը


Բիզնես


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։

Վարչապետը շրջել է գրասենյակով, ծանոթացել՝ ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։

Գրասենյակը  կառուցել է իտալական Ռենկո ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական  բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք,  նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։

Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակը։




Պետությունը պատրաստ է աջակցել այն կառուցողական ծրագրերին, որոնք ծնվում են հենց երիտասարդական միջավայրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում  ծանոթացել է մարզային երիտասարդական կենտրոնների գործունեությանը։ Նախարարի տեղակալն այցելել է Վերիշենի ԱԿԱՍ, Մեղրիի ԼՈՖԹ-Մեղրի և Կապանի երիտասարդական կենտրոններ: Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել կենտրոններում, մանրամասն ծանոթացել ստեղծված պայմաններին, առկա ենթակառուցվածքներին և իրականացվող ծրագրերին:

Այցի առանցքային մասն են կազմել հանդիպումները տեղի երիտասարդների հետ: Ակտիվ քննարկումների ընթացքում նախարարի տեղակալը լսել է նրանց հետաքրքրությունները, նախասիրություններն ու մտահոգող հարցերը: Երիտասարդները ներկայացրել են իրենց ստեղծագործական գաղափարներն ու համայնքային զարգացմանն ուղղված առաջարկները:

Քրիստինա Թաթարյանն անդրադարձել է մասնակցային բյուջետավորմանը և հորդորել երիտասարդներին լինել առավել նախաձեռնող, ակտիվորեն ներգրավվել համայնքային սոցիալ-մշակութային կյանքի զարգացման գործընթացներում, ինչպես նաև հանդես գալ հստակ առաջարկներով։ Նա ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել այն կառուցողական ծրագրերին, որոնք ծնվում են հենց երիտասարդական միջավայրում և ուղղված են համայնքների սոցիալ-մշակութային կյանքի բարելավմանը:

«Ձեր նոր գաղափարներով և ակտիվությամբ դուք կարող եք շատ բան փոխել ձեր համայնքներում: Մարզերում երիտասարդական կյանքի աշխուժացման, հավասար հնարավորությունների ստեղծման և երիտասարդների ներուժի լիարժեք բացահայտման համար պետական աջակցությունը կարևոր նախապայման է, սակայն հենց ձեր նախաձեռնողականությունն ու ակտիվ համագործակցությունն են հանդիսանում այն շարժիչ ուժը, որն իրականություն է դարձնում այդ փոփոխությունները»,- նշել է նախարարի տեղակալը։

Քրիստինա Թաթարյանը բարձր է գնահատել Սյունիքի երիտասարդների հետաքրքրիր և արդյունավետ քննարկումներ իրականացնելու պատրաստակամությունը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնների պատասխանատուներին ու երիտասարդներին։

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն:

Իրաքը վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Իրաքի ազգային նավագնացային ընկերությունը կվերսկսի կանոնավոր առևտրային փոխադրումները Պարսից ծոցի երկրների նավահանգիստների միջև: Դա տեղի կունենա տարածաշրջանում աշխատանքի ավելի քան 50-ամյա դադարից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ազգային փոխադրողների գործունեության աշխուժացման և տրանսպորտի ու առևտրի ոլորտներում նրանց դերի ուժեղացման պլաններին համապատասխան՝ Իրաքի նավագնացային ընկերությունը պատրաստ է Պարսից ծոցի գոտում իր առևտրային փոխադրումները վերսկսել ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո», – նշվում է Իրաքի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Առաջին ուղերթը պլանավորված է հոկտեմբերի 15-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ջեբել Ալիի նավահանգստից դեպի Իրաքի Ումմ Քասրի նավահանգիստ։ Տրանսպորտի նախարարությունում նշել են, որ Պարսից ծոցում փոխադրումների գործունեության վերսկսումն ազգային նավագնացային գիծ կվերադարձնի տարածաշրջանային առևտրային երթուղիները և կտրամադրի բեռնարկղերի և այլ բեռների  փոխադրման լրացուցիչ տարբերակ։

Հնդկաստանը երկու կողմերի հետ քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգությունը


Աշխարհ


Հնդկաստանը վերջին ամիսներին ավելի ակտիվ է ներգրավվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի խոսքով՝ Նյու Դելին երկու կողմերի հետ քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումը, ինչպես նաև հացահատիկի և էներգակիրների արտահանումը։

Ջայշանկարը նշել է, որ քննարկվում են նաև հնարավոր պայմանավորվածություններ՝ հետագա հարձակումներից խուսափելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը երկար ժամանակ կոչ է արել հակամարտությունը լուծել երկխոսության և դիվանագիտության միջոցով, իսկ այժմ փորձում է ավելի անմիջական դեր ունենալ այդ գործընթացում։



ՍԱՏՄ-ն կասեցրել է Սիթի ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը


Բիզնես


Սիթի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան, Փափազյան 8) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը,

– պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել,

– առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։

Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:




Սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ. Մարիա Կարապետյան


Ազգային ժողովում ստեղծվել է պատգամավորական Էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի նախագահն է Մարիա Կարապետյանը։ Հանձնաժողովի գործունեության շրջանակում սահմանվել են պատգամավորական էթիկայի 8 հիմնական կանոններ, որոնց պատգամավորները պետք է հետևեն իրենց լիազորություններն իրականացնելիս։

Մարիա Կարապետյանը ներկայացրել է այդ կանոնները՝ մանրամասնելով, թե ինչ վարքագիծ և գործողություններ են ակնկալվում պատգամավորներից։ Այդ կանոններն են.

1. հարգել օրենքը և ենթարկվել օրենքին,

2. հարգել հանրության բարոյական նորմերը,

3. պահպանել ԱԺ-ի, նրա հանձնաժողովների նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման կարգը,

4. իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց շահերով,

5. չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի,

6. իր գործունեությամբ նպաստել ԱԺ-ի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը,

7. ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ,

8. հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կամ շահերի բախման իրավիճակի դեպքում սահմանված պահանջների խախտման դեպքում։ Մասնավորապես, եթե քաղաքացին նկատել է, որ պատգամավորը չի պահպանել էթիկայի կանոնները կամ չի կատարել շահերի բախման դեպքում իր համար պարտադիր գործողությունները, այդ մասին կարող է դիմել Էթիկայի հանձնաժողով։

Էթիկայի հանձնաժողով կարող են դիմել նաև պատգամավորները՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պատգամավոր։

«Պատգամավորներն իրենք ևս կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով՝ որպես պատգամավոր, շահերի բախման իրավիճակի համար սահմանված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտության դեպքում»,- ասաց նա:

Եթե որևէ օրենքի կամ օրինագծի վերաբերյալ պատգամավորը ենթադրում է, որ իր մասնակցությունը դրա քվեարկությանը, ելույթ ունենալը, օրինագիծը ներկայացնելը կամ հարցեր տալը կարող են շահերի բախման հետ կապված հարց առաջացնել, ապա կարող է նախապես դիմել Էթիկայի հանձնաժողով՝ հասկանալու, թե հանձնաժողովն ինչ դիրքորոշում ունի տվյալ հարցի վերաբերյալ:


Նոյեմբերի 1-ից կգործեն կենսաչափական ծառայությունների 14 նոր գրասենյակներ


Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում, հայտնում են ՆԳՆ–ից։

Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

ԵՐԵՎԱՆ
• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3
• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62
• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ)
• Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,
Արմավիրի մարզում՝ Արմավիրում,
Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,
Շիրակի մարզում՝ Արթիկում,
Արարատի մարզում՝ Արարատում։

Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։