Ո՞ւմ դիմել անչափահասի նկատմամբ բռնության դեպքում, և ինչպե՞ս են համագործակցում պատասխանատու մարմիններ (տեսանյութ)
Category: TopNews.am
Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն. Թրամփի սկանդալային հայտարարությունը Նեբրասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմում «մեծ հաղթանակի» հասնելու համար ԱՄՆ արևմտյան ափի խոշոր քաղաքների՝ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի հնարավոր ոչնչացման սպառնալիքը «չնչին գին է»։ Հոկտեմբերի 5-ին Նեբրասկա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Ամերիկայի առաջնորդը բառացիորեն ասել է հետևյալը.
«Նրանք կարող են ոչնչացնել քաղաքներ. թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Դա շատ չնչին գին է, որը ստիպված ենք վճարել»։ Թրամփն ընդգծել է, որ ձգտում է մասշտաբային հաղթանակի, ինչը կապացուցի իր վարչակազմի գործողությունների ճշմարտացիությունը, իսկ ուղեկցող ավերածություններն ու տնտեսական կորուստները խոչընդոտ չեն դառնա ազգային նպատակների ճանապարհին։
Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իրանի հետ ռազմական դիմակայությունը շատ արագ կավարտվի՝ «գուցե ընտրություններից մի փոքր ուշ, կամ գուցե մի փոքր շուտ» (խոսքը ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների մասին է)։
Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել, թե հատկապես ինչ միջոցներով կարող է հարված հասցվել Կալիֆոռնիային և ինչի վրա է հիմնված իր այդ գնահատականը։
ՌԴ-ում դատախազությունը պահանջում է հայազգի «օրենքով գողին» ծայրահեղական ճանաչել եւ առգրավել ունեցվածքը
Իվանովոյի մարզի դատախազությունը պահանջել է ծայրահեղական ճանաչել «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի (Իվանովսկու) խմբավորման անդամներին եւ նրանց ունեցվածքը բռնագանձել հօգուտ պետության։
Մարզի դատախազի հայցով Իվանովոյի շրջանային դատարանը ապահովման միջոցներ է կիրառել։
Դատավարությունը նախատեսվում է անցկացնել դռնփակ ռեժիմով, իսկ դրա մասնակիցների անվտանգությունն ապահովելու են ոստիկանությունն ու Անվտանգության դաշնային ծառայությունը։
«Կմերսանտի» տվյալներով՝ խոսքը վեց մլրդ ռուբլի ունեցվածքի մասին է։
Հայցի պատասխանողները Իվանովսկու խմբավորման անդամներն են եւ նրանց հետ կապ ունեցող անձինք՝ 64 հոգի։
Դատախազության վարկածով՝ 1990-ականներին Քոսյանի խմբավորումը վերահսկում էր 64 ընկերություն, ավելի քան 250 անշարժ գույք եւ 198 տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ մարզում ուղեւորափոխադրումներն ու Իվանովոյի ավտոկայանը։ Իրավապահները կարծում են, որ ակտիվներն օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ կազմակերպված հանցավոր խմբավորման ազդեցության ընդլայնման համար։
Ըստ դատական փաստաթղթերի՝ ազգությամբ հայ վաթսունամյա Ռուբեն Քոսյանը ծնվել է Ռուսաստանում՝ Իվանովոյի մարզի Յանինո ավանում, թեեւ մարզի մեկ այլ բնակավայրի անունով նրան կոչել են նաեւ «Վիչուգայի հեղինակություն»։
armradio.am
Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու, բայց վաստակեցինք մեկ միավոր
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի ընտրանու հետ (0-0):
Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը կիսվել է տպավորություններով՝ անդրադառնալով մրցավեճի ընթացքին և հայկական թիմի դիմադրությանը։ «Առաջին չորս-հինգ րոպեներից հետո, երբ հայերն ավելի լավ տեսք ունեին, մենք նախաձեռնությունը վերցրինք մեր ձեռքը, ամբողջ խաղի ընթացքում վերահսկում էինք գնդակը և տարածություն էինք փնտրում նրանց դարպասին սպառնալու համար։ Սակայն մենք դանդաղ էինք տեղաշարժվում, իսկ գնդակի վերահսկողությունն անօգուտ էր։ Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու, բայց վաստակեցինք մեկ միավոր»,- նշել է Վուչինիչը։
Խոսելով խաղավերջում տասը հոգով մնալու և Հայաստանի հավաքականի գործողությունների մասին՝ մասնագետը հավելել է. «Ինձ ուրախացնում է, որ նույնիսկ մեկ խաղացող պակաս ունենալով՝ մենք ձգտում էինք հաղթանակի։ Տղաները բնավորություն ցույց տվեցին և նույնիսկ դաշտում ինը հոգով մնալով առաջ էին գնում։ Հայաստանը Պոդգորիցայում ցույց տվեց, թե որքան պետք է արյուն-քրտինք թափենք յուրաքանչյուր հաղթանակի համար։ Հեշտ խաղեր չեն լինում։ Հասկանում եմ իմ ֆուտբոլիստների տխրությունը, և դա լավ է. մենք առաջինն ենք, բայց նրանք դժգոհ են բաց թողած հնարավորությունից, ինչը նշանակում է, որ մենք դրական բան ենք կառուցում»։
Այս տուրից հետո Չեռնոգորիայի հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերին․ մեր ընտրանին Կիպրոսին կընդունի նոյեմբերի 12-ին տանը, իսկ Լատվիայի հետ կմրցի նոյեմբերի 15-ին դրսում։
armsport.am
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը
Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակությունը սահմանել լրացուցիչ 720 տոննա։
2026 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ https://surl.li/gthivb
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 818 555 (5301) հեռախոսահամարով։
Հարվածներ են հասցվել հութիների զենքի և ծովային ականների պահեստներին
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերը հայտարարել են հութիների դեմ ծավալած լայնամասշտաբ հարձակման ընթացքում արձանագրած զգալի հաջողությունների մասին։ Իրանամետ ապստամբական այս շարժումն ավելի քան տասը տարի վերահսկում է երկրի տարածքների զգալի մասն ու մայրաքաղաք Սանան։
Եմենի զինվորականների փոխանցմամբ՝ սաուդյան ռազմական ավիացիայի աջակցությամբ իրենց հաջողվել է վերահսկողություն հաստատել Մոխա նավահանգստի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանի նկատմամբ, որը Կարմիր ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին։
Եմենի բանակը հայտնել է նաև Դհուբաբ քաղաքի օդանավակայանի գրավման և բնակավայրի պաշարման մասին, որտեղ դեռևս մնում են հութիների ուժերը։
Շիական այս խմբավորման ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն դեռ չեն տվել, սակայն նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հերքել են կառավարական զորքերի առաջխաղացումը Դհուբաբի ուղղությամբ։
Կառավարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից մարտական գործողություններ են սկսվել նաև այլ ճակատներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի ուղղությամբ։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ իր կործանիչները շուրջօրյա օդային աջակցություն են ցուցաբերում ցամաքային ուժերին՝ հարձակման սկզբից ի վեր ոչնչացնելով 324 «կարևոր թիրախ»։ Մասնավորապես, հարվածներ են հասցվել Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայում հութիների զենքի և ծովային ականների պահեստներին։
Ուշ երեկոյան հուսիթների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ ի պատասխան իրենց դեմ ծավալված հարձակման, երկուշաբթի օրը հրթիռային հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մի շարք ռազմավարական օբյեկտներին:
Ըստ ապստամբների հայտարարության՝ թիրախների թվում են եղել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի միջազգային օդանավակայանը, Aramco ընկերության նավթավերամշակման գործարանը Ռաբիխում, ինչպես նաև երկրի հարավում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ և տարածաշրջանային օդանավակայաններ:
Եմենում պատերազմը բռնկվել է դեռևս 2014 թվականին, երբ իրանամետ հուսիթները գրավեցին մայրաքաղաք Սանան, ինչին հաջորդեց Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական միջամտությունը։
Տարիների հարաբերական անդորրից հետո հակամարտությունը նոր թափով վերսկսվեց այս տարվա հուլիսին, իսկ արդեն սեպտեմբերին հուսիթները կայծակնային հարձակմամբ գրավեցին կարմիրծովյան ողջ ափն ու Մոխա նավահանգիստը։
Այս քայլով նրանք հարվածի տակ դրեցին Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցը՝ Սաուդյան Արաբիային զրկելով նավթի արտահանման կարևորագույն այլընտրանքային երթուղուց։ Իրանի շահերից բխող այս առաջխաղացումն Էր-Ռիադին դրդեց կրկին մտնել ուղղակի ռազմական դիմակայության մեջ, ինչի հետևանքով միայն օգոստոսի 6-ից ի վեր երկրում սպանվել է առնվազն 959 մարդ, վիրավորվել՝ 5000-ը, իսկ մոտ 197 000 բնակիչ տեղահանվել է։
1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` Անգլերեն առանց սահմանների միջազգային օլիմպիադայում
Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Hippo Անգլերեն առանց սահմանների 14-րդ միջազգային օլիմպիադայում:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Իտալիայի Սպոլետո քաղաքում, որին մասնակցել է 70 երկրի 421 աշակերտ։ Միջազգային փուլին Հայաստանից մասնակցելու իրավունք էր ստացել 4 աշակերտ, որոնցից մասնակցել է 3-ը՝ Միլենա Մանուկյանը (7-րդ դասարան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), Եվա Ֆարշյանը (10-րդ դասարան, Այբ դպրոց) և Մարի Եդիգարյանը (12-րդ դասարան, Եվրասիա ավագ դպրոց)։
Այս փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Եվա Ֆարշյանն անժանացել է բրոնզե մեդալի։ Միջազգային փուլի թիմը ղեկավարել է Հերմինե Մելքոնյանը (PTE (Pearson International Certificate)՝ միջազգային բանավոր քննություն ընդունող (քննավար) անգլերենի մասնագետ, ՄԱՌՄԱԳ ՍՊԻ տնօրեն), որը միաժամանակ հանդիսանում է Hippo Անգլերեն առանց սահմանների օլիմպիադայի՝ երկրի համակարգող։
Միջազգային փուլի մասնակիցների համար ընդունելություն է կազմակերպվել Իտալիայում ՀՀ դեսպանատանը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։
Hippo Անգլերեն առանց սահմանների միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար աշակերտները պետք է հաղթահարեն մի քանի փուլեր։ Մասնավորապես՝ բոլոր ցանկացողները դպրոցում կամ առցանց ձևաչափով մասնակցում են նախնական փուլերին։ Նախնական փուլում տվյալ երկրում առավելագույն միավորները (մասնակիցների 20%-ից ոչ ավելին) ստացած աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու ազգային փուլին, որն անցկացվում է առանձին քաղաքներում կամ առցանց ձևաչափով։ Ազգային փուլում 50%-ից ավելի միավորներ ստանալու դեպքում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու փլեյ-օֆֆի ընտրական փուլերին, որոնց արդյունքում ձևավորվում է միջազգային փուլի մասնակիցների կազմը։
Միջազգային փուլի մասնակիցները, ինչպես նաև այն մասնակիցները, որոնք չեն ստանում միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն, սակայն իրենց միավորներն ազգային փուլում կազմում են 70% և ավելին, հնարավորություն են ստանում մասնակցելու մայրցամաքային փուլին։
Մայրցամաքային փուլը 5 տարիքային խմբերով անցկացվել է այս տարվա մայիսի 18-21-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում, որին 45 երկրի ավելի քան 1200 աշակերտ է մասնակցել։ Հայաստանի 16 կրթօջախի 38 աշակերտ մասնակցել է անցկացված մայրցամաքային փուլին և արժանացել 1 ոսկե (Մարի Եդիգարյան, Եվրասիա ավագ դպրոց, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Լիլի Դաղլարյան, Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, 4-րդ դասարան) մեդալների։
Հայաստանի թիմը մայրցամաքային փուլում ղեկավարել են Հերմինե Մելքոնյանը (երկրի համակարգող), Ալիս Դուրգարյանը (Գլոբալ Բրիջ կրթահամալիր), Աննա Հակոբյանը (Էվրիկա դպրոց), Ռուբինա Ծատուրյանը (Եվրոպական դպրոց), Ռոզա Սուքիասյանը (Օհանյան կրթահամալիր) և Գայանե Օհանյանը (Գորիսի ԳՕ կենտրոն):
Ռուբեն Ռուբինյանը հորդորեց Էդգար Ղազարյանին լքել ամբիոնը. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճաբանություն և հրմշտոց տեղի ունեցան այն բանից հետո, երբ ամբիոնին մոտեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, որն իր ելույթը սկսեց այսպես. «ԱԺ նախագահի ընտրության հարցը օրակարգում չունենալն արդեն դառնում է շատ վտանգավոր Ազգային ժողովի բնականոն գործունեության համար, և, ցավոք սրտի, այն օրակարգում ընդգրկված չէ»:
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի նախագահի պաշտոնավարման ընթացքում տեղի է ունեցել «ապօրինությունների շարք՝ նախ, որ ԱԺ նախագահը հրաժարվում է կատարել իր պարտականություններից, այն է՝ մասնակցել ԱԺ նիստերին, նախագահել նիստերը, բացի դրանից, կայացնում է ապօրինի որոշումներ»։
ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը՝ նշելով, որ Ղազարյանի հայտարարությունները չեն վերաբերում օրակարգին, և ինքը ստիպված է անջատել նրա խոսափողը։
«Եթե պարոն Ղազարյանը հիմա կխոսի օրակարգի մասին, ես միացնում եմ խոսափողը։ Եթե չի խոսելու օրակարգից, անջատված է մնում»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Չնայած խոսափողի անջատմանը՝ Էդգար Ղազարյանը շարունակեց ելույթը՝ պնդելով, թե Ռուբինյանն իրավունք չունի անջատելու իր խոսափողը, ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հորդորեց նրան լքել ամբիոնը։
«Ելույթները պետք է լինեն օրակարգի մասին»,- պնդեց ԱԺ նախագահը, ինչին Ղազարյանը հակադարձեց՝ պնդելով, թե Ռուբինյանը չի կարող կամակորություն անել, և պահանջեց վերականգնել իր 2 րոպեն:
Դրանից հետո ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց, պատգամավորները սկսեցին հրմշտել և քաշքշել միմյանց:
Ռուբինյանն ընդհատեց ԱԺ նիստը և հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահը հորդորեց գործընկերներին օրակարգից չշեղվել:
«Դա իմ սպեցիֆիկ ցանկությունը չէ: Նախ՝ դա կարգավորված է ԱԺ կանոնակարգ օրենքով և երկրորդ, դա նրա համար է, որ երբ մարդիկ շեղվում են օրակարգից, դա խաթարում է նիստը: Հուսով եմ՝ բոլորդ պարպեցիք ձեր էմոցիաները»,- ասաց Ռուբինյանը:
https://www.youtube.com/watch?v=TiwTC-XGuHg
Կանադայի Քվեբեկ նահանգում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունը
Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում կայացած ընտրություններում հաղթել է անկախության կողմնակից Քվեբեկյան կուսակցությունը։ Կուսակցության առաջնորդ Պոլ Սեն-Պիեռ Պլամոնդոնը կդառնա նահանգի հաջորդ վարչապետը, հայտնում է AFP-ն։
Կուսակցությունը հայտարարել է, որ նախատեսում է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սա Քվեբեկի անկախության երրորդ հանրաքվեն կլինի․ նախորդները տեղի են ունեցել 1980 և 1995 թվականներին, և երկու դեպքում էլ անկախության կողմնակիցները պարտվել են։ 1995-ին տարբերությունը նվազագույն էր՝ միասնության կողմնակիցները ստացել էին ձայների 50,58%-ը։
Վերջին հարցումների համաձայն՝ ներկայում Քվեբեկի անկախության գաղափարին աջակցում է նահանգի բնակչության մոտ 30%-ը։ Միևնույն ժամանակ, Կանադայի մեկ այլ նահանգում՝ Ալբերտայում, նմանատիպ հանրաքվե նախատեսվում է անցկացնել երկու շաբաթ անց։
TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանի տնտեսական միջավայրը. Նիկոլ Փաշինյանի ելույթը հայ-բրիտանական համաժողովում ()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։
Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին՝ ընդգծելով, որ համաժողովի անցկացումը տրամաբանական է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո. «Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից բացված տարածքը լցնել իրական կյանքով»։
Անդրադառնալով տնտեսությանը, գործարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի քննարկումների ընթացքում արծարծված մտքերը կթևակոխեն զարգացման հաջորդ փուլ և կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ։
«Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում, TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի հաստատմանը, հյուսիս-հարավ ճանապարհային նախագծի իրագործմանը, երկաթուղուն զուգահեռ արևելք-արևմուտք նույն ուղղությամբ ճանապարհների բացմանը. «Ինչ նկարագրում եմ այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ Կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ, իհարկե, այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում»։
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենում իրար և ճիշտ պահն է քննարկելու, թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ ցանկացած տնտեսական զարգացում իր հետ բերում է նոր տնտեսական զարգացում։ «Առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական։ Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9%. տնտեսական աճ։ Այսինքն՝ ամեն 7.9% -ն արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7.9% -ի վրա։ Ընդհանուր առմամբ, 2025 թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը 2018 թ․–ի համեմատ աճել է շուրջ 53% -ով՝ նկատի ունենալով նաև ՔՈՎԻԴ-ի համընդհանուր անկումային տարին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորել ենք միջինում տարեկան 6% տնտեսական աճ ապահովել։ Եվ նաև ռազմավարական մի շարք ուղղություններ ունենք։ Այդ ռազմավարական ուղղություններից մեկի մասին ասացի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, բայց նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Մասնավորապես՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորում ենք վերականգնվող էներգետիկայի տեմպը ոչ միայն պահել, այլ վերականգնվող էներգետիկան ինստիտուցիոնալ առումով ավելի հուսալի դարձնել մեր տնտեսության և պետության համար»,-ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»–ը Հայաստանի Հանրապետության մասին Կառավարության ռազմավարական պատկերացումն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության համատեքստում ընդգծել է դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքերի աճի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ահռելի զարգացումներ են արձանագրվել նաև արհեստական բանականության ոլորտում։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները առաջիկայում կարձանագրվեն տնտեսության ոլորտում և կստեղծեն այդ հաջողություններով ուրախանալու հնարավորություններ։
«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։ Համաժողովի ընթացքում քննարկվել են կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։