Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը


Գիտություն


Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը 2018–2024 թվականներին Հայաստանում արձանագրել է զգալի առաջընթաց՝ I–III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի, IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի։ Այս թվերն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը։

Նշվում է նաև, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1 478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9,5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։

Պետության կողմից շարունակվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։

2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1 277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։

2020–2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։

«Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խրախուսում եմ կանանց չհետաձգել բժշկական զննություններն ու անհրաժեշտ հետազոտությունները և հետևել մասնագետների խորհուրդներին»,- գրել է նա։



Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան


Հայաստան


«Մենք այս պահի դրությամբ որևէ ազդակ չունենք, հետևաբար, հարցի քննարկումը պատեհ չեմ համարում։ Երբ ազդակ լինի, դրա մասին կմտածենք։ Մտածո՞ւմ ենք, որ եթե նման հարց լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը․ այո՛»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիֆինգի ընթացքում անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը։

Նրա խոսքով՝ 2018-ից ամեն տարի այդ իրադրության հետ է բախվում․ «Քանի որ անընդհատ այդ հարցերը հնչում են։ Մենք տարբեր սցենարներ հաշվարկում ենք, քանի որ կառավարության դերն է «ծանր ու թեթև անել», բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- շեշտել է վարչապետը։



Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը


Բիզնես


ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։

Նախկինում ընդունված որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ՝ կապված ցեմենտի ներկրման հետ, ինչը մեծացնում է բեռնափոխադրման արժեքը և ժամկետները, իսկ գործող կարգավորման կիրառման արդյունքում ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը ևս նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։

Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալները։



Մոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. Փաշինյան


Փաստն այն է, որ 1 տարի 4 ամիս առաջ ՀՀ-ն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր էներգիան որտեղ սպառեինք։ 1 տարի անց ՀՀ-ն դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, որովհետև օգոստոսի 8-ին ստորագրվել է, ըստ ընդդիմության, ոչինչ չնշանակող մտադրությունների հուշագիրը ԱՄՆ նախագահի և իմ միջև։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու մասին քննարկումներին:

«Դրանից հետո այն, որ ստեղծվել է երկու ԱԲ գործարան, դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են, և, հետևաբար, մենք պետք է մտածենք՝ ինչ անենք։

Նախ մենք պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին։

Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ, և սա է եղել մեր դիրքորոշումը, բայց հիմա, այս փոփոխության բերումով, մենք պիտի հասկանանք, որովհետև մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու»,– ասաց նա։



Արև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցի


Հայաստան


Վարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը, ՀՀ Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ օրը մենք մեր էներգետիկ ոլորտի հնարավոր ներդրումներն էինք քննարկում և տարբեր տեղերից եկած ինֆորմացիան մեկտեղելով մենք կարող ենք արձանագրել, որ Վարդենիս խոշորացված համայնքը, ըստ էության, դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաք առանց չափազանցության»,– ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ Վարդենիսի աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները բացառիկ հնարավորություններ են ստեղծում էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության համար

Համայնքում արդեն իսկ ընթացքի մեջ են և նախատեսվում են խոշոր արևային կայանների կառուցման ներդրումային ծրագրեր։

Բացի արևային ներուժից, Վարդենիսում մեծ թափ է ստանալու նաև քամու էներգիայի օգտագործումը։ Տարածաշրջանում առկա քամիների հզորությունն ու պարբերականությունը թույլ են տալիս հիմնել արդյունավետ հողմակայաններ



Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը


Սպորտ


Մյունխենի Բավարիան պատրաստվում է բանակցություններ սկսել Մայքլ Օլիսեի հետ՝ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով։ Սպասվում է, որ այս գործընթացն ավելի բարդ կլինի, քան Հարի Քեյնի դեպքում էր։


Մյունխենյան ակումբը մտադիր է զգալիորեն բարելավել ֆուտբոլիստի ֆինանսական պայմաններն ու նրա աշխատավարձը 14-ից հասցնել տարեկան 25 միլիոն եվրոյի։ Սակայն, ինչպես հաղորդում է AS-ը՝ հղում անելով Sport Bild-ին, Օլիսեի գլխավոր պահանջն այն է, որ նոր պայմանագրում անպայման ներառվի հրաժարագնի (հնարավոր գնման) կետ։ Ենթադրվում է, որ 200 միլիոն եվրոն բավարար գումար կլինի դրա համար։ 

Ներկա պահին 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նման կետ նախատեսված չէ։ Նրա գործող համաձայնագիրը գերմանական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։


Մայքլ Օլիսեն Բավարիայի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 114 հանդիպում՝ դառնալով 50 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։




Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT


Հարեվաններ


The New York Times-ը գրում է, որ Ուկրաինայի ծովային դրոնները, որոնք սկզբում ստեղծվում էին վերափոխված մոտորանավակների հիման վրա, այժմ վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական հարթակների։ Դրանք կարող են կրել «երկիր-օդ» հրթիռներ, տեղափոխել օդային դրոններ և պայքարել ռուսական ծովային անօդաչու սարքերի դեմ։

Ըստ հրապարակման՝ պատերազմում այդ համակարգերը կիրառվել են ռուսական Սևծովյան նավատորմի դեմ, իսկ Ուկրաինան այժմ ձևավորում է ծովում անօդաչու պաշտպանության և հարձակման բազմաշերտ համակարգ։

NYT-ի տվյալներով՝ ուկրաինական ծովային դրոնների նկատմամբ հետաքրքրությունն աճում է նաև այլ երկրներում։ Դրանց ուսումնասիրում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների, Ճապոնիայի ու Պարսից ծոցի պետությունների մասնագետները։ Դրանց հիմնական առավելություններից են համեմատաբար ցածր արժեքը, արագ արտադրությունն ու մարտական պայմաններում արագ արդիականացման հնարավորությունը։

Հատկապես ուշագրավ է դրանց՝ «փոքր ավիակրի» դեր կատարելու հնարավորությունը․ ծովային հարթակները կարող են տեղափոխել օդային դրոններ և արձակել դրանք անմիջապես ծովից՝ հարվածային գործողությունների համար։

Ուկրաինացի զինվորականները նշում են, որ հաջորդ փուլում նախատեսվում է ծովային դրոնները համալրել ավելի ծանր և հեռահար սպառազինությամբ։



Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել


ԱՄՆ Թենեսի նահանգում իշխանությունները չեն կարողացել իրականացնել Քրիստա Գեյլ Փայքի մահապատիժը։

Փայքին մահացու ներարկման միջոցով մահապատժի ենթարկելու ընթացքում դեղամիջոցի երկու դեղաչափ են ներարկել, սակայն, ըստ նրա փաստաբանների, նա ողջ է մնացել։

Փաստաբանների փոխանցմամբ՝ ներարկումից հետո Փայքը բարձրաձայն խռմփացրել է, այնուհետև նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են բանտից։

Մահապատժի հարցերով փորձագետը տեղի ունեցածը անվանել է աննախադեպ ձախողում։

Փայքի առողջական վիճակի վերաբերյալ չորեքշաբթի երեկոյան նոր տեղեկություններ չեն հրապարակել ո՛չ նրա փաստաբանները, ո՛չ էլ Թենեսիի ուղղիչ հիմնարկների վարչության ներկայացուցիչները։

50-ամյա Փայքի մահապատիժը նախատեսված էր չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 11:00-ին։ Նա մահապատժի էր դատապարտվել 18 տարեկանում կատարած սպանության համար և, եթե պատիժն իրականացվեր, կդառնար Թենեսիում ավելի քան 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։

Մահապատժի իրականացումից մոտ մեկ ժամ առաջ վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր գործընթացը։ Սակայն մի քանի ժամ անց ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր այդ որոշումը։



Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները


Աշխարհ


Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը սեպտեմբերի 30-ի առավոտյան Դուբայից Թել Ավիվ թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո պահանջել է դադարեցնել Flydubai ավիաընկերության բոլոր չվերթերը դեպի Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ տեղեկությունների՝ Ռեգևը նաև խնդրել է Քաղաքացիական ավիացիայի վարչությանը հետաքննել, թե արդյոք Արաբական Միացյալ Էմիրությունները խախտել է Իսրայելի հետ ավիացիոն համաձայնագիրը, որը սահմանում է, որ միայն Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունեցող երկրների անձնագրեր ունեցող օդաչուները կարող են վայրէջք կատարել Իսրայելում։

Չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ օդանավի երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է, որը դանակահարել է կապիտանին և փորձել է կործանել ինքնաթիռը նախքան ուղևորների կողմից միջամտությունը։

Հայտնի է, որ Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ չունի Օմանի հետ։



Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսպանիա երկօրյա պետական այցի երկրորդ օրը հանդիպել է այդ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ France 24-ը հաղորդում է, որ Մակրոնն ուրվագծել է իր ռազմավարությունը Եվրոպայում ժողովրդավարության ճգնաժամի և «ծայրահեղությունների» վերելքի խնդիրը հասցեագրելու համար՝ նշելով, որ հարկավոր է մեծ ներդրումներ կատարել «ավելի ուժեղ Եվրոպա» ունենալու գործում։

Մինչ այդ նա ելույթ է ունեցել Մադրիդում տնտեսական համաժողովում՝ նշելով, որ Եվրոպան բախվել է նոր տեսակի էներգետիկ ճգնաժամի։ Նրա խոսքով՝ Եվրոպան հրաժարվել է ռուսական գազից Ուկրաինայի վրա Մոսկվայի հարձակման պատճառով և այդպիսով զրկվել է էժան գազից։ Իսկ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին ցույց է տվել, որ Եվրոպան մեծ կախվածություն ունի հանածո վառելիքից։

Երկօրյա այցի սկզբում Ֆրանսիայի նախագահին և նրա կնոջն ընդունել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան։ Ընդունելությանը ներկա է եղել նաև վարչապետ Պեդրո Սանչեսը։