Երևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով


Հայաստան


Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նոր ղեկավար է նշանակվել Ռոմանոս Սաֆարյանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը նոր ղեկավարին աշխատակազմին ներկայացնելով ընդգծել է, որ մայրաքաղաքի մաքրության որակի բարելավումը կարևոր առաջնահերթություններից է և նշել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համայնքային հավաքակազմը համալրել անհրաժեշտ նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցել:



Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին


Հայաստան


Հայաստանի կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման վերաբերյալ որոշումը, որով լուծվում են նախկին հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նվիրաբերության միջոցով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ըստ այդմ՝ նորակառույց շենքի 36 բնակարաններից 23-ը կհատկացվեն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, որոշմամբ հաստատված ցանկում ներառված այն ընտանիքներին, ովքեր որոշման ընդունմանը նախորդած 36 ամիսների ընթացքում առնվազն 183 օր փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել նվիրաբերության պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 տարվա ընթացքում։ Չբաշխված բնակարանները անհատույց օգտագործման իրավունքով կամրացվեն ԱՍՀՆ «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։



Բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժած


Հայաստան


Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։



Ռուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինի


Հարեվաններ


Ռուսաստանը պետք է պատրաստ լինի երկարատեւ ռազմական գործողությունների եւ դրա հիման վրա կառուցի համապատասխան ռազմավարություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Եվրոպան կշարունակի ֆինանսավորել Ուկրաինային։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք բավականին երկարատեւ ռազմական գործողությունների, սակայն՝ լավ մտածված ռազմավարությամբ»,- ասել է դիվանագետը։

Միրոշնիկի խոսքով՝ եվրոպական երկրները խաղադրույք են կատարել հակամարտության շարունակման վրա եւ տեսանելի ապագայում կխոչընդոտեն դրա քաղաքական կարգավորմանը։ Նա պնդում է, որ երկխոսություն վարելու փորձերը բախվում են եվրոպական պետությունների՝ պայմանավորվածությունների ձեռքբերումը խափանելու ձգտմանը։

ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ մոտ ապագայում դժվար թե հնարավոր լինի արագ փոխել այդ մոտեցումը։



Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին


Հարեվաններ


Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Զանգվածային հարձակման է ենթարկվել Յարոսլավլի մարզը, որտեղ խոցվել է մոտ 90 ԱԹՍ: Տուժածներ չկան: Տվերի մարզում հարվածներից վնասվել է Wildberries-ի լոգիստիկ համալիրը:

Իսկ ռուսական ուժերը Խարկովի մարզի Լազովայա քաղաքում թիրախավորել են երկաթուղային կայարան. կա երկու զոհ, ութ վիրավոր: Եվս երեք մարդ զոհվել է Խարկովի մարզի Բալակլեա քաղաքում: Սումիում էլ կա տասից ավելի վիրավոր:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ գործընկերների կողմից մատակարարվող ՀՕՊ համակարգերի հրթիռների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է երեք անգամ:



Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով


Հարեվաններ


Կիև կատարած այցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում 16 երկրների, որոնցից 12-ը գտնվում են Եվրոպայում, և տեսնում է Ուկրաինայի հետ համագործակցության լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ոլորտում։



Եվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ


Աշխարհ


Օգոստոսի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40.8°C։ Այդ մասին, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի, հայտնել է Սլովակիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը։
 
Ինստիտուտի տվյալներով՝ նախորդ գիշերն էլ Սլովակիայում եղել է դիտարկումների պատմության ամենաշոգ գիշերը․ երկրի արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը չի իջել +27°C-ից։
 
Միաժամանակ, Ավստրիայում օդի ջերմաստիճանն առաջին անգամ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում հասել է +41°C-ի՝ սահմանելով նոր բացարձակ ռեկորդը։ Այդ մասին հայտնել է ավստրիական Tauernwetter եղանակային պորտալը։
Երկրի ինը օդերևութաբանական կայաններում գրանցվել է +40°C և ավելի բարձր ջերմաստիճան, իսկ Վիեննայում և Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում սահմանվել են նոր բացարձակ ջերմային ռեկորդներ։
 
Ավստրիան, Չեխիանմ ևԿենտրոնական Եվրոպայի մի շարք այլ երկրներ, շարունակում է գտնվել երկարատև և ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Երաշտի և Դանուբ գետի ջրի մակարդակի զգալի նվազման հետևանքով տարածաշրջանում արդեն խնդիրներ են առաջացել գետային նավագնացության և էներգետիկ համակարգի աշխատանքում։ Բացի այդ,  Վիեննայի մերձակայքում գտնվող Լոբաու ազգային պարկում բռնկվել է խոշոր հրդեհ։



Հայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը


Հարեվաններ


Վրաստանում գրանցվել էր վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ լայնածավալ հոսանքազրկումը (բլեկաուտը) երկրում։ Ինչպես հայտնել է «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգ» (GSE) ընկերությունը, պատճառը Ինգուրի ՀԷԿ-ի աշխատանքների ստուգումն է եղել։

«Հուլիսի 24-ին և 25-ին տեղի ունեցած համակարգային վթարներից հետո ՀԷԿ-ում անհրաժեշտություն էր առաջացել սարքավորումները հետազոտելու նպատակով էներգահամակարգը գործարկել մեկուսացված ռեժիմով և անվանականից տարբերվող հաճախականություններով, ինչն էլ հանգեցրել է ցանցի գերբեռնվածության և ամբողջ երկրում էլեկտրամատակարարման ժամանակավոր անջատման»,- ասվել է հայտրարության մեջ։

Ընկերության տվյալներով՝ ներկայումս Վրաստանի ամբողջ տարածքում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։



Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ․ օգոստոսի 5-ը ներառյալ.

Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են կառավարությունից:

Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ նիստում կստորագրվի երեք համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի, միությունում բրոքերների եւ դիլերների՝ բորսայական առեւտրին մասնակցության թույլտվության, ինչպես նաեւ անդամ պետություններում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին։

Կքննարկվի ընդհանուր ագրարային շուկայի զարգացման հարցը։

Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն կլիմայական խնդիրներին։ «Երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման եւ թվայնացման թեման կքննարկվի ԵԱՏՄ-ի արեւելյան հարեւանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության համատեքստում»,- գրել է ՏԱՍՍ- ը։