Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Իտալիան դեմ են արտահայտվել Արևմտյան ափին Իսրայելի E1 նախագծին

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան հինգշաբթի օրը դատապարտել են օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին E1 նախագծի շրջանակում բնակելի շենքերի կառուցման տենդերներ հայտարարելու Իսրայելի ծրագրերը, հայտնում է Reuters-ը:

«Բնակեցման E1 նախագծի շրջանակում շինարարական ծրագրերի տենդերային առաջարկներ հրապարակելու վերաբերյալ Իսրայելի որոշումն անընդունելի է», — ասված է չորս երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

E1 նախագիծը նոր բնակելի թաղամասի կառուցում է նախատեսում Արևելյան Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև: Դրա իրականացումն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում պաղեստինցիների և մի շարք երկրների մոտ, քանի որ կարող է փաստացի երկու մասի բաժանել Արևմտյան ափի հյուսիսային և հարավային հատվածները:

1967 թվականի պատերազմի հետևանքով Իսրայելի վերահսկողության տակ անցած տարածքում միլիոնավոր պաղեստինցիների կողքին բնակվում են հարյուր հազարավոր իսրայելցի բնակիչներ:

Աշխարհի երկրների մեծ մասը և ՄԱԿ-ի մի շարք կառույցներ իսրայելական բնակավայրերը համարում են միջազգային իրավունքի խախտում, սակայն Իսրայելը չի ընդունում այս դիրքորոշումը՝ վկայակոչելով այդ տարածքի հետ պատմական և աստվածաշնչյան կապերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *